MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +22 °C Tomorrow:+20 °C
Ռազմիկ Դավոյան, Բանաստեղծություններ
14:01, 27.07.2014
3796 | 0

...Ու վերադարձ

Մեծ կամուրջների ուսերին դրված
Փողոների սեւ ու սառած դիեր:
Սյունաշարքերի տխուր պատարագ:
Եվ դիակների երկու կողմերում
Վառվող մոմերի շշուկն եմ լսում,
Ես՝ մենավորիկ կեսգիշերային մի հողարկավոր,
Ես քարշ եմ տալիս փողոցների դին
Թռչող շենքերի լաբիրինթոսում:


*
Իմ սրտում ասեղներ կան ցցված,
Տառապանքի սուտակե ասեղներ,
Եվ ասեղներ կապույտ,
Որ տեր-աստծո նման կարոտն է արձակում
Հայոց աստվածների բարձունքներից:

Իմ սրտում ասեղներ կան,
Որոնք օր ու գիշեր
Գործելով հորինում են
Տառապանքի դեղին, դեղնամշուշ մի երգ:

Եվ դու զարմանում ես՝
Թե ինչպե՞ս է փռված
Ասեղնագործ անծայր մի մեղեդի
Քո տաք ճանապարհի դեղին փոշու վրա:

Քո թափանցիկ ոտքերը
Տրորում են փափուկ այդ մեղեդին-
Եվ ասեղներ փայլուն,
Ծածկելով սիրտս,
Իմ սրտի թելերից հյուսում են
Ասեղնագործ մի երգ:
Ժամանակի բոլոր ասեղները
Մեխված են իմ սրտում:

Դու գալիս ես, որ մեկ-մեկ
Հանես այդ ասեղները,
Կամ մի վերջին ասեղ մխրճես իմ սիրտը:
Իմ սրտում ասեղները արեւի ճառագայթներ են,
Քրքրված արշալույս եմ պահում ես իմ կրծքում:


Մեռածների Աշտարակ

Մեռածների թիվը աշտարակ է բարձր,
Որտեղ ապրում ենք մենք
Մեր չլիզված հոգու մենկությամբ:

Ծնվողները ճերմակ երամներով
Բարձրանում են երկինք:

Ժամանակի բոլոր աստվածները
Իրենց ոտքերի տակ
Բարձրանում են այդ սեւ աշտարակը,
Բարձրացնում են այնտեղ,
Ուր մութ հոգիների խլությունն է երգում,
Բարձրացնում են կյանքի ցավոտ մի տքնությամբ
Ու խուլ ճարճատյուն է լսվում տիեզերքում:

Մեռածների թիվը բարձր աշտարակ է,
Որ թե Բաբելոնի աշտարակի նման փլվի հանկարծ՝
Բոլոր ժպիտները,
Բոլոր արքաները,
Բոլո՜ր, բոլո՜ր, բոլո՜ր աստվածները կթափվեն ցած, -

Աստվածատիպ այրեր կելնեն անդունդներից,
Աստվածատիպ երգեր կփայլակվեն ցած,

Աստվածատիպ այրեր կելնեն անդունդներից,
Աստվածատիպ երգեր կփայլակվեն մթում՝
Որ ստեղծեն դարձյալ Աշտարակ ու Աստված:


*
Սփռոցների տակն պահված սեղանների վրա
Ժամանակը բախտի խաղաթուղթն է բացում.-
Խառնակույտ է՝
Քամին
Անհնազանդ երգով լցված գավաթներից
Հանում է դեմք,
Գլուխ,
Մի պղպջակ-արկած,
Եվ ամեն մի բացվող խաղաթղթի տակին
Պարտվողների անշունչ մի բանակ է պառկած:


Մեզ խտուտ են տալիս.-
Ծիծա՜ղ, ծիծա՜ղ, ծիծա՜ղ:
Ծիծաղ մարդուն, հողին ջրին,
Քանզի այդպես է միշտ՝
Ծիծաղը դարձնում է մեզ ապակի,
Եվ ցավի մի հարվածով
Մեզ փշրելը դառնում է զարմանալի դյուրին:



ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Քամին գլորում է պահածոյի տուփը
Փողոցն ի վեր, ի վար.
Զըրը՜նգ, զըրը՜նգ, զըրը՜նգ..
Աշխա՜րհ, քո մեջ ի՞նչ կա, բացել եմ քո խուփը, -
Կրկընում է անվերջ կյանքը ժխտող քամին
Եվ սուլելով տանում.
Աղբակույտի մեջ է նետում տուփը:


*
Ձեր կուրծքը ցավում է, մայթեր:
Ձեր խեղճ կողերը փշրված են
ու կարկատված նորից,
Եվ ձեր սիրտը, որ խորն է թաքնված,
Հառաչում է միշտ այդ անհայտ խորից:
Եվ ձեր կուրծքը շատ ցավում է,
մայթեր,
Ես այդ զգում եմ իմ... ոտքերից:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Ստվերներ է քշում քամին դեպի քաղաք.
Հետո ինքն իրենով գլորվելով գալիս,
Բերում ու փշրում է ականջիս տակ
Որպես խազված, խզված
Ու հին ձայնապնակ:


Երկիր

Այս գիշեր ես լուռ պառկել եմ հողին
Եվ ունկնդրում եմ բաբախյունը քո հարաբախ սրտի:
Այն, ինչ լսում եմ՝ նման է ստի,
Բայց հավանական մի սուտ, որի մեջ
Անգամ իմ սրտի հարվածները կան:

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Կա աշխարհում բանձրիկ մի Հայաստան աշխարհ,
Որն իր լաջվարդ, լազուր լեռներն ունի,
Եվ իր դաշտերն ունի- ասես նշխար:
Երկիրն այս հին է,
Նաեւ լեռնապատ,
Առասպելապատ,
Առասպելներ, որ իրար պահող են
Կամ իրարամերձ:
Կա աշխարհում բանձրիկ մի Հայաստան աշխարհ:
Եվ կլինի հավերժ:



*
Երեկ հանդիպել եմ
Բանաստեղծ իմ ընկերոջը
Եվ նրա սիրելի, նրբիրան քրոջը:
Եղբայրը ասում էր, որ դատարկ ես դու, աշխարհ,
Եվ քո փորի մեջ են խրված քո ոտները,
Իսկ քույրը կրկնում էր, թե գիժ է եղբայրը,
Ինչպես բոլոր-բոլոր պոետները:


Նարեկացուց Հետո

Ծառից տերեւը ներքեւ ծուրուրաց,
Ինչպես վրձինից երանգը կաթեր,
Եվ մայթի վրա նկարեց տերեւ:

Քամին բիբերիս վրայով սուրաց,
Իսկ արեւն ելավ ու լճի խորքում
Նկարեց սառը աշունքվա արեւ:

Ես լճի ափին վանք նկարեցի,
Վանքի մի խցում ՝ թափթփված երգեր,
Թելն էլ զանգակի լեզվակը բռնեց,
Որ զանգի. «ծըլը՜նգ», - աշուն է եկել:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Աշուն

Աշու՜ն, ինչու՞ եկար
Իմ քնքշության պահին...
Այգին թափու՜ր-թափու՜ր,
Այգին՝ աշնանային:
Այգին տխրեց այնպես,
Տխրեց լոկ մի օրում,
Ու տերեւներն անտես,
Տխրություն են ծորում:
Աշունն ելավ հետո
Այգուց մտավ քաղաք,
Շրջեց ամեն մայթով,
Կպավ ամեն պատով,
Մինչեւ ննջեց խաղաղ
Ինչ-որ սրտում մի ծեր,
Ուր տարիներ առաջ
Իր հետքերն էր գծել:

*
Ջրասույզ երկինքն ու սուզված հուշեր.-
Այս գիշեր որտե՞ղ թաղենք մեր հոգսը,
Այս գիշեր թաղված հգսերի կողքին
Մեր հոգսը որտե՞ղ թաղենք այս գիշեր:

Լճի երկինքը մաքուր աստղերի,
Անպաճույճ լուսնի մեհյան է կապույտ,
Լճի երկնքի անտառների մեջ
Մեր հոգնած, հոգնած երկինքը կախենք՝
Տրտմությամբ, սիրով,
Առավոտ կելնի արեգակն արդար
Եվ կպարուրի մեզ մեր հոգսերով:


Եղերերգ

Ու՞ր է այն թշվառ
Թռչունների չուն,
Որով իմ բախտն էր
Գուշակում գնչուն:
«-Նրանք գնացին՝
Սուր կտուցներով
Կտցահարելու





Ես տեսա

Իրար վրա դարսված մի քանի գիրք,
Վրան լուցկու՝
տարիներով դատարկ մի տուփ,
Կողքին՝
գլուխը թեք մի լուսամփոփ-
Եվ մի անսեռ կապիկ,
Որ այդ գրքերի, լուցկու, լուսամփոփի բարձրությունից
Պարանոցը դեպի ետ ծռած,
Վայրենի ծիծաղով քրքջում է
ԻՄ անցյալի
Եվ ԻՐ ներկայի վրա:


*

Ծառերի դեղին խշշոցը
Թափվում է մայթերին
Մարգարտահատիկ անձրեւի պես,
Եվ քամին քշում է,
Տանում այդ խշշոցը՝
Մանրատված ու ձիգ,
Ինչպես մարդկային խոհերը՝
Հնացած, բայց գեղեցիկ:


*

Կան մարդիկ, որ զորեղ են
Ու չարության հանդեպ՝ անքեն: -
Իմ շուն, դու մի կծիր
Օտար շնիկներին,
Նրանք մոռացված երգերի
Թափառող արձագանք են:


*

Մարդու հոգում կյանքը
Իր կնիքն է դնում:
Ես այս երկրի վրա
Ծիծաղեցի,
Դեպի լուսին արձագանքի ետեւից եմ գնում:


*

Եվ գետն իր պատրանքը թրթռուն
Տանում էր խավարում թաղելու-
Եվ քամին գույնզգույն շշուկներ
Տանում էր ձորերում կախելու, -
Մի խեղդվող ճիչերի ծաղկեփունջ,
Մի խեղդված կարոտի սկահակ-
Արցունքս նետեցի ամպերին՝
Չորացած շուրթերիս շաղելու:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Ցուրտ էր կյանքը, ցուրտ էր ու պաղ,
Չկար ոչինչ երգի համար,
Կար լոկ ցավի, կարոտների,
Տանջանքների մի տոթ ամառ:

Ցուրտ էր կյանքը, ցուրտ էր ու պաղ,
Ամառվա մեջ՝ ձմռան մի օր,
Որ զնգզնգում էր թախծալի
Աշունների ստվերներով:

Ցուրտ էր կյանքը, ցուրտ էր ու պաղ.-
Կար լոկ մի դեմք մարդահալած՝
Երազների վրա անթաղ,
Կարոտների վրա մեռած:


Իմ ծուռ երգերը

Ինձ ասում են հաճախ, թե ծուռ են իմ երգերը,
Միեւնույն լռությունը, նույն թախիծը հաճախ
Կոտրատվում են ջարդված իմ տողերի
Թանձր գունախաղում:

Ծուռ են իմ երգերը,
Ծուռ են, որովհետեւ նրանք աճում են քարերի մեջ
Եվ քարերի բույրն են
Տխուր մեր աչքերի անապատին մաղում:

Ոմանք բութ քարերով ծռել են իմ երգերը,
Ոմանք բութ հայացքով
Իմ գույները դարձրել են փոշի,
Ոմանք երգս են թաղում,
Ոմանք՝ աճյունները ջարդված իմ տողերի,
Ոմանք թաղածներն են կրկին թաղում:

Իսկ ես. – Սասնա ծուռ եմ.-
Իմ զորավոր ձայնից դատարկվել է ճայռը,
Ես մտել եմ այնտեղ
Եվ պատմության քարե երկանքների վրա
Համբերության ոսկե հատիկներն եմ աղում:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Մեսրոպ Մաշտոց

Նա խուլ, համր, անձայն,
Արարչության մեջ էր ապրում երկար.-
Ինչ-որ անհայտության, տարտամության խորքում
Լիքն էր միրաժներով,
Կարծես չկար
Եվ կար:
Եվ չգիտեր՝ ինչպե՞ս հավատա ինքն իրեն,
Ջայնին,
Լռությանը,
Խոսքին,
Տագնապներին,
Հետո մի «Այբ» հանկարծ ճառագելով եկավ՝
Ադամանդե մի մեծ շղթա ձեռին:
Շղթան տեղ-տեղ հալվում, դառնում էր լույս,
Հետո ինչ-որ կիսատ եւ անորոշ բառեր.
Նա տագնապում էր խիստ, հունցում էր այդ լույսը,
Ձեւ էր տալիս, ոգի եւ դարձնում էր գրեր:
Հետո փաթաթում էր սիրով, խանդով, թախծով,
Այն բոլորով, ինչ որ Տերը իրեն տվեց,
Հետո հավատում էր ձայնին, խոսքին, ցավին,
Իր մեծ Լռությանն ու Տագնապներին իր մեծ:

Խուլ դարերի միջով,
Ինքն իր ցավ ու վեճով,
Տառապելով գալիս, փռում է լույս՝
Այն ոգեղեն շղթան,
Ոսկեղենիկ շղթան,
Որից քաշքշում են ամեն ծուռ ու վայրի,
Որից քաշքշում են
Ամեն թուրք ու շեյթան,
Որից ոչ մի օթյակ չի նետվում դուրս:


*
Արեւն անջատեց ծառից
Նրա ստվերը,
Էուրյունը նրա,
Ու խփեց մայթին,
Որ կապույտ էր մի քիչ ու սեւ էր:
Իսկ ծառը նայեց խոնարհ
Ու զարմացած.
Նա ինքն իրեն այդպես
Երբեւէ տեսե՞լ էր:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Փողոցը նրա համար է,
Որ անցնեն տրամվայները՝
Իրենց կմախքացած կոնքերն օրորելով,
Եվ մեքենաներն անցնեն, իհարկե,
Երբեմն էլ մարդկանց տրորելով:




ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Անձրեւից ծեծված, հողմից հալածված,
Ծակ տրեխներով գնում էր Աստված,
Ինքը երկնքից իր արտասուքով,
Իր կյանքը, ճամփան պատել էր սուգով:

Ինքը գնում էր թեթեւ ու ներհուն,
Որպես սկիզբն ու վախճանը կյանքի,
Ինքը տանում էր իր մերկ ձեռքերում
Բախտ արարելու
Իր կախարդական լեզվակը զանգի:

Եվ գնում էր նա
Լքված ու մենակ աշխարհի կողմից,
Եվ ոչ ոք, ոչ ոք չէր կանչում նրան,
Որ ապաստան տա անձրեւից, հողմից:

Եվ նույն ժամանակ աշխարհից այս չար,
Պարզված երկնքի անհունները մութ,
Բյուրավոր ձեռքեր իրենց Աստըծուց
Աղերսում էին գորովանք ու գութ:


*

Փղոսկրե անիվներով
Հեռանում է բախտն օրեցօր,
Մթնում է դեմքն արեգակի,
Խամրում է հավքը ոսկեցոլ:

Թիթեռների թեւերի մեջ
Մի գունագեղ ձայն է հանգչում,
Որ այսօրվա մայրամուտին
Պիտի մեռնի մարմնիս խաչում:

Եվ գողգոթան ինձ ի՞նչ՝ թե ով
Կզարդարի ծաղիկներով,
Ինձ ինչ, թե ո՜վ,
Ինձ ինչ, թե ո՜վ,
Կմնա միշտ, մշտահոլով,
Կմնա, որ աշխարհն արար
Դարձընի խուլ, անգույն քարայր:

Ու՞ր են վազում ծեր ու ջահել,
Մարդկանց այս ի՞նչ է պատահել,
Որ մեղքի բույն այս աշխարհում
Ոչ մեկը չի ապաշխարհում:



*

Ինձ գարնան մի օր դրին անկողին,
Շուրջս շարեցին երազներս ողջ,
Շողշողուն մտքեր
Կրակների պես շարեցին հողին
Եվ համբուրեցին ձեռքերս դողդոջ:
Նրանք գնացի՜ն, կորա՜ն, չքացա՜ն,
Եվ հայտնվեցին, ինչպես հեքիաթում,
Ես ճերմա՜կ, ճերմա՜կ սավանների մեջ
Մոխրացել էի մի ակնթարթում:

Անվերջ կործանվող գահերի միջով
Իմ մոխիրներին
Մոտենում էր լուռ մի անհուն թափոր,
Նրանք բոլորը անաչք ու անձայն՝
Մաքուր արցունքով շաղախեցին ինձ
Եվ ինձ դարձրին Արցունքի Սափոր:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Ժայռերի կրծքից բվվոց էր գալիս,
Վրանների տակ հազում էր քամին,
Գլուխներն իրենց թաթերին դրած,
Գամփռները խուլ գռմռում էին:

Ճերմակ տանիքներ կային ձմեռվա,
Ու փոքրիկ, տաքուկ տնակներ կային,
Մթնում մարմրող ծույլ խարույկներից,
Գայլի աչքեր էր փախցընում քամին:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Ինձ մի թաքցրեք հովհարների տակ,
Մի հայտնաբերեք ինձ կրկեսներում.
Գինետների գաղջ մշուշի մեջ
Գգվանքի փայլ եմ ես ձեր աչքերում:

Մի ձեռք ինձ անհայտ, մութ ոլորտներից
Անդուլ թմրության խարույկ է բերում.-
Նա ինձ թաքցրեց հովհարների տակ
Եվ հայտնաբերեց ինձ կրկեսներում:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Մաղվում է ցած
Անձրեւը մե՜ղմ, մեղմ ու դանդաղ՝
Իմ հուշերի հովիտներում,
Իմ զոհերի վրա անթաղ:

Իմ հուշերի հովիտներում
Նրանք մեկ-մեկ սյուներ ծխի,
Ոլորվում են անձրեւի մեջ
Ու հեկեկում են դառնաղի:

Անձրեւի հետ լռում են լուռ,
Ինչ-որ վերջին աղոթք անում,
Ոսկեթիկնոց ու ոսկեխույր
Աշնան հեռուն են սլանում:

Ուր որ փոքրիկ մի գյուղից դուրս
Առնում է խոր նինջն իր անփույթ
Հառաչների, արցունքների
Ու ցավերի մի հողակույտ:

Հավաքվում են նրանք այնտեղ,
Գալարվում լուռ հառաչանքով.-
Ոչ ոք նրանց չի կանչում տուն,
Նրանք ինձ են կանչում հերթով:

Այդ ձայները լսում եմ ես
Հավերժության խուլ խորքերից,
Նրանք սուզվում են հողի մեջ
Եվ հողից դուրս թողնում են ինձ:

Մաղվում է ցած
Անձրեւը մեղմ, մեղմ ու դանդաղ
Մեն-միայնակ
Մի մեռածի վրա անթաղ:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Ու գարնան հետ տխրությունով թափանցիկ,
Ու կարոտով անմեղսունակ որբերի
Գնում էինք դեպի սարերը հեռու,
Դեպի հեռու օթեւաններն ամպերի:

Ու տրտմության բողբոջներով պայթուցիկ,
Ու մանկության տեսիլքներով անհամար
Ալպիական մանուշակներ ՝ զանգակներ,
Ղողանջյունով իջնում էին սարն ի վար:

Ճչում էին վայրի բադերը խելառ,
Ճչում էին գագաթնասույզ լճերում,
Եվ օրերի տագնապների ձայնը մառ
Արձագանքով խեղդվում էր այդ ճիչերում:

Ազատության դռները բաց ու ազատ,
Ազատության խաղաղությամբ օրորուն,
Ճոճվում էինք աղբյուրների ղողանջով
Ազատության նարգիզաբույր օրերում:

Մտերմության կարոտները թեւավոր
Ճախրում էին կապտաշշուկ եթերում.-
Պառկու՞մ էինք,
Քնու՞մ էինք,
Չկայինք՝
Ճնճղուկների ծլվլոցից
Հյուսած քողի ետեւում:


*

Մեր խոհերին, մտքին տիրակալ է մի ձեռք,
Եվ մեկն իր անդունդն է քաշքշում մեզ համառ, -
Ժամանակի մասին հորինում ենք մի երգ՝
Մի տրտմություն, մի ցավ փարատելու համար:

Մենք լսում ենք նրա դոփյունն անբռնելի,
Եվ օրերի վազքը՝ սրարշավ ու հաղթող,
Եվ մանկորեն, անզոր դողդողում ենք էլի
Անփույթ ժամանակի ձեռքերի մեջ անդող:

Նրա անծայրածիր, անհուն փափկության մեջ
Տեղավորում ենք մեր վայրկյանները կոպիտ,
Նրանք հողմերի հետ թռչում կայծկլտալով
Եվ մարում են անդարձ տխրության մեջ կոկիկ:

Փափւու՜կ երազներով, փափու՜կ երազներով
Հարմարվելով, արդեն կորուստների ցավին,
Կորցրածի ետքից երբեք չհասնելով,
Գորշությամբ ենք փոխում կարոտների ծավին:

Ի՜նչ երգերի կրակ,
Ի՜նչ բույրերի կարոտ,
Օ՜, ի՜նչ տենչանքների կայծկլտոցներ հանգան,
Եվ ի՜նչ Սիրո Որբեր պիտի ծնվեն էգուց,
Որ մեր կորուստներն ու կարոտները ցանկան:

Նրանք պիտի անցնեն,
Նրանք պիտի գնան,
Շփոթվածի քայլքով,
Մոլորվածի նման:
Եվ Հավատի փոշին,
Ճերմակ եղյամ որպես,
Պիտի պատի նրանց,
Հորիզոնը եւ քեզ:


Եսենին

Տառապանքում կա ձայն,
Եվ ձայնի մեջ կա լույս,
Եվ լույսի մեջ ոգի.-
Եվ ոգու մեջ ահա դու կանգնած ես մենակ
Որպես տրուբադուրը չթվարկված զորքի:

Բարի՜, եղբայրորե՜ն ինձ ասում ես ապրիր,
Թող բուքը քեզ երբեք չհալածի,
Թող չծեծի՜ քամին, մտրակ չիջնի՜ վրադ,
Ոչ ոք քեզ ճորտության
Համար թող չվարձի,
Ասում ես ինձ՝ ապրիր ուրախ ու երջանիկ,
Առանց հարստության, առանց փառք ու գանձի,
Ասում ես ինձ՝ ապրիր անխարդավ ու աննենգ,
Ասում ես ինձ՝ ապրիր,
Ապրիր ՝ որպես բույրը ցորեն հացի,
Եվ մեկ-մեկ էլ կրկնիր ՝ «Եղբայր ենք մենք»:

Ոչի՜նչ, ասում ես դու: Մի՜ տառապիր, ոչի՜նչ,
Լեռները չեն չոքում քամիների վախից.-
Եվ օրորվում ես դու՜,
Եվ շնկշնկում ես դու՜,
Որպես տափաստանի մի անկյունում բուսած
Հավերժական թախիծ:

Ոչի՜նչ, ասում ես դու, ոչի՜նչ, ոչի՜նչ, ոչի՜նչ,
Տե՜ս, չի եղել ոչի՜նչ, չի լինելու ոչի՜նչ,
Մի պուտ եղբայրություն պահիր կրծքիդ խորքում,
Եվ չեն մթնի երբեք աչքերդ ջինջ:

Ես հավատում եմ քեզ, երբ նայում եմ ցավիդ
Եվ հավատում եմ քեզ, երբ նայում եմ ահիդ,
Եվ քո խաչը ահա ես տանում եմ հլու.-
Եվ չգիտեմ՝ վաղվա խաչերի մեջ
Մեր խաչն ո՞վ է արդյոք շալակելու:

Ոչի՜նչ, ասում ես դու, մի՜ տառապիր, ոչի՜նչ,
Լեռները չեն չոքում քամիների վախից.-
Եվ օրորվում ես դու՜,
Եվ շնկշնկում ես դու՜,
Որպես տափաստանի մի անկյունում բուսած
Հավերժական թախիծ:


*

Ես հիշում եմ ծովը,
Խաղաղությունը մեծ,
Ադամանդներ կեղծող իր խաղերը լույսի,
Նրա ոգին, որ մերկ ալիքների վրա
Կարող է շողշողալ, ինչպես սիրտը ուզի:

Եվ այդպես է ծովը՝
Երջանկորեն հանգիստ,
Տարտամ, անիրական ու տրտմորեն բարի,
Նա իր խորքում մի մեծ հանգիստ է պահպանում,
Որ իր Ոսկե Ձկան կյանքը չխանգարի:

Ոսկե Ձուկը ծովի
Բախտն է հավերժական, -
Եվ երբ հանկարծ ծովի խուլ խորքերն են խառնում,
Եվ երբ գողանում են նրա բախտը ոսկե,
Ծովը անհունորեն ընդվզում է մեկից՝
Ալիքները սրված դաշույններ են դառնում:
Ընդվզում է այդպես
Եվ պատրաստ է քայլել
Տիեզերքով ՝ որպես հսկա զորաբանակ.-
ՏԵՐԵ՜Ր, ՄԻ ԳՈՂԱՑԵԿ ԲԱԽՏԸ ԺՈՂՈՎՐԴԻ,
ՏԵՐԵ՜Ր, ԴՈՒՔ ՁԿՆԻԿԻՆ ՑՈՒՅՑ ՄԻ ՏՎԵՔ ԴԱՆԱԿ:

Հավատացեք, եթե
Ծովն է ալեկոծվում,
Ապա ինչ-որ մի տեղ թաքուն ու տմարդի
(Օ, գուցե թե նաեւ առանց հասկանալու),
Գողացել են Ոսկե Բախտը ժողովրդի:


Տեսիլքներ

Արորով ինձ հողից հանեցին,
Ինձ հողում ինչո՞վ են թաղելու...
Հոգնել է իմ կյանքի նժույգ-ձին՝
Չի՜ թռչում, չի՜ գնում, չի՜ թռչում ՝
Հողմերից երազներ քաղելու:

Չի՜ տեսնում ոչ ոքի, ոչ մի բան
Եվ, ափսո՜ս, ոչ մեկին չի կանչում.-
Կյանքը լուռ մեռնում է հավիտյան,
Եվ նրա շիրմին ոսկեցոլ,
Ոսկեցոլ տեսիլքն է կանաչում:

Ես վայրի աստղերով զարդարված՝
Ճչում եմ խոսքերով խաթարված,
Որ կյանքը կորչում է անհետ,
Տեսիլքներն ապրում են հավետ,
Տեսիլքներն ապրում են վտարված:

Տեսիլքներ ծաղկում են ամենուր
Ձեռքերում մի անհայտ տրտմության,
Եվ քիչ-քիչ մեռնում է կյանքն, ավա՜ղ,
Մաս առ մաս տրվում է հողմերին,
Տեսիլքներն ապրում են հավիտյան:

Ապրում են սերունդներ աշխարհում,
Գալիս են, գնում են ու չկան,
Եվ մեկի համար, որ չգիտենք,
Տեսիլք ու ցնորք ենք հավիտյան:

Մենք մեկի համար, որ չգիտենք,
Տեսիլք ու ցնորք ենք անմեկին,
Գալիս ենք, անցնում ենք ու չկանք,
Ձուլվում ենք հողին ու երկնքին:

Երկինքը տեսիլք է մի անծիր,
Եվ հողը տեսիլք է կորստի,
Աստղերը երգում են անձանձիր,
Որ մեկն իր կարոտը չըսըտի:



*

Ճերմակ բարձերի խլության մեջ
Խուլ տկտկում է սիրտս վախից.-
-Քեզ ո՞վ է տվել այդքան տագնապ,
Քեզ ո՞վ է տվել այդքան թախիծ:

Քեզ ո՞վ անիծեց՝ անհունի մեջ
Ցավի ձեռքերը գուրգուրելու,
Եվ նրա առջեւ ծունկի եկած
Հառաչելու եւ աղոթելու:

Քեզ ո՞վ օրհնեց, որ ցավը հավետ
Քո լույս ձեռքերը արյունոտի,
Որ դու չթողնես նրան հանկարծ,
Որ զորանալով, մեծանալով
Նա քո մարմինն էլ պատառոտի:

Ի՞նչ ես թողել դու, ի՞նչ երազներ,
Ի՞նչ կարոտների, ցավերի բերդ, -
Ո՞վ է կանչում քեզ, ով է կանչում,
Որ տարրալուծի անհունի հետ:

Նա՞, որ արցունքիդ քողը հագավ
Ու քո աչքերի մշուշը հեզ,
Եվ հեռացավ ու.. եւ հեռացավ
Ճիշտ երազի եւ սուտ աստղի պես:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Լռում եմ.
Ձայնս երկինքն եմ տանում
Սիրո թափանցիկ, տխուր ձեռքերով,
Սեւ գիշերն իմ մեջ զնգզնգում է խոր
Անապատների կարմիր զանգերով:

Կարմիր զանգերի լեզվակները շեկ
Շեկ ավազների ձայնով ահարկու
Պատմում եմ իմ այս լռությունը մերկ:

Սիրած տեսիլքի շուրթերով կարմիր
Իմ արյան ձայնն է ականջիս հասնում.-
Ընկնող աստղերին ասում եմ ՝ աստղեր
Եվ ուրիշներին անհասկանալի
Երգերին դարձյալ երգեր եմ ասում:

Կորած ծովերիս ասում եմ ՝ ծովեր,
Իմ կորած ծովեր ՝ ասում եմ կրկին,
Իմ ուլ ցավերին ասում եմ ՝ ցավեր,
Երկիր եմ ասում իմ կորած երկրին:

Կորած օրերիս ասում եմ ՝ օրեր,
Որբեր, ասում եմ, ձեր ցավն ինձ կերավ,
Ախր, ի՞նչ անեմ ես ձեզ հետ, որբեր,
Անիրավ սիրո որբեր անիրավ:

Եվ համր ասսպես, ու խուլ, ու կորած,
Կորած հույսերիս ասում եմ ՝ հույսեր,
Անհունության մեջ կաված ձեռքի մեջ
Կծկվում է սիրտս,
Եվ կորած սիրուն ասում եմ ՝ Իմ Սեր:


Անտուն Ուղեվորներ

Մի սրտամաշ կանչով օրորվելով անվերջ,
Հետեւելով իրենց սարսափահար ներուն,
Սեւ ցուլերի նման, մթին գիշերվա մեջ,
Վագոնները փութով իրար պոզահարում
Ու գնում են առաջ անիրական ձայնով,
Ասես պիտի կորչեն անհայտ այս աշխարհում:

Վագոններում նստած ուղեւորներ անթիվ,
Իրենց առօրեական հոգսերի մեջ թաղված,
Կամ ծամում են երգեր, կամ խմում են գինի,
Կամ իրար են նայում հայացքներով շաղված,
Կամ քնում են եւ կամ իրար ընդմիջելով
Լիրբ, վավաշոտ, տխուր պատմություններ պատմում՝
Մի կերպ կյանք են դարձնում կյանքը աղավաղված:

Թանձրանում են դանդաղ լույսերը թու՜յլ, դեղի՜ն,
Հորանջում են ծխով մոխրամանները բաց,
Դռներն իրար վրա աղմուկներ են դարսում,
Ներս է մտնում ահա ուղեկցողը հարբած,
Նրա համար ոչինչ չկա այս աշխարհում,
Եվ աչքերը ասես նժույգներ են արնոտ՝
Մութ հոնքերի ծալվող աղեղներով թամբած:

Ու փնտրում են նրանք, այդ աչքերը վայրի
Անտոմս ուղեւորներ, մարդիկ, որոնք հիմա
Դրամ պիտի դնեն դեղին ձեռքերի մեջ,
Եվ նա պիտի առնի,
Ծռմռվելով ժպտա
Ու գոհանա, գնա:

Թանձրանում են դանդաղ լույսերը թու՜յլ, դեղի՜ն,
Հորանջում են ծխով մոխրամանները բաց,
Դռները խուլ դարձյալ աղմկում են մի քիչ,
Հեռանում է դանդաղ ուղեկցողը հարբած:

Ու էլ չկան արդեն անտոմս ուղեւորներ.-
Հիմա բոլորն արդեն օրինավոր որբեր,
Հիմա բոլորն արդեն հավասար են իրար,
Եվ էլ չկան ինչ-որ հարազատներ, խորթեր.-
Հիմա բոլորն արդեն վայրի այս թափորին
Եվ ճորտեր են, եւ տեր:

Անտու՜ն ուղեւորներ, անտու՜ն ուղեւորներ,
Ոչ ոք չի հարցնում ձեզ, թե դուք ու՞ր եք գնում,
«Անտու՜ն ուղեւորներ, անտու՜ն ուղեւորներ» ՝
Վագոնների չորուկ չխկրտոցն է կրկնում, -
Անհայրենիք, անտուն կրակների նման
Ինչու՞ այս աշխարհի անկյուններն եք ցրվում:

Ու՞ր եք գնում արդյոք, ոչ ոք չի հարցնում ձեզ,
Եվ դուք կուչ եք գալիս անհայտության վախից,
Ձյուների մեջ ընկած արյան կաթիլի պես,
Կարծրանում եք՝ որպես մի ահարկու թախիծ:

Եվ սրտամաշ կանչով օրորվելով անվերջ,
Հետեւելով իրենց սարսափահար ներուն,
Սեւ ցուլերի նման, մթին գիշերվա մեջ,
Վագոնները փութով իրար պոզահարում,
Ու գնում են առաջ անիրական ձայնով՝
Ասես պիտի կորչեն անհայտ այս աշխարհում:


Մեղուն

Երկիրը շո՜գ, քրտնա՜ծ պտտվում է անվերջ,
Օդը զարհուրելի ժանգահոտ էր բուրում,
Ու տնքում էր կյանքը ՝ ցավագնորեն հոգնած,
Երկաթի հոսք տանող անծայր փողոցներում:
Ու տնքում էր կյանքը:
Ու չեմ հիշում ոչինչ:
Ու մշուշը դեղին՝
Ուղեղիս մեջ քնած,
Փոշու հատիկներով գուրգուրում էր բառեր՝
Խեղդող կարոտների զառանցանքով գնած:
Ճկկում էին բառեր:
Ու չեմ հիշում ոչինչ:
Ճկկում էին քնատ ճնճղուկների հանգույն,
Պատեպատ էր խփվում
Մի փուչ իմաստություն՝
Օրերի մեջ տկար,
Եվ կյանք կոչվող անմիտ մի եռուզեռ անգույն:

Ու փողոցներն ահա,
Երկաթի հոսքն անփայլ,
Ու ես մայթի վրա՝
Անմիտ, զառանցական,
Իբրեւ հավատարիմ իմ օրերի ոգուն՝
Կապում էի իրար
Իմ անցյալն ու ներկան:

Ու տոթը սեւ, դեղին, կարմիր կայծկլտոցով
Կտցահարում էր իմ երազները թաղված,
Ու մի մեղու,
Ահա,
Անձայն ու անբզզոց,
Աջ ու ձախ էր ճոճվում՝
Օդում կախված:
Մեղուն:
Օդում կախված:
Այնպես:
Առանց ձայնի:
Անհեթեթ էր կարծես,
Զարմանալի անմիտ,
Զարմանալի փափուկ:
Աստված իմ, ի՜նչ մեղու,
Որ թեւերը զնգան,
Ու նա ձայն չհանի:

Ու ես սիրո տամուկ բառեր էի փնտրում,
Որ ազատվեմ այդ շոգ մեղկությունից նսեմ,
Ես ինձ տանում էի խորքը անտառների,
Որ մի շշուկ,
Մի ձայն,
Կամ մի շրշյուն լսեմ:
Ուզում էի ամպեր,
Հեռաստաններ մաքուր,
Ու գետերի խշշոց,
Ու խոտերի սոսավ,
Եվ ինձ թվաց նույնիսկ ինչ-որ ակնթարթում,
Ինչ-որ մի բան սրտի՞ս, թե՞ ականջիս հասավ:

Սակայն երկիրը շոգ,
Պտտվում էր անվերջ,
Մեքենաներն էին փողոցն ի վեր կանգնած.
Եվ, ո՜վ զարմանք,
Մեղուն բեռնաթափը ծակեց,
Ծակե՜ց,
Անցա՜վ մեղուն,
Ու մի հազար դար էլ այն կողմ գնաց:

Երկիրը շո՜գ,
Քրտնա՜ծ,
Պտտվում էր անվերջ,
Օդը զարհուրելի ժանգահոտ էր բուրում,
Ու տնքում էր կյանքը՝ ցավագնորեն հոգնած,
Երկաթի հոսք տանող անծայր փողոցներում:


Իմ Աչքերը

Նախապես դուք իմ աչքերը չէիք,
Ուրիշինն էիք,
Դուք աչքեր չէիք,
Դուք նման էիք դեմքը զարդարող
Երկու մեծ խալի:
Դուք իմ աչքերը դառնալու համար
Տառապել եք շատ,
Եվ իմ աչքերը մնալու համար
Տառապեք էլի:


*

Իմ կապույտ արցունքները
Կախվում են իմ սեւ բիբերից,
Որպես դժվար ծնվող պտուղն իմ աչքերի:
Կախվում են, ինչպես հոգսը,
Եվ ինչպես թեթեւացումն հոգսի,
Եվ աչքերիս լույսն է արդեն շաղվում.-
Իմ կապույտ արցունքերը իմ սեւ բիբերից
Կախվում են առանց հենարան,
Ինչպես որ լույսն է լույսից կախվում:


*

Ծանր են իմ աչքերը,
Երկրագնդի նման ծանր ու հին,
Երկրագնդի նման հոգնած,
Երկրագնդի նման լքված,
Եվ ծանր են, ինչպես
Կարոտի կանչն ամենահին:


*

Երբ տխրում եմ ես,
Կոպերս դառնում են թավշե,
Աչքերս դառնում են թավշե,
Եվ ձայնս դառնում է թավշե,
Ու թավիշ արցունք է կաթում
Օրերիս տխրության վրա:


*

Աշնանային օրը
Շուրթերի պես թախծից ճեղք է տալիս
Տանիքների վրա:
Ի՜նչ կարոտ կա, Աստված,
Օդը անհագորեն ճմռող ձեռքերի մեջ,
- Չէ՞ որ տերեւները... գուցե զու՞ր են մեռնում:






*

Ճակատագրի դառնության միջով
Ես մարդուս անհուն ցավին եմ նայում,
Մայրամուտի պես հրահալ եմ ես
Եվ մայրամուտի նման անկայուն:
Նայում եմ.- սիրտս կծկվում է ահից,
Ապա ցրվում է արահետներում,
Եվ նա, որ ձեռքս բռնել էր ամուր,
Ինձ իր տրտմության ծաղիկն է բերում,
Ասում է՝ նայիր շեկ բլբուրներին,
Կիսված են նրանք, սիրտն է քրքրված,
Կիսել են, այո՜, սակայն չգիտեմ,
Չգիտեմ ինչու՝ հավատում եմ, որ
Ամեն կեսի մեջ մի սիրտ է դրված:
Չգիտեմ ինչու ՝ հավատում եմ, որ
Երբ որ գետերի ջրերն են կիսում,
Գետը իր սիրտը չի կորցնում բնավ,
Ամեն մի կեսով մի սիրտ է հոսում:
Եվ եթե հողը դարեր ու դարեր
Եվ վայրագորեն մաս-մաս են անում,
Ինձ թվում է, թե ամեն մասի մեջ՝
Մնում է այնքան զորավոր մի սիրտ,
Որ նեղվում է իր փոքրիկ սահմանում:

Ճակատագրի դառնության միջով
Նայում եմ մարդու ցավերին անլուր.
Խեղճ մարդու կրծքում մի սիրտ է դրված
Եվ հազար կողմից բզկտվում է լուռ:
Եվ հազար ձեւով մասնատվում անվերջ
Ցավը ցավով է նորոգվում դարձյալ,
Եվ մի հարվածով, մի բիրտ հարվածով
Անհետանում են ներկա ու անցյալ:
Անհետանում ու կրկին հողի մեջ
Գտնում են իրար թրթիռով, դողով.-

Մարդկանցով որքան որ հողն է ծածկված,
Այդքան էլ մարդիկ ծածկված են հողով:


*

Աշխարհը լիքն է կործանումներով,
Աշխարհը լիքն է տագնապով վայրի,
Մարդասիրության խենթ սամումներով
Մարդիկ քանդում են տունը աշխարհի:

Բառը տանջանքից խուլ թպրտալով
Արյունոտվում է շուրթերին իմ տաք,
Երբ որ տեսնում եմ՝ մագիլ է պահված
Իրար գուրգուրող աղավնիների
Փետուրների տակ:

Հիրավի, ե՞րբ է սկսվել անվերջ
Այս խառնությունը.
Մարդը իր ցավը երբ է ճանաչել.-
Տանջանքը գուցե ծնվեց այն պահի՞ն,
Երբ համր շունը սովորեց հաչել:

Առաջին վիշտը աշխարհի վրա
Չէր կարող մենակ, ուզում էր ընկեր,
Նրա մեջ վշտի տենչանքն էր եռում, -
Վշտերի հոտը քշում ենք հիմի
Դեպի անանուն, անսահման հեռուն:

Եվ այդ վշտերի անսահման հոտին
Տե՜ր իմ, ի՜նչ տանջանք, Կայենն է հովիվ.-

Եվ կա մի բիշտ էլ, որ այդ Կայենին
Գիտենք Աբելի մահվան շնորհիվ:

Շոշափեմ ձեռքով եւ տեսնեմ աչոք,
Որ իմ մեջ չկա արնադավ Կայեն,
Մոլեռանդորեն իջած ծնկաչոք
Պագանեմ երկիր, առ աստված – հայեմ:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Ապակու մեջ ահա ծառերն են օրորվում,
Ապակու մեջ երկինքն իր փեշերն է կախել,
Ապակու մեջ ես իմ պատկերին եմ նայում
Եվ չգիտեմ ինչու, ինձ թվում է ՝ իմ մեջ
Աճեցրել են ինչ-որ անիրական վախեր:

Այն, ինչ բնությունը տվեց ինձ իր ոգուց,
Ապակու մեջ ահա իր փեշերն է կախել,
Այն, ինչ բնությունից գողացել են մարդիկ,
Նվաճել են իբրեւ ՝ ազատությամբ մղված՝
Տարել են իմ միջից, իմ հոգուց են քաղել:

Եվ քանի որ լիքն է տիեզերքը համայն,
Բնության մեջ չկա տարածության ազատ,
Ինչ որ գողացել են մարդիկ բնությունից՝
Տեղը կամ վախով են լցրել ու ձանձրույթով,
Կամ ամեն մի թանկ բան մնացել է կիսատ:

Փողոցներում ահա, ուր օդ չկա վաղուց,
Վախով շրջապատված ծառերն են օրորվում,
Ճնճղուկները փոքրիկ սարսափներ են կարծես,
Կիսատ կարոտների մորճիկներին նստած,
Անվերջ կորուստների տագնապն են հոլովում:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Շունը

Երբ որ մարդկությունը խաղաղ կեսգիշերին
Մայր եր մտել քնի գորգերի մեջ նախշուն,
Կատաղորե՜ն, երկա՜ր ու ձանձրալի հաչեց մի շուն,
Մի շուն, որ հաչոցում իր երկար ու չնչին
Բոլորովին չուներ երկրաշարժի տագնապ,
Ողբերգություն, մի ցավ, կամ կործանում վերջին...

