MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Yarın:+16 °C
Արցախի պետական համալսարանում մեկնարկել են 2018-2019 ուստարվա ամփոփիչ ատեստավորման քննությունները
16:56, 20.05.2019
3315 | 0

Այսօր` մայիսի 20-ին, Արցախի պետական համալսարանում մեկնարկել են 2018-2019 ուստարվա ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:

Ինչպես տեղեկացանք ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանից, այս տարի Արցախի մայր բուհը կունենա 670 շրջանավարտ, որից 524-ը` բակալավրիատի, 146-ը` մագիստրատուրայի, առկա և հեռակա ուսուցման համակարգերում:

Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով քննությունների ընթացքից և ուսանողների պատասխաններից` Գ. Սահակյանը նշել է, որ այս տարի բավականին փոփոխություններ են ներառել գործընթացում, որոնք միտված են արդյունավետության բարձրացմանը:

«Այս տարի մենք որոշեցինք քննական հանձնաժողովներում ընդգրկել մեր արտաքին շահակիցներին, այսինքն` գործատուներին, որը շատ կարևոր քայլ է: Մանկավարժական ուղղվածությամբ մասնագիտություններում ձգտել ենք ընդգրկել դպրոցների տնօրեններին կամ ուսուցիչներին` համապատասխան մասնագիտությամբ: Բացի այդ, պահանջել ենք, որպեսզի բոլոր ավարտական աշխատանքներն ու մագիստրոսական թեզերը կարծիքների և գրախոսության վերաբերյալ ունենան նույն ստանդարտները, ինչը ևս գոհունակությամբ ընդունվեց բոլորի կողմից, քանի որ մինչ այս տարի տարբեր ձևեր էին կիրառում», - ասել է Գ. Սահակյանը` այս տարվա նորարարական մեթոդներից շեշտելով նաև հանձնաժողովների նախագահների հաշվետվության կարգը:

«Քննական հանձնաժողովների նախագահներին առաջարկել ենք հաշվետվության նոր ձև, որը պահանջում է քննությունների ընթացակարգի մանրամասն վերլուծություն: Եթե նախկինում մեկ-երկու նախադասությամբ սահմանափակվում էին, ապա այժմ պետք է նշվեն դրական, բացասական կողմերը, թեմաների արդիականությունը, հարցաշարերի որակը և այլն», -ասել է նա` հավելելով, որ թե՛ հանձնաժողովների նախագահները, թե՛ անդամներն ընդհանուր առմամբ գոհ են ուսանողների պատրաստվածությունից, պատասխաններից, քննություններն ընթանում են բնականոն հունով, մինչ այժմ արտառոց որևէ դեպք չի արձանագրվել:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման քննությունների քննական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանը ևս գոհունակություն է հայտնել ուսանողների պատասխաններից` նշելով. «Պատասխաններից գոհ եմ, և երևում է դասախոսների աշխատանքի արդյունքը: Գրականության մասով ցանկալի է ավելի շատ ուշադրություն դարձնել գրողների բնագրերին, քան փորձեն ներկայացնել դասագրքային ճշմարտությունները: Վստահ եմ, որ այսօրվա մեր շրջանավարտները հետագայում հաջողության են հասնելու»:

«Շնորհավորում եմ բոլոր այն ուսանողներին, ովքեր քննությունները բարեհաջող հանձնեցին: Մեր երկարատև լարված աշխատանքը պսակվեց գոհացուցիչ արդյունքներով: Մաղթում եմ հաջողություններ նաև մյուս ուսանողներին, ովքեր դեռ պիտի քննություններ հանձնեն», -ասել է «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Մելինե Թովմասյանը:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Արցախի պետական համալսարան
yukarı