MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +19 °C Tomorrow:+20 °C
Միխայիլ Զոշչենկո/թարգմ.Արփի Ոսկանյանի/
20:05, 18.04.2014
3701 | 0

Միխայիլ Զոշչենկո / Պետք չէ ունենալ բարեկամներ

by admin · March 20, 2013

Երկու օր Տիմոֆեյ Վասիլևիչը փնտրում էր իր եղբորորդուն՝ Սերգեյ Վլասովին։ Իսկ երրորդ օրը, մեկնելուց անմիջապես առաջ, գտավ։ Տրամվայում հանդիպեց։

Նստեց Տիմոֆեյ Վասիլևիչը տրամվայ, հանեց տասը կոպեկանոցը, ուզում էր տալ ուղեկցորդին, մեկ էլ ի՞նչ տեսնի։ Ուղեկցորդի անձը ոնց որ ծանոթ լինի։ Նայեց Տիմոֆեյ Վասիլևիչը՝ հա, էդ է որ կա՝ Սերգեյ Վլասովը անձնապես՝ տրամվայի ուղեկցորդ։

- Յա, - բացականչեց Տիմոֆեյ Վասիլևիչը, - Սերյոգա, էս դու ե՞ս, այ ախպեր։

Ուղեկցորդը շփոթվեց, առանց տեսանելի անհրաժեշտության ուղղեց տոմսակների գալարները և կմկմաց.

- Հիմա, հորեղբայր… Տոմսերը ստանամ, նոր։

- Լավ։ Գործդ տես, - ուրախ-ուրախ ասաց հորեղբայրը, - ես կսպասեմ։

Տիմոֆեյ Վասիլևիչը ծիծաղեց ու սկսեց բացատրել ուղևորներին.

- Հարազատ բարեկամս ա, է, Սերյոգա Վլասովը, աղբորս՝ Պյոտրի տղեն… Յոթ տարի չէի տեսել շան որդուն…

Տիմոֆեյ Վասիլևիչը ուրախությամբ նայեց եղբորորդուն և բարձր ձայնով ասաց.

- Իսկ ես քեզ, Սերյոգա, ախպեր ջան, երկու օր ա՝ ման եմ գալի։ Տակնուվրա արի քաղաքը։ Իսկ դու տես՝ որտեղ ես։ Կանդուկտր ես տեղավորվել։ Իսկ ես հասցեով էլ եմ գնացել։ Ռոզնիչնայա փողոց։ Չկա՝ ասում են։ Թե՝ հասցեից տեղափոխվել է։ Ո՞ւր է, ասում եմ, տեղափոխվել, ասեք, ասում եմ, ինձ։ Չգիտենք՝ ասում են։ Իսկ դու այ թե ուր ես՝ կանդուկտր ես, հա՞, տեղավորվել։

- Տեղավորվել եմ, - ցածրաձայն պատասխանեց եղբորորդին։

Ուղևորները սկսեցին հետաքրքրասիրությամբ զննել բարեկամին։ Հորեղբայրը երջանիկ ծիծաղում էր և սիրով նայում եղբորորդուն, իսկ եղբորորդին բացահայտ շփոթվում էր. զգալով իրեն ծառայողական պարտականությունների կատարման վրա՝ չգիտեր ինչ խոսի և ոնց պահի իրեն հորեղբոր հետ։

- Սենց, - նորից ասաց հորեղբայրը, - կոնդուկտր ուրեմս, տրամվայի գծի վրա, հա՞։

- Ուղեկցորդ…

- Համա թե պատահել պատահեցինք։ Ես էլ, այ ախպեր, նստում եմ տրամվայ, մեկ էլ ի՞նչ տեսնեմ։ Կանդուկտրի անձնավորությունը մի տեսակ չափից դուս ծանոթ ա։ Իսկ էդ դու ես։ Ախ, ես քու… Դե, պատկերացրու իմ ուրախությունը։ Պատկերացրու՝ ինչքան գոհ կլինեմ։

Ուղեկցորդը տեղում դոփդոփեց և հանկարծ ասաց.

- Ստանալ է պետք, հորեղբայր, տոմս վերցնել… Հեռու եք գնո՞ւմ։

Հորեղբայրը երջանիկ ծիծաղեց և խփեց ուղեկցորդի պայուսակին.

