MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Yarın:+19 °C
Ղազար Փարպեցին համամիտ է եղել Պերոզ շահնշահի այն կարծիքին, թե հայն ասորուց էլ ստոր ու անպիտան է
22:16, 22.01.2020
3551 | 0

Վարդանանց պատերազմի տարիներին Աղվանքը հայերի դաշնակիցն է եղել, բայց Աղվանքի Վաչե թագավորը ոչ միայն դուրս է եկել այդ դաշնակցությունից, այլև ուրացել է քրիստոնեությունն ու ամուսնացել է Հազկերտի դստեր հետ, որպեսզի փրկվի պարսից արքայի դատաստանից: Երբ Հազկերտը մահանում, և նրա որդիների միջև կռիվներ են սկսվում, Վաչեն ոչ միայն վերստին քրիստոնեություն է ընդունում, այլև մկրտել է տալիս նաև կնոջն ու որդուն: Պարսկաստանի նոր գահակալը՝ Պերոզը, բնականաբար, չէր կարող մարսել իր փեսայի այդ հանդգնությունը և ներխուժում է նրա երկիր: Վաչեն նկատի էր առել այդ և դաշնակցել էր մազքութների հետ: Պերոզի առաջխաղացման լուրն առնելով՝ նա մազքութների առաջ բացում է Ճորա դուռը (Դերբենդ): Լեռնաբնակ 11 այլ ցեղերի հետ մազքութները ներխուժում են Պարսկաստան: Հակառակորդն այնքան ուժեղ է եղել, որ Պերոզը ճարահատյալ սկսել է իր փեսային խնդրել, որ դադարեցնի պատերազմը: Ըստ Եղիշեի, Վաչեն չի ներել հայերի նկատմամբ պարսիկների անգութ վերաբերմունքը: Ի զորու չլինելով դիմադրել կովկասյան լեռնականների գրոհներին՝ Պերոզը փորձում է Վաչեին սիրաշահել՝ մասամբ թեթևացնելով Հրե քաղաքում բանտարկված նախարարների վիճակը: Նրանց նույնիսկ ռոճիկ է տրվում: Ռոճիկ է հատկացվում նաև այն նախարարների կանանց, որոնք մնացել էին Հայաստանում: Նախարարներին ընդգրկում են արքունի ծառայության մեջ, և նրանց հանձվում են հեծելագնդեր: Բայց շուտով Պերոզը կարողանում է չեզոքացնել իր երկիր ներխուժած ցեղերին՝ կաշառքի միջոցով նրանց դեմ հանելով լեռնական այլ ցեղերի: Նոր իրավիճակում Վաչեն ստիպված է լինում ընկրկել ու զիջումներ անել: Նա իր կնոջը վերադարձնում է եղբորը՝ Պերոզին: Հինգ տարի շարունակ Վաչեն պայքարում է պարսիկների դեմ, բայց, ի վերջո, հրաժարվում է պայքարից և գոհանում է հազար երդ ունեցող հողատերի կարգավիճակով:

Սահմանափակ ազատության պայմաններում հայ նախարարները մասնակցում են Պարսկաստանն ասպատակող ցեղերի դեմ պատերազմական գործողություններին, քաջաբար կռվում են ու արժանանում տեղական բնակչության հարգանքին: Ղազար Փարպեցին հարկ է համարում նշել նախարարների գերության շրջանին առնչվող մի շատ ուշագրավ փաստ: Դա այն է, որ նախարարների մեծ մասը, իրենց հետ աքսորավայրում գտնվող քահանաների օգնությամբ, գրաճանաչ է դառնում, սովորում է մեսրոպյան այբուբենը: Բայց ոմանք, քանի որ ծեր են եղել, չեն կարողացել սովորել:

465 թվականին՝ Պերոզի թագավորության վեցերորդ տարում, նախարարները, վերջապես, լիովին ազատ են արձակվում և վերադառնում են անմխիթարական դրության մեջ գտնվող հայրենիք, որը զրկված էր իր լավագույն մարտիկներից և որտեղ հաստատվել էր մի այնպիսի ծանր մթնորորտ, որը հեղձուցիչ էր հայոց մտավոր կյանքի համար:

Հունասեր գործիչներին փոխարինում են պարսկասերները, որոնք փորձում են արմատախիլ անել հունական ազդեցությունը Հայաստանում: Պարսկասեր Վասակ Սյունու փոխարեն այժմ էլ մեծ ազդեցություն է ձեռք բերում Գադիշո Խորխոռունին, որը զրադաշտականություն է ընդունում, որպեսզի պարսիկ մարզպանն ու պարսից արքայից արքան լիահույս լինեն, որ ինքը հավատարիմ է պարսից գահին: Եվ այս կրոնափոխությունը, բնականաբար, պարսից իշխանությունը խրախուսում է: Կրոնափոխ հայը պաշտոն էր ստանում, պատիվների էր արժանանում, իսկ իր հավատին հավատարիմ մնացողը զրկվում էր պաշտոնից և արհամարհանքի էր արժանանում: Պարսից իշխանությունն այս եղանակով փչացնում, այլասերում էր նախ և առաջ նախարարներին: Զանազան մութ, կասկածելի անցյալ ունեցող անձինք, լոկ այն պատճառով, որ ուրացել էին իրենց հավատը, առաջ էին քաշվում, նախարարական պատիվների էին արժանանում: Շահամոլությունը բարձրագույն կատեգորիա է դարձել ամբողջ հայ հասարակությունում: Շահի համար վաճառվել է խիղճ ու արժանապատվություն: Սրիկաները, ուրացողները մատնությամբ ու չարախոսությամբ հափշտակել են ուրիշների կալվածքները:

Ինչպես Ղազար Փարպեցին է ասում, ամեն երկիր հեշտ ու շուտ է անառականանում, երբ այդ երկիրն անառակացնողը նրա բռնակալ կառավարությունն է: Ստությունը, կեղծավորությունը, խաբեբայությունն ու մատնությունն են հարաբերություններ որոշողները: Թագավորը երկիրը կողոպտողներին, ժողովրդի արյունը ծծ ողներին է լսում ու նրանց ասածների հիման վրա պատկերացում կազմում երկրի դրության ու ազգի մասին: Երկիրը կորցրել էր իր պատիվը, «հայ» անունն արհամարհված, օրենքից դուրս էր դրված: Մի ժամանակ հայոց զորքը պարսից բանակում քաջի անուն ու պատիվ է վայելել, իսկ հայ զորավարները հաղթող ու հռչակված են եղել, իսկ վերոնշյալ ժամանակներում հայ զինվորությունը ծաղրի առարկա էր դարձել, և Պերոզը, ինչպես համամիտության շեշտադրումով վկայում է պատմագիր Ղազար Փարպեցին, հայոց մասին հետևյալն է ասել. «Անպիտան մարդը և ստոր զորագունդն իմ պետության մեջ ասորին է, բայց ասորուց ստորն ու անպիտանը հայն է»:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
207 | 0
yukarı