MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +20 °C Tomorrow:+22 °C
Հովհաննես Շիրազ, Բանաստեղծություններ
21:47, 19.08.2014
24632 | 0

Հովհաննես Շիրազ





ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1914 - 1984

Հովհաննես Շիրազը ծնվել է Կումայրիում (նախկինում` Գյումրի): Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները: Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և չտվածի համար:
Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ: Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում: Հովհ. Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում:

1930
թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում: Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ: Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին: Հեռու չէր նաև այդ օրը: Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում:
1935
թ. լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը` «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը:
Մահացել է Երևանում 1984 թ-ի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։




ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ


Մի հայրենադարձ պատանու

Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս.
Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,
Թե պիտ խոսես օտար լեզվով,
Խմես հայոց գինին նեկտար՝
Կենաց կանչես օտար լեզվով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ՝
Աղջիկ կանչես օտար լեզվով։
Իրավ, քանի լեզու գիտես,
Այնքան մարդ ես, իրավն ասին,
Բայց որ քո հայ լեզուն չունես,
Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
Որ թողել ես քո մայրենին՝
Հարամ է քեզ հայոց գինին,
Հարամ է քեզ աղջիկն հայոց,
Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց։
Մայր հայրենին էլ ի՞նչ սրտով
Քո ոտքերն էլ գրկե վարդով...
...
Ա՜խ, չէ, Մասիսը հալալ է քեզ,
Հայոց վշտում դու մեղք չունես,
Հալալ է քեզ հողն հայրենի,
Թող քեզ ջուրն էլ դառնա գինի։
Քանզի հայոց վայ սփյուռքում
Պանդխտությունն է դեռ պոկում
Հայ բերանից հայոց լեզուն,
Օտարն հայոց մահն է ուզում,
Բայց նա հայ է, ով հովազի
Արնախում երախումն էլ
Իր մայրենի լեզվով խոսի,
Մոր կաթի հետ ծծած լեզվով,
Որ հայ գետը ծով ծնի, ծով,
Ժխորում էլ Բաբելոնի
Խոսի լեզվով իր մայրենի,
Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
Մեզ բյուր դարեր հայ է պահել։

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Սիրո հիասթափություն



Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
Ու ես այն գինով հարբած խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
Թափվեց իմ գինին... արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, -
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս,
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
Սիրույս գինին էր աչքերս կապում,
Ա'խ, ինչ լավ եղավ, որ փշրվեցիր,
Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
Որ լուսացել էր սիրույս արևով,
Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
Խաբված աստծուն՝ սատանի առաջ...
Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
Մեռած լուսնյակին իր լույսով չափում

***


Օ՜, թե իրավ են փոխում սրտերը,
Թող իմն էլ փոխեն՝ անսեր մի սրտով,
Որ այս սրտիս հետ կորչի իմ սերը,
Գեթ մոռանամ քեզ, ապրեմ անվրդով:
Կամ ծիածանվի քնարս անպես,
Որ տակից անցնես ու առնաս տղա,
Որ անհետ չքվի սերս աղեկեզ,
Քեզ հիշելիս էլ՝ սիրտս չդողա...

Քեզ որ առնեմ



Քեզ որ առնեմ` էլ չեմ թողնի,

Ես քո ցավը կտանեմ,

Թեկուզ սերդ դժոխք լինի,

Ես քեզ դրախտ կտանեմ:

~*~

Թե աղբյուր ես դու կենդանի,

Ես քեզ ծարավ երաշտն եմ,

Քեզ որ առնեմ` էլ չեմ թողնի,

Աստըծու տեղ կպաշտեմ:

~*~

Բայց թե պաշտեմ Աստըծու պես,

Դու սատանա կդառնաս,

Ինձ կտանես դժոխքն ահեղ,

Դու դրախտում կմնաս . . .

ՄԱՅՐՍ




Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս
Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տերն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղ ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս։
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան աստվածն է մայրս...


Ես կուզենայի, որ կյանքդ ջահել




Ես կուզենայի, որ կյանքդ ջահել
Ծաղկի պես բացվեր իմ ծաղիկ գրկում, ―
Ծաղկից էլ քնքուշ իմ սիրուն վայել՝
Կուզեի ծաղիկ մնաս ողջ կյանքում,
Ո՞ւմ են ծաղկունքը մի օր չար նայել,
Ժպտում են անգամ պոկողի ձեռքում

Կինը աստծո հարսն է


Կինը աստծո հարսն է, ասին,
Աստծո գինու թասն է, ասին,
Ա՜խ, չէ, աստծո հարճն է կինը,
Աստծո գինու փարչն է կինը:

Աստծո գինին անմահական`
Հարբեցնում` աստծուն անգամ,
Սուրբ գրկի մեջ աստվածային,
Ծախվում է միշտ սատանային...

Այնինչ, որպես իր մորն արթուն`
Աստված էլ է մորը պաշտում:
Լռիր, անմիտ սիրտ իմ անհաշտ,
Մեղք է մայրս աստվածապաշտ:

Ինչո՞ւ ընկնես մորս աչքից,
Ո՞նց ձեռ քաշենք այն հրաշքից,
Որ մեծ մայրն է մորս կյանքի,
Հրաշք մայրն է տիեզերքի:

Սիրուց քաղցր սերն է միայն



Ախ, էլ ինչո՞վ, ինչու՞ ապրեմ,
Երբ չպիտի սիրով հարբեմ,
Երբ համբույրիս հետքը չկա
Շուրթին սիրած իմ աղջկա:

Սիրուց քաղցր էլ ի՞նչ կա որ,
Սիրուց քաղցր սերն է միայն, -
Հասիր, ծաղկենք, իմ հեռավոր,
Վարենք հանգած օջախն իմ տան:

Թե քո սերը թևեր տա ինձ,
Քեզ արծվի կաթ կբերեմ,
Ետ կխլես դու ինձ մահից,
Թե մի գիշեր քեզ համբուրեմ:

Դու, որ ինձ չսիրես սրտանց,
Էլ ո՞վ սիրե, իմ հայուհի, -
Հասիր, թե իմ սերն է Աստված,
Դու իմ միակ աստվածուհի... Թե մահից հետո հող պիտի դառնամ


Թե մահից հետո հող պիտի դառնամ
Թո՛ղ դառնամ սիրո ճամփեքին մոտիկ,
Որ սիրո համար նորից աշխարհ գամ՝
Հողից դառնալով պայծառ մի ծաղիկ:
Եվ ինձ կքաղի պատանի մի նոր, -
Կդնի կրցքի՜ն սիրած աղջկա
Եվ համբույրի մեջ նրանց բաղտավոր
Կզգամ որ սիրո համար մահ չկա՜...