Նա ուղղակի այդպես հաչում էր մերթ հոգնած,
Ու մեկ-մեկ էլ թեթեւ կամ պաթետիկ շեշտով...
Հետո կամաց-կամաց ուրիշ թաղի շներ
Միացան այդ որբին
Նախ՝ առանձին, հետո ՝ դասակով ու վաշտով:

Մոլեգնորեն այդպես նա հաչում էր երկար,
Որ իր հոգին զարթնող ամբոխի մեջ սուզեր-
Եվ նա գոհ էր, դա էր ցանկացածը կարծես,
Ուրիշ որեւէ բան դժվար թե նա ուզեր.-
Կամ պիտի հավատանք պատմությանն այս մաքուր
Եվ կամ թե մտածենք,
Որ շունն ուներ թախիծ, կարոտներ ու հույսեր,
Ուներ ողբերգություն եւ երազներ վսեմ,
Արթնացնում էր, որ նոր մի խորհուրդ տա կյանքին.-
Կյանք, որ նվնվում էր եւ ձանձրալի, եւ խեղճ.-
Մի՞թե ողջ մարդկության բառերն այս թանկագին
Այդքան հեշտ ու հանգիստ, այդքան անփութորեն
Կարող են ամփոփվել մի անծագում, մի որբ
Խեղճ ու կրակ շան մեջ:
Մինչ ես կեսգիշերին մտքերս էի թերթում,
Նրա ձայնը չքվեց փողոցից ու բակից,
Ուրիշ ցեղակիցներ նրան գուցե կերան,
Եվ այս երգը ծնվեց եւ մարդկության համար.
Եվ այդ որբի համար, եւ մեր բախտի համար,
Եվ ինձ համար թաքուն ափսոսանքից:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Գիշերվա մեջ կժերն իրար
Շշնջում են կավե խոսքեր,
Եվ կենդանի շշուկներից
Կավե շուրթերն են դալկանում,

Հողի խորունկ շերտերի մեջ
Զնգզնգում են ջրի հոսքեր,
Եվ կարոտը կծկըվելով,
Հեռու սարերն է բարձրանում:

Վե՜ր կաց, վե՜ր կաց, քնած մանուկ,
Կախարդանքից խոր գիշերի.
Տե՜ս, կավի ձայնն է թանձրանում,
Օղակների մեջ կժերի:

Երգը հանգչում է քիչ առ քիչ
Աստղերի խուլ կայծկլտոցով,
Էլ ոչ մեկը չի տալու քեզ
Կարոտների բույրը խոցող:

Ոչ մեկը քեզ չի տալու բախտ,
Ոչ սե՜ր, ոչ խի՜նդ ու ոչ թախի՜ծ,
Մի բուռ հավատ, մի քիչ աստված,
Ոչի՜նչ, ոչի՜նչ, բացի վախից:

Վե՜ր կաց, վե՜ր կաց, քնած մանուկ,
Կախարդանքից խոր գիշերի,
Տե՜ս, կավի ձայնն է քարանում
Օղակների մեջ կժերի:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Հայրեն ՝ Մհերին

Դու կաց, արեգակ, դու կաց,
Ես գնամ ծովե-ծով ընկնեմ,
Ծովե-ծով լուսնյակը ման գամ,
Եվ նրա բոլորակ ականջին
Քո ոսկյա բառերը կրկնեմ:

Դու կաց, արեգակ, դու կաց,
Արեգակ մանուկս է քնած,
Ծովե-ծով լուսնյակը ման գամ,
Եվ նրա բոլորակ ականջին
Քո ոսկյա բառերը կրկնեմ:

Դու կաց, արեգակ, դու կաց,
Արեգակ մանուկս է քնած,
Ծովե-ծով լուսնյակը բերեմ,
Մանկանս ճոճք անեմ կապույտ,
Որ այդ քո ծիծաղկուն մատներով
Ձեռ տաս ու չարթնանա հանկարծ:




Ձեզ

Դուք,
Որ բանաստեղծ եք
Եվ հավատքի քրմեր,
Որ ամենից շատ հավատում եք
Ձեր երգի ամենազոր ուժին,
Ապա եղեք հզոր,
Ապա եղեք վսեմ,
Ապա թույլ մի տվեք,
Որ օտար մակույկները նավերի հավակնությամբ
Նավեն ձեր հավատքի վրա:
Դուք,
Որ բանաստեղծ եք,
Ձեր հավատքը,
Որ կարող է ուռչել
Լայնամռունչ հուզվող կրծքի նման.-
Դուք թողնում եք,
Որ նա-
Ձեր հավատքը
Այդպես մնա ուռած
Եվ – չպայթի:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Ամառ

Երանի օձիք ունենայի,
որ պատռեի հիմա-
Իսկ իմ հագին միայն իմ բրոնզագույն մաշկն է:
Նրանից ազատվելը անհնար է կարծեմ:

Թափթփված ձյուների նման
Ճերմակ սագերը ննջում են սեւ ցանկապատների տակ,
Եվ կարմիր – կտուցային տենդի մեջ
Երազում եմ շո՜գ
շո՜գ
շո՜գ,
Ամառնային կրակ:
Դա ցանկապատից այն կողմ
վազող ջրի կարոտն է,
Որ նրանց չունեցած ուղեղը նեղում է մոլորությամբ:



ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Այրված Շուրթեր

Իմ շուրթերին երբեք չի հասնում
Ծխախոտիս պլպլուն կրակը.-

Իմ շուրթերն այրված են:

Նրանք հասկանում են արեւի լռությունը,
Համբույրի կարոտը,
Եվ կարոտի լռության հանդեպ
Հրդեհվող իմ լռությունը:
Նրանք հասկանում են
Այս անձեւ,
Այս թանձր լռության բոցի մեջ
Իրենց ձեւավոր, ներդաշնակ թրթռոցը:

Իմ շուրթերն այրված են:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Երկու փոքրիկ շնիկներ,
Մի արու, մի էգ,
Լուսին էին գլորում
Տանիքներով թեք:

Խաղում էին իրար հետ
Մի տիրոջ բակում,
Իրար հետ նույն ամանից
Ջուր էին լակում:

Մի օր եկավ մի ծանոթ
Ու տարավ էգին.-
Պատեց վիշտը անամոք
Արու շնիկին:

Նա թափառում էր, լալիս,
Փնտրում էր էգին,
Էգը քնել էր հանգիստ
Նոր տիրոջ շեմքին:





*

Երեկ տխուր, այսօր ուրախ,
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ՝ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս:

Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին
Կամ ծիծաղում խենթի նման,
Ինձ բաշխում եմ ավազներին
Անապատի գետի նման:

Ինձ բաշխում եմ անմնացորդ,
Իմ ժպիտներն ու՞ր են տանում,
Ծիծաղիս մեջ ամեն անցորդ
Հոգնած հոգին է լվանում:

Վաղը երբ որ մշուշ լինի,
Եվ արցունքներ ծնվեն ցավից,
Գուցե մեկը փոքրիկ մի կայծ
Ետ բերի ինձ իմ ծիծաղից:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Երկինքը սփրթնել է:
Ու հողը ճաքել է ցրտից:
Այս աշունը աշուն է եւ հին է բյուրապատիկ,
Այս աշունը աշուն է իր նոր օրորներով:
Ես քայլում եմ հանդարտ, հատիկ-հատիկ՝
Սեւ մայթերի դեղին ժպիտը տրորելով:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Զվարթնոց

Ինչպես բոլոր լավերն այս աշխարհում,
Քեզ էլ տառապանքով ստեղծեցին,
Հետո լցրին խունկով, բույրով արեւարյուն,
Հետո լցրին արեգնածին:
Հետո ավերեցին չստեղծողներ օտար:
Միշտ էլ կատակում է փիլիսոփա կյանքը...
Ուրիշների համար՝ դու պատմության վթար,
Իսկ ինձ համար .. մնաց միայն տառապանքը:



*

Զվարթնոցն է նորից, ավերակներ,
Եւ աշուն է նորից, որին աշուն,
Նույն պահակն է նորից, նրա կողքին՝
Դեղին մի շուն:
Տերեւները նորից թափառում են
Դատարկ հնձաններում,
Եւ հին մի ռոմանս երգում կտրատելով.
«Օ, կյանք, այս ի՞նչ ես դու...
Ներում.. ներում.. ներում..»:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Քամին՝ մելանխոլիկ ջուտակահար,
Քամին՝ դեղնաշշուկ, քամին՝ նարինջ,
Ամեն վայրկյան այստեղ՝ Զվարթնոցում,
Եւ ավերիչ է, եւ արարիչ:
Ավերում է դեղին շիրմաթմբեր,
Ստեղծում է նորը հեռվում մի քիչ,
Քամին՝ սարսա՜փ-սարսու՜ռ, քամին՝ թմբի՜ր,
Քամին՝ նարի՜նջ-նարի՜նջ...


