MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +19 °C Yarın:+18 °C
Բուսիդոյի ոգին շատ բանով պայմանավորում է մեր օրերի ճապոնացիների վարքը
13:32, 15.12.2020
1888 | 0

Բուսիդոն, ինչպես նկատեցիք, ճապոնացուն սովորեցնում է հոգալ իր մարմնին: Բայց դա չէ գլխավորը, գլխավորն անձնուրացությունն է: Բուսիդոյի հետևորդի համար միշտ էլ բարձրագույն գովեստը եղել է «Մարդ առանց սեփական «ես» -ի» գաղափարը: Իր «ես» -ը ոչնչացնել ձգտողը, ըստ բուսիդոյի, բարձրագույն կարգի էակ է: Բուսիդոյի հետևորդը պիտի իր համար հստակեցներ, որ մարդու պարտքն իր անձի փրկությունը չէ: Նա «Երկնքի պարգև» ստացածի երեսպաշտական հավակնություններ չպիտի ունենա, նա իրեն տրված պարգև պիտի համարի իր խղճի ձայնը, այն ձայնը, որն իրեն շարունակ ասում է. «Դու ազնիվ մարդ ես», «Դու քո միջից արմատախիլ ես արել անձնապաշտությունը», «Դու սրտումդ ամոթի զգացում ու խղճի ձայն ես արմատավորել»: «Խիղճ» հասկացությունը ճապոնացու համար նշանակում է և՛ զգացմունք, և՛ խելք, և՛ բարեսրտություն:

Մարդն իր մեջ բուսիդոյի ոգի դաստիարակելու համար պետք է շատ բան սովորի, սակայն գլխավորը համբերելն ու խիզախելն է: Համբերելու, խիզախելու և կյանքը վտանգի ենթարկելու պատրաստակամության ուսուցումն է դրված եղել մատաղ սերնդի դաստիարակության հիմքում: Ամեն զրկանքի դիմանալուն վարժվելու համար տղաները ձյան մեջ բոկոտն քայլել են, մարզվել են սրամարտի ու նշանաձգության մեջ, կեսգիշերին գնացել են գերեզմանատուն և ամբողջ գիշերն արթուն են մնացել, ենթարկվել են ծանր ու նույնիսկ անմարդկային փորձությունների: Եվ այս ամենն արվել է ինքնատիրապետում դաստիարակելու համար, որը ճապոնացու ինքնադաստիարակության նպատակն ու միջոցն է համարվել:

Երբ բարդ իրավիճակում մարդն սկսում է զայրույթն արտահայտել և չափից դուրս մոլեգնել, նրան համարել են անարժան, որից նա համապատասխան եզրահանգում է արել, ծիծաղել է այդօրինակ վարքի վրա և զսպել է զայրույթը:

Եթե նրան համակել է թախիծը, նա պարտավոր է եղել այն ժպիտով թաքցնել, անել այնպես, որ ոչ ոք չկռահի, որ ինքը թախծում է: Շատ օտարերկրացիներ առ այսօր ճապոնացիներին թեթևամիտ են համարում. իբրև թե, նրանք պատեհ-անպատեհ ժպտում են: Մինչդեռ ճապոնացու ժպիտը սամուրայական դարաշրջանի արդյունք է. այդ ժպիտը կարծես թե պսակում է սամուրայական դաստիարակության օրենսգիրքը, ձևավորում է ազգային բնավորության այնպիսի գիծ, ինչպես քաղաքավարությունն է այդ բառի բուն իմաստով: Իսկ ճապոնացու քաղաքավարության հիմնական գաղափարը՝ այլոց հետ հարաբերություններում առինքնող լինելն է: «Բուսիդո» մշակույթի քաղաքավարությունը պետք է ներդաշնակի «Ուրախացիր բախտավորի հետ և արտասուքդ ուրիշներին ցույց մի՛ տուր» հանձնարարականի հետ:

«Ահա թե ինչու, - Երկրորդ աշխարհամարտի նախօրեին ասել է ճապոնացի գրող Կան Կիկուտին, - անցած ժամանակների «բուսիդո» -ն, լինելով «ռազմիկի ուղի», դարձել է ամբողջ ազգի ուղին: Կարելի է համարձակորեն ասել, որ արական սեռին պատկանող 20-ից մինչև 40 տարեկան բոլոր անձինք զինվոր են»:

Բուսիդոն մերօրյա Ճապոնիայում կարգավորիչ դեր է կատարում: Այն մի միջավայր է, որի շնորհիվ այս երկրում հարատևում է նախնիների մեծարումը: Բուսիդոյի ոգին շատ բանով պայմանավորում է ճապոնացիների վարքը, և նրանք գիտակցաբար, բայց է՛լ ավելի անգիտակցաբար, հետևում են դրան: Բուսիդոյի հանձնարարականները դեն նետելն այնքան էլ դյուրին չէ, այդ հանձնարարականներից միանգանից հրաժարվելն անհնարին է ճապոնացու համար, որովհետև դրանց արմատները շատ խորն են:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
yukarı