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ (ՀԱՏՎԱԾ)


Ամեն ազգի խաղաղություն, սուրբ ըղձանքով միշտ հղի,
Դու ես խորհուրդն իմաստության, դու ես արգանդն սուրբ հողի,
Ո՜վ մեծ Հիսուս, ա՜խ ի՞նչ անեմ, որ երբ որ գաս չխաչվես,
Վարդի փոխես փուշն էլ մեղաց, ոչ թե սևով կակաչվես,
Թե արևն եմ՝ քեզ եմ փնտրում՝ հողագունդն եմ՝ դեռ մթնում,
Թե կույր գառ եմ, մոր ստինք ես՝ մթնում էլ եմ քեզ գտնում...
Թե քո զանգն եմ ազգամռունչ՝ դու ես լեզվակն իմ ոսկի,
Թե տաճար եմ՝ դու ես զանգս, դու ես ղողանջն իմ խոսքի,
Ես պապակ եմ աղբյուրներիդ՝ շատրվանիր մշտաբուխ,
Թե ես հող եմ՝ գարուն ես դու, թե թոնիր ես՝ ես՝ հացթուխ:
Թե մակույկ եմ կյանքի ծովում՝ դու ինձ տանող առագաստ,
Թե անառակ որդի եմ քեզ՝ դու ինձ մայր ես հայրասաստ,
Թե ես խոսքի հանք եմ ոսկի՝ հանքափորս դու ես միշտ,
Թե ես կռվոմ զոհված զինվոր՝ դու ես մայրս մշտավիշտ:
Թե ճամբորդ եմ՝ դու ես ճամբես, ՝ թե ջրվոր եմ՝ արտ ես դու,
Թե արծիվ եմ՝ թևերս ես դու, թե սոխակ եմ՝ վարդ ես դու:
Թե թոնիր եմ՝ հացս դու ես, թե կռիվ եմ՝ դու ինձ վերջ...
Թե վիկտոր եմ՝ դու ես միակ իմ նոր գտած աստղը պերճ:
Թե ես նավ եմ տիեզերախույզ՝ դու ես հրթիռն ինձ տանող,
Թե խոպան եմ՝ դու ես խոփս՝ կյանքն ամենուր սերմանող:
Դագաղագործ չդառաս դու, թե օրոցք ես դեռ գալիք՝
Քեզ կսպասեն հարսների մեջ՝ հազար-հազար ծիլ բալիկ,
Հազար-հազար օրորոցներ, որ անտառ չեն տակավին
Հազար ու բյուր սեղմ ու սաղմեր, որ դեղ են վաղն հայ ցավին,
Հազար-հազար, հազար ու բյուր, հազար ու բյուր բալիկներ,
Թե փլուզվես, ով խաղաղիկ՝ ումո՞վ դառնան... գալիքներ,
Յոթնապատիկ իմ ողջ տունը աղոթում է քեզ համար,
Ոչ թե առաջ իմոնց համար, այլ քեզ համար, ո´վ աշխարհ,
Այսօր ծիլ է, վաղը գալիք, մյուս օրը պտղակուտք:

Ով նեյտըրոն, քո պատյանը, դագաղն է ողջ մարդկության,
Թե մարդկության մռունչն համառ՝ չխորտակի քո ճամբան:
Վեր դայակւիր խաղաղությո´ւն, արևելքից արևմուտք՝
Մեղրազեփյուռ օդի փոխվիր՝ բխած բոլոր ծաղկունքից,
Չճերմակի ոչ մի թուխդ, հույսեր ծաղկեն քո քունքից,
Օդի փոխվիր, հյուսիսում էլ, հարվում էլ, ամենուր,
Ժողովրդվիր, ո՜վ բարություն, մերկ մի թողնի ոչ մի թուր:
Թե գեղեցկի սիրահար եմ՝ դու ես չքնաղն իմ դարի՝
Դու կույս մայր ես՝ դու ես միակ Աստվածամայրն աշխարհի:
Թե կանթեղ ես՝ ամեն մի սիրտ ձեթ է որ միշտ վառ մնաս,
Թե Մասիսի ձյունն ես՝ կուզեմ աղբյուր դառած գիրկս գաս,
Թե մայրիկիս աչքերն ես դեռ՝ կուզեմ վրաս միշտ նայես,
Թե ազգերը բալիկներ են՝ կուզեմ մոր պես փայփայես:
Թե լուսին եմ՝ արև ես դու՝ ես քո լույսով լույս կտամ,
Թե ցօղուն եմ խոստումների՝ դու ես ծաղիկն իմ խոստման,
Թե բարուր եմ՝ կյանքն է օրօցք, դու ես բալիկն իմ գրկած,
Թե բանակ եմ՝ դու ինձ ամրոց, դու ես վրանն իմ զարկած:
Թե ես թուր եմ՝ դու ինձ պատյան, թե երակ եմ՝ դու արյուն, -
Թե փեսա, եմ՝ դու ես միակ կույս հարսնացուս, իմ գարուն:
Թե քո փողն եմ տագնապահունչ՝ դու ես շունչս մշտահողմ, -
Թե սրինգ եմ՝ դու ես նվագն համասփյուռված ամեն կողմ,
Ո´վ մանկածին խորին խորհուրդ, ո´վ մանկապահ, մանկահայր,
Ո´վ մանկաբարձ, մանկադայակ, մայրաստինք, մանկամայր:
Ո´վ մարդապաշտ խաղաղություն, էլ ո՞րն ասեմ քո մասին,
Մի երեսդ արեգակ է, մի երեսդ էլ դեռ լուսին:
Թե դու Մարսն ես՝ ինչպես լուսնին՝ քեզ նվաճել կտենչանք,
Դու իմ մի բուռ ժողովրդի Վանա ծովի անրջանք...



ՀՐԱՇՔ



Երազիս մեջ դուռը զարկին
-
Ո՞վ է ասի ներսից ես,
Դրսից ինչ որ պառաւ մի կին
Ասաց «Մատաղ լինեմ քեզ» ...

Մի կտոր հաց ողորմացիր,
Աղքատ կին եմ, որբ, անտեր,
Ու ես իսկույն դուռը բացի՝
Հրաշք... մեռած մայրիկս էր:

Սարսափեցի, բայց գիրկն ընկա,
Մայրս ասաց, «ես եմ, ես,
Քեզ փորձելու համար եկա,
Հո չի՜ փոխել կյանքը քեզ:

Մուրացկանի տեսքով եկա,
Որ աշխարհն էլ իմանա՝
Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,
Թէ՞ մեռել է ինձ հետ նա...»


