MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +8 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Հայկական հետքերը ռումինական Յաշ քաղաքում
18:33, 30.05.2015
4317 | 0

Հայրերը Յաշում հաստատվել են վաղուց և նրանց առաջին շինությունը, բնականաբար, եղել է եկեղեցին՝ Ս. Աստվածածինը, որը թվագրվում է 1395 թ.: Եկեղեցու պատին զետեղված է այս արձանագրությունը. «Ողորմութեամբ Աստուծոյ հիմնարկեցաւ տաճար Սբ Աստուածածնայ ջանիւք Տէր Յակոբին մհի Մարքարին եւ Գր...1395»: Տաճարի ներսում մենք հանդիպում ենք նաև մի այլ արձանագրության. «1395. Շնորհօք եւ ողորմութեամբն Աստուծոյ հիմնարկեցաւ Եաշու Սուրբ Աստուածածնայ եկեղեցին ձեռամբ եկեղեցպան Խաչգօին եւ Սիսեանցի Տէր Յակոբին, Ջուղայեցի մահտեսի Մարգարին եւ մահտեսի Գրիգորին: Թ. Հայոց ՊԾԽԴ: Եւ այժմ վերանորոգեցաւ ի ձեռն բարեպաշտօն իշխանաց եւ համայն ժողովրդոց աշխատանօք եւ ծախիւք ի թուականին Թրկչին 1803-ին»: Յաշի հայ եկեղեցու հետագա հիշատակությունը 1451 թ. է, երբ նույն եկեղեցուն է նվիրվում 1351 թ. Կաֆայում գրված Ավետարանը:
Առհասարակ Յաշի եկեղեցու վերաբերյալ նոր բան գտնելու համար պետք է հասնել մինչև 1551 թ.՝ հայ եկեղեցու դավանանքի դեմ պայքարող իշխան Շտեֆան Ռառեշ իշխանի կազմակերպած հալածանքների շրջան, քանզի Մինաս Թոխատեցին Մոլդավիայում քանդված եկեղեցիների շարքում նշում է նաև Յաշի եկեղեցին: Ստույգ չգիտենք, թե երբ է նորոգվել, սակայն Հակոբ Ղրիմեցին 1595 թ., իր ողբը շարադրելիս, նշում է, որ Յաշը իր եկեղեցին և իր եպիսկոպոսը ուներ: Յաշի Ս. Աստվածածին եկեղեցին ինչպես նշեցինք վերակառուցվել է 1803 թ.: Հետաքրքրականն նաև այն է, որ Հ. Մինաս Բժշկյանը, երբ այցելում է Յաշ 1830 թ., նշում է, որ Ս. Աստվածածին եկեղեցուց զատ հայերը ունեցել են ևս մեկ եկեղեցի Ս. Լուսավորիչը և Զիզմըրիե փողոցի վրա. «Զերկուս եկեղեցիս քարաշէնս անուամբ Լուսաւորչի և Ս. Աստուածածնի» և ավելացնում է, որ. «Եկեղեցի Լուսաւորչին շինեալ կամ նորոգեալ է 190 ամօք առաջ» այսինքն մոտավորապես 1640 թ.: Հավանաբար այս թվականին նորոգված էր պարզապես, որովհետև եկեղեցու ճակատին զետեղված է մի արձանագրություն, ուր 1616 թ. նշված է, որպես շինության թվական: Մեկ այլ տեղեկության համաձայն, որ հայտնում է մեզ Լուիջի Մարիա Բիդուն, նշում է, որ Յաշի մեջ կանգուն էին զույգ հայկական եկեղեցիներ: Առաջին՝ Ս. Լուսավորիչ եկեղեցին 1828 թ. այրվեց և այլևս չվերակառուցվեց: Նշվում է նաև, որ Յաշի ռումինական Ս. Սավա եկեղեցին նախապես հայկական էր և այն հավանաբար Յաշի մեջ կառուցված առաջին հայ աղոթատեղին էր:
Ռումեն նշանավոր պատմաբան Ն. Սուցուն նշում է, որ Յաշի Ս. Սավա եկեղեցին հայկական էր, բայց իրենցից իշխանները խլում են ուղղափառ ՝ եկեղեցու վերածելու, սակայն հայերին տալիս են նոր տեղ, որպեսզի նրանք նոր եկեղեցի կառուցեն: Նույն ավանդությունը կրկնում է նաև Ն. Ա. Բոգդանը՝ Յաշին նվիրված իր մենագրության մեջ: Նա նշում է, որ Ս. Սավան հայկական էր նախապես և Յաշի բնակիչները չկամեցան, որ հայերը քաղաքի կենտրոնական մասում եկեղեցի ունենան, և այս իսկ պատճառով հայերից խլեցին այդ եկեղեցին և նոր տեղ տրամադրեցին, որպեսզի հայերը կառուցեն իրենց նոր եկեղեցին: Ենթադրում ենք նաև, որ հայերին դրամական հատուցում են տվել ևս: Նշում է նաև, որ Ս. Սավայի հայկական ծագումը հայտնում է եկեղեցու կառուցվածքը: Վերջին շրջանում ռումեն ուղղափառ եկեղեցին շինարարկան մեծ աշխտանքներ սկսեց Ս. Սավա եկեղեցին վերականգնելու համար, որի արդյունքում փորձ կատարվեց մաքրել եկեղեցուց հայկական տարրը: Եկեղեցու ծագումը ոչ միայն կառուցվածքն է հայտնում, այլ նաև եկեղեցում գտնվող քարաշեն մկրտության ավազանը, քանզի ռումեն ուղղափառ եկեղեցին, որևէ ժամանակ չի ունեցել քարեշեն. անշարժ մկրտության ավազան: Անշուշտ, վերանորոգումից հետո շատ բան է փոխվել եկեղեցում, սրբվել են բոլոր արձանագրությունները, հայկական նախշերը և ծածկել մկրտության ավազանը: Այսօր, ռումեն ուղղափառ եկեղեցին նշում է, որ եկեղեցին կառուցվել է 17-րդ դ., և որևէ առընչություն չունի հայերի, առավել ևս հայկական արվեստի հետ: Հասկանալի է մեկ բան, որ ռումինացիները փորձում են նաև ծածկել այն պատմական ճշմարտությունը, որ հայերն են կառուցել նշանավոր Յաշ քաղաքը և առավել ևս չեն կարող հանդուրժել, որ առաջին եկեղեցին կառուցել են ևս հայերը: Կարծում ենք, որ պատմական ճշմարտությունը միայն այն ժամանակ կարող են քողարկել, երբ հակառակ ճամբարի կողմն ապրում է անտարբեր, անհոգ և փակ աչքերով:


Տ. Հեթում քահանա Թարվերդյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6159 | 0
to top