MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Yarın:+20 °C
Գարեգին Բ կաթողիկոսը քայքայեց եկեղեցին և դեպի անդունդ գլորեց` պատճառ դառնալով աղանդավորների տարածման և անթիվ հոգիների կորստյան
18:59, 26.06.2019
6733 | 0

Գաղտնիք չէ, որ դեռևս Խորհրդային Հայաստանում գոյություն ունեցած աստվածամերժության տարիներին Հայ եկեղեցին ենթարկվեց տարբեր ճնշումների, հալածանքների, սահմանափակումների, որոնց արդյունքում եկեղեցում տկարացավ հոգևոր կյանքը, խափանվեց վանականությունը, տեղի տվեց եկեղեցական մտածողությունը: Դրանց փոխարենը ծաղկեց անհավատությունը, խրախուսվեց անկարգությունը, ճանապարհ հարթվեց եկեղեցու աշխարհիկացմանը: Խորհրդային տարիներից (գուցե և ավելի վաղ ժամանակներից) ժառանգած հոգևոր ճգնաժամը ոչ միայն չհարթվեց անկախության տարիներին, այլև էլ ավելի խորացավ Գարեգին Բ կաթողիկոսի` այսպես կոչված «ընտրությունից» հետո: Այստեղ չենք ուզում անդրադառնալ համացանցում լայնորեն շոշափվող 1999 թ. կաթողիկոսական ընտրությունների կեղծիքներին, ընտրակաշառքին և Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորների ահաբեկումներին, քանի որ այդ մասին արդեն իսկ տարբեր տեսանյութերով հանրության դատին է ներկայացրել Երուսաղեմի հանգուցյալ Թորգոմ Պատրիարք Մանուկյանի եղբորորդին` Արա Մանուկյանը, ով ԱՄՆ-ում զբաղվում է Մարդու իրավունքների պաշտպանությամբ և ՀՀ իշխանությունների կողմից կաթողիկոսներ նշանակելու մասին հանգամանալից խոսել է «Ճշմարտությունը պիտի ասվի» կայքէջի միջոցով: Բնական է, որ չընտրված, այն է` նշանակված կաթողիկոսը ամեն ջանք պետք է ի գործ դներ, որպեսզի հաստատեր իր տիրապետությունը, ամրացներ իր իշխանության դիրքերը և ստեղծեր սեփական շրջապատը` իր համախոհներով, ենթականերով, կուրորեն «հլու-հնազանդ» ստրկամիտ անձերով, մի խոսքով, թող ներվի ասել` անողնաշար խամաճիկներով: Ասվածի մանրամասներին ծանոթանալու համար առաջարկում ենք ընթերցել «Վեհափառի աշունը» հոդվածը, որ հրապարակվել է «Հրապարակ» օրաթերթում և վերահրապարակվել մամուլի էջերում: Ընդհանուր առմամբ, հայկական համացանցը, կարելի է ասել, հեղեղված է Գարեգին Բ կաթողիկոսին քննադատող, նրա հակաեկեղեցական գործունեությունը պախարակող տեղեկատվությամբ, որոնց մեջ հաճախ հանդիպում են ոչ միայն զուսպ գնահատականներ, դառն իրականության ճշգրիտ ախտորոշումներ և պարկեշտ վերլուծություններ, այլև երբեմն պատշաճության սահմանն անցնող ծանրածանր ցեխարձակումներ, մինչև իսկ փողոցային մակարդակի իջնող հայհոյանքներ ու գռեհիկ ծաղրանքներ: Բնավ չողջունելով այս վերջին մեղադրաոճը` այնուամենայնիվ, չենք կարող փախուստ տալ այն բոլոր առողջ ու կառուցողական քննադատություններից, որոնք հետևանքն են համատարած հիասթափության, ազգի անորոշության և տիրող անվստահության, որ մեր ժողովրդի զավակները տածում են հայոց հայրապետ Գարեգին Ներսիսյանի անձի նկատմամբ: Շատերը նույնիսկ համարձակվում են ասելու, որ երջանկահիշատակ Վազգեն և Գարեգին Ա կաթողիկոսներից հետո Լուսավորչի գահը մնացել է թափուր, քանի որ ազգի ճնշող մեծամասնությունը չի ճանաչում և չի ընդունում Գարեգին Ներսիսյանին` որպես ազգընտիր 132-րդ կաթողիկոս: Մինչև անգամ եղան կոչեր, որոնցով եպիսկոպոսաց դասից և գործող իշխանություններից պահանջվում է հրաժարեցնել կամ աթոռազուրկ հռչակել Գարեգին Ներսիսյան կաթողիկոսին:

Այս բոլորը, ինչ խոսք, զորեղ հարված են հասցնում եկեղեցու հեղինակությանը, նրա արդեն իսկ սասանված առաքելությանը, թեև քաջ գիտակցում ենք, որ ո՛չ կաթողիկոսի, ո՛չ էլ որևէ եպիսկոպոսի անձը դեռևս եկեղեցի չէ` բառիս ամբողջական իմաստով: Բայցևայնպես, կաթողիկոսի անձով ողջ եկեղեցին է հարվածի տակ ընկնում, ինչն էլ պատճառ է դառնում, որպեսզի հավատացյալ հայորդիները հեռանան եկեղեցուց և իրենց հոգևոր մխիթարությունը գտնեն այլ եկեղեցիներում` շատերն էլ, դժբախտաբար, ընկնելով աղանդավորական ծուղակները:

Հայ եկեղեցում առկա հոգևոր գորշ մթնոլորտը, որ ծնունդ է անհավատ միջավայրի, լցրել է նաև որոշ գիտակից եկեղեցականների ու ազնիվ մտավորականների համբերության բաժակը: Այդ ամենը եթե գործնականում ունենում է իր արտահայտությունը (բողոքներ, հրաժարականներ, կարգաթողություններ), բնականաբար իր հակազդեցությունը պիտի ստանա Մայր Աթոռի կողմից, որպեսզի «գերագույն պետը», տվյալ դեպքում` կաթողիկոսը, ամեն ինչում արդար և ճիշտ ներկայացվի, իսկ ընդվզող կողմը` «անհնազանդ», «կարգազանց» և ի վերջո` «դավաճան»: Դե ուրիշ կերպ անհնար է պատկերացնել Մայր Աթոռի պաշտոնյաների դիրքորոշումը այս հարցում: Նրանք պարզապես կատարում են իրենց պարտականությունը, որպեսզի հանկարծ չզրկվեն «մի փոր հացից»:

Այս համատեքստում լիովին սպասելի էր Մայր Աթոռի միաբան Պարթև աբեղա Բարսեղյանի «Երբ եկեղեցական կարգ ու կանոնից կարգազանցներն են խոսում» վերտառությամբ հրապարակումը` իրեն բնորոշ քծնելու վարպետությամբ: Ոչինչ չասող էժանագին այս գրությունը կաթողիկոսին ու նրա ձեռնասուններին վերստին անգամ շռայլորեն խնկարկելուց բացի ուրիշ ոչ մի բանով օգտակար չեղավ ընթերցողներին: Ընդամենը հաստատվեցին Նուրհան Պատրիարք Մանուկյանի խոսքերը, որ մայր եկեղեցին «գարշապար լիզողների» կարիք չունի, որոնցով և անհագորեն շրջապատված է եկեղեցական բարձրագույն իշխանությունը: Նման դեպքերում Ավետարանն էլ ասում է, որ «եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը պիտի ընկնեն»:

Հարկ ենք համարում անդրադառնալ հիշյալ հրապարակման մեջ արծարծված մի քանի հարցերի պարզաբանմանը: Հարցեր, որոնք առաջադրվել են Հայր Պարթևի կողմից, ով միաժամանակ Մայր Աթոռում զբաղեցնում է փոխդիվանապետի պաշտոնը:

Նախ, մինչև պարզաբանումներին անցնելը հիշեցնենք, որ վերջերս Մատիրոս քահանա Բերբերյանը «Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը եկեղեցին ղեկավարում է իր անձնական «կանոնագիրքով» » հոդվածում 11 հարց էր ուղղել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն, Գարեգին Բ կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանին, որից այդպես էլ պատասխան չստացվեց` հավանաբար կաթողիկոսի կողմից «օրհնություն» չունենալու պատճառով: Սույն հոդվածում Տեր Մարտիրոսը մատչելի կերպով ներկայացնում է այն կանոնազանց վիճակը, որտեղ գտնվում է Հայ եկեղեցին` Սուրբ Էջմիածին կենտրոնով: Այն տպավորությունն ենք ստանում, որ կաթողիկոսն ու իր պաշտպանյալները բնավ գաղափար չունեն Հայ եկեղեցու կանոնական իրավունքից, նվազագույն չափով չեն թերթատել «Կանոնագիրք հայոց» երկհատորյակն ու Ներսես Արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանի «Հայոց եկեղեցական իրավունք» ստվարածավալ աշխատությունը: Եթե ուսումնասիրելու լինենք Հայոց եկեղեցական կանոնները և միաժամանակ դրանք համեմատենք եկեղեցական ներկա վիճակի հետ, ապա գրեթե համեմատության եզր չենք կարող տեսնել այս երկու իրականությունների միջև: Պարզից էլ պարզ է, որ եկեղեցական կանոնների 90 տոկոսից ավելին տեղ չեն գտնում Հայ եկեղեցու կյանքում, այլ դրանց փոխարեն մեծավ մասամբ կյանքի են կոչվում հայրապետական անհասկանալի տնօրինություններ, անտրամաբանական որոշումներ և հակասական վճիռներ, որոնք ոչ այլ ինչ են, քան կաթողիկոսի պաշտոնի և դիրքի չարաշահում` քմահաճույքների ու կամայականությունների տեսքով:

Այս քաոսային իրադրությունը, մեղմ ասած, ձեռնտու է եկեղեցական բարձրագույն իշխանությանը, այլ խոսքով` իրենց արժանապատվությունն ու ինքնասիրությունը կորցրած եպիսկոպոսներին, որոնք կաթողիկոսին ու նրա սխալները «սրբացնելուց» բացի այլ «մասնագիտության» թերևս չեն տիրապետում: Տեղին է հիշատակել Ոսկան Մխիթարյանի «Ո՞ւր են եպիսկոպոսները» հրապարակումը, որտեղ հեղինակը խոսում է ներկայիս եկեղեցական վերնախավի այն կրավորական և դատապարտելի կեցվածքի մասին, որ երբ հարկ է լինում արտահայտվել հանրությանը հուզող եկեղեցական հարցերի շուրջ, բոլորը պապանձվում են: Եկեղեցական տագնապներին ու մարտահրավերներին ընդառաջ` համրանում են նաև Մայր Աթոռի միաբանները, սակայն երբ հերթը գալիս է «օճառվելուն», մի լավ ներշնչվում են «ներսիսյան դպրոցից» և ուժգին կերպով տարփողում` հաչս իրենց վերադաս եկեղեցական պետերի: Ո՞վ իմանա. գուցե մի օր իրե՞նք էլ հասնեն եպիսկոպոսության աստիճանին, ինչպես բախտ ունեցան իրենց նախորդները:

