Շատ հաճախ կարելի է լսել, թե ինչպես որևէ մեկը մեկ ուրիշին խորհուրդ է տվել խմել այս կամ այն դեղը՝ հատուկ ընդգծելով, թե դա տվյալ հիվանդության դեմ լավագույն դարմանն է, որ դրանով բուժվել են իր այս ու այս հարազատները կամ ծանոթները: Բայց այդ մարդիկ չեն հասկանում, որ շատ վտանգավոր մոլորությամբ են առաջնորդվում: Եթե տվյալ դեղ-դարմանը բուժել է ձեր այս կամ այն ծանոթին կամ բարեկամին, դա ամենևին չի նշանակում, թե այն ճիշտ նույն ազդեցությունը կունենա այն մարդու վրա, որին խորհուրդ եք տալիս այդ դեղը խմել: Գլխացավի դեպքում մեկին օգնում է անալգինը կամ ասպիրինը, մյուսին՝ միայն ցիտրոմոնը, երրորդին՝ մեկ այլ դեղ: Գոյություն չունի այնպիսի համադարման, որը նույն ներգործությունն ունենա նույն հիվանդությամբ տառապող տարբեր մարդկանց վար: Բոլորդ էլ լավ գիտեք, որ յուրաքանչյուր մարդ ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները, որոնք ազդեցություն են ունենում այն բանի վրա, թե նա ինչպես է ընդունում այս կամ այն դեղամիջոցը: Ահա թե ինչու դեղը պետք է բժիշկը նշանակի, որպեսզի տեղի չունենա այն, ինչը տեղի է ունեցել ստորև ներկայացված զվարճապատումում: Մի կին սիրտը բացում է իր ընկերուհու առջև. -Ամուսինս անկողնում այնքա՜ն ճլորած է… -Դու նրան շան շամպունով լողացրու, - խորհուրդ է տալիս ընկերուհին: - Շատ վստահելի դարման է: Ես ամուսնուս դրանով լողացրի, ու դրանից հետո այնպես նետվեց վրաս, որ քիչ էր մնում ինձ պատառ-պատառ աներ… Մի քանի օր անց ընկերուհիները նորից հանդիպում են: -Իբր այդ ի՞նչ էր, որ ինձ խորհուրդ տվեցիր: -Ի՞նչ է, չօգնե՞ց: -Քո ասած շամպունով լողանալոց հետո ամուսինս տանը եղած ամբողջ երշիկեղենը կերավ, ոտքս կծեց ու վազեց հարևանուհուս տուն: |