Գյուղում ապրող ամուսնական մի զույգ երկու երեխա ուներ. մեկը՝ ութ տարեկան, մյուսը՝ տասը տարեկան, և երկուսն էլ շա՜տ չարաճճի: Նրանք ամեն օր այնպիսի անհավանական չարություններ էին անում, որ նույնիսկ անհնարին էր երևակայել: Ամեն անգամ, երբ մի որևէ անկարգ բան էր տեղի ունենում գյուղում, բնակիչներն արդեն գիտեին, թե ովքեր են դրա հեղինակները: Մայրն այս չարաճճիներին պատժում էր, հանդիմանում, բացատրում, բայց խեղճ կնոջ ջանքերն ապարդյուն էին: Եվ երեխաների հայրը, որը նույնպես ամեն ինչ արել էր, որ երեխաներին սանձահարի, բայց ոչ մի արդյունքի չէր հասել, կնոջն ասում է. -Իսկ միգուցե մեր քահանայի՞ն խնդրենք, որ այս թոկից փախածներին զսպաշապիկ հագցնի: Կինը համաձայնում է, և նրանք գյուղի քահանային խնդրում են առանձին-առանձին զրուցել երեխաների հետ: Քահանան, բնականաբար, համաձայնում է օգնել, և հաջորդ օրն առավատյան ծնողները նախ փոքրին են ուղարկում եկեղեցի: Քահանան երեխային նստեցնում է իր դիմաց ու անմիջապես հարցնում է. -Որտե՞ղ է Աստված: Ոչ մի պատասխան: Քահանան կրկնում է. -Դու ճանաչո՞ւմ ես մեր Բարեգութ Աստծուն: Որտե՞ղ է նա: Դարձյալ լռություն: Երեխայի համառ լռությունից զայրացած քահանան այս անգամ տիրական ձայնով խստորեն ասում է. -Վերջին անգամ եմ քեզ հարցնում՝ Աստված որտե՞ղ է: Երեխան ոտքի է կանգնում ու ոչ մի բառ չարտաբերելով՝ ուղիղ դեպի տուն է վազում: Հասնելով տուն՝ նա բռնում է եղբոր ձեռքը, տանում է իր սենյակ, դուռը փակում է ու դեռ շունչը տեղը չբերած՝ վրա է տալիս. -Այնտեղ վիճակը լավ չէ…Նրանք կորցրել են ԲարեգութԱստծուն ու կարծում են, թե դա մենք ենք արել: Պետք է անպայման գտնենք նրան: |