Գալով Պարթև աբեղայի չքմեղանքներին, թե «եկեղեցական բարձրագույն իշխանության շահերին հակառակ է` կորցնել եկեղեցականին, առավել ևս արժեքավոր մեկին», ապա հարցնում ենք, թե ինչո՛վ են պայմանավորված 100-ից ավելի կարգազրկությունները, որոնք որպես ռեկորդ` սահմանել է Գարեգին Բ կաթողիկոսը: Այսօր այդ հոգևորականները դուրս են նետված եկեղեցական ծառայությունից, իսկ կարգաթողների մեծ մասը սեփական նախաձեռնությամբ է լքել ծառայության դաշտը, որովհետև ստեղծվել էր մի այնպիսի մղձավանջային իրավիճակ, որ մարդիկ այլևս չեն կարողացել դիմանալ` նախընտրելով դասավորել անձնական կյանքը:

Որպեսզի տեղիք չտրվեն այն խոսակցություններին, թե «եկեղեցական բարձրագույն իշխանությունը կարգալույծ է անում եկեղեցականներին` ելնելով կամայական և կանխակալ վերաբերմունքից», ապա ախուսափելիորեն անհրաժեշտ և հրատապ է Հայ եկեղեցում կյանքի կոչել նվիրապետական 4 Աթոռների փորձառու եպիսկոպոսներից բաղկացած եկեղեցական դատարանը, որը լինելով անկախ և չեզոք մարմին` զերծ պետք է լինի կաթողիկոսական ճնշումներից` առաջնորդվելով բացառաբար Սուրբ Գրքով և եկեղեցական իրավունքով: Եկեղեցական ատյանի գոյության կարևորության մասին տարբեր առիթներով բարձրաձայնել է նաև «եկեղեցու ընդդիմախոսներից» ընտիր գիտնական և աստվածաբան Արամ դպիր Դիլանյանը` հանդես գալով «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն այսօր ուղղակի անհրաժեշտ է Եկեղեցական ատյանի գոյությունը» և «Եկեղեցական դատական համակարգը իրականություն դարձնելն այսօր առաջնահերթ խնդիր է» հրապարակումներով:

Ավելորդ ենք նկատում վերստին խոսել «կարգալուծություն» բառի և երևույթի` աստվածաբանորեն և լեզվաբանորեն սխալ և ընդունելի չլինելու մասին, որով Հայ եկեղեցի է ներմուծվել մոլորեցուցիչ մի հերետիկոսություն: Ըստ այդմ, «հայրապետական տնօրինություն» հորջորջվող պարզ գրությամբ և կաթողիկոսի «կախարդական գրիչով» ձեռնադրված և օծված քահանան, վարդապետը կամ եպիսկոպոսը դադարում են իրենց վրա կրել Ձեռնադրության սուրբ խորհուրդն ու սրբալույս մյուռոնի օծումը` համարվելով աշխարհական: Այս անհեթեթ տեսության կողմնակիցները երևի չեն կարդացել Աստվածաշնչի այն տողերը, որտեղ խոսվում է հավիտենական քահանայության մասին (Սաղմ. 109: 4, Եբր. 5: 6): Ավելին` այսպիսի հերետիկոսությամբ առհասարակ հարցականի տակ է դրվում այն դավանողների ուղղափառ հավատքը, քանի որ առհասարակ եկեղեցական դասի մի մաս ոչ միայն չի ընդունում, այլև անամոթաբար ծաղրում է Եկեղեցական Հայրերին` նրանց համարելով ժամանակավրեպ: Սուրբ հայրապետների նզովքի տակ են ընկնում այն եկեղեցականները, որոնք իրենց «պոստմոդեռն» համարելով` անտեսում և ոտնահարում են Սուրբ Հայրերի ժառանգությունը, նրանց կերպարը, վաստակը: Այդպիսիներին ոչ միայն պետք է զրկել եկեղեցական կարգից, այլ նաև` Սուրբ Հաղորդությունից` դասելով ուրացողների և հերետիկոսների շարքերը:

Սուրբ խորհուրդների մշտնջենավորությունն ի մտի ունենալով` անկարելի է դառնում որևէ վավերական խորհրդի լուծարումը: Այլապես ստացվում է, որ ճշմարիտ են այն պնդումները, թե եկեղեցին Գարեգին Բ-ի համար մի հիմնարկություն է, որտեղ գործում են միայն իր անձնական տրամադրությունները: Եվ ինչպես սովետական հիմնարկում կընդունեին և այնտեղից կազատեին աշխատողներին, այդ սկզբունքով էլ Գարեգին Ներսիսյանը ձեռնադրում և կարգազրկում է իր ուզած մարդկանց: Քահանայության և կարգազրկության մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Դու ես քահանայ յաւիտեան» և «Նախկին քահանա չի լինում» ուսումնասիրություններից: Նշենք միայն, որ կարգաթողության դեպքերում, երբ հոգևորականն ինքնակամ թողնում է քահանայագործությունը և անցնում աշխարհական վիճակի, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության, Երուսաղեմի ու Պոլսո հայոց պատրիարքական Աթոռների կողմից այդ անձերը «կարգալույծ» չեն հռչակվում, ինչը հատուկ է Էջմիածնի կաթողիկոսությանը: Եվ դա միանգամայն տրամաբանական է, քանի որ եթե հոգևորականը սեփական կամքով է հրաժարվում եկեղեցական ծառայությունից, այլևս կարիք և իմաստ չկա նրան կարգազուրկ հռչակելու: Սա մոտավորապես նման է այն դեպքերին, որ երբ հիմնարկի աշխատողը աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, հաջորդ օրը հիմնարկի ղեկավարը նրան աշխատանքից չի հեռացնում` «իր դիմումի համաձայն»: Այս զավեշտը հատուկ է միայն Մայր Աթոռին: Վերջերս կարգաթող եղան Երուսաղեմի միաբան Հայր Ընծա Բաբախանյանն ու Մեծի Տանն Կիլիկիոյ միաբան Հայր Վարանդ Կորդմոսյանը, մինչդեռ նրանց, այսպես կոչված, «կարգալուծության վճիռները» ոչ մի տեղ չեք գտնի: Բայց սրանից է՛լ ավելի զավեշտալի երևույթն էլ կա: Մի քանի տարի առաջ ԱՄՆ հայոց թեմի քահանաներից մեկը հետմահու «կարգալույծ» է հռչակվում Գարեգին Բ կաթողիկոսի կողմից, քանի որ քահանան (կամ նրա հարազատները) ցանկացել էր, որ իր վրա վերջին օծման կարգ տեղի չունենա: Դե կաթողիկոսն էլ, առանց երկար մտածելու, խնդիրը լուծելու համար, հետմահու «կարգալույծ» է անում այդ քահանային` նրան թաղելով աշխարհականի պես: Այս պատմությունն իր արժանի տեղը պետք է որ գրավի Հակոբ Պարոնյանի երգիծապատումների շարքում:

Մենք հակված չենք կարծելու, որ բոլոր կարգազուրկ հռչակված հոգևորականները անպարտ են կամ ըստ Հայր Պարթևի` «լավերն» են, ուստի նրանց նկատմամբ միանշանակորեն անարդար որոշում է իրականացվել: Առավել ևս հակված չենք կարծելու, որ եկեղեցական ծառայության մեջ գտնվող բոլոր հոգևորականներն են «լավերը», քանի որ եթե ուշադիր զննության ենթարկվեն նրանց կյանքն ու գործունեությունը, ապա կեսից ավելին ենթակա կլինի կարգազրկության` համաձայն եկեղեցական կանոնների: Իսկ թե ինչո՛ւ նրանք չեն կարգազրկվում, որովհետև կարգազրկողի, տվյալ դեպքում` կաթողիկոսի կամ նրա անմիջական շրջապատի հետ լավ հարաբերությունների մեջ են` տարբեր առումներով: Այստեղ հարցն ավելի առանցքային է, քան թե ստուգել` ո՛վ է անմեղ, իսկ ո՛վ` մեղավոր: Ողջ խնդիրը կարգազրկման սխալ ձևի մեջ է: Մինչև անգամ աշխարհիկ դատարաններում դատապարտյալին հնարավորություն է տրվում ինքնապաշտպանության, հստակ նշվում են նրա մեղադրանքները և մատնանշվում է քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածի կոնկրետ կետը` համաձայն որի մեղադրյալը կրելու է օրենքով սահմանված պատիժը: Իսկ կարգազրկության դեպքում, քանի որ չկա եկեղեցական դատարան, կաթողիկոսը ինչպես ուզում, այդպես էլ վարվում է: Մի քանի իրեն համակիր «վաղահաս» եպիսկոպոսներ է գտնում և «Կարգապահական հանձնախումբ» կազմում (որն, ի դեպ, գործում է 2011 թվականից), ու ոնց քեֆը տալիս, այդպես էլ վճիռ է արձակում: Ապա Մայր Աթոռը նույնիսկ չի բարեհաճում կարգազրկման վճռի կրկնօրինակը հանձնել մեղադրյալ եկեղեցականին` հույս ունենալով, որ վերջինս կա՛մ համացանցից կտեղեկանա, կա՛մ էլ իր ծանոթները մի տեղ կկարդան և հեռաձայնով կփոխանցեն: Սա նաև տարրական էթիկայի պակաս է, որ ցուցաբերում է Մայր Աթոռը:

Մյուս կարևոր հարցը եկեղեցականների պատրաստության խնդիրն է, որը Հայ եկեղեցու ցավոտ կողմերից մեկն է: Հայտնի է, որ եկեղեցականների պատրաստության գործում առաջնահերթ գործառույթ ունեն ճեմարանները, որոնք, իբր թե հոգևոր-կրթական հաստատություններ լինելով, ուսանողների մեջ պետք է եկեղեցականի նկարագիր ձևավորեն` ուսմանը զուգահեռ: Մամուլով Հայր Գարեգին Հարությունյանի և Հայր Եղիա Խաչատրյանի կողմիցս քանիցս անդրադարձ կատարվել է այս հարցին, որին նրանք բախվել են ի պաշտոնե: Եվ սա փաստ է, քանի որ այդ հաստատություններից դուրս եկած «անկառավարելի եկեղեցականները» հիմնականում անհավատ, հոգևոր նկարագրից զուրկ և եկեղեցական կոչումից շատ հեռու կարիերիստ անձինք են, որոնք ըստ Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանի` դաստիարակված են «բիզնես հոգեբանությամբ»: Նրանցից շատերը նույնիսկ մարդկանց հետ շփվելու վարվեցողությանը չեն տիրապետում, էլ ուր մնաց, թե հովվական ծառայության անցնեն: Բարդույթավորված և ինքնահաստատման կարիք ունեցող կուսակրոններն էլ մի քանի տարի «հավատարիմ» վարչական պաշտոններ ստանձնելուց հետո մեկ էլ հանկարծ, բախտի բերմամբ թե պատահմամբ, եպիսկոպոս են դառնում` իրենք էլ զարմանալով, թե ինչպես դա կատարվեց:

Ճեմարանի ուսանողները ուսումնառության 6 տարիների ընթացքում այդպես էլ չեն ունենում խոստովանահայր, ով որպես հոգևոր առաջնորդ` հոգևոր խնամք պետք է տածի ապագա հոգևորականների կայացման գործում: Սա նշանակում է, որ այդ ուսանողները, վայրիվերումների մեջ հայտնվելով, չունեն մի տիպար հոգևորական, որին կնմանվեին իրենց ճեմարանական տարիներին: Եթե մի հաստատության տեսուչը լինի Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ապա ամեն ինչ շատ պարզ է: Հատուկ ծրագիր է տարվում, որ ճեմարանից հավատացյալ ու առաքինի ուսանող դուրս չգա: Մինչև իսկ ուսանողներից մեկի վկայությամբ` վերատեսուչ Գևորգ Սարոյանը ծաղրել է Սևանի դպրանոցի սաներից մեկին, ով ծնկած աղոթելիս է եղել: Ահա թե ինչպես են կրթում ապա եկեղեցականներին:

