MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+19 °C
Նոր Նորքում ստեղծագործական շարադրության մրցույթի գլխավոր մրցանակակիրը պարգևատրվեց
22:11, 05.04.2014
6907 | 0
Նոր Նորքում հայտարարված ստեղծագործական շարադրությունների մրցույթի գլխավոր մրցանակակիրը վարչական շրջանի ղեկավարի կողմից պարգևատրվեց պատվոգրով և դրամական պարգևով:
Ներկայացնում ենք Հ. 135 դպրոցի աշակերտուհի Նանե Պետրոսյանցի աշխատանքը

Մա՛յր իմ անուշ ու անգին…

Ձմեռ էր… ցրտաշունչ ձմեռ: Քայլում էի փողոցով՝ փափուկ ձյան վրա ոտնահետքերս թողնելով: Նեղացել էի մայրիկիցս… Ու երկար քայլելով չնկատեցի, թե ինչպես հայտնվեցի մի անծանոթ վայրում: Շուրջբոլորը ձյան ճերմակ շերտով ծածկված հին շենքեր ու ծառեր էին: Մի՞թե մոլորվել էի… Այդպես էլ չկարողացա հետդարձի ճամփան գտնել… Նստեցի մի քարի վրա ու սկսեցի մտորել: Հիմա չեմ էլ հիշում, թե ինչն էր ինձ այդքան տանջում… Ցուրտ էր, ձեռքերս սառել էին, և գլուխս մրսում էր: Մի որոշ ժամանակ անց ձյունը դադարեց, ու ես որոշեցի քայլել. չէի ուզում տուն վերադառնալ, բայց ստիպված էի: Մտածում էի. «Մայրիկը կանհանգստանա»: Չնայած որ ներղացած էի նրանից, չէի կարողանում չմտածել, շարունակ փակում էի աչքերս ու տեսնում նրան՝ բարի, գեղեցիկ. նա ժպտում էր ինձ, իսկ հայացքը կարծես շշնջում էր. «Տու՛ն արի, փոքրի՛կս»: Սիրտս լցվում էր, մտածում էի. «Ինչու՞ եմ նրա հետ այսպես վարվում, ախր այնքա՜ն եմ սիրում նրան, ուզում եմ գրկել, համբուրել, շարունակ ասել, որ սիրում եմ, որ չեմ պատկերացնում իմ կյանքն առանց նրա»: Բայց չէր ստացվում, չէի կարողանում մի կողմ դնել դեռահասին բնորոշ բնավորության գծերս ու… փորձում էի չմտածել…

Հանկարծ սպիտակ ձյան տակ ինչ որ բան նկատեցի, հետաքրքրեց: Վերցրեցի: Օրագիր էր՝ հին, մաշված: Վերնամասում գրված էր «Նոնա»: Երբեք ինձ թույլ չեմ տվել ուրիշի անձնական օրագիրը կարդալ, բայց, չգիտեմ ինչու, ձեռքս ինքնըստինքյան թերթեց օրագրի էջերը, ու ես սկսեցի կարդալ: Ճիշտն ասած, սկզբում այն ինձ այնքան էլ չհետաքրքրեց: Նա թղթին էր հանձնել իր առօրյան, մտորումները, պատմել էր իր առաջին սիրո մասին, ներկայացրել էր ընկերներին, ուսուցիչներին: Բայց այդ ամենն ինձ չէր հետաքրքրում, ես արագ թերթում էի էջերը, ինչ որ բան էի փնտրում: Փորձում էի ինձ զբաղեցնել, որ չմտածեմ, չհիշեմ… Ու հանկածր կարդացի. «Մա՛յր իմ անուշ ու անգին…»: Դեռ չէի սկսել կարդալ, բայց սիրտս լցվել էր, սառած այտերիս զգում էի տաք արցունքի կաթիլներ: Սկսեցի կարդալ. «… Ես նստել էի սենյակի մութ անկյունում ու արտասվում էի, այնպես, որ ոչ ոք չզգա: Հետո, երբ մի փոքր հանգստացա, դուրս եկա սենյակից. Հաստատ որոշել էի, որ ներողություն եմ խնդրելու, ու մենք էլ երբեք չենք վիճելու, միշտ ժպիտով եմ խոսելու նրա հետ, ավելորդ խոսքեր չեմ ասելու…: Քայլում էի դեպի նրա սենյակ, ներս մտա. լռություն… սենյակը դատարկ էր: Արագ սանդուղքով իջա հյուրասենյակ, կրկին մարդ չկար: Չէի էլ պատկերացնում, թե նա ուր կարող էր լինել: Մտածեցի, որ վաղն առավոտյան, երևի, կգա: Նստեցի ու սկսեցի սպասել… Անցավ մի քանի տարի, բայց մայրս այդպես էլ չեկավ: Հիմա ես արդեն մեծ եմ, բայց էլի սպասում եմ, սպասում եմ նրան…»: Ես կարդում էի ու բարձր ձայնով արտասվում. Նոնան ուշացավ, նա այդպես էլ չհասցրեց ասել, թե ինչքան էր սիրում իր մորը, բայց ես չպիտի ուշանամ, ես դա ինձ երբե՛ք չեմ ների, երբե՛ք: Օրագիրը դրեցի պայուսակս ու վազեցի տուն: Կարծես չէի մոլորվել, կարծես գիտեի տուն տանող ճանապարհը: Ահա և իմ տունը: Ներս մտա, հյուրասենյակում մարդ չկար: Ոտքերս ակամա ինձ տարան նրա սենյակ: «Մի՞թե ուշացել եմ» , - շարունակ կրկնում էի մտքումս: Բացեցի դուռը, ու ի՜նչ ուրախություն՝ նա էր: Մայրս գրկեց, ու սկսեց համբուրել ինձ: Ես դեռ երբեք այսքան մոտ չէի եղել նրան, երբեք այսքան ուրախ չէի եղել:

-Ես սիրում եմ քեզ, մայրի՛կ:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top