Mamul.am
Tam versiyon
USD 478.35, EUR 517.05, RUB 7.43, GBP 617.79
+1 °C, 0 °C ... +10 °C Tomorrow:+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Զանգ…
12:40, 03.12.2019


- Այդ ո՞ւր, այսօր շաբաթ է:

- Ո՛չ մի տեղ, մա՛մ ջան, ուղղակի:

- Հայելին մաշվեց քո հայացքից, եթե տեղ չես գնում ի՞նչու ես շրթունքներդ ներկում և վերջապես հագնվիր, ի՞նչ վիճակ է:

- Մամ լա՜վ էլի, զգեստ եմ ընտրում, չեմ կարողանում որոշել:

- Երեսուն տարեկան ես, բայց դեռ քամիներ են գլխումդ, սպիտակը հագի՛ր, ի՞նչ կա մտածելու:

Լուռ նայեց մոր աչքերին, ժպտաց, ձեռքը բարի կախարդի նման սահեցրեց ուսերին իջնող մազերի վրայով, հետո շոյեց իրանը, ազդրերը, մեկ քայլ ետ գնաց, հայելու առաջ կոտրատվեց:

- Դեռ մի բան արժե՞մ, մամ ջան:

- Գեղեցիկ ես, բայց ինչպես միշտ՝ գլուխդ դատարկ:

Ծիծաղեց:


«Մնաց տասնութ րոպե, կզանգի նոր մամային կասեմ, որ հրավիրված եմ, թող ժամանակից շուտ չիմանա, ճիշտ է պայմանավորվելու ենք երեկոյան հանդիպման համար, բայց ես լավ գիտեմ տղամարդկանց, նույնիսկ հեռախոսով խոսելիս պետք է լինես կոկիկ ու հարդարված…»


- Մամ գիտե՞ս ինչն եմ ափսոսում, գժվելու աստիճան:

Մայրը հարցական նայեց աղջկան, նայե՞ց, ո՜չ, տեսավ իրեն երիտասարդ ժամանակ, թռի-վռի մի աղջնակի տեսքով, անհո՜գ, սիրահարվա՜ծ, ամեն ինչ մոռացած հանուն…

- Ի՞նչ, մի խելոք բան ասա:

- Որ դու մազերը ֆեն անել այդպես էլ չսովորեցիր, հիմա ի՞նչ, առավոտ շուտ հարևան Սվետին կանչեմ, մի քիչ շո՞ւտ չի:

Նայեց ժամացույցին:

«Մնաց տասնչորս րոպե, չեմ հասցնի…»

- Զուգագուլպա մի՛ հագիր, ինչո՞ւ ես ձգում մարմինդ:

- Մա՞մ, ի՞նչ ես ասում:

- Առաջին հանդիպման ժամանակ ճիշտ չէ, նա քո երեսին է նայելու անընդհատ, քեզ է լսելու, երբեք թույլ չտաս նրանից առաջ ընկնել, որ ետևիցդ չնայի, հասկանո՞ւմ ես:

Իսկ այ, երկրորդ անգամ անպայման մարմինդ ձգած կգնաս, չնայած լավ մարմին ունես:

- Մա՞մ, այդ դո՞ւ ես ասում, դո՞ւ, որ ամբողջ կյանքումդ ուսանողներին Չերնիշևսկի ես բացատրել, հիմա տղամարդկանցից ես խոսում, որտեղի՞ց այդքան գործնական խորհուրդներ: Մենք երեկոյան ենք հանդիպելու:

- Գիտե՜մ, մոտավորապես կռահեցի, հիմա սպասում ես նրա զանգին, անհանգստանում, գեղեցկանում, այդպես ենք մենք՝կանայք: Ե՞րբ է խոսք տվել զանգելու:

- Տասին, նա պարտաճանաչ է, գիտեմ, մնաց իննը րոպե, մա՛մ:

- Կզանգի՜, մի անհանգստացիր, տղամարդիկ արդեն երկու հազար տարի է չեն փոխվում, այդպիսին են նրանք, լավ, ես սուրճ պատրաստեմ, խմենք:

- Մա՞մ, չես հասկանո՞ւմ, մնացել է ութ րոպե ի՞սկ դու, սուրճ, ա՜յ քեզ բան:


Մայրը խոհանոցում էր, երբ լսեց կորցրած ձագին գրկին սեղմելու մի վայրի բղավոց:

- Մա՜մ…

Ձեռքի սրճեփը ընկավ սալահատակին:

Վազելով մտավ սենյակ ու վախեցած նայեց աղջկան:

- Մա՜մ, հեռախոսս չեմ գտնում, մնաց երեք րոպե:

- Դու իրո՞ք գժվել ես, հեռախոսդ պատշգամբում է, ես եմ դրել լիցքավորման, իսկ քո այդ Նա-ն անուն ունի՞ գոնե:

- Ունի՜, ունի, Արսե՛ն է անունը:

Բջջային հեռախոսը սեղմած կրծքին փլվեց բազկաթոռին:

Երկու զույգ կանացի հետաքրքրասեր ու անհամբեր աչքեր հետևում էին պատի ժամացույցի վայրկյանաչափին, որն անասելի դանդաղկոտությամբ մոտենում էր ցանկալի ժամանակին:

«Մնաց երկու րոպե…»

«Մնաց մեկ րոպե…»


Զա~նգ…

Երկու հայացք միանգամից ուղղվեցին այս դարի հրաշք ստեղծագործությանը՝ բջջային հեռախոսին:

- Հանգի’ստ, սպասի’ր, միանգամից չվերցնես, երրորդ զանգից հետո խոր շունչ քաշիր, կիսաքնատ ձայնով ցածր կասես ալլո~, թող չիմանա որ սպասում էիր, հասկացա՞ր, այ հիմա վերցրու:

Երախտագետ հայացքը մորից տեղափոխվեց հեռախոսին ու խորը շունչ քաշելով միացրեց կոճակը:

- Ալլո՜…

- Բարև Ձեզ, վաճառում ենք ամսագիր ընդամենը 600 դրամով, կարող եք հասցեն ասել..,


Հատակին ընկած ու կոտրված հեռախոսի միջից դուրս ընկավ Բի Լայնի սպիտակ հեռախոսաքարտը…


Ս.Ումառ-Հարությունյան

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Arkadaşlarınla paylaş
| |
Ստեփան Ումառ-Հարությունյան
12:43, 22.02.2020
16:12, 09.02.2020
13:22, 07.02.2020
10:54, 06.02.2020
12:48, 03.02.2020
12:41, 03.02.2020
10:26, 28.01.2020
15:08, 27.01.2020
11:09, 26.01.2020
10:06, 26.01.2020
11:08, 25.01.2020
11:11, 22.01.2020
13:23, 20.01.2020
yukarı