Խմելու ջրի համաշխարհային հիմնախնդիրը շարունակում է հալածել աշխարհի բազմաթիվ բնակավայրեր՝ սկսած փոքրիկ աֆրիկյան գյուղերից, վերջացրած մեգապոլիսներից՝ ինչպիսիք են Տոկյոն: Ըստ Միացյալ Ազգերի վիճակագրության՝ 2.1 միլլիարդ մարդ է ապրում առանց մաքուր խմելու ջրի իրենց տներում: Այս իրավիճակը բերում է առողջական մեծ խնդիրների, որն էլ կարող է տվյալ երկրի տնտեսության վրա անդրադառնալ նեգատիվորեն: Քաղաքացիները, ովքեր ունեն հնարավորություն օգտվելու մաքուր խմելու ջրից, ունեն ավելի մեծ աշխատունակություն, սովորելու կարողություն, խուսափում են բազմաթիվ հիվանդություններից: Խմելու ջրի համաշխարհային ճգնաժամը ստիպեց բազմաթիվ միլիարդատերերի անդրադառնալ այս հարցին: Բիլ Գեյթսի և Ջեֆ Բեզոսի գլխավորությամբ բազմաթիվ միլիարդատերեր ֆինանսավորեցին Zero Mass Water սթարթափին ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարով, որը ստեղծել էր արևային վահանակներով՝ արևից խմելու ջուր ստանալու նախագիծը: Արևային պանելը՝ որպես ջրի արտադրման միջոց, օգտագործելով արևի լույսը ստեղծում է խմելու ջուր՝ օդում պարունակվող ջրի կաթիլներից: Ստերիլ արկղը, որը միացված է արևային պանելներին՝ աշխատում է որպես ռեզերվ՝ ջուրը հավաքելու, պահելու համար: Ընդամենը 2000 $ ներդում կպահանջվի մարդկանցից՝ արևային սարքավորումը ձեռք բերելու համար (+ տեղադրումը 500 $): Այն օրական կապահովի 2-5 լիտր ջրով: Այս արևային պրոդուկտի առաջին թողարկումը եղել է 2015թ.-ին, որից հետո այն տեղադրվել է 18 տարբեր խմելու ջրի խնդիր ունեցող երկրներում: Ի դեպ, այս արևային վահանակները հնարավոր է պատվիրել նաև համացանցի միջոցով: Այս շաբաթ համակարգը հավելվել է նոր՝ մոնիտորինգային ծրագրով, որը թույլ է տալիս հետևել ստեղծված ջրի որակին, մաքրությանը: Հավելվածը կարելի է ներբեռնել սեփական սմարթֆոնի մեջ և ստանալ օրական զեկույց՝ սեփական խմելու ջրի մասին: Նույնիսկ շատ համայնքներում, որտեղ չկա խմելու ջրի հիմնախնդիր, միևնույն է մարդիկ ձգտում են ձեռք բերել այս արևային վահանակները, քանի որ չեն ցանկանում սպառել պլաստիկ շշերում պահված խմելու ջուր, կամ ուղղակի չեն վստահում ջրի մաքրությանը, որը հոսում է տասնյակ տարիներ շարունակ օգտագործվող խողովակներով: Շատ մարդիկ ուզում են ուղղակի զերծ մնալ խմելու ջրի հետագա թանկացումներից, այդ իսկ պատճառով ձեռք են բերում այս արևային պանելները: Կան երկրներ, որտեղ պլաստիկ շշերով վաճառվող խմելու ջուրը գնալով թանկանում է, և մարդիկ ավելի հարմար են գտնում կատարել ներդրումներ՝ հետագայում անսպառ խմելու սեփական ջուր ունենալու համար: Այն նույնիսկ ավելի մատչելի է ստացվում, քան խմելու ջրի ֆիլտրեր ձեռք բերելը: Հիմնվելով հենց այս խնդիրների վրա՝ Zero Mass Water սթարթափի թիմը համոզված է որ իրենց արևային վահանակները կլուծեն մի շարք խնդիրներ՝ խմելու ջրի ճգնաժամից սկսած մինչև պլաստիկ շշերի վերացումը: |