Երազիս մէջ հորս տեսա՝
Մորս նման հայտնւեց,
Խինդ ու վախով գիրկը հասա,
Շիրիմից ելավ ինձ գրկեց:

Հեկեկացինք դառն ու անուշ,
Հայրս նայեց իր չորս դին,
Արագածին նայեց քնքույշ,
Ասաց՝ կապրի իմ որդին...
Բայց երբ նայեց Արարատին՝
Ինձ խեթ նայեց հայրս ծեր,
-
Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,
Երբ կիսատ է տունը մեր:
Վշտից նորից մեռավ հայրս,
Ասաց՝ «որդիս, թէ կուզես
Հողը թեթև լինի վրաս
Տունս կիսատ չթողնես...»

Մայրս


Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս այս մայր երկրի մեջ,
Արևի դեմ մի ճրագ:

Բայց արևի լույսի տակ,
Երբ ցավեր եք ինձ բերում,
Սրտիս մռայլն անհատակ՝
Այն խեղճ ճրագն է ցրում:

Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս մի բուռ սրտի մեջ,
Գիշեր ու զօր արեգակ:

ԾՆՈՂԱԿԱՆ ՍԵՐԸ


Ձյուն ձնեռ էր. կտուրն ելել,
Ձյուներն էի թափում ցած,
Քրտնել էի, շորերս հանել
Ու դեռ բարակ «մի շապկանց» ՝
Ձյուներն էի թափում ցած։

Հանկարծ մայրս, երբ ինձ տեսավ՝
Հագիս բարակ մի շապիկ,
Ծնկին զարկեց, վայ-վույ ասավ,
-
Ի՞նչ ես արել, իմ բալիկ։
Ու՞ր ես քրտնած շորորդ հանել,
Կապուտկել ես, իջիր ցած,
Բայց ես թափում ձյուները դեռ,
Ձյունի մեջ էլ քրտնած՝
Չէի ուզում իջնել ցած...

Այնինչ մայրս գոռում-լալիս,
Մեկ էլ տեսա՝ մտավ ներս
Ու դուրս բերեց բարուր-բալիս,
Ասես կտրից ընկա ես.
Ու գոռացի մորս վրա,
Ա՜խ, չորանար թող լեզուս...
-
Ու՜ր դուրս բերիր, նե՛րս տար իսկույն,
Մրսե՜ց, ներս տար մերկ որդուս։

Ու մայրիկս, մոտիկ գալով,
Փայփայելով իմ որդուն,
-
Ախ, բալիկ ջան, - ասաց լալով, -
Մի՛ բարկանա վրաս դուն,
Չէ՞որ դու էլ իմ բալիկն ես,
Նրա համար դուրս բերի,
Որ քեզ տեսնես, ինձ էլ խղճաս.
Դու էլ ի՛մն ես, ցա՛ծ արի...


Կնոջ սիրտը


Կնոջ սիրտը մի բաժակ է բյուրեղյա, -
Փշրեցիր ու չես կարող էլ կպցնել,
Եվ այն օրից, ավա՜ղ, էլ չի կարող նա
Համբույրներիդ գինին սրտանց վերցնել:

Ի՞նչ հրաշքի սիրտ կա սրտում մայրական,
Ու ինչքան էլ փշրում է որդին խենթ,
Չանցած մի պահ, չանցած վշտի մի վայրկյան
Կպչում է միշտ ու քեֆ անում որդու հետ:

Մի կյանք արժե




Մի կյանք արժե մի համբույրը աղջկա,
Առանց սիրո, առանց կնոջ կյանք չկա.
-
Ա՜խ, չէ՜, թեկուզ դրախտն ինքը կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

Կինը սեր է, բախտաբեր է` թե սեր տաս,
Առանց կնոջ` ինձ պես անբախտ կմնաս,
Ա՜խ, չէ՜, թեկուզ բախտն էլ անհաս կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

Արևն, ասես, կնոջ աչքից կծագի,
Մի համբույրից` անապատը կծաղկի, -
-
Ա՜խ, չէ՜, թեկուզ չեղածն ինքը կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

Կինը մահին հաղթող կյանքի աղբյուր է,
Իմ համբույրով ինձ բալիկներ կբերե, -
-
Ա՜խ, չէ՜, թեկուզ աստված ինքն էլ կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:


Ծով կուզեր ձգել ձկնորսն իր շանը

Ծով կուզեր ձգել ձկնորսն իր շանը,
Տես դու ապերախտ աշխարհի բանը,
Շատ է զառամել, էլ պետք չի գալու,
Գող ու գայլի հոտն էլ չի զգալու
Իր քթի տակ էլ,
Շան օրն է ընկել՝
Էլ տուն չի պահե ու մարդ անբանը
Նավակից ծովն հրեց իր շանը.
Թշնամու նման
Ծովն հրեց նրան՝
Իր հավատարմին, իր հին մտերմին։
Ապշեց մի վայրկյան դողահար շունը
Նա, որ տարիներ պահում էր տունը,
Հսկում էր քունը տիրոջ ապիկար։
Գայլի հոտն անգամ չէր թողնում մոտ գար,
Ձմռան գիշերն էլ հազար գայլով լի,
Բայց օր ծերության հանդիպեց գայլի։
Մարդը հրում էր, որ ծովը ձգե,
Շունը ճգնում էր, որ կյանքը փրկե,
Տիրոջն էր կպչում՝ կառչում թաթերով,
Լուռ կատաղությամբ և թե լուռ սիրով,
Նույնիսկ աչքերում արցունք երևաց։
Բայց, երբ մարդն էլ կատաղեց, հևաց,
Երբ անսիրտ մարդն էլ անմիտ կատաղեց՝
Ծռվեց նավակը՝ ծովն ընկավ՝ թաղվեց,
Ծովն ընկավ մարդն էլ, բայց տես ինչ տեսավ.
Շունը խեղդվող տիրոջը հասավ
Բերանով իսկույն
Բռնելով մարդուն
Լողալով՝ մարդուն դուրս բերեց ծովից,
Եւ ինքը մեռավ իր սրտի ցավից...


Մոր սիրտը


Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել՝
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին...
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։

Ցնորք չի եղել Հայոց վիշտը մեծ

Ցնորք չի եղել Հայոց վիշտը մեծ
Ու թե հառաչեր մի հայ բանաստեղծ
Թե չար դարերի հողմերով քշված
Լուսնի վրա էլ հայեր կան ցրված...
Ես կհավատամ այդ դառը խոսքին
Ես կհավատամ, որ լուսինն անգամ
Ծանոթ է բոկոտն հայ թափառ ոտքին
Ու դրանից է նա թախծում այսքան:
Ա~խ քո էլ բախտն է լուսնկան լալիս
Դու էլ ես պանդուխտ իմ ազիզ Մասիս
Բայց քեզնից էլի կարոտս եմ առնում,
Երբ քեզ եմ նայում մի լեռ եմ դառնում
Մինչ հազար ծովեր դեռ այն կողմ ցրված
Որքա~ն Մասիսներ դեռ ունեմ գերված
Ես դարեր խաբված դարերով զարկված
Նոր եմ բռունցքվում լեռներում իմ լուրթ
Ես որդեկորույս բայց հույսով փրկված
Ես մի Հայ մի Հայր մի Հայ ժողովուրդ...

Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի



Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի,
Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի,
Իմ սիրտն ի՜նչ է, ա'խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով,
Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի:

Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, -
Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, -
Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի:

ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով,
Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով,
Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, -
Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի:

Գտա

Գտա

Իմ մանկության դառն հուշեր,
Ու ես ձեր մեջ որբ տղա,
Բայց ահա խոր մի գիշեր
Որբանոցից ես փախա .
Մորս կարոտն իմ սրտին՝
Քաղաքն արի ոտնատակ,
Գտա միայն մեր բարդին
Ու մեր խրճիթն՝ ավերակ։

Ա՜խ, կոծում էր բարդիս դեռ՝
Թե ինչպես ձեռքն ասկյարի
Հորս թողել կիսամեռ,
Չէր թողել քարը քարի...
Բայց ու՞ր էր մայրս դալուկ,
Ա՜խ, նա էլ էր որբացել,
Արցունք դարձել ու մանուկ
Աչքիս մեջ էր մնացել։
Եվ հուշերի սրտամշուկ
Շշուկներն են վկայում,
Որբ մնացի և արցունք,
Եվ Շիրակիս շուկայում
Խուժանացա։ Եվ մի օր
Տեսա՝ սև հացը ձեռքին
Տուն էր գնում գլխիկոր
Հին շուկայից մի խեղճ կին։


Վրա պրծա ու ձեռքից
Հացն ուզեցի փախցնել,
Նա ետ դարձավ, բայց մեկից,
Ա՜խ, չիմացավ ինչ անել,
Եվ անունս շրթունքին՝
Ինձ գառի պես գիրկն առավ,
Ամուր սեղմեց իր կրծքին։

Եվ գլուխս էր գուրգուրում,
Սեղմում կրծքին իր մաշված,
Եվ աչքերս էր համբուրում,
Եվ ձեռքերս մրոտված,
Եվ կրկնում էր՝ «Գի՛ժ ջան, գի՛ժ» ։
Եվ լալիս էր, եվ գգվում,
Եվ դեռ մեր շուրջն ակնապիշ
Մարդիկ էին հավաքվում...


Բայց սիրտս, որ տարիներ
Կարոտել էր մոր գրկի,
Չէր հարցնում, թե ով էր,
Չէր մտածում ու կրկին,
Թեև, որպես մի թռչնակ,
Թպրտում էր կույր ու խեղճ,
Բայց զգում էր, որ մի տաք
Բույն էր գտել գրկի մեջ։

Նա խենթ փայում, փայփայում,
Եվ խայտում էր իմ հոգին,
Ու կարծես թե շուկայոււմ
Ինչքան հաց կար՝ ինձ տվին
Բայց նա հացն էլ մոռացած՝
Դեռ ինձ կրծքին էր սեղմում,
Ա՛խ, նա մայրիկս էր կորած,



Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ...




Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ,
Որ ինձ հիշես վշտի մեջ, թե խինդի մեջ քո գալիք.
Գանձեր չունեմ, բայց գանձն ի՞նչ, գանձը լույսն էր աչքերիս,
Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս:
Քեզ այնպիսի գանձ կուզեմ ես կտակել հայրաբար,
Որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր, -
Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում
Փոքրիկ մարդիկ են բանտել ու շղթայել ամպերում.
Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,
Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,
ՈՒ կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով
Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարությանդ ուժն է ծով,
ՈՒ երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես,
Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես
ՈՒ կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի,
Որ շիրմում էլ` դարավոր հուր կարոտից չմրսի:
Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,
Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան:

Մայրիկ, հիվանդ եմ, սիրտըս քրքրված...

Մայրիկ, հիվանդ եմ, սիրտըս քրքրված.
Տես, ո՜րքան խորն են հոգուս վերքերը
Արնոտ ու խոցոտ:
Մի՞թե կարող ես վերքերըս բուժել,
Որ տիեզերքի հըսկա վերքերի
կաթիլներիցն են:

Մայրի՛կ, հիվանդ եմ երկընքի ցավով.
Տե՛ս, ի՜նչպես դառըն երգում եմ երգեր
Անհուն վըշտերի, տանջված մըտքերի.
Մի՞թե կարող ես երգերս մարել,
Որ տիեզերքի հսկա վերքերի
Ցավն ու կըսկիծն են...

Ա՜խ, թո՛ղ, մայրիկ իմ, վերքերս վառվին,
Թո՛ղ ես մըրմընջամ, անհույս մորմոքին.—
Ա՜խ, դու չե՛ս կարող խեղճ որդուդ կյանք տալ,
Ափսո՜ս, չես կարող բոցը արևի,
Շողքը աստղերի, թափը կայծակի
Հոգուս մեջ ձըգելկյանք տալ իմ կյանքին:
Երբեք չե՛ս կարող ջնջել ու փըշրել
Երկինք ու երկիրիմ մեծ վերքերը
Արնոտ ու խոցոտ...

***

Քեզ ոչ թե հույսի ընդունայն խոսքեր`
Դաշտի ծաղիկներ կուզեի քեզ տալ,
Քեզ ոչ թե դաշտի թոշնող ծաղիկներ`
Երկնքի աստղեր կուզեի քեզ տալ,
Քեզ ոչ թե մութից դողացող աստղեր`
Մա՛յր իմ, արևներ կուզեի քեզ տալ,
Քեզ ոչ թե հազար գարնան արևներ`
Կյանքի ծովերը կուզեի քեզ տալ,
Որ դար ու դարեր քո սիրով անամպ
Լցնեիր կյանքը քո սուրբ սրբությամբ,
Մա՛յր իմ, արևս կուզեի քեզ տալ,
Հավերժությունը ողջ տիեզերքի,
Թեկուզ մի վարդ էլ քեզ պարտք չմնալ,
Ո՛վ աստվածություն` խիղճ ու արցունքի...


***

Օ՜, թե իրավ են փոխում սրտերը,
Թող իմն էլ փոխեն՝ անսեր մի սրտով,
Որ այս սրտիս հետ կորչի իմ սերը,
Գեթ մոռանամ քեզ, ապրեմ անվրդով:
Կամ ծիածանվի քնարս անպես,
Որ տակից անցնես ու առնաս տղա,
Որ անհետ չքվի սերս աղեկեզ,
Քեզ հիշելիս էլ՝ սիրտս չդողա...

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ



Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։




ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

(1915 - 1984)


ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳ
(վերելք)

Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես բախտիս սաերն ի վեր,
Ելնում են ես քարերն ի վեր,
Ելնում են ես սարերն ի վեր,
Քարեր, սարեր, դարերն ի վեր:
Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատում քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարեր, սարեր, դարեր ճամփիս:
Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ՝ չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահեր, մահեր, ջահերն ի վեր:
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ՝
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարեր, սարեր, դարեր կան դեռ...



ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։



ԿՏԱԿ

Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ,
Որ ինձ հիշես վշտի մեջ, թե խինդի մեջ քո գալիք.
Գանձեր չունեմ, բայց գանձն ի՞նչ, գանձը լույսն էր աչքերիս,
Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս:
Քեզ այնպիսի գանձ կուզեմ ես կտակել հայրաբար,
Որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր, -
Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում
Փոքրիկ մարդիկ են բանտել ու շղթայել ամպերում.
Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,
Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,
Ու կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով
Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարությանդ ուժն է ծով,
Ու երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես,
Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես
Ու կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի,
Որ շիրմում էլ` դարավոր հուր կարոտից չմրսի:

Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,
Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան:



ՄԱՅՐՍ

Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մեր ճորտն ու ծառան է մայրս,
Մեր տան անշուքն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան պուճուրն է մայրս,
Մեր հացն ու ջուրն է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղն ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծառավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Ա՜խ, մեր տան Սիսն է մայրս,
Մեր տան Մասիսն է մայրս,
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան Աստվածն է մայրս...



* * *
Ես ծնվել եմ ձորերում`
Եղեռնի սև օրերում:

Մայրս կրծքին` օրորել`
Իմ օրոցքն էլ է կորել:

Աչքս բացի` սով տեսա,
Աստված ասաց` "Զոհ է սա":

Դեռ փայտե ձի չհեծած`
Բախտի ձիուց ընկա ցած:

Որբ մնացի ու անուս,
Ես դեռ մանկուց ընկա դուրս:

Վշտի վիհից, գահեր վես,
Հրաշք է, որ հասա քեզ:

Քիչ էր մնում` եղեռնի
Թաթն իմ կոկորդն էլ բռնի:

Բյուրերին է նա հորել`
Ինչպե՞ս է, որ չեմ կորել:

Չեմ պղտորվել, վշտից մեծ
Սոխակս օձի չփոխվեց:

Հոգիս` արցունք ու ոսկի`
Խտացվածքն եմ իմ ազգի:

Այժմ ազգին իմ անչար
Պարտք են Աստված ու աշխարհ:

Հատուցումը եղեռնի`
Երբ էլ լինի` կհառնի:

Իրար գրկեն պիտի ողջ
Այս ազգերն էլ մահագոչ:

Աշխարհ, դու ինձ մի նայիր,
Իմ ողջ ազգին փայփայիր:

Վախենում եմ, թե նրան
Դու պարտք մնաս... հավիտյան:



* * *
Երկնքի սպիտակ, սպիտակ շուշաններ,
Իջնում եք անշշուկ, իջնում եք ձյուն դառած,
Իջնում եք՝ պարուրում անտառներ ու դաշտեր,
Ու ծածկում իմ աչքից ձորերն իմ թափառած:

Թափվեցե՛ք, իմ ձյուներ, երազներ քնքշաթով,
Թափվեցե՛ք, ծածկեցե՛ք ձորերն իմ հուշերի,
Ա՜խ, հուշերն ինձ անգամ խոցում են շշուկով,
Հուշերիս քուն բերեք մոռացման գիշերի:

Ես ամեն ինչի մեջ նրան եմ տեսնում դեռ,
Ոտքերի հետքերն եմ նշմարում քարերին,
Փռեցե՛ք մոռացման սավաններն, իմ ձյուներ,
Նրա հետ թափառած իմ բոլոր ճամփեքին:

Թող իջնի մազերիս ձմեռը տխրաձայն,
Միայն թե մոռանամ, հեռանամ հուշերից,
Ա՜խ, իմ դառն հուշերը չպիտի քաղցրանան,
Թեկուզև մազերիս ձյունն իջնի՝ ծածակի ինձ...



ԳԱԶԵԼ ՇԱՄԻՐԱՄԻՆ
(Հեթանոսկան)

Ես աչք չունեմ քո հող-թագին, եկ, Շամիրամ, այս գիշեր,
Ախ, սիրել եմ ուզում մի կին, եկ, Շամիրամ, այս գիշեր,

Ես Արան եմ, Գեղեցիկի հազարերորդ թոռն եմ թուխ,
Թե դեռ վարդ կա քո շրթերին, եկ, անթառամ, այս գիշեր,

Վախենում եմ կյանքս թռչի սիրո տենչ ու տանջանքով,
Ես կարոտ եմ քո գգվանքին, եկ՝ տարփանամ այս գիշեր:

Հոգնել եմ ես քրոջական համբույրներից խաբուսիկ,
Մարմին կուզե իմ խենթ հոգին, եկ` խենթանամ այս գիշեր:

Հրաբորբոք այնպես գրկեմ, որ Արային մոռանաս,
Մի գառ դառնաս դու իմ գրկում, եկ` գայլանամ այս գիշեր:

Քո շուրթերից ծծեմ գինին ասորական դաշտերի, -
Հարբած ընկնեմ քո բաց կրծքին` եկ` մեղրանամ այս գիշեր:

Շամբշոտանալ կուզե հոգիս շամբշոտաշատ մի գրկում,
Ես ուզում եմ անկուշտ մի կին, եկ` ցոփանամ այս գիշեր:

Մի բուռ սիրտս ծովացել է մի ցոփ կնոջ կարոտով, -
Նազուկ մեջքիդ ցոփ եղնիկին` եկ` վագրանամ այս գիշեր:

Սև աչերդ սիրո հուռութք` հյուսքերիդ սև պարանով
Օձապատույտ եկ իմ մեջքին, եկ` փաթութ գամ այս գիշեր:

Մռնչում է մարմնակարոտ մարմինս` ընդդեմ իմ ոգու,
Եկ ծծերիդ ծով ծփանքին ծիածան գամ այս գիշեր:

Ձյունի կարոտ կրակներդ կրակ կրքով կմարեմ,
Եկ, ծովանամ քո տարփանքին, եկ` հովանամ այս գիշեր:

Ես Արան եմ... Եկ Նվարդիս գեթ մի գիշեր ես դավեմ, -
Որ նեըմպեմ դարիս ոգին, եկ` շնանամ այս գիշեր:

Ավաղ, էլ ոչ սուրբ Նվարդ կա, ոչ սուրբ Արա Գեղեցիկ,
Շամիրամվեց Նվարդն անգին, եկ` շամբշանամ այս գիշեր:

Արև կրքով հասիր` ցրիր արցունքներս աստղացած,
Որ նման որբ այս լուսնյակին որբ չմնամ այս գիշեր:

Հոգնել եմ ես` երազածիս երազներով գրկելուց, -
Ես տենչում եմ արյուծ մի կին, եկ, գառնանամ այս գիշեր:

