MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Yarın:+20 °C
Մենք մեզ ծառայել չգիտենք մենք մեզ համար անշնորհք ենք, իսկ օտարի համար շնորհալի․ հատված Ստեփաննոս Շահումյանի նամակից, ուղղված Դավիթ Բեկին
22:34, 10.07.2021
2685 | 0
Բաղդատի և Դամասկոսի արաբական խալիֆաները հայ զորապետների ձեռքով տիրեցին անսահման երկրներ։ Խաչակիրները իրանց ամենահաջող պատերազմներով պարտական են հայոց քաջերին։ Մինչև անգամ ամենահեռավոր Հնդկաստանի թագավորությունները երկար ժամանակ օգուտ էին քաղում հայ զորապետների խելքից և քաջությունից։ Ինչո՞ւ եմ խոսքս երկարացնում։ Ո՞ր երկիրը, ո՞ր ազգը, ո՞ր թագավորությունը չէ շահվել հայոց ուժերից։ Նույնիսկ քո
Վրաստանը, Դավիթ, քանի՞ — քանի՞ անգամ վայելել է հայ մարդու օգնությունը։ Բայց միշտ ապերախտ, միշտ անշնորհակալ է մնացել դեպի հայը։ Եթե այդ անհոգ, թեթևամիտ ազգը այսօր գոյություն ունի, դրանով նա պարտական է հայերին։ Հայաստանը, իբրև մի բնական վահան, միշտ պաշտպանել է նրան պարսիկների, արաբացիների և մոնգոլների հարձակումներից։ Արևելքից հեղեղի նման եկած բոլոր բարբարոսների արշավանքները թափել են իրանց անգթությունը Հայաստանի վրա և անցել, իսկ Վրաստանը միշտ մնացել է թաքնված մեր ետևում։ Եվ եթե պատահել է մեզ նրանցից օգնություն խնդրել, միշտ սուտ խոստումներով խաբել են մեզ։ Բայց հայը, միամիտ հայը, միշտ մնացել է հավատարիմ, միշտ անձնվեր և միշտ զոհաբերող դեպի օտարը։ Նա թողել է իր տան գործը, մոռացել է իր ցավերը և օտարի տան հոգսն է հոգացել։ Նա թողել էր իր երկրի ավերակները և օտարի համար պալատներ է կանգնել։ Նա մոռացել է իր խորտակված գահն ու գավազանը և օտարի դրոշի փառքն է բարձրացրել։ Մի՞թե այդ բոլորը դու չտեսար մեր պատմության մեջ․ — ահա դրանում է մեր գլխավոր հիվանդությունը։ Մենք մեզ ծառայել չգիտենք մենք մեզ համար անշնորհք ենք, իսկ օտարի համար շնորհալի։ Եթե հայոց բոլոր հանճարները վատնված չլինեին հօգուտ օտարների, եթե նրանք ծառայած լինեին իրանց հայրենիքին, ես հավատացած եմ, որ այսօր Հայաստանը այս թշվառ դրության մեջ չէր լինի․․․ Իմ խոսքը, դու էլ կհասկանաս, Դավիթ, ավելի ազնիվ և բարեխիղճ ծառայողների մասին է, որոնք թեև իրանց հայրենիքին մի օգուտ չեն հասցրել, բայց ուղղակի վնաս էլ չեն տվել։ Իսկ ո՜րքան շատ է այն դավաճանների թիվը, որոնք մի արյունոտ գործիք դառնալով օտարների ձեռքում, սկսել են իրանց հայրենիքը ավերակ դարձնել, սկսել են իրանց հարազատ եղբայրներին կոտորել։ Թե առաջիններին և թե վերջիններին ես շատ չեմ զանազանում միմյանցից։ Զանազանությունը այսքան է միայն, որ մեկը վնասում է ուղղակի կերպով, գիտակցաբար, իսկ մյուսը վնասում է կողմնակի կերպով, անգիտակցաբար։ Մեկը, իբրև ծախված դավաճան, Վասակի նման արյունով և կրակով լեցնում է Հայաստանը, իսկ մյուսը, իբրև բարեխիղճ Վարդան, պարսից զորքերի գլուխն անցած, Քուշանների հետ է պատերազմում և իր հաղթություններով ուժ և զորություն է տալիս Հայաստանի թշնամուն։ Ի՞նչ ես կարծում, Դավիթ, դա նույնքան վնասակար չէ՞,
[ 132 ]
որպես առաջինը։ Ես գոնե վնասակար եմ համարում։ Ես կարծում եմ, եթե Վարդանը վերջը իր սուրը չդարձներ պարսիկների դեմ, նույնքան վնասակար կլիներ, որքան Վասակը։ Ծառայել հայրենիքի թշնամուն, իր ազգի կործանողին, բարձրացնել նրա փառքը և զորությունը, — այդ նշանակում է ի վնաս իր ազգի գործել։ Մեծ տարբերություն չկա այդ երկու մտքերի մեջ՝ գող լինել կամ գողի բարեկամ։ Օտարի ծառայությունը մի այսպիսի բան է, որովհետև բոլոր օտարները մեր թշնամիներն են։ Մենք բարեկամ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ մենք ինքներս մեզ բարեկամ չենք։ Ով որ իր ազգը, իր հայրենիքը չէ սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու։ Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար․ ուրիշ ոչ ոք մեղավոր չէ․․․

Ես գիտեմ քո մեծահոգությունը, Դավիթ, դու այն տեսակ մարդիկներից ես, որոնց համար հայրենիք և ազգություն չկա, որոնց հայրենիքը լայնածավալ աշխարհն է, իսկ ազգությունը` ընդհանուր մարդկությունը։ Դու պատրաստ ես օգնել ամեն տեղ, ուր խեղճություն և բռնություն կգտնես։ Բայց «շապիկը ավելի մոտ է մարմնին» ․․․ «Պետք չէ Իսրայելի որդիների հացը ձգել հեթանոսների շներին․․․» ։ Հիշո՞ւմ ես այդ ավետարանական խոսքը։ Մեր զավակներին քաղցած թողնելով, օտարների որդիների հացի մասին հոգալը մի մեծ առաքինություն չի համարվի մեզ համար։ Մենք այնքան սակավ միջոցներ ունենք, մեր ուժերը այնքան անբավական են մեզ համար, որ պետք է խնայենք նրանց, իսկ մենք աննպատակ կերպով սպառում ենք․․․

Ես ոչինչ նշանակություն չեմ տալիս այն փառքին, այն հրոչակին, որ հայը ստանում է օտարների ծառայության մեջ։ Ես այդ համարում եմ մինչև անգամ մի տեսակ հանցանք դեպի մայրենի երկիրը, ես այդ համարում եմ մի տեսակ ապերախտություն դեպի այն ազգը, որի արյունն է կրում մարդ։ Այդ խոսքերը թող չվիրավորեն քեզ, Դավիթ, ես խոսում եմ ընկերի և բարեկամի հետ։ Ինչո՞վ ես դու կատարում քո պարտքը դեպի հայրենիքը։ Ախար այն մարմինը, այն արյունը, այն սիրտը, այն հոգին — բոլորը, ինչ որ ունես դու, պատականում են քո հայրենիքին, բոլորը այստեղից ես ստացել։ Ինչո՞ւ չես հետ տալիս նրան այն, որ ստացել ես։ Մի՞թե դու այն վատ պարտազանցներից մեկը չես լինի, եթե կուրանաս քո վճարը։ Այս, կլինես, և մեզանից ամեն մեկը նույն վատությունը արած կլինի, եթե այդպես կվարվի․․․

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
465 | 0
yukarı