MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Yarın:+19 °C
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիային մեծ ծառայություններ մատուցած փառապանծ զորահրամանատարին չեն ներել 22 տարի անց Կապիտուլյացիայի ակտ ստորագրելու և երկիրը նվաստացնելու համար (6)
00:19, 13.01.2021
3527 | 0

Ֆրանսիայի Գերագույն դատարանը նրան մահապատժի է դատապարտել: Հանցանքը՝ պետական դավաճանություն:

1942-ի նոյեմբերի 8-ին ամերիկյան զորքերը ֆրանսիական գաղութներ Մարոկկոյի և Ալժիրի ափ են իջնում: Դաշնակիցները գիտեին, որ Վիշիի կառավարության մի քանի կողմնակիցներ դժգոհ են գերմանական գերիշխանությունից և ծրագրում են Հյուսիսային Աֆրիկայում Վիշիի կառավարական զորքերի հրամանատար դարձնել այնպիսի մեկին, որը կարողանա դաշնակիցների կողմն անցնել: Ամենահարմար թեկնածուն նրանց համար Անրի Ժիրոն էր, բայց ափհանումից կես ժամ առաջ գեներալ Ալֆոնս Ժյունեն ասում է, թե Ժիրոն բավարար հեղինակություն չունի և առաջարկում է կապվել Դարլանի հետ, որն այդ պահին Ալժիրում էր (նա այցելել էր հիվանդացած որդուն): Արդյունքում Դարլանը հրամանատար է նշանակվում և առավոտյան Պետենին երկու հեռագիր է ուղարկում՝ խնդրելով իրեն գործողությունների ազատություն տալ: Թեպետ դա հստակ ակնարկ էր առ այն, որ Դարլանը մտադիր է ամբողջովին դադարեցնել դիմադրությունը, Պետենը համաձայնում է: Բայց և այնպես, երբ Պետենին են հանձնում ԱՄՆ Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի նամակը, որում վերջինս համագործակցության կոչ էր անում, Պետենը մերժում է նրան ու պատասխանում է, թե «Ֆրանսիայի վրա հարձակում է տեղի ունեցել ու նա պետք է պաշտպանվի, և դա իր հրամանն է»:

Դարլանը հրամայում է դադարեցնել կրակը Ալժիրում, իսկ որոշ ժամանակ անց հրամայում է կրակը դադարեցնել ամբողջ Հյուսիսային Աֆրիկայում: Սկզբում Պետենը հավանություն է տալիս այդ հրամանին, բայց Լավալի ճնշմամբ հակառակ որոշում է կայացնում, և դրանից հետո Շարլ Նոգեսային նշանակում է Հյուսիսային Աֆրիկայի զորքերի հրամանատար՝ Դարլանի փոխարեն՝ նրան տեղեկացնելով, որ այդ որոշումը կայացրել է ճնշման տակ:

Ալժիրում ամերիկյան ափհանման սկզբում Պետենին առաջարկվել է մեկնել Ալժիր և անցնել դաշնակիցների կողմը, բայց տարբեր մարդկանց հետ զրույցների ընթացքում նա տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է այդ առաջարկից: Պատճառաբանություններից մեկն այն մտավախությունն է եղել, թե իրեն կփոխարինի Մարսել Դեան, որը պատրաստ էր Ֆրանսիան ներքաշել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեմ պատերազմի մեջ: Բայց ընդունված է այն կարծիքը, որ Պետենի մերժման հիմնական պատճառն այն է եղել, որ նա Ալժիրում իր կյանքին սպառնացող վտանգ է տեսել, քանի որ Ալժիրում Վիշիի վարչակարգի հակառակորդներ շատ են եղել: Նրա մտավախությունը հաստատվել է, երբ վեց շաբաթ անց Դիմադրության շարժման անդամը սպանել է Դարլանին:

Աֆրիկայում դաշնակիցների զորքերի ափհանումից հետո Հիտլերը Ֆրանսիային զինված աջակցություն է առաջարկում, բայց Վիշիի կառավարությունը տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է աջակցությունից: Մերժումն ուժեղացնում է Հիտլերի կասկածը Վիշիի վարչակարգի նկատմամբ, և նոյեմբերի 11-ին սկսվում է «Անտոն» ծածկանվամբ ռազմագործողությունը, որի նպատակն էր Ֆրանսիայի ամբողջական օկուպացիան: Գերմանացիները դիմադրության չեն հանդիպում: Ռազմագործողության տրամաբանական շարունակությունն էր Տուլոնում գտնվող բարոյալքված նավատորմի զավթումը: Այստեղ 300 ռազմանավ է եղել, բայց նավատորմի հրամանատարությունը հասցնում է բոլոր նավերը ջրասույզ անել, և Գերմանիան ոչ մի նավ չի կարողանում ձեռք գցել:

Ակտիվ կոլաբորացիոնիզմը, ավտորիտար միջոցառումները, օկուպացիան և Գերմանիայի ռազմական պարտությունն արևելյան ճակատում զգալիորեն վնասում են Վիշի ռեժիմի ու, բնականաբար, նաև Պետենի հեղինակությանը: Օկուպացիայից հետո նրա և Վիշիի կառավարության դերը զուտ խորհրդանշական է դառնում, իսկ Պետենի նախկին զինակիցներն ավելի ու ավելի հաճախակի են հեռանում իշխանության օրգաններից կամ էլ անցնում են դը Գոլի գլխավորած «Ազատ Ֆրանսիա» -ի կողմը:

1943-ին Պետենը հասկանում է, որ Գերմանիան պարտվելու է: Նա չէր պատրաստվում Ֆրանսիայի ազատագրումից հետո առաջնորդությունը զիջել դը Գոլին և սկսում է դաշնակիցների հետ հաշտության եզրեր փնտրել: Դրա համար Պետենը որոշում է Ֆրանսիայի նոր սահմանադրություն ընդունել: Սեպտեմբերի 13-ին նախագիծն արդեն պատրաստ էր: Նախատեսվում էր մեղմել հակահրեական օրենքները, վերացնել գերմանական ձեռնարկություններում աշխատանքային պարհակն ու արգելել կոլաբորացիոնիստական կուսակցությունները, ինչպես նաև պաշտոնանկ անել Լավալին: Չնայած այն բանին, որ այդ քայլերը հաստատ զայրացնելու էին Գերմանիային, Պետենը համաձայնում է դրանց: Հոկտեմբերի 26-ին նա Լավալից հրաժարական է պահանջում, բայց վերջինս, հենվելով Գերմանիայի աջակցության վրա, հարժարվում կատարել Պետենի պահանջը: Սահմանադրության նախագիծը կյանքի չի կոչվում, իսկ դեկտեմբերի 29-ին Պետենը ստիպված է լինում հրաժարվել առանց Լավալի կամ գերմանացիների համաձայնության նախարարներ նշանակելու կամ աշխատանքից ազատելու ցանկացած փորձից: 1944-ի սկզբում Վիշիի կառավարությունում նշանակվում են ևս երեք ակտիվ կոլաբորացիոնիստ՝ Ֆիլիպ Անրոն, Դեան և Դարնանը:

1944-ի հունիսի 6-ին դաշնակիներն ափ են իջնում Նորմանդիայում, ապրիլի 15-ին՝ Պրովանսում, իսկ օգոստոսի 24-ին ազատագրվում է Փարիզը: Մինչ այդ, օգոստոսի 20-ին, գերմանական օկուպացիոն իշխանությունները Պետենին և նրա կառավարության մյուս անդամներին ձերբակալում են և սեպտեմբերի 8-ին տեղափոխում են Զիգմարինգեն ամրոց: Օգոստոսին, Փարիզի ազատագրումից հետո, Պետենը դը Գոլին առաջարկում է խաղաղ ճանապարհով իշխանությունը փոխանցել՝ այն պայմանով, որ դը Գոլը ճանաչի Վիշիի իշխանության օրինականությունը, բայց դը Գոլը չի պատասխանում, իսկ Պետենի հանձնակատարին ձերբակալում են:


Նկարում՝
Պետենը և Գյորինգը (1941 թվականի դեկտեմբերի 1):

(շարունակելի)

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
207 | 0
yukarı