Շատ ազգեր են սրից կորել, սիրով արի, ոչ սրով, -
Ափսոս կորած քո էլ ազգին, ե՛կ, Շամիրամ, այս գիշեր:

Բեր Վանա ծովն աչքերովդ` ծով գիրկն ընկնեմ, հովանամ`
Գեթ պատկերը բեր իմ աչքին, եկ, ծովանամ այս գիշեր:

Քրիստոնյա իմ մարմինն էլ` հեթանոսվի թող այնպես,
Որ գառնանաս իմ խոյանքին, եկ, արբենամ, այս գիշեր:

Բայց թե զորքով ինձ հայտնվես` ես քեզ պատանք կդառնամ,
Ու գերեզման քո բանակին, ե՛կ, Շամիրամ, այս գիշեր:



ՀԻՆ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Մեկից մի սոխ, մեկից մի հաց գողանում,
Գնում էինք Արփաչայը լողանում։
Սոված, ծարավ, բոկոտն ընկնում սար ու ձոր՝
Շրջում էինք՝ անգիտությամբ բախտավոր։
Աշխարհն, ասես, սարի հետեւ, վերջանում...
Իջնող արեւն իրեն հետ էր մեզ տանում...
Չգիտեինք՝ ո՞վ էր ժպտում, ո՞վ լալիս,
Ո՞վ էր մեզ հաց, ո՞վ մեր աչքին լաց տալիս...
Չգիտեինք, թե ո՞ւմ կուրծքն էր զարդարում
Ձնծաղիկը, որ մենք էինք միշտ բերում...
Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...



ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք, -
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
- Ի՜նչ թարմություն, - ասացին, - ի՜նչ թարմություն, - ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։



ԵՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ

1
Թիկունքս արած Արագածին՝ կանգնած եմ ես Մասսի դեմ.
Ի՞նչ է խորհում ծերուկ հսկան, ի՞նչ է տենչում՝ չգիտեմ։

Միայն նրան եմ հասկանում՝ հողիս ձայնին ունկնդիր
Եվ քեզ, չքնաղ իմ Վանա ծով, դու շղթայված իմ երկիր։

Դու ծնվեցիր, իմ ժողովուրդ, Արարատ սար ու ձորից,
Ինչպես Վանա ծովից՝ Սևանն, ինչպես մանուկն՝ իր մորից։

Դու ժպտացիր ինչպես մանկիկ՝ ծնված գրկում իր հույսի,
Հողագնդի ստինքների՝ Արագածի, Մասիսի…

Վանա ծովը կաթն էր անուշ՝ քո շուրթերին մանկական,
Քեզ չի սնել ուրիշ մի ծով, չունես ուրիշ բնօրրան։

Դեռ էն գլխից անգլուխներ քեզ գլխատ ել տենչացին,
Ա՛խ, մերթ արյուն, մերթ արցունք են խառնել քո կյանք ու հացին։

…Աժդահակի խոլ նախահայր Բելն Էլ ընկավ, բայց անվերջ
Դու սարի պես միշտ կանգնեցիր քո սարերի գրկի մեղ։

…Դարեր անցան, եկան դարեր, ծնվեց Արան Գեղեցիկ,
Սև աչքերը սիրո գիշեր՝ հարբեցումի գինով լիք։

Եվ Շամիրամ՝ մի առնաբաղձ, տեսավ նրան ու գերվեց,
Դեպի Մասիս ու Արայի գեղեցկությունն արշավեց…

Ու բախվեցին խաբված ազգերն, արյունն այնպես ծովացավ,
Որ մեջն ազգերն այրվեցին, շամիրամներն՝ հովացան…

Ընկավ Արան իմ Գեղեցիկ, բայց գեղեցիկ միշտ մնաց,
Ըկավ Արան, որ Արարատ մնան լեռներն հայրենյաց։

Եվ ժողովուրդն ընդոստ ոստնեց՝ ձեռքին և՛ սուր, և՛ գութան,
Ելավ ծուխը մեր ծիրանի՝ սիրած դրոշն հայության։

Խոլ արշավներ նա խորտակեց, պահեց երկիրն ինչպես լեռ,
Բայց իր հացը արնոտեցին նոր դժոխքներն արնաձեռ։

Դարերն Էլի մրրկաբաշ առյուծների պես անցան,
Արագածից մինչև Մասիս կես դար կանգնեց ծիածան։

Կանգնեց թրով Տիգրան Մեծի, երբ թագն առավ իր գլխին,
Երբ վահանվեց հայոց զորքը իր հայրենի մայր հողին։

Արշավեցին երկրի վրա նորից նորոգ հորդաներ,
Բայց հայ ոգին էլի ելավ, պահեց երկիրն, ինչպես լեռ…

Ժամանակը ջաղացի պես աղաց դարեր նորանոր,
Բայց հայն էլի արյունոտվեց, ցավեր եկան դառն ու խոր։

Դարեր գալիս, չարեր գալիս՝ տենչում էին ալեկոծ
Հայոց Վանա ծովն էլ խմել, որպես արյունն իմ հայոց։

Բայց նրանց դեմ նորից ելան վահագնների պես հուրհեր
Հայրենատեգ զորքերը մեր, ինչպես այրվող անտառներ։

Ծագեց Մաշտոցն ինչպես մի նոր, անմահ բանակ հայրենի,
Ու ձև առավ խոսնակ ծարավ մեր հին լեզուն մայրենի։

Եվ բարբառեց հույսերն հայոց, երկրե-երկիր կարկաչեց,
Խավարի մեջ դեպի գալիք առավոտի դուռ բացեց…

Սակայն խուժեց հրաորմիզդ տիրան առյուծն Իրանի՝
Ընդդեմ տեգի վարդանաշունչ՝ հագավ այրյան ծիրանի։

Բայց Վարդանը վահանի տակ ծիրանավառ Վահագնի,
Իր Ավարայր դաշտով քամեց արյան գետերն Իրանի։

Դարերն անցան՝ մանկանց նման հրհրելով մեկ-մեկու,
Անցան, կորան հավերժության անտառներում ահարկու:

Մեր դաշտերին արաբաձայն խորշակ փչեց խելահեղ,
Ավարելով հաց ու ոսկի և աղջիկներ մարմնագեղ:

Ինչպես Դարեհն դարանադավ, հորդեց նրանց զորքը մառ,
Տնքաց երկիրն իմ Նաիրյան, ինչպես այրվող մի անտառ։

Բայց մայր հողը ե՞րբ Է լռում. ելան նորից նրանց դեմ
Բագրատունիք հայր ու որդի ու թոռնուծոո, ինչպես վեմ։

Շառաչեցին վահան ու տեգ, և փախս առան գլխիկոր
Հորդաները մեր աշխարհից… և կյանք առան դաշտ ու ձոր։

