MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Yarın:+18 °C
Ջրհեղեղի մասին հինկտակարանային առասպելը (2)
15:49, 24.12.2020
3808 | 0

Ընթերցո՛ղ, հավանաբար հիշում ես Աստծու՝ նախորդ հոդվածումս հիշատակված որոշումն այն մասին, որ մարդկային կյանքը 120 տարին չպիտի գերազանցի (Ծննդոց 6, 3): Չնայած աստվածային այս որոշման կտրականությանը, հակառակ Աստծու կամքի, Սեմը ապրել է 600 տարի (Ծննդոց 11, 10-11), Արփաքսադը՝ 438 տարի (նույն գլխի 12- 13), Սաղան՝ 433 տարի (նույն գլխի 14-15), Եբերը՝ 464 տարի (նույն գլխի 16-17), Փաղեկը և Ռագավը՝ յուրաքանչյուրը 239 տարի (նույն գլխի 18-21), Սերուգը՝ 230 տարի (նույն գլխի 22-23), Նաքովրը՝ 148 տարի (նույն գլխի 24-25), Թարան՝ 205 տարի (նույն գլխի 32): Սեմի այս ութ շառավիղները մեզ հասցնում են Աբրահամին, որին զարմանալի մեծ դեր է հատկացվել հրեա ժողովրդի մասին շարադրված առասպելներում:

Իսկ հիմա վերադառնաք տապանին: Դրա կառուցումը, ըստ Ծննդոց գրքի, տևել է հարյուր տարի: Աստված Նոյին չի հանձնարարել մյուս մարդկանց տեղեկացնել մոտակա արհավիրքի մասին: Հետևաբար, պետք է մտածել, որ նահապետն ու իր ընտանիքի անդամները գաղտնի են պահել իրենց նախապատրաստվելը ջրհեղեղին: Մարդիկ, իհարկե, պիտի որ զարմանային՝ տեսնելով, թե ինչպես է Նոյը դաշտի մեջ մոտ 150 մետր երկարության հսկայական նավ շինում: Հավանաբար, ոմանք մտածել են, թե ծերուկը գժվել է ու ծաղրել են նրան:

Տապանի կառուցման վրա ծախսված այդ հարյուր տարին շատ տևական ժամանակաշրջան չի համարվի, եթե հիշենք, որ այդ տապանի կառուցման հետ կապված բազմաթիվ անհրաժեշտություններ լռության են մատնվել: Օրինակ՝ Նոյի երեք որդիները, ըստ երևույթին, հարկադրված են եղել տարբեր երկրներ մեկնել, որպեսզի այդ երկրներից տարբեր կենդանիներ բերեն: Քանի որ անհրաժեշտ է եղել պաշտպանական շատ լուրջ միջոցներ ձեռնարկել, որպեսզի առյուծները, վագրերը, կոկորդիլոսները և բազում այլ սարսափելի գիշատիչներն իրենց չհոշոտեն: Նրանք, երևի, կենդանիներ վարժեցնողի մասնագիտություն են ստիպված սովորել: Անհրաժեշտ է եղել նաև գիշատիչների համար մեծ քանակության միս, իսկ մյուս կենդանիների համար՝ խոտ ու հացահատիկ նախապատրաստել:

Պետք է կարծել, թե տապանի փայտը լավագույն տեսակներից է եղել: Եթե հիմա որևէ մեկն ուզենար հարյուր տարի վատնել նավ կառուցելու վրա, ապա չէր գտնի մի այնպիսի ամուր փայտ, որը մինչև նավի կառուցման ավարտը չփտեր. Մինչև նավաքթի մասի կառուցումն ավարտվեր, նավախելն արդեն փտած կլիներ: Ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե Նոյն ինչ փայտ է օգտագործել: Աստվածաշունչն այս ծառին «գոֆեր» անունն է տալիս, բայց ոչ մեկն իր կյանքում այդպիսի ծառ չի տեսել:

Երբ տապանի կառուցումն ավարտվել է, Աստված Նոյին ասել է.

