Mamul.am
Tam versiyon
USD 479.33, EUR 531.82, RUB 7.75, GBP 625.24
-2 °C, -5 °C ... +1 °C Tomorrow:+1 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
15:08, 13.12.2019



Չնայած Թրամփի վարչակազմի դիմակայությանն ու Թուրքիայի պարբերական սպառնալիքներին` ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` շրջադարձային փոփոխություն մտցնելով ամերիկյան քաղաքական ուղեգծում: Բանաձևն ընդգծում է` ԱՄՆ քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին: Այն նաև բացառում է ԱՄՆ մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև աջակցում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը հանրակրթական հաստատություններում։ «Ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունից հետո` ԱՄՆ Սենատը ի վերջո կանգնեց ճշմարտության կողքին», - քվեարկությունից հետո հայտարարեց բանաձևի համահեղինակ Ռոբերտ Մենենդեսը, ով ընտրության առաջին օրից` ավելի քան տասը տարի, պայքարում է հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: «Ես տարբեր առիթներով այս ամբիոնից խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին: Հայազգի եկեղեցական Գրիգորիս Պալաքյանն արձանագրել էր այդ օրերի գողգոթան ու գրել. - «Անկարան ու շրջակա քաղաքները վերածվել էին սպանդանոցի, մարդկանց սպանում էին կացիններով, մանգաղներով ու բահերով, հայերին մաս-մաս էին անում, երեխաներին ժայռերից ցած նետում` մայրերի աչքի առջև... ամենուր աննկարագրելի սարսափ էր»: Եվ նույնիսկ թվացյալ տեղահանության ժամանակ հայերին պարտադրվող պայմանները հուշում էին` Թուրքիայի վերջնական նպատակն էր բնաջնջել հայ ժողովրդին»: Մեջբերելով մի շարք այլ ականատեսների, այդ թվում` այդ օրերին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները, Մենենդեսը հայտարարեց․ - «Երախտապարտ եմ, որ այս փաստաթուղթն ընդունվեց այն ժամանակ, երբ մեր կողքին դեռ Ցեղասպանությունը վերապրած մարդիկ կան...»: 65-ամյա սենատորը, սակայն, չկարողացավ միտքն ավարտին հասցնել. արցունքները խեղդեցին կոկորդը: «Ճշմարտության այս հաղթանակին մենք ստիպված էինք երկար սպասել», - իր հերթին փաստեց բանաձևի համահեղինակ, հանրապետական Թեդ Քրուզը, հիշեցնելով` մինչ այդ հանրապետական երեք սենատորներ մեկը մյուսի ետևից արգելափակում էին նույն այդ փաստաթղթի ընդունումը` Սպիտակ տան խնդրանքով: «Ավելի քան հարյուր տարի առաջ աշխարհը լռեց, երբ հայ ժողովուրդը տառապանքների էր ենթարկվում ու կոտորվում, և նույնիսկ այսօր շատերն են անտեղյակ կատարվածից: Բայց մենք երբևէ չպետք է լռության մատնենք այդ վայրագությունները, մենք պարտավոր ենք բարձրաձայնել ճշմարտությունը: Այս բանաձևը փաստում է` ԱՄՆ քաղաքականությունն է ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչմամբ և հիշատակմամբ», - հայտարարեց Քրուզը: Ավելի վաղ` անցած հոկտեմբերին էլ Կոնգրեսի ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ: Այդ բանաձևի հեղինակ, հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը շտապել է ողջունել Սենատի որոշումը. - «Կոնգրեսն այժմ միասնական է Ցեղասպանության մասին ճշմարտությունը բարձրաձայնելու հարցում, և ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը ևս մեզ միանա»: Սենատի և Ներկայացուցիչների տան բանաձևերը միմյանցից անկախ են, օրենքի ուժ չունեն և, ըստ ընթացակարգի, չեն պահանջում ԱՄՆ նախագահի ստորագրությունը։ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը միաժամանակ փաստում է` այդ քվեարկություններով ԱՄՆ օրենսդիր իշխանությունն ամբողջովին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Լոբբիստական կառույցն արձանագրում է` Ամերիկայի դեսպանները աշխատանքի անցնելուց առաջ պարտավոր են ստանալ Սենատի հավանությունը, ինչը նշանակում է, որ «այսուհետ բոլոր թեկնածուները պետք է հետևեն Կոնգրեսի պաշտոնական քաղաքականությանը, այլապես վտանգի տակ կդնեն իրենց հեղինակությունն ու աշխատանքը» ։Անկարայի արձագանքը չի ուշացել. արտգործնախարար Չավուշօղլուն Սենատի որոշումը «քաղաքական ներկայացում» է որակել, ու պնդել․ - «Պատմությունը քաղաքական նկրտումներին ծառայեցնողներն ու առերեսվել չցանկացողները վախկոտներ են» ։ «Սենատի վերջին քայլերը վտանգի տակ են դնում մեր երկկողմ հարաբերությունների ապագան», - իր հերթին Թվիթերում գրել է Թուրքիայի նախագահական նստավայրի խոսնակ Ֆահրեթդին Ալթունը, հավելելով․ - «Պատմության մեջ այս բանաձևերը կմնան որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների կողմից Թուրքիայի դեմ ձեռնարկված անպատասխանատու և անօգուտ քայլեր, որոնք տևական վնաս են հասցնելու երկու ժողովուրդներին»: Պաշտոնական Երևանը ողջունել է վաշինգտոնյան քվեարկությունը. «Հիրավի՝ պատմական իրադարձություն», - Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ շնորհակալություն է հայտնել սենատորներին, ընդգծելով` «թիվ 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը»: Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ պատմական այս քվեարկությունը տեղի ունեցավ թուրք-ամերիկյան սրված հարաբերությունների ֆոնին. ընդամենը մեկ օր առաջ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել մի օրինագծի, որը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու և Սիրիայի հյուսիս ներխուժելու համար:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Arkadaşlarınla paylaş
| |
Նիդերլանդական Օրագիր
yukarı