Որդիներդ կայսրվեցին բյոլզանդիո վեհ գահն ի վեր,
Քեզ պատեցին, սակայն, դժնի օտարամոլ կույր ցավեր։

Հույնը կուզեր ոսկու նման հալել-ձուլել քո լեզուն,
Սակայն հաղթեց Մաշտոցն Էլի աստվածային դյուցազուն։

Դարեր անցան, անցան դարեր, ո՞ր մեկն առնեմ իմ երգին,
Մի օվկիան Է անցյալն հայոց, ես՝ մի գավաթ եզերքին։
Դարերն անցան, օր լուսացավ բնօրրանում հայության,
Սարդարապատն ավարայրվեց, որ չմտնես Էլ պատյան։

Վանա ծովդ մնաց գերի, վիշապաքաղ իմ երկեր,
Վանում է դեռ քո պատմության լացն ու խավարն ակնակրր:

Անին մնաց քո անցյալի դեռ բաց վերքը հեռավոր,
Տուն կբերե Վանն ու Անին Երևանդ կյանքով նոր։

Չես մոռանա Մասիսներդ, տուն կբերես, իմ սուրբ մայր,
Թեկուզ աճյունն արեգակի դեպի գիրկդ ընկնի վար…

Ու թող երգս հոգիդ դառած, դառած նոյան աղավնի՝
Թռնի երթա՝ քո ծաղկումը աշխարհներին լուր տանի։

Ով որ խնդա՝ եղբայրն Է քո, բարեկամը քո արդար,
Ով մռայլվի՝ քարը գլխին, - ծաղկի՛ր, ցնծա՜ դարեդար։

Հնչի՛ր լեզուն քո մայր Արաքս, կանգնի՛ր ինչպես Մասիս լեռ՝
Դու դեռ օրոցք՝ լույս ձեռի տակ իմ հույսերի այս անմեռ։

Զմրուխտ օրոցք իմ Հայաստան՝ լիքը մանուկ նոր կյանքով,
Որ ծաղկում Է, հսկայանում մանուկ Դավթի խոյանքով։
ժայռի մեջ է Մհերը դեռ, բայց դուրս կգա երբևէ,
Նավդ Վանա ծով կձգես, չարը մեղքը կքավե։

Ո՞նց կարող է գերի մնալ Արարատդ վիթխարի,
Վաղն օրոցքից դուրս կոստնես ժայռից ելքով Մհերի։

2
Դարերն ինչքան քեզ թաղեցին՝ դու ծլեցիր, ինչւզես ցորեն-
Դու իմ գողտրիկ հայ ժողովուրդ, պիտի ծաղկես հավերժորեն,
Պիտի ծաղկես, պիտի պտղես, քանզի ղու տունկն ես աստըծու,
Հավատում եմ քո գալիքին՝ միշտ չես մնա մի բուռ ածու,
Շատ չես մնա միաչքանի՝ այս ծովակով քո Սևանա,
Ա՛խ, ե՞րբ պիտի մյուս աչքդ բանաս՝ ծովով քո աչք Վանա,
Փոքր Մհերդ ելավ բանտից, Մեծ Մհերդ բանտում Է դեռ,
Մեծ Մհերդ՝ ծովը Վանա, Աասունն անմահ, Մասիսն անմեռ…
Մի՞թե պիտի զույգ աչքերդ բաց աչքերով չհամբուրեմ,
Մի՞թե պիտի քո Մասիսը հայոց լեզվով ետ չբերեմ…
Հաստատ գիտեմ, որ կազատվի՝ թեկուզ դարեր անցնեն գլխով,
Բայց կուզեի ե՜ս ազատեմ, որ ծածկվեի նրա հողով։



ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ
Մի հայրենադարձ պատանու

Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս.
Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,
Թե պիտ խոսես օտար լեզվով,
Խմես հայոց գինին նեկտար՝
Կենաց կանչես օտար լեզվով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ՝
Աղջիկ կանչես օտար լեզվով։
Իրավ, քանի լեզու գիտես,
Այնքան մարդ ես, իրավն ասին,
Բայց որ քո հայ լեզուն չունես,
Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
Որ թողել ես քո մայրենին՝
Հարամ է քեզ հայոց գինին,
Հարամ է քեզ աղջիկն հայոց,
Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց։
Մայր հայրենին էլ ի՞նչ սրտով
Քո ոտքերն էլ գրկե վարդով...
...Ա՜խ, չէ, Մասիսը հալալ է քեզ,
Հայոց վշտում դու մեղք չունես,
Հալալ է քեզ հողն հայրենի,
Թող քեզ ջուրն էլ դառնա գինի։
Քանզի հայոց վայ սփյուռքում
Պանդխտությունն է դեռ պոկում
Հայ բերանից հայոց լեզուն,
Օտարն հայոց մահն է ուզում,
Բայց նա հայ է, ով հովազի
Արնախում երախումն էլ
Իր մայրենի լեզվով խոսի,
Մոր կաթի հետ ծծած լեզվով,
Որ հայ գետը ծով ծնի, ծով,
Ժխորում էլ Բաբելոնի —
Խոսի լեզվով իր մայրենի,
Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
Մեզ բյուր դարեր հայ է պահել։



* * *
Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել՝
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին...
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։



Ո՞ՐՆ Է, ԲԱԲՈ

- Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք:
- Էն, որ ունի բարձր երկինք,
Էն, որ ունի կարմիր արեւ`
Յուր կապուտակ գլխի վերեւ.
Էն, որ ունի լեռն Ալագյազ`
Հավքերն` աշուղ, ջրերը` սազ:
Էն, որ տեսքով իր Սեւանի`
Մազերն արձակ ու գեղանի`
Նստած հարսի կնմանի:
Էն, որ ունի աշխարհի թագ`
Քանց թագավոր` Մասիս ճերմակ,
Ճերմակ Մասիս` սիրտը մրմուռ,
Գլուխը վեր` դրախտի դուռ:
Էն, որ ունի Մասիսն ի վար
Հին-հին բերդեր, վանքեր մթար,
Որ ավերակ, բայց դեռ դարեր
Լուռ կ'աղոթեն երկինքն ի վեր:
Էն, որ ունի Արազ, Տղմուտ,
Եւ ափերը մամռոտ ու մութ
Գերեզմաններն են պապերուդ...
Էն, որ Ղազբեկն ու Արագած`
Արտերու մեջ` ախպեր կանգնած`
Ձեռ կզարնեն գինով թասին
Ու կձայնեն մեր Մասիսին,
Թե` "Հե՜յ, բաբո, բավ չէ՞ մենակ
Պանդուխտ մնաս ամպերու տակ..."



* * *
Օ՜, թե իրավ են փոխում սրտերը,
Թող իմն էլ փոխեն՝ անսեր մի սրտով,
Որ այս սրտիս հետ կորչի իմ սերը,
Գեթ մոռանամ քեզ, ապրեմ անվրդով:
Կամ ծիածանվի քնարս անպես,
Որ տակից անցնես ու առնաս տղա,
Որ անհետ չքվի սերս աղեկեզ,
Քեզ հիշելիս էլ՝ սիրտս չդողա...




ՎԵՐՋԵՐԳԱՆՔ «ԱՆԻ» ՊՈԵՄԻՑ
(Նոր Ուղղագրությամբ)

Իմ Ախուրյանի այն ափին ընկած՝
Անին վիրավոր եղնիկ է կրկին,
Որսորդն ու մահը դեռ գլխին կանգնած՝
Չեն թողնում անգամ լեզու տա վերքին:
Այս ափին ձագն է, այն ափին մայրս՝ Անին վիրավոր,
Չի կարող լիզել կաթող արյունը վերքի դարավոր, -
Այս ափին ձագն է բառաչում, լալիս՝ ինչո՞ւ չի գալիս,
Այն ափին մայրս է՝ ուզում է դնել գլուխն այս ափին, -
Բայց դարեր կանգնած որսորդը գլխին՝ դեռ ահ է տալիս,
Լուսնի մահիկը՝ որպես իր արնոտ աղեղը ձեռքին,
Ոչ նետն է հանում եղնիկիս կրծքից, ոչ խրում է խոր,
Ոչ սպանում է, ոչ կյանք է տալիս մորս վիրավոր..

2

Դեռ մի կարոտ ունեմ անհագ՝ հասնեմ Անի ու նոր մեռնեմ,
Բանամ ճամփիս դռները փակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:

Բալասանվեմ իր բաց Վերքին, մանուկ ծնեմ մեռած մորից՝
Ախուրյանի օրորի տակ, փրկեմ Անին՝ կարոտս առնեմ:

Օրոցք դնեմ իղձերն հայոց՝ հայոց հույսերն օրորելով,
Որպես որդուն իմ երկվորյակ՝ երկնհմ Անին՝ կյանքն օրորեմ:

Ախուրյանի ջրերի պես մորս փեշերն համբուրելով՝
Լցված կյանքով հազարազանգ՝ գրկեմ Անին, վերածնվեմ:

Կրծքիս սեղմեմ Անիս ավեր, բուերի տեղ սոխակ դառնամ,
Դառած երգ ու վարդի քաղաք՝ երգեմ Անին ու նոր մեռնեմ:

Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու Մաոիսի՝
Իմ Սևանի լույսերի տակ զուգեմ Անին՝ օջախ վառեմ:

Ծաղկեցնեմ շիրիմն անգամ արքայաշուք իմ պապերի,
Որպես անտառ կաղնեպսակ՝ տնկեմ Անին՝ Վանին խառնեմ:

Ավեր թողնեմ միայն Քյոշքը թուրք չարահուշ բռնակալի,
Գլխին հայոց արևաթագ՝ ոսկեմ Անին, բերդն համբուրեմ:

Հազարազանգ զարթնեցնեմ հազարամյա իր խոր քնից
Արագածի պես անխորտակ բուրգեմ Անին" վեր պարսպեմ:

Վեր փյունիկեմ հազար ու մի տաճարներով իր ավերակ,
Մայր տաճարի գմբեթի տակ խնկեմ Անին, կյանք բուրվառեմ:

Թագադրեմ սրտիս թագով մանուկ Գագիկ թագավորին, -
Հազար ու մի զանգով՝ հստակ զանգեմ Անին՝ վեր ղողանջեմ:

Մայրաքաղաք Երևանին Անին դարձնեմ մայրաքաղաք,
Պալատներով իր նորաթագ վեմեմ Անին՝ կյանքի կոչեմ:

Վերաշինեմ շիրմի մատուռն սպարապետ Պահլավունու,
Վեմեմ բուրգերն ու աշտարակ, ճեմեմ Անին ու նոր ննջեմ:

Բանտից հանեմ մեծ Հայաստանն՝ այս ազատված փոքրիս խառնեմ,
Գրկելով հողն իմ բովանդակ՝ հայկեմ Անին ու նոր մեռնեմ:

Հայոց թագի շափաղն հասնի Վանա ծովի մութ վահանին,
Առագաստեմ ծովերս անտակ, թագեմ Անին, թագավորեմ:

Հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթև
Ա՜խ, թեկուզ լուռ, դեռ ավերակ, տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ:

Որպես ոսկի վաղվա գուշակ, որպես Մասիսին իմ անուշակ,
Գլխին հայոց մի դրոշակ տեսնեմ Անին… ու չմեռնեմ:

3

Ախուրյանն է քեզ մայրական օրոր,
Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի՛,
Միթե՞ իրավ չես զարթնելու մի օր,
Անի՛, միթե՞ մեր քունն ես դու, Անի՛:

Ա՜ խ, ե՞րբ պիտի հագնես լույս ու զրահ,
Հույսս՝ խավար, ավար ես դու, Անի՛,
Չի մնացել քարդ քարիդ վրա,
Անի՛, բայց դու գոհար ես դու, Անի՛:

Հայ արվեստի դու փշրված Մասիս՝
Անմահության աճյունն ես դու" Անի՛,
Փետուրներդ ցրված հարավ, հյուսիս՝
Մեր փյունիկյան թռչունն ես դու, Անի՛:

Քո արծվազարդ մի խոյակից անգամ
Աշխարհ գիտե, թե ումն ես դու, Անի՛,
Ա՜խ, ե՞րբ պիտի քո մեջ մեկ էլ ման գամ,
Ավեր, բայց հին մեր տունն ես դու, Անի՛:

Անի՛, հայոց անսպին ես դու դեռ,
Հայոց վշտի անունն ես դու, Անի՛,
Հորս կորած գերեզմանն ես անմեռ,
Անի՛, մորս մրմուռն ես դու" Անի՛:

Ողջ աշխարհի կրծքին դու դեռ բաց վերք՝
Հայոց Պոմպեյն ու սուգն ես դու, Անի՛,
Ա՜խ, ե՞րբ պիտի, հայ դարպասնե՛ր, բացվե՛ք-
Պապերիս հող մասունքն ես դու, Անի՛:

Անի՛, ողբ է օրորն Ախուրյանի, -
Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի՛,
Բա՛վ է քնես քնով սրտակեղեք՝
Հազարամյա մեր քունն ես դու, Անի՛...

Լեզուն պոկած զանգն ես անմահ հայոց,
Անի՛, երգիս ղողանջն ես դու, Անի՛,
Պիտի հնչես, շատ չես մնա վայոց,
Վաղվա որդուս մոր կանչն ես դու, Անի։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Armenak Avetisyan
21:02, 07.01.2018
8385 | 0
to top