«Դու և քո ողջ ընտանիքը մտե՛ք տապան, որովհետև մարդկային ցեղի մեջ միայն քե՛զ գտա արդար իմ հանդեպ» (Ծննդոց 7, 1) ։

Աստծո խոսքի շարունակությունն ապացուցում է, որ նա մոռացել է իր սկզբնական հանձնարարականը:

Բարձրյալը Նոյին պատվիրել էր իր հետ տապան չվերցնել կենդանիների ամեն տեսակի մեկական զույգից ավելի, բայց վերջին պահին նա իր ծրագիրը փոխել է.

«Անպիղծ բոլոր կենդանիներից յոթը-յոթը՝ արու և էգ, կմտցնես քեզ հետ, իսկ պիղծ բոլոր կենդանիներից երկու-երկու՝ արու և էգ» (Ծննդոց 7, 2):

Գիրքը չի ասում, թե բացատրե՞լ է արդյոք Աստված Նոյին «մաքուր» և «պիղծ» կենդանիների տարբերակիչ նշանները: Բայց Մովսեսին վերագրվող Ղևտացիների գրքի 7-րդ գլուխը նշում է, թե հրեաները ո՛ր կենդանիներին են «մաքուր» համարել և ո՛ր կենդանինիներին՝ «պիղծ»: Չորքոտանիների մեջ «մաքուր» են այն կենդանիները, որոնց կճղակները բաժանված են, որոնք որոճացող են: Ուղտն ու նապաստակը, որոնք որոճացող են, բայց որոնք երկկճղակավոր չեն, «պիղծ» կենդանիներ են: Խոզը, որ երկկճղակավոր է և, սակայն, չի որոճում, նույնպես «պիղծ» կենդանի է համարվում: Աստված թռչուններից «պիղծ» է համարել արծվին, ցինին, բազեին, ագռավին, ջայլամին, բվին, ճային, կարապին, ձկնկուլին, հավալուսնին և էլի մի քանի այլ թռչնի:

Հայր Աստված Նոյին ասում է, թե ջրհեղեղն սկսվելու է յոթ օր անց: Նոր մարդկության նահապետը պիտի ինչպես հարկն է յուրացներ բնության պատմությունը, որպեսզի իմանար՝ յո՞թ, թե՞ երկու արագիլ, յո՞թ, թե՞ երկու փիղ, յո՞թ, թե՞ երկու ռնգեղջյուր, յո՞թ, թե՞ երկու գետաձի վերցնի իր հետ:

«Յոթը օր հետո երկրի վրա ջրհեղեղ եղավ։ Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարում, երկրորդ ամսի քսանյոթին ժայթքեցին ստորգետնյա բազում աղբյուրներ, բացվեցին երկնքի ջրվեժները» (Ծննդոց 7, 10-11):

Այս հաղորդագրությունը հստակ ազդարարում է, որ Սուրբ Հոգին երկինքից անդին վիթխարածավալ ջրամբարներ ունի, որոնցից հատուկ խողովակներով, երբ ցանկանա, կարող է առանձնահատուկ ջրվեժներ գոյացնել:

«Երկրի վրա անձրև թափվեց քառասուն օր ու քառասուն գիշեր։ Այդ օրը Նոյի հետ տապան մտան Սեմը, Քամը, Յաբեթը՝ Նոյի որդիները, Նոյի կինը և նրա որդիների երեք կանայք։ Նրանք և ամեն տեսակ գազան, ամեն տեսակ անասուն, երկրի վրա սողացող ամեն տեսակ սողուն և ամեն տեսակ թռչուն մտան տապան» (Ծննդոց 7, 12-14):

(շարունակելի)

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
440 | 0
09:44, 13.04.2024
509 | 0
yukarı