MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Yarın:+16 °C
Նախնյաց հավատքից հրաժարված ու հորը գահընկեց անելու փորձ արած պարսից արքայազնին նրա հայրն օրիգինալ եղանակով զրկել է գահին հավակնելու ձգտումից
19:48, 23.10.2019
4340 | 0

Գահ բարձրանալուց գրեթե քսան տարի անց Պարսկաստանի Խոսրով Անուշիրվան թագավորը ստիպված է եղել ճնշել իր որդի Անուշզադեի գլխավորած ապստամբությունը: 549 թվականին տեղի ունեցած այդ իրադարձությանն անդրադարձել է 10-րդ դարում ապրած արաբ նշանավոր պատմագիր Ադ Թաբարին: Ապստամբությունն սկսվել է այն ժամանակ, երբ Էմեսայում (ներկայում` Սիրիայի Հոմս քաղաքը) գտնվող Խոսրովը հիվանդ է եղել:


«Անուշիրվանը, - գրում է Թաբարին, - Անուշզադե անունով մի որդի է ունեցել, որի մայրը գեղեցիկ քրիստոնյա է եղել: Նրան շատ սիրող Խոսրովը որքան էլ փորձել է համոզել նրան, որ հրաժարվի քրիստոնեությունից ու դառնա մոգերի հավատքին, չի կարողացել: Որդին էլ ժառանգել է նրա կրոնը և երես է թեքել իր նախնյաց հավատից: Հայրն այդ պատճառով սաստիկ զայրացել է նրա վրա ու հրամայել է որդուն Հունդե-Շապուր քաղաքում (Խուզիստան երկրամասի քաղաք, այժմ ավերակ է) զնդանը նետել: Երբ Խոսրովը մեկնում է Սիրիա, և Անուշզադեն տեղեկանում է, որ նա հիվանդ է… իր բանտարկյալ ընկերներին խռովության է մղում, բանբեր է ուղարկում Գունե Շապուհի ու Ահվազի մյուս մարզերի քրիստոնյաներին ու դուրս է գալիս գուբից: Հենց այդ ժամանակ էլ քրիստոնյաները նրա մոտ են հավաքվում. նա Ահվազից վտարում է իր հոր բոլոր տեղապահներին, զավթում է փողերը, լուր է տարածում, թե իր հայրը մեռել է ու շարժվում է դեպի Իրան: Այդ ժամանակ Տիզբոնի տեղապահը թագավորին հայտնում է նրա որդու գործողությունների մասին: Խոսրովն այսպես է պատասխանել. «Նրա դեմ զորքեր ուղարկիր, արագ գրոհիր նրա վրա ու աշխատիր նրան գերել: Եթե հաճո է ճակատագրին, որ նա սպանվի, ապա, ի վերջո, մենք պետք է հաշտվենք նրա արյունը հեղելու հետ…Թող քեզ չսարսափեցնի նրանց բազմաքանակությունը, քանի որ նրանք պաշտպանվելու ունակություն չունեն: Քրիստոնյաներն ինչպե՞ս կարող են պաշտպանվել, եթե ըստ նրանց հավատի, այն մարդը, որի ձախ այտին են հարվածում, պետք է աջ այտը դեմ անի: Իսկ եթե Անոշզադեն իր ընկերների հետ հանձնվի, ապա նախկինում բանտարկվածներին նորից զնդան նետիր, բայց առաջվա նման նրանց ամենևին մի' զրկիր ազատ շարժվելուց, սննդից ու հագուստից: Ապստամբներին միացած հեծելազորայինների գլուխները կտրիր, հասարակ մարդիկ թող փախչեն, նրանց մի' կալանիր» »:

Իսկ պարսիկ աշխարհահռչակ բանաստեղծ Ֆիրդուսին (930 – 1020 թթ.)` «Շահնամե» դյուցազներգության հեղինակը, գրում է, թե Անուշզադեն բանակցություններ էր սկսել Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր հետ (դա զարմանալի չէ. և՛ նախկինում, և՛ հետագայում Սասանյան արքայատոհմի շնորհազրկված արքայազունները դիմել են Հռոմի ու Բյուզանդիայի օգնությանը): Տիզբոնի կառավարիչը, թագավորի հրամանով, մայրաքաղաքից ընդառաջ է գնում ապստամբներին ու ջախջախում է Անուշզադեի զորքը: Հենց այդ ճակատամարտում Անուշզադեն նետով մահացու վիրավորվում է:

Բյուզանդացի պատմագիր Պրոկոպիոս Կեսարացին նույնպես նկարագրել է այս ապստամբությունը՝ դրա ավարտն այլ կերպ ներկայացնելով.

«Մոտավորապես հենց այդ նույն ժամանակ այնպես եղավ, որ Խոսրոյի դաժանությունը չխնայեց նույնիսկ նրա սերնդին: Նրա որդիներից ավագը՝ Անասոզադ անունով (այս անունը պարսկերեն նշանակում է «անմահություն պարգևող») վիճեց նրա հետ, քանի որ իրեն թույլ էր տվել իր կենսակերպում մի շարք խախտումներ կատարել, իսկ գլխավորն այն պատճառով, որ առանց երկմտելու հոր կանանց հետ անկողին էր մտել: Սկզբում Խոզրոյն այդ որդուն վտարումով է պատժում…Այդ ժամանակ Խոզրոյին շատ ծանր հիվանդություն է պատուհասում, այնպես որ լուր է տարածվում, թե նա արդեն մեռել է. Խոզրոյն իր բնությամբ հիվանդոտ էր: Հիրավի, նա հաճախ է ամեն տեղից իր շուրջը բոլորել բժիշկների. այդ բժիշկների թվում եղել է պաղեստինյան ծագումով բժիշկ Տրիբունեսը…Երբ Անասոզադը տեղեկանում է, թե Խոզրոյը ծանր հիվանդ է, ձգտելով գահ բարձրանալ, ն ա որոշել է պետական հեղաշրջում կատարել: Նույնիսկ այն ժամանակ, երբ նրա հայրն առողջացել է, նա, այնուամենայնիվ, քաղաքին պառակտման է մղել և զենք բարձրացնելով հոր դեմ, երիտասարդական ավյունով նրան դեմ պատերազմելու է գնացել: Լսելով այդ մասին` Խոզրոյը նրա դեմ զորք է ուղարկում` Ֆաբրիզոսի գլխավորությամբ: Ճակատամարտում հաղթելով` Ֆաբրիզոսը, բռնելով Անասոզադային, որոշ ժամանակ անց նրան ուղարկում է Խոզրոյի մոտ: Հայրն այլանդակում է իր որդու աչքերը. նա նրա աչքերի լույսը չի խլում, այլ վերևից ու ներքևից սարսափելի ձևով շուռ է տալիս նրա կոպերը: Փակելով որդու աչքերը և շիկացած ասեղը կոպերի երեսով անցկացնելով` նա ապականում է նրա կոպերի գեղեցկությունը: Խոզրոյն այդ բանն անում է մեկ միակ նպատակով` որպեսզի որդին երբևէ արքայական իշխանության հույս չունենա. որևէ ֆիզիկական այլանդակություն ունեցող մարդուն պարսիկների օրենքը թույլ չի տալիս թագավոր դառնալ»:

Նկարում` Խոսրով Անուշիրվանի քանդակը Թեհրանի դատարանում (1940 թ.):

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
196 | 0
yukarı