MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Yarın:+16 °C
ՀՀ ՄԻՊ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԵՎ ՀԱՆԴԻՊԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
17:14, 13.05.2019
2364 | 0

Այսօր` մայիսի 13-ին, Արցախի պետական համալսարան է այցելել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ: Պատվիրակությանը ուղեկցում էր ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներ:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին` Արցախի պետական համալսարան այցելելու համար և բարձր գնահատել ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը: Այցի ընթացքում Արման Թաթոյանը համալսարանականներին է ներկայացրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ծավալած գործունեությունը, պատասխանել հնչած հարցերին:

Բանախոսը տեղեկացրել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգային վերանայման՝ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանության տեսանկյունից, որի արդյունքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհվել ամենաբարձր «A» միջազգային հեղինակավոր կարգավիճակը։

Այս համատեքստում, խոսելով Ադրբեջանի նույն կառույցի մասին, հատկանշել է վերջինիս դիրքերի նվազման արդյունքները, քանի որ Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներն օգտագործում է Արցախի հարցը բարձրացնելու նպատակով` քաղաքականացնելով այդ կառույցը: Պաշտպանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից բարձրացված բոլոր այդ զեկույցներին ՀՀ ՄԻՊ-ի կողմից տրվում են համարժեք պատասխաններ:

Արման Թաթոյանը նաև կարևորել է Արցախի ՄԻՊ-ի գործունեությունը` Ադրբեջանի կողմից հայատյացության դրսևորումները զեկույցներով միջազգային կառույցներին ներկայացնելու գործում:

Պաշտպանը նշել է նաև, որ վերջին տարիներին ՄԻՊ աշխատանքի ծավալները շեշտակի աճել են, այդ թվում` այցերը երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, քրեակատարողական հաստատություններ, կրթական գործունեության ծավալում, զինված ուժերի հետ համագործակցություն և այլն։

Նա խոսել է նաև խորհրդարանի, արտաքին գործերի նախարարության հետ ունեցած համագործակցության մասին, որոնք նպաստում են միջազգային զեկույցներ պատրաստելուն և Արցախի հարցը համապատասխան հարթակներում ներկայացնելուն:

Արման Թաթոյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի առթիվ հղած ուղերձներին, մասնավորապես շեշտել է, որ խաղաղությունն է մարդու իրավունքների պաշտպանության միակ երաշխիքը:

Խոսելով Արցախի քաղաքական կարգավիճակի հետ կապված ԱՀ ՄԻՊ-ի աշխատանքներից` ընդգծել է, որ Արցախը պետք է դառնա միջազգային կառույցների բաղկացուցիչ մաս.

«Միջազգային կառույցները, խուսափելով Արցախ այցերից, առաջին հերթին խախտում են հենց մարդու իրավունքները, որը անթույլատրելի ենք համարում` կապված մարդու իրավունքների հետ»:

«Արցախը մեզ համար սիրելի վայր է, մեր հայրենիքի անբաժան մի մասը: Ամեն անգամ Արցախ այցելելով` անբացատրելի զգացողություններ եմ ունենում: Ուրախալի է նաև, որ վերանորոգվում է համալսարանի շենքը, համալսարանը կարևոր մշակութային օջախ է: Համոզված եմ, որ այն նոր թափ կհաղորդի բուհի կրթության զարգացմանը», -ասել է Ա. Թաթոյանը` բարձր գնահատելով ԱրՊՀ շրջանավարտների մասնագիտական որակները և նշելով, որ Արցախը պետք է աշխարհին ներկայանա նաև իր բարձրորակ շրջանավարտներով:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Արցախի պետական համալսարան
yukarı