MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Yarın:+25 °C
Չորս բոց Ամանորի համար
19:28, 28.12.2019
5088 | 0

Ամանորի գիշեր…Ընտանիքի անդամները խոսք ու ծիծաղով նախապատրաստվում են: Երեխաներից մեկը կամացուկ մտնում է ճաշասենյակ ու մոտենում է զարդարված սեղանին: Սեղանի մեջտեղում երեխան շողշողուն բոցեր արձակող չորս գեղեցիկ մոմ է տեսնում: Երեխային թվում է, թե մոմերն իրար հետ զրուցում են…

«Ես խաղաղության լույսն եմ, - ասում է առաջին մոմի բոցը, և ինքս ինձ հարցնում եմ, թե ինչու եմ վառվում, երբ շատ քչերն են հավատում խաղաղությանը…Տեսեք՝ ամենուր պատերազմ է…ամենուր անմեղ մարդիկ են մեռնում…ամենուր բռնությունն է տիրում…նույնիսկ ընտանիքներում կռիվ ու վեճ է…Ես խաղաղության լույսն եմ ու ոչ մի բանի պիտանի չեմ: Ոչ մեկն ինձ չի ուզում հյուրընկալել կամ տարածել»: Այս խոսքերն ասելով՝ առաջին բոցը՝ Խաղաղության բոցը, մարում է:

Հետո սկսում է խոսել երկրորդ մոմի բոցը.

«Ես Սիրո լույսն եմ և ես նույնպես ինքս ինձ հարցնում եմ, թե արժե՞ արդյոք շարունակել այրվել: Այսօր մարդիկ ներամփոփ են դարձել, ամեն մեկն իր պատյան մեջ է մտել ու միայն իր մասին է մտածում…նրանց միակ հետաքրքրությունը հեռուստացույցն ու համացանցն են: Դրանցով նրանք տեսնում են հազարավոր միայնակ ծերերի, միլիոնավոր քաղցած, կարիքավոր, հաշմանդամ երեխաների…նրանք նաև տեսնում են անտունների, ավերակներում բնակվողների, տարրական բաների կարիք ունեցողների, հոգսերի տակ կքածների…նրանք տեսնում են այս ամենը և իրենց բազկաթոռից վեր չեն կենում…նրանք ոչինչ չեն անում…նրանք նույնիսկ իրենց ճկույթը չեն շարժում: Մինչդեռ ես գոյություն ունեմ, ապրում եմ, որպեսզի բոլորին տրվեմ, որպեսզի բաժանվեմ բոլորին…Եթե չեմ տրվում բոլորին, եթե չեմ բաժանվում բոլորին, էլ ի՞նչ իմաստ ունի իմ ապրելը, ի՞նչ իմաստ ունի իմ շարունակ այրվել»: Այս խոսքերից հետո երկրորդ բոցը՝ Սիրո բոցը, նույնպես մարում է:

Ապա խոսում է Ամանորի երրորդ մոմը.

«Ես Հավատի լույսն եմ: Արդեն երկու հազար տարի է, որ ես ասում եմ՝ վստահեք Աստծուն, որովհետև նա մեր կողքին է, մեզ հետ է: Նա կարող է մեզ ուղեկցել, մեզ օգնել, մեզ հոգալ…Բայց քչերն են հավատում իմ խոսքերին: Մի՞թե կան Աստծուն վստահողներ, մի՞թե կան նրա վրա հենվողներ: Ահա թե ինչու կարծում եմ, որ ես ևս պիտանի չեմ, որովհետև մարդիկ իմ կարիքը չունեն»: Եվ երրորդ բոցը՝ Հավատի բոցը, նույնպես մարում է:

Ընդամենը մեկ վառվող մոմ էր մնացել, և երեխան տխրել էր, որովհետև Ամանորի ճոխ սեղանը գրեթե ամբողջովին մթության մեջ էր հայտնվել: Եվ երեխան ասում է վերջին մոմի բոցին. «Մի՞թե դու էլ ես մարելու»:

Միայնակ, բայց ավելի պայծառ, քան երբևէ, չորրորդ բոցը պատասխանում է.

«Ո՛չ, ես շարունակելու եմ այրվել, այրվելու եմ հավերժ: Ես Հույսի լույսն եմ…Ես եմ ձեզ օգնում ամուր մնալ տխրության, հուսահատության ժամերին: Ես այն լույսն եմ, որը ժայթքում է գիշերվա մեջ, խավարի ու կասկածների մեջ, ժայթքում է, երբ ցուրտ է, որպեսզի լուսավորվի մարդկանց աշխարհը: Ես Բեթղեհեմի մանուկն եմ, որը սերմանել է ու շարունակում է սերմանել, և որը վառվում է բոլոր հանգած կյանքերի համար…և ես միշտ լինելու եմ ձեզ հետ»:

Երեխան մի պահ մտորում է այս խոսքերի շուրջ ու հասկանում, որ Հույսի բոցը կարող է կենդանացնել մյուս երեք բոցերին: Այդժամ նա իր ափերի մեջ է առնում Հույսի բոցի փոքրիկ ճառագայթը և դրանով վառում է մյուս երեք մեմերը՝ խաղաղության, սիրո և հավատի մոմերը: Եվ բոլոր երեք մոմերի բոցերն այնպիսի կրքոտությամբ են բռնկում ու շողշողում, որ լուսավորում են բոլոր հյուրերի սրտերը:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
299 | 0
09:44, 13.04.2024
406 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
353 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
yukarı