MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +8 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Ռումինահայության ամրոցը՝ Զամկա վանքը
17:46, 27.08.2015
6153 | 0

14-րդ դարի երկրորդ կեսին Լվովը թեմական կենտրոնն էր Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների համայնքներ ընդգրկող մի մեծ թեմի, որի կազմում 1388 թ. հիշվում է նաև Սուչավան Սեչով անվամբ Թեոդորոս Բ Կիլիկեցի կաթողիկոսի մի կոնդակում: 1401թ. երբ հիմնվում է Ռումինահայոց թեմը, Սուչավան է դառնում նորահաստատ թեմի կենտրոնը:

«Ռումինահայության Անին` Սուչավայի հայ գաղութը» - այսպես է խորագրել Սուչավային նվիրված իր ուսումնասիրությունը հայագետ Սուրեն Քոլանջյանը: Ռումինահայ նշանավոր պատմաբան Հակոբ Սիրունու պատկերավոր բնորոշմամբ էլ «Անիականությունը եւ անեցիները, տարածվելով Արեւելյան Եվրոպայով, Լեհաստանից եւ Ուկրաինայից Մոլդովա ու Ռումինիա մուտք գործեցին Սուչավայով»:
Սուչավան ողջ Եվրոպայում միակ քաղաքն է, որ ունեցել է երեք հայկական եկեղեցի և երկու վանք: Սուչավայի հայ համայնքի այս բացառիկությունը պայմանավորված է եղել նաև քաղաքի՝ առևտրային ճանապարհներին գտնվելու դիրքով: Այստեղով էին անցնում մերձվոլգյան շրջաններից Դանուբի ընթացքով շարժվող հայ վաճառականների քարավանները, որոնք պատմության մեջ հայտնի են «Կարելե արմենեշտա» (հայկական կառքեր կամ սայլեր) անվանմամբ: Մեծանուն հայագետ Լևոն Խաչիկյանի «Հայերը հին Մոսկվայում եւ Մոսկվա տանող ճանապարհների վրա» մեծարժեք ուսումնասիրությունը տեսական վերլուծությունից կենդանի մի իրականություն է դառնում, երբ անցնում ես Բուխարեստից մինչև Մոլդովայի սահմանը ձգվող բնակավայրերով և տեսնում այդ քաղաքների հայկական հիշատակները: Շրջապատված լինելով ընդարձակ մարգագետիններով՝ Սուչավան նաև անասնապահական խոշոր կենտրոն է եղել, և հայերը մինչև Վիեննա վաճառելու են տարել մեծ թվով ընտանի կենդանիներ, ինչպես նաև զբաղվել կաշվի մշակմամբ:
Զամկա` Սուրբ Օգսենտի Հայոց վանքը Սուչավայի հնագույն հայկական հիշատակն է: Կաթողիկոսական կոնդակներում այստեղ 1415 և 1445 թվականներին որպես առաջնորդ հիշվում է Ավետիք եպիսկոպոսը: 1551 թ. Շտեֆան Ռառեշ իշխանի՝ հայերի դեմ ծավալած հալածանքների ժամանակ քանդվել է նաև այս վանքը, որն այնուհետև՝ հաջորդ տասնամյակներին նորոգել է Ամիրա անունով մի հայ: Զամկան նշանավոր է ոչ միայն իր հնությամբ, այլև որպես վանական համալիր ամենամեծն է ռումինահայության եկեղեցական համալիրների շարքում: Ռումինացի նշանավոր ճարտարապետ-պատմաբան Լ. Շիմանսկին Զամկայի մասին գրում է. «Զամկան անկասկած հանդիսանում է Սուչավայի հայերի կառուցած ամենակարեւոր հոգեւոր հուշարձանը` գերազանցելով մնացյալ բոլորին ինչպես իր մեծությամբ, այնպես էլ իր արվեստով: Գտնվելով Սուչավայի արևմտյան ծայրամասի Արենի կոչված բարձրավանդակում՝ նա ստացավ լեհական Զամեք կամ հոգնակի` Զամքի անունը, որ լեհերեն նշանակում է բերդ, ամրություն կամ ամրոց»: 1663 թ. գրված մի ձեռագրի հիշատակարանում Զամկան անվանվում է «բարձրահայաց հռչակավոր տաճար»:
Զամկան այսօր ևս քաղաքի վրա ունի նույն իշխող դիրքը, և մինչև վանք մտնելը անառիկ մի ամրոց մտնելու զգացողություն ես ունենում, որին վանքի դարպասից ներս մտնելուն գումարվում է նաև հոգեւոր խորունկ մի զգացում, և կարծես դարերը ետ են գնում: Այս զգացողությանը նպաստում է նաև դեպի Զամկա տանող ճանապարհը, որը Սուչավայի եզրով անցնում է իրապես զմրուխտյա մարգագետինների միջով բացված մի հին ճանապարհով, որով ժամանակին անցել են «Հայկական» անվանված քարավանները: Միջնադարից եկող մետաղե-փայտյա ճռինչով է բացվում վանքի դուռը և քեզ տանում մի այլ աշխարհ: Մտիքս մեջ սկսում են հնչել Ստեփանոս Լեհացու նշանավոր «Ուղեգրության» 1608 թ. գրված հետևյալ տողերը. «Սուրբ Օգսենտն է վանք գեղեցկադիր քաղաքի հարավային ծայրում, որի մոտով անցնում է գետակը: Ունի ընդարձակ պարսպապատ բակ, որի կենտրոնում կառուցված է քարաշեն եկեղեցին, որի մոտ է եւ մի մեծ ջրհոր»:
Սկզբնապես Զամկայում է եղել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդանիստ կենտրոնը: Ուղղափառ, այդ թվում և ռումին եկեղեցական ավանդույթում բավականին մեծ տեղ է հատկացվում Ջրօրհնեքին և ջրի օրհնության մյուս արարողություններին, որոնց համար վանքերի ջրհորները ինչ- որ տեղ նաև պաշտամունքային նշանակություն են ունեցել: Դրա արտահայատությունն են այդ ջրհորների վրա կառուցված զանգակատուն հիշեցնող աշտարակները, որոնց զանգը ասես վար իջնող դույլ լինի: Որպես պատմական հին արժեք՝ Զամկայի ջրհորը այժմ պատված է մետաղյա ցանկապատով, ու ջրհորի մետաղական բարդ մեխանիզմը չի աշխատեցվում: Վանքի պահակը բաց է անում ցանկապատի դուռը, և ներս նայելով՝ ջրի վճիտ, արծաթագույն ծփանքն ես տեսնում ջրհորի խորունկ հայելում: Այս ջրհորից ջուր չխմելուն որպես մխիթարություն՝ վանքի պահակը մի բաժակ ջուր է տալիս հոսող կից աղբյուրից, որի զրնգուն և սառնորակ համը դարձյալ հիշեցնում է այս ջրհորի մասին նախորդ դարերից եկած գրավոր վկայությունները:

Ռումինիայի հայկական եկեղեցիների մեծագույն մասը կրում է Տիրամոր անունը, իսկ մյուսները նվիրված են այն սրբերին ու համաքրիստոնեական հասկացություններին, որոնք առավել տարածված են Ուղղափառ աշխարհում: Համանման ձևով արդեն այս եկեղեցիների ներսում առանձին մատուռներ ու խորաններ են նվիրված մեր ազգային-եկեղեցական սրբերին եւ հատկապես Ս. Գրիգոր Լուսավորչին: Նույն ձևով Զամկայի
Ս. Օգսենտ հայոց վանքