Ծերանալով՝ Բելգիայի թագավոր Լեոպոլդ 2-րդը (գահակալել է 1865-ից 1909 թվականը) վերածվել է վարակիչ մանրէներից մի յուրօրինակ հալածյալի, որին շարունակ թվացել է, թե ինքը դատապարտված է տարատեսակ աննշան հիվանդությունների զոհը լինել: Նա չի հանդուրժել, երբ իր ներկայությամբ որևէ մեկը հազացել է, և եթե այդպիսի դեպք է եղել, պատժել է իրեն սպասարկող ամբողջ անձնակազմին: Լեոպոլդի սիրուհին՝ Բլանշ Դելակրուան, երբ հոգնել է թագավորի ընկերակցությունից ու ցանկացել է միայնակ մնալ, նրա մոտ դիտմամբ փռշտացել է: Թագավորին մերձենալ ցանկացող կանանց Բլանշ Դելակրուան «հարբուխ ունեցող» է պիտակավորել, ու թույլ չի տվել, որ նրանք մոտենան արքային: Եթե ընդունելության ընթացքում մեկը փռշտացել է, Լեոպոլդ 2-րդը նրան վռնդել է գահասրահից: «Հարբուխ ունեցողը տխմար է, - ասել է նա, - որովհետև նա ընդամենը պետք է խույս տար այդ հիվանդությունից, որը չի արել»: «…շատ զարմացա, երբ նա իջավ իր կառքից՝ մինչև ազդրերն հասնող երկարաճիտ կոշիկներ հագած ու իրանը մի վերարկուով փաթաթած, որը նավաստիները փոթորիկի ժամանակ են հագնում: Եվ դա բոլորը չէր: Նրա ծնոտից կախված էր մոմած կտորից կարված մի երկար գրպանիկ, որը թելերով կապված էր նրա թաղիքե գլխարկին: Այս տեսարանի առջև ես չէի կարող լուրջ մնալ. քրքջում էի: -Բայց ես, - ասաց ինձ թագավորը, - շատ գոհ եմ իմ այս գյուտից: Այս գրպանիկով ես ոչնչից չեմ վախենում. մորուքս չոր կմնա: Դուք ծիծաղում եք, բայց, չգիտես ինչու, չեք ծիծաղում, երբ մի որևէ կին, մազերը լվանալուց հետո, դրանք սրբիչով չորացնում ու փաթաթում է: Դուք չեք ծիծաղում, բայց սա նույն բանն է: Կանայք՝ չորացնելով իրենց մազերը, իսկ ես՝ անձրևից պաշտպանելով մորուքս, նույն բանն ենք անում, մեզ ապահովագրում ենք հարբուխից»: |