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Դեղին տերեւներն հավաքել քամին,
Խորանն է լցրել տաճարի,
Հետո սուլում է մենավորի պես,
Մենավորի պես ինքն իրեն ասում,
Թե հիմա կրա՜կ, կրա՜կ կճարի,
Կրակ կվառի ու կտաքանա...

Արեւն իջել է եւ կիսակործան խորանի խորքում
Այն հին, հեթանոս հուրն է բորբոքում:



ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Ծառը ծառ էր ծնվել,
Ապրում էր ծառ,
Լիքն էր ամառներո՜վ, աշուններո՜վ, սիրո՜վ.
Դատարկ անկյունները լցված էին
Կապույտ ստվերներով ու երկնքով անծայր:

Բողբոջել էր ծառը,
Ուռել-բողբոջել էր,
Որ՝ ուր որ է, ահա, պիտի ճաք տա,
Պայթի
Ու դառնա երգ,
Քամին եկավ հանկարծ,
Քշեց երկինքները ծառի անկյուններից,
Հետո բողբոջները շոյեց մեկ-մեկ,
Հետո փսփսուքով համոզում էր ծառին,
Թե ՝ դու ծառ ես ծնվել,
Խուլ ու համըր մի ծառ,
Թե՝ իզուր է,
Լավ չէ,
Մի դառնա երգ:
Ու ձեռքերը հենած խավարի թաց կողին,
Ծառը մի խուլ ճչաց,
Եվ առաջին հերթին
Դարձավ անհուն մի երգ՝
Հենց իր ՝ քամու շրթին:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Քամիները բոլոր, քամիները բոլոր,
Ինձ թվում է թաքուն
Ամեն տարի մի օր,
Սուր-սուրալով, կամ թե
Փափուկ թավալգլոր,
Հավաքվում են մի տեղ
Քամիները բոլոր:
Եվ աշխարհի վրա, եւ աշխարհի վրա
Քարանում է հանկարծ
Հողը հազարամյա,
Ու քարերը քարե
Շնիկներ են դառնում,
Տիեզերքում մի մեծ
Լռություն է հառնում,
Ասես հողը մեկից
Երկինք է համբառնում:
Ուռուցիկ են դառնում
Եվ ծովերը բոլոր,
Օվկիանոսներն ամեն,
Որ խորքերից իրենց անհուն տագնապների
Մի ձայն, մի շշնջյուն,
Մի հառաչանք քամեն:
Եվ ուռուցիկ, կապույտ ջրերն իրենց վրա
Բարձրացնում են ճերմակ
Առագաստներ անթիվ,
Որոնք քամով լցված,
Ուռչում են անընդհատ
Ու լուռ քարանում են
Չսուրալու խանդից:
Եվ ուռուցիկ, թավշե շրթունքների վրա
Բառն ուռչում է՝ որպես
Բողբոջն ամենամեծ,
Եվ չի հիշում ոչ ոք,
Ոչ մեկը չի հիշում,
Թե ո՞վ իրենց այդպես
Համրությանը գամեց:

Եվ լարումի ցավից
Կտրատվելով անլուր,
Հանկարծ տիեզերքում Բանաստեղծն է ճչում,
Եվ սուրում են ծովում
Առագաստներ անթիվ,
Եվ պոկվում են շուրթից
Հնչյունները կպչուն,
Եվ լսվում է ՝ ինչպես
Հողի ամեն հյուլե
Արձագանք է հնչուն:

Նա ճչում է այդպես
Եվ ինքն արդեն չկա,
Նա ցրվում է կյանքի
Աչքերի մեջ ագահ,
Եվ նա չի էլ լինի,
Չի հայտնվի, մինչեւ
Այդ մեծ, սարսափելի
Լռությունը չգա:



ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Ամպերն իջել ահա ճերմակ կտուցներով
Նոր արթնացող հողի բույրերն են հոտոտում,
Փափուկ ծիծաղի պես ալի՜ք-ալի՜ք-ալի՜ք,
Օրորվում են դանդաղ Թարթառ գետի հովտում:

Ու դաշտն անիրական երազներ է ծնում,
Թե ուր որ է, ահա, քեզ կգրկի ծածուկ,
Կփաթաթի մաքուր մշուշների քողով,
Բաց կարձակի բոլոր կարոտներդ անձուկ:

Նա կբացի ահա քո մարմինը փակված,
Եվ դուրս կգան բոլոր տագնապներդ թաքուն,
Եվ մենավոր մի ծառ, թեկուզ եւ գլխատված,
Կտեսնես, թե ինչպես, միայն հենց քեզ համար,
Իր նոր, անկոտրելի ճյուղն է ճառագայթում:

Եվ խաբկանքը ահա հալհլում է կամաց,
Մշուշն ինքը իրեն դաշտի ծայրն է հրում,
Թրթռում է դաշտը մերկ աղջկա նման
Եվ լուռ գալարվում է կանաչ սարսուռներում:

Եվ թվում է, ահա, արդեն քանի տարի
Դու ընկած ես այդտեղ, հենց այդ դաշտի եզրին
Որպես անպետք արոր, կամ որպես հին գութան,
Եվ քո աչքի առջեւ
Արեգակը դանդաղ բացումն է կատարում
Իշխանական դիրքով մենավոր մերկ ծառի
Եվ նրա մե՜ծ, անհու՜ն, անծա՜յր ողբերգության:




ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Մեր հոգիներն անլույս ու կույր լապտերներ են,
Ճոճվում են ՝
Առաստաղից ներքեւ դատարկության,
Չգտնումի վայելքն օրորվելով: -
Պատերի մեջ թաղված,
Թախծից ժանգոտվում են
Լույսի կոճակները:


*
Կանգնած չեն տանիքները-
Նրանք նստած են պատերի վրա:

Կանգնած չեն պատերը-
Նրանք նստած են հողի վրա:

Եվ հողը նստած է մեռածների մարմինների վրա:

*
Պատերը պտտվում են շուրջս:
Զարմացած երգերը մեխվել են սյուների նման:
Թախիծը երկինք է դարձել,
Ապրելու երգեր է հանկերգում:

Փշրեցեք ձեր ներսում եղած պատերը,
Եվ ազատ,
Եվ ավեր մի աշխարհ կունենաք ձեր հոգում:



*
Կեսօր է: Միջօրե: Ու մարդիկ
Ավազին փռվել են այս տապին:
Իսկ անցնող ծովայինն, իհարկե,
Անտեղի, իզուր է կատակում...
Մի փոքրիկ աղջնակ ծովափին
Փշրվող ալիքն է հավաքում:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Դեռ առավոտ է, եւ ցողն ու շաղը
Ծաղկաթերթերին ժպտում են, լալիս,
Մի ալիք ճեղքում է շամանդաղը,
Մյուսը... կարելով է գալիս:
Ես ծովի ափին նստել, կարդում եմ
Լի-Բոի տաղը՝ աշնան մասին,
Եվ անցորդները տեսնում են հանկարծ
Ինձ՝ առանց պատճառի ժպտալիս:



*
Թռիր քամի շտապ անապատի վրա,
Տներ չկան այնտեղ, փողոցներ ու մայթեր,
Որ խանգարեն քեզ ու քո ընթացքը վայրի,
Ծիծաղելով ասեն քեզ անտուն ու անտեր:
Միայն պատմիր այնտեղ մի քիչ կյանքի մասին
Կոմիտասը երգիր, սուլիր Վագներ,
Թռիր շտապ, քամի, անապատի վրա,
Չէ՞ որ դու սիրում ես ավերակներ:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Ես ծնվել եմ

Ես ծնվել եմ,
Պիտի շռայլորեն ապրեմ,
Ապրեմ երկրիս բախտով,
Ապրեմ ձեզնով,
Ինձնով,
Ապրեմ, քանի դեռ կամ:
Իսկ թե պետք է մեռնել
Դավանանքի ճշմարտության համար,
Այդ դեպքում հավատը կուզեկուզ թող չգա
Մեր ետեւից,
Մեր կոխած հողում տրորվելով
Եվ երբեմն իմաստուն,
Հաճախ անիմաստ մեր խոսքերից
Օրորվելով:

Ես ծնվել եմ:
Պիտի շռայլորեն ապրեմ...
Իմ հավատը:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Ես մի ամբողջ գիշեր
առավոտվա մասին մտածեցի:
Կանաչ մասրենու մեջ
զարմանալի աշնան մեռած թփեր կային:
Մի մենավոր կաղնի՝
ժայռակողին,
մի հին,
մի խախքարի առջեւ,
կատակերգակ տեսքով ողբերգություն խաղաց: -
Մի խաչքարի ստվեր-
ու մի խաչքար՝ թաղված:
Մի մեծ կաղնու ստվեր-
ու մի կաղնի թաղված:
Մի հեթանոս երկինք-
անդալուզյան արեւից տաք.
Օ, դու արեւի մեջ վառված իմ Հայրենիք:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Մի բեկոր ժայռ պոկեմ,
Մի կտոր լերկ արեւ
Եվ ծամելով քայլեմ այս լեռներով:

Նայեմ գազաների խոնավ աչքերի մեջ,
Տեսնեմ արցունքների բնազդային ծնունդ
ժայռերի մեջ մեխված երազների համար-
Ննջեմ գազանների տաքուկ թեւերի տակ,
Նրանց սառն աչքերից սառը ջուր խմեմ-
Ու թե ոչինչ չկա իմ գոյության համար,

Մի բեկոր ժայռ պոկեմ,
Մի կտոր լերկ արեւ
Եվ ծամելով քայլեմ այս լեռներով:



Երեկո

Ճոճվեցին լապտերներդ:
Շներդ համբուրվելով անցան:
Կատուները թախծից կծկվեցին
տանիքներիդ վրա:
Երգերդ չերգված վերջացան:
Սանդուղքներից կախված ստվերները
ելան վե՜ր,
իջան ցա՜ծ,
հոգեցի՜ն,
քարացա՛ն: -
Սեւ նարնջի պես քամեցի ես գիշերդ,
Եվ ափիս մեջ մնաց դեղին մի արշալույս:



ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Մի քիչ բարձր,
ցածր
տանիքների վրա
թափվում է անձրեւը:

Կարմիր, դեղին, ճերմակ
տանիքների վրա
թափվում է անձրեւը:

Մի քիչ բարձր,
ցածր
դամբարանների վրա
թափվում է անձրեւը:

Մի քիչ բարձր,
ցածր
լռության մեջ
ու կիսախուփ ու փակ աչքերի մեջ
թափվում է անձրեւը:

Թափվում է...


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Վ. Սարոյանին
Ապրում է մեկը հեռու,
Հեռավոր մի ինչ-որ կղզում,
Լսում է նեգրական երգեր
Եվ հետո Գերշվին է լսում:
Եվ նայում է ծովին
Եվ հետո լռում է տարբեր,
Իսկ հետո, գլուխը քարը,
Սիրում է մի քիչ հարբել:
Եվ հետո նստում, քո լեզվով
Հայկական երգեր է գրում...
Այս հեքիաթը, Ջորջի, ամեն օր
Կրկնվում է հեռու քո երկրում:


*
Բաց, դուռդ բաց արա,
Բնազդն ինձ շուռ տվեց կանաչների վրա.
Ծառի արմատներից
Պաղ խշշոց էր ելնում նրա մարմնով վերեւ
Եվ թափվում էր տաք-տաք տերեւներից:

Բաց, դուռդ բաց արա.-
... Հետո ձմեռ եկավ
Ու ճերմակ խուփ դրեց
Կապույտ խշշոցներով քլթքլթացնող
Ծառաշխարհի վրա:

Բաց, դուռդ բաց արա,
Ձեռքերդ դիր վրաս,
Եվ թաղիր ինձ հողում,
Որպես արձագաքնով լցված անհուն կարաս:


*
Արդեն հիշելն իսկ դժվար է
Ձեր Պեգասին, հույնե՛ր,
Քանզի նա այսօրվա մեր թռիչքը չուներ,
Մեր սլացքը չուներ,
Lոկ իր սլացքի մեջ մեր հիացմունքն ուներ:
Բայց եւ...
Անհնար է մոռանալը
Ձեր Պեգասին, հույնե՛ր:


*
Տիեզերական մեր մեծ թռիչքներում
Կա խինդ համապարփակ,
տիեզերական,
Եվ կա հաղթանակի հաճույք
չվայելած,
Եվ ժամանակ՝ ընդդեմ ժամանակի
ելած:
Եվ մտածում եմ միշտ,
Թե գուցե կա նաեւ
Տիեզերական վիշտ:



ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Արեւամուտը...
Ինքը՝ արեւն է, արդեն քրքրված:

Ես խոնարհվել եմ ստվերիս վրա:
Այս իմ ստվերը
Ասես ածխացած իմ «եսը» լինի՝
Իմ առջեւ դրված:


Կեղեւվդ բաց արա

Բաց քո կեղեւը, ծա՛ռ,
Առ ինձ կեղեւիդ մեջ...

Անցան օրեր մեկ-մեկ,
Անցան օրեր զույգ-զույգ,
Ճաշակեցինք եւ սեր,
Եվ տառապանք, եւ սուգ:

Հոգնեցրին ինձ արդեն
Օրերը լայն ու նեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Մեղավոր ու անմեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Տխրությունն այս ցանցառ
Եվ կարոտներն այս խեղճ,
Դե բա՛ց կեղեւդ, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղեւիդ մեջ:

Ա՛ռ ինձ կեղեւիդ մեջ.-
Այս անծաղիկ դարում
Ես կձուլվեմ քեզ հետ՝
Որպես փոքրիկ գարուն:

Որպես թաքուն թախիծ,
Տերեւներիդ խորքում
Ես կփայլեմ տխուր
Ու կմտնեմ խոր քուն:

Ու հողերը թե գան՝
Ինձ խլեն քո ձեռքից,
Ես կարթնանամ, ծառ իմ,
Կըորոտանք մեկից:

Ես կձգվեմ քեզ հետ,
Ես կճկվեմ քեզ հետ
Ու հողմերի ձեռքից
Ես կփրկվեմ քեզ հետ:

Ու մի թաքուն գիշեր,
Երբ բոլորը քնեն,
Ես քեզ կախարդական
Բառերը կըկրկընեմ.

Կերթանք կամաց-կամաց
Կելնենք թաքուն-թաքուն,
Ու քնի մեջ նրան
Կդարձընենք անքուն:

Նրա երազի մեջ
Կախարդական մի ծառ
Մարդկային ձեւ կառնի,
Կշնկշնկա կամաց
Եվ մարդկային լեզվով,
Որպես լեգենդ պայծառ,
Կարբառի նրան
Անհու՜ն, կորած մի սեր
Եվ մի կարոտ անծայր:

Հետո կամաց-կամաց,
Ցավով մեր շողշողուն,
Որպես կոփրած տեսլիք,
Մենք կթաղվենք հողում:


*
Ոչ աստղեր, ոչ լուսին երկնքում,
Ներքեւում խշշոցն է զայրագին,
Իմ կողքին աղջիկը իմ սիրած
Վարսերը նետել է իմ դեմքին:
Եվ ինչ-որ երազկոտ հոգիներ
Նետվում են ծովի մեջ, որ նավեն,
Իսկ ջարդվող ալիքներն ափերին
Դառնում են մետքսե ժապավեն:


*
Ապրում ենք իրար հետ, ապրում ենք,
Դու՝ քո խոհերով, ես՝ իմ,
Գգվում ենք, իրար հետ համբուրվում ենք,
Սիրու՞մ ենք իար, եսի՞մ...
Լուսինը արծա՞թ է, ոսկի՞ է,
Թե՞ պլատին է ամենաթանկ,
Կարեւորն այն է, որ լուսին է,
Եվ չի մեռնելու անհիշատակ:


*
Դու ինձ գրկեցիր ամուր եւ ամուր,
Ինչ-որ կյանք առավ երազը, սուտը,
Մեր միջեւ մութը ճմլվեց, ճչաց,
Եվ աչքերիս դեմ փշրվեց մութը:
Փշրվեց, ընկավ մեր ոտքերի դեմ,
Իսկ մենք նայեցինք համր ու զարմացած,
Թե ինչպես այդքան աստղեր, երազներ
Երկնքից հանկարծ շառաչել են ցած:


*
Կապույտ լուսինը դարձավ շողարձակ,
Եվ գիլ ու գլոր, եւ գիլ ու գլոր.
-Գլորվեց, ընկավ գիրկդ համարձակ:

Մարմարեղենը համբուրեց կուրծքդ
Եվ դողաց ինքը, եւ դու դողացիր.
-Ես ապրում էի մի սառը ձանձիր:

Ծառերից պոկված ստվերները սեւ
Ձգվեցին գայթող վեղարների պես.
-Ես տամուկ ձեռքս երկարեցի քեզ:

Ապա ոտքերս քայլեցին անխոս,
Մութն ալիք-ալիք առջեւս էր հոսում,
Եվ ծուլագնա «զըրը՜նգ» հա «զըրը՜նգ» .
-Գիշերապահի երգն էր աղերսում:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Armenak Avetisyan
21:02, 07.01.2018
8389 | 0
to top