Մայր Աթոռում «լավերին» վերացնելու սև ցուցակը գնալով համալրվում է: Ներկայումս հարձակումներ են սկսվել Մայր Աթոռի միաբաններից Կորյուն աբեղա Առաքելյանի և Հայրիկ աբեղա Հովհաննիսյանի նկատմամբ: Կաթողիկոսի հալածքների ներքո են գտնվում նաև Մյուռոն ծ. վրդ. Գըվըգյանը, Աթանաս վրդ. Մովսիսյանը, Կյուրեղ քհն. Տալյանը և ուրիշներ: Այս բոլոր եկեղեցականներն էլ շատ սիրված են հավատացյալների կողմից, իսկական հոգևորականի կեցվածք ունեն, ինչն էլ հենց անհանգստացնում է Գարեգին Բ կաթողիկոսին ու իր թիմակիցներին: Հարցին, թե «ո՞րն է Եկեղեցու բարձրագույն իշխանության շահը` կորցնելու այսքան ջանքերի գնով ձեռք բերվող եկեղեցականին և վասն ինչի՞», մեր պատասխանը սա է: Ժողովրդի կողմից սեր ու հարգանք վայելող, այլև ուսյալ և արժեքավոր եկեղեցականների կողքին նրանց վերադասները փոքր են զգում իրենց, քանի որ ուզում են միայն իրենք «փայլել», մինչդեռ ժողովրդականություն վայելող հոգևորականները «ստվեր» են գցում բարձրաստիճան, բայց փոքրոգի եկեղեցական վերադասի վրա, ուստիև ամեն գնով փորձում են ազատվել «լավերից»: Թվարկենք միայն Հայր Պարթև Գյուլյումյանի հանրահայտ և աղմկահարույց դեպքը, որը, ցավոք, եզակի չէ: Սա Հայ եկեղեցում կարելի է անվանել «եպիսկոպոսական հիվանդություն»: Չկա՛ եղբայրասիրություն, փոխադարձ հարգանք և նվազագույն չափով վստահություն: Իրար «տակ փորելը», «գործ տալը» եկեղեցական ասպարեզում գոյության պայքարի է վերածվել: Ներկա պատկերով Հայ եկեղեցին ուղղակի սրընթաց գահավիժում է: Եվ եթե Եզր կաթողիկոսը, ըստ պատմիչների, Հայ եկեղեցին հասցրեց անդունդի եզրին (այդ պատճառով էլ անվան Ե տառը շրջված էին գրում), ապա Գարեգին Բ կաթողիկոսը ուղղակի քայքայեց եկեղեցին և դեպի անդունդ գլորեց` պատճառ դառնալով աղանդավորների տարածման և անթիվ հոգիների կորստյան:

Հայր Պարթև Բարսեղյանն իր գրության մեջ շեշտում է, որ կաթողիկոսը բծախնդիր է մեր եկեղեցու կարգապահությանը և ըստ իրեն` պատժված հոգևորականները խախտել են մեր եկեղեցու կարգ ու կանոնը։ Այստեղ ուզում ենք ընթերցողներին հիշեցնել, որ Գարեգին Բ կաթողիկոսն առաջին իսկ օրից բազմիցս խախտել է մեր եկեղեցու ավանդական կարգ ու կանոնը, ինչի մասին դիտողություններ են արվել նաև մեր եկեղեցու նվիրապետական Աթոռների գահակալների կողմից: Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանը` որպես Պոլսո հայոց Պատրիարք և Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանը` որպես Երուսաղեմի հայոց Պատրիարք, իրենց նամակներում հստակ կերպով առանձնացնում են Գարեգին Ներսիսյան կաթողիկոսի կատարած կանոնական խախտումները։ Հետևաբար, եթե կարգազանց հոգևորականը պիտի պատժվի, ուրեմն պետք է սկսել ներկայիս կաթողիկոսից, իսկ այն «անձնական կանոնների» հիման վրա, որոնցով կաթողիկոսը պատժում է բազմաթիվ հոգևորականների, ըստ իր հայեցողության, բոլորն էլ անօրինական են և անվավեր` եկեղեցական իրավունքի տեսակետից։ Հայր Պարթևը հստակ պետք է իմանա, որ մեր եկեղեցու կանոնների փոփոխությունները, ավելացումներն ու հաստատման իրավունքը պատկանում է եկեղեցու գերագույն մարմնին, որ է` Ազգային-եկեղեցական ժողովը։

Եկեղեցական կարգ ու կանոնը առաջին հերթին ոտնահարում է հենց եկեղեցական բարձրագույն իշխանությունը` կաթողիկոսի գլխավորությամբ: Այսօր էլ կաթողիկոսը շարունակում է ինքնակամ ու միապետական որոշումներ պարտադրել իր շուրջը խմբված եպիսկոպոսներին, որոնք վախի ազդեցության տակ ամեն ինչի հետ համաձայնում են: Նույնն է պարագան ապօրինի Գերագոյն հոգևոր խորհրդի չընտրված, այլ նշանակված «պատկեր-անդամների», որոնք միայն ծափահարել գիտեն կաթողիկոսի առաջարկներին, ինչպես բոլորովին վերջերս Երուսաղեմի միաբանության կողմից առաջադրված եպիսկոպոսության թեկնածուներից մեկի` Պարետ ծ. վրդ. Երիցյանի նկատմամբ «վերապահումներ» -ով հանդես եկավ, ու երբ Հայր Պարետը նամակով խնդրել էր կաթողիկոսին գրավոր պատճառաբանել այդ «վերապահումները», Մայր Աթոռի կողմից տիրեց քար լռություն, ինչպես բոլոր կարգազրկությունների պատճառաբանման դեպքերում։

Մենք կարծում ենք, որ Պարթև աբեղան միամիտ չէ և փորձում է այսօրինակ հրապարակումների միջոցով կաթողիկոսի «աչքը մտնել», բայց որքան էլ պաշտպանի, միևնույնն է, ծառն իր պտղից է ճանաչվում:

Գալով հիշատակված «բարեկարգության թեզիսներին»` պիտի փափագեինք, որ Մայր Աթոռի միաբանները ժամանակ գտնեին թերթելու «Բարեկարգութիւն Հայց. Եկեղեցւոյ» խորագիրը կրող աշխատասիրությունը` ի նպաստ Հայ եկեղեցու պայծառացման շահեկան գործին, որպեսզի եկեղեցին վերջապես դուրս գա անհավատության թմբիրից ու թոթափվի կլանային համակարգից:

Վերջում, Պարթև աբեղա Բարսեղյանին չմոռանանք հիշեցնել ժողովրդական մեկ այլ առած, թե` «Երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են»: Իսկ չերչիլյան մեջբերումների փոխարեն, որոնք բառացիորեն նույնպես տեղ էին գտել Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հարցազրույցներից մեկի ժամանակ, պատշաճ կլիներ, որպես եկեղեցական, գոնե մի մեջբերում աներ Աստվածաշնչից:

Այսու, հորդորում ենք Մայր Աթոռին` վերջ դնել ջայլամի քաղաքականությանը, սեփական գլուխները դուրս հանել ավազաթմբերից և չպառակտել առանց այն էլ վիրավոր հայ քրիստոնյաների կրոնական զգացումները:

«Հայ Եկեղեցու բարեկարգում» շարժման մասնակիցներ

Basın sekreteri: Ազատ Խոսք
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Ազատ Խոսք
yukarı