- Կվճարեի։ Աստված վկա։ Մի ուրիշ համար նստած լինեի կամ գուցե էս վագոնը բաց թողնեի, ու վերջ, վճարելու էի։ Կլացեին հիմի փողերս։ Ախ, ես քու… Մինչև կայարան եմ գնում, Սերյոգ, ախպեր ջան։

- Երկու կանգառ, - տխուր ասաց ուղեկցորդը՝ կողքի նայելով։

- Չէ, դու էս ի՞նչ ես ասում, - զարմացավ Տիմոֆեյ Վասիլևիչը, - դու էս ի՞նչ ես… Լուրջ ե՞ս ասում։

- Ստանալ է պետք, հորեղբայր, - ցածրաձայն ասաց ուղեկցորդը, - երկու կանգառ… Քանի որ չի կարելի ձրի, առանց տոմսի… երթևեկել…

Տիմոֆեյ Վասիլևիչը վիրավորանքից սեղմեց շրթունքները և խիստ նայեց եղբորորդուն.

- Էս դու ի՞նչ, հարազատ բիձուցդ… Հրոխպորդ կլպում ե՞ս։

Ուղեկցորդը վհատված նայեց պատուհանից դուրս։

- Դիակապտում ես, - ջղային ասաց հորեղբայրը։- Ես քեզ՝ շան որդուդ, յոթ տարի ա, չեմ տեսել, իսկ դու էս ի՞նչ ես անում։ Փող ես պահանջում, ուղեվարձ։ Հարազատ հրոխպորիցը՞դ։ Դու ձեռներդ վրես թափ մի տուր, է՛։ Հարազատ ախպորս տղեն ես, բայց բիլակներցդ չվախեցա, հա… Էլ քամի մի արա ուղեևորների առաջ։

Տիմոֆեյ Վասիլևիչը պտտացրեց տասը կոպեկանոցը ձեռքի մեջ ու խոթեց գրպանը։

- Է՞ս ինչ բան ա, եղբայրներ, - դիմեց Տիմոֆեյ Վասիլևիչը հանրությանը, - հարազատ հորեղբորից են կլպում։ Երկու, ասում ա, կանգառ… Առը հա։

- Ստանալ է պետք, - համարյա լացելով ասաց եղբորորդին, - դուք, ընկեր հորեբայր, մի ջղայինացեք։ Քանի որ սա իմ տրամվայը չէ։ Այլ պետական տրամվայ։ Ժողովրդական։

- Ժողովրդական, թե ինչ, - ասաց հորեղբայրը, - դա ինձ չի վերաբերվում։ Կարայիր, շան տղա, սեփական բիձուդ հարգես։ Ասեիր՝ քեզ պահիր, հրոխպեր, քոռ կոպեկդ։ Երթևեկիր, անուշ լինի։ Ու դրանից տրամվայը փուլ չէր գա։ Վերջերս գնացք էի նստել… Բարեկամ կանդուկտր չէր, բայց անգամ նա ասեց. խնդրեմ, ասում ա, Տիմոֆեյ Վասիլևիչ, ի՞նչ հաշիվներ… Հենց այնպես նստեք… Եվ տեղ հասցրեց… Հարազատ չէր… Ընդամենը զեմլյակ էր ծանոթ։ Իսկ դու՝ հարազատ հրոխպորդ… Դու ինձնից փող չես ստանա։

Ուղեկցորդը թևքով սրբեց ճակատը և անսպասելի զանգը տվեց։

- Իջեք, ընկեր հորեղբայր, - պաշտոնական ասաց եղբորորդին։

Տեսնելով, որ գործը լուրջ շրջադարձ արեց՝ Տիմոֆեյ Վասիլևիչը հուզված ու գործնական ափերը զարկեց իրար, նորից հանեց տասը կոպեկանոցը, հետո նորից պահեց։

- Չէ, - ասաց, - չեմ կարում։ Չեմ կարա քեզ՝ փսլնքոտիդ, մուծվեմ։ Ավելի լավ ա իջնեմ։

Տիմոֆեյ Վասիլևիչը հանդիսավորությամբ ու վրդովված վեր կացավ և ուղևորվեց դեպի ելքը։ Ապա շրջվեց.

- Հրոխպորը… Հարազատ բիձուդ քշում ես, - կատաղությամբ ասած Տիմոֆեյ Վասիլյեվիչը։- Ես քու պես փսլնքոտին… Ես քու պես շան զավակին… Ես քեզ կրակել կարամ սրա համար։ Իմ ձեռները երկար են…

Տիմոֆեյ Վասիլևիչը ոչնչացնող հայացք գցեց եղբորորդու վրա և իջավ տրամվայից։


1924թ.

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13162 | 0
01:01, 08.12.2017
30023 | 0
23:45, 27.08.2017
21825 | 0
to top