MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Yarın:+19 °C
Եվ եկավ սեպտեմբերը…
13:46, 03.09.2019
6133 | 0

Տեղեկատվական ահռելի հոսքերի մեր դարաշրջանում, մինչև վերջ չասված ու չլսված ճշմարտությունն ու անտեղյակությունը, հանրային տրամադրությունների բռնկումների համար բավականին զգայուն մթնոլորտ են ստեղծում:
Այս համատեքստում դիտարկելով, թերևս դժվար է դրվագային դեպքերի շարքին դասել նաև, համացացանցի հայկական տիրույթում վերջերս տեղ գտած բուռն քննարկումներից ևս մեկը։ Առիթը՝ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի և ավագ դասախոս, Arcakh24.info լրատվական կայքի խմբագիր Մարատ Եգանյանի միջև ծագած կոնֆլիկտն էր, իսկ հիմքում` դասախոսի լրագրողական գործունեությունը: Ինչպես հայտնի է, համապատասխան ծանուցագրից, սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի արդեն նախկին դասախոս, լրագրող, Arcakh24.info լրատվական կայքի խմբագիր Մարատ Եգանյանի և նրա տիկնոջ աշխատանքային պայմանագրի լուծարման որոշումը: Նոր ուսումնական տարուց նրանք, այսպես ասած, հեռացվել են աշխատանքից: Մարատ Եգանյան խոսքով իրեն աշխատանքից հեռացրել են լրագրողական անաչառ գործունեության պատճառով:

«Դիմակայության» գորդյան հանգույցն ուղղորդում է նախ՝ դեպի «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան էջ, որտեղ նա, որ տեղադրել էր Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագետների ու արտասահմանյան քաղաքագետների հանդիպումից արված բավականին համառոտ մի տեսանյութ։ Այնուհետև տարածում գտնելով համացանցի հայկական տիրույթում, բուռն արձագանքների, սուր, ոչ միանշանակ մեկնաբանությունների արդյունքում, մեղմ ասած, տարաձայնություններ էր առաջացրել ռեկտորի և իր դասախոսի միջև:

Վիճահարույց տեսանյութի բովանդակությունը ընթացիկ տարվա մայիսի 11-ին համալսարանի ուսանողության և REGNUM լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովի, քաղաքագետ Ստանիսլավ Նիկոլաևիչ Տարասովի կայացած հանդիպումից արված մի հատված է: Այդ հանդիպման շրջանակում բարձրաձայնված և քննարկված հարցերից մեկը վերաբերում էր Մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորմանը: Այստեղ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանն իր խոսքում անդրադառնում է վերամիավորման դրական ու բացասական կողմերին: Այնուհետև, Arcakh24.info կայքում հրապարակվում է հանդիպման տեսաձայնագրությունից վերոհիշյալ հատվածը:
https://www.youtube.com/watch?time_continue=20&v=zHsbHxn3tJw
Մինչ այդ, Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան էջ-հարթակի մեկնաբանություններում ծավալված սուր քննարկումների` ընդհուպ մինչև վիրավորանքներ ու սպառնալիքներ։ Արդյունքում, Մ.Մ. համալսարանում գործընկերային հարաբերությունները, բարիկադավորվեցին արդեն իրական կյանքում: Մթնոլորտի շիկացումը, Մարատ Եգանյանի հաղորդմամբ, արտահայտվում էր իր նկատմամբ վիրավորական արտահայտությունների ու վարքի, երբեմն նաև, սպառնալիքների դրսևորմամբ: Ռեկտորի կողմնակիցները սկզբից փորձել են խմբագիր-դասախոսին մեղադրել, որ դա փակ միջոցառում էր ու ենթակա չէր լուսաբանման, ինչին ի պատասխան Arcakh24.info-ում հրապարակվում է` լուսանկար, ըստ որի` միջոցառմանը, լուսաբանման նպատակով ներկա են եղել լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այնուհետև շրջանառվեցին կարծիքներ` տեսանյութի մոնտաժված լինելու վերաբերյալ: Arcakh24.info-ում պատասխանեցին մեկ այլ միջոցառումից արված տեսնայութով, որտեղ ռեկտորը կրկին նախորդ տեսնայութում արտահայտված տեսակետն էր արտահայտել:

Արդեն ընթացիկ տարվա հունիսի 20-ին ավագ դասախոս Մարատ Եգանյանը, իր և տիկնոջ` նույն համալսարանի դասախոս Վիկտորյա Առստամյանը, Մ. Մաշտոց համալսարանի տնօրինության կողմից ստացան աշխատանքային պայմանագրի լուծարման ծանուցագիր, որը ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից: Համընկնում էր, թե հետևանք, դեպքերի նման ընթացքը: Կողմերի դիրքորոշումը հեռու է միանշանակ լինելուց: Մասնավորապես, Մ. Եգանյանը համոզմունք ունի, որ իր աշխատանքային պայմանագրի լուծարումը հետևանք-պատասխան է վերոհիշյալ տեսանյութի և լրագրողական անաչառ գործունեության: Նման եզրակացության համար նրան հիմք է տվել տեսանյութի ներքո ծավալված ֆեյսբուքյան մեկնաբանություններից մեկում, դեռևս արտերկրում գտնվող ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի գրառումը, որը մեծ խնդիրներ էր կանխատեսում իր համար: Ծանուցումը ստանալու ժամանակահատվածն էլ համընկել էր ռեկտորի արտասահմանյան ուղևորության վերադարձին, ինչը Մ. Եգանյանին նույնպես պատահականություն չի թվում:
https://arcakh24.info/hy/tsavalvel-en-hetapndumner-ankakh-mamuli-nkatmamb-tirakhum-e-arcakh24-info-n/
Անդրադառնալով տեսակետին թե, իր և դասախոս տիկնոջ աշխատանքային պայմանագրերի լուծման վերաբերյալ բուհի տնօրինության որոշումն ու ծանուցագիրը հնարավոր է համընկել է դեպքերի ընթացքին, այլ ոչ թե խնդրո առարկա տեսանյութից բխած պատճառահետևանքային արդյունք է, Մարատ Եգանյանը կարծիք հայտնեց, որ այդ դեպքում սպասելի էր իրենցից որևէ մեկի ծանուցագիրը` միանգամից երկուսի փոխարեն: Դեպքերի և գործողությունների նման հերթագայումը սեփական միջոցներով գործող լրատվական կայքի խմբագրի մոտ` անձնական կարծիք, դիրքորոշում ունենալու, ինչպես նաև ազատ խոսքի ու անաչառ լրատվություն իրականացնելու համար հետապնդվելու ներքին համոզվածություն են առաջացրել: Զրուցակցիս խոսքով, ներքին տարաձայնություններն իր և համալսարանական մի քանի գործընկերների հետ, հասունացել էին ավելի վաղ, երբ Հայաստանում տեղի ունեցող Թավշյա հեղափոխության դեպքերի վերաբերյալ, խիստ տարբեր քաղաքական հայացքների ու կարծիքների բախման մթնոլորտը, նպաստավոր մեկնակետ էր ստեղծել կոնֆլիկտի հասունացման համար: Արդյունքում, ինչպես զրուցակիցս է բնորոշում` համալսարանում, բարիկադների տարբեր կողմերում հայտնված գործընկերների միջև զգացվում էր, այսպես ասած, «ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է» հարաբերությունների ձևաչափ:
«Ամեն դեպքում, սեփական միջոցներով գոյատևող մեր լրատվամիջոցի գործունեության գլխավոր նպատակը եղել և մնում է մեր ժողովրդի միասնականության ամրապնդմանը նպաստելը: Հազարավոր այցելուներ ունեցող մեր կայքում, այդ նպատակին ու տրամադրությանը համահունչ նյութերի վերաբերյալ դրական ու ջերմ արձագանքները, ցույց են տալիս, որ այդ առաքելությունը մեզ հաջողվում է» , -ասաց Մարատ Եգանյանը` հավելելով, որ Artsakh24.info-ն շարունակելու է բնականոն գործունեությունը` համալրելով ընթերցողների` արդեն իսկ 10 հազարի հասնող բանակը, անկախ` իրենց տեսակետները չկիսողների ցուցաբերած բարյացակամության աստիճանից:
«Փորձելու եմ, արցախյան հասրակական-քաղաքական անցուդարձերի վերաբերյալ կայքում արժանահավատ տեղեկատվության ներկայացմամբ ծառայել մեր ժողովրդին ու դրսևորել՝ քաղաքացիական դիրքորոշումս» , -ընդգծեց Arcakh24.info -ի խմբագիրը:
Աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցագիրը ավագ դասախոս Մարատ Եգանյանը ստացել և ստորագրել է իր անհամաձայնությունն արտահայտող մակագրությամբ:
https://arcakh24.info/hy/hetapndumner-arcakhum-ashkhatanqic-azatvel-en-arcakh24-info-i-glkhavor-khmbagiry-ev-nra-kiny/
Ի պատասխան հարցին, թե չեն պատրաստվում դատական կարգով վիճարկել աշխատանքային պայմանագրերի լուծման՝ տնօրինության որոշումները, Մարատ Եգանյանը նշեց, որ ըստ ծանուցագրի` իրենց աշխատանքային պայմանագիրը ուժը կորցրել է սույն թվականի սեպտեմբերի 1-ից: Դատական բողոքարկումը հնարավոր է միայն այսուհետ: Մինչ այդ, արդեն իսկ գործազուրկ դասախոսը, իր իսկ խոսքով, սպասելու է իրավասու կառույցների արձագանքին: դասախոսը, իր իսկ խոսքով, սպասելու է իրավասու կառույցների արձագանքին:

Իր հերթին, ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը նույնպես գտնում է, որ դատարան՝ դիմելու իր հիմքերն ու պատճառներն ունի։

Խնդրո առարկա տեսանյութի, ինչպես նաև սրված հարաբերությունների ու դասախոս ամուսինների աշխատանքային պայմանագրերի լուծարման պատճառների վերաբերյալ, իր տեսակետներն ու մեկնաբանությունը Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ներկայացրեց ստորև շարադրված՝ մեր հարցաշարի շրջանակում.

-Ըստ Ձեզ, ո՞րն է Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոս Մարատ Եգանյանի և Ձեր միջև սկիզբ առած տարաձայնության հիմնական պատճառը:

-Նախ ասեմ, որ մեր համալսարանը նման է մի մեծ ընտանիքի, որտեղ իշխում է բարոյահոգեբանական ջերմ մթնոլորտ: Այդ մասին կարող է վկայել Արցախում ապրող յուրաքանչյուր քաղաքացի, ով գոնե մեկ անգամ առնչվել է համալսարանի հետ: Չնայած համալսարանում աշխատել և այսօր էլ աշխատում են քաղաքական տարբեր հայացքների տեր աշխատակիցներ, բայց դա երբևէ չի խանգարել համալսարանի աշխատանքներին: Այսօր համալսարանի առջև դրված է մեծ նպատակ. ՄՄՀ-ն այսօր գտնվում է իր գործունեության հերթական փուլում՝ համալսարանը հավատարմագրման ընթացքի մեջ է, ինչը նշանակում է, որ հետևողական աշխատանքներ են պետք և որի համար կատարվել և կատարվում են կառուցվածքային մի շարք փոփոխություններ ֆակուլտետներ են միավորվում, ամբիոններ են տարանջատվում, ամբիոնների վարիչներ են փոխվում: Ելնելով հավատարմագրման պահանջներից այսօր մեզ անհրաժեշտ են խորագիտակ մասնագետներ։ Պրոֆեսորադասախոսական կազմի համալրման նպատակով հրավիրել ենք այդ պահանջներին համահունչ որակավորումներ ունեցող մասնագետների:

-Մի մեկնաբանությունում նշել էիք, որ ս.թ. մայիսի 11-ին ՄՄՀ-ում տեղի ունեցած, , REGNUM լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ համալսարանական հանդիպման տեսանյութում Ձեր ելույթը մոնտաժված է և ենթատեքստից դուրս: Ի՞նչ է դուրս թողնվել տեսանյութից և ըստ Ձեզ` ինչու՞: Ձեր կարծիքով, ինչ՞ մոտիվ ուներ Մարատ Եգանյանը դրա համար:

-Ասեմ, որ ՄՄՀ-ում ունենք «Կովկասագիտություն» մասնագիտությունը, որտեղ սովորում են ապագա տարածաշրջանագետներ, վերլուծաբաններ, տիրապետում են մի շարք լեզուների: Մշտապես հետևողական աշխատանք է տարվում ուսանողների մասնագիտական աճի բարձրացման համար և հրավիրվում են առաջատար քաղաքագետներ, տարածաշրջանագետներ, գիտնականներ ԱՀ-ից, ՀՀ-ից, ՌԴ-ից, նաև կառավարական կառույցներից: Մեր ուսանողները հաճախակի են լսել Ալ. Իսկանդարյանին / «Կովկաս» ինստիտուտ/Վիկտորյա Առաքելովային և Գառնիկ Ասատրյանին /Հայ-սլավոնական համալսարան/, Արա Պապյանին՝ հայ իրավաբան, պատմաբան և դիվանագետ, Մաքսիմ Վասկովին՝ սոց.գիտ.դոկտոր, պրոֆեսոր, և ուրիշների: Ս.թ. մայիսի 11-ին ԱՀ արտգործնախարարության կազմակերպած կոնֆերանսին հրավիրված էին նաև REGNUM լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդես Կոլերովը, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: Նրանք Կովկասագիտություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների հետ, խոսել են Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի տարածաշրջանում ներկա իրավիճակից: Ինչ վերաբերում է Արցախի՝ մայր Հայաստանին վերամիավորվելու հարցին, քաղաքագետները պնդում էին, որ իրենց կարծիքով հիմա դրա ժամանակը չէ, քանի որ, հանրությունը, այդ թվում միջազգային, Արցախի միավորումը միայն ԼՂԻՄ-ի տարածքային սահմաններում է տեսնում: «Նախ, - գտնում են քաղաքագետները, - պետք է աշխատել հասնել Արցախի ճանաչմանը ներկա սահմանների մեջ, հետո միայն քայլեր ձեռնարկել միավորման համար»: Թեմայի հետ կապված իմ ելույթում ես պատմեցի, որ տարիներ առաջ ընտրություններից հետո տարբեր երկրներից Արցախ ժամանած քաղաքագետներ ուդիտորդներ ջերմությամբ խոսելով մեր երկրի մասին, նշել են, որ Ղարաբաղում ժողովրդավարությունն ավելին է, քան Հայաստանում և Ադրբեջանում և որ Ղարաբաղը չի կարելի միավորել նշված ոչ մի հանրապետության հետ: Դրանք իմ խոսքերը չեն, այն հղում էր ուրիշ քաղաքագետներից: Լրագրողը ընդամենը կատարել է ոչ կիրթ մոնտաժ և ինձ է վերագրել հնչած հղումը: Ի՞նչ նպատակ է հետապնդում լրագրողը, դժվարանում եմ ասել, կարող եմ միայն ենթադրել, որ այն արվել է միայն սեփական լրատվամիջոցի վարկանիշը բարձրացնելու և համալսարանի հեղինակությանը ստվեր գցելու նպատակով:

-Մարատ Եգանյանը պնդում է, որ համացանցում տեղ գտած աղմկահարույց տեսանյութի քննարկման ժամանակ Դուք` նրանով զբաղվելու սպառնալիքներ եք հնչեցրել: Դրան հաջորդել է իրեն և տիկնոջը դասախոսական աշխատանքից ազատելու գործընթացը, և որ այն կապված է իր լրագրողական գործունեության հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս պնդումը: Ինչու՞ են իրականում աշխատանքից ազատվել:

-Նախ ասեմ, որ նրանք չեն ազատվել աշխատանքից։ Չկա նման հրաման: Նրանց պայմանագրերը գործում են մինչև ս.թ. սեպտեմբերի մեկը, ինչի մասին նրանց ծանուցվել է երկու ամիս առաջ (հիմք՝ ԼՂՀ աշխատանքային օրենսգրքի 111 հ. 2-րդ կետ): Ինչ վերաբերում է այդ որոշման օրինականությանը, ապա այն կարող է վիճարկվել դատական կարգով, այլ ոչ թե օգտագործվի քաղաքականացնելու և հանրությանը մոլորեցնելու համար: Եվս մեկ անգամ նշեմ, որ ոչ մի հետապնդում լրատվամիջոցի նկատմամբ չի իրականացվել ու չի իրականացվում: Իմ՝ այսպես ասած «սպառնալիքներ» -ը հնչել են քաղաքացու, և ոչ թե ռեկտորի, մտահոգությամբ։ Նույնիսկ պատրաստ էի դիմել համապատասխան մարմիններ՝ պարզելու, թե որն է իմ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու լրագրողի նպատակը, և մինչ այսօր չեմ հրաժարվել այդ մտադրությունից:

Yazar: Վան
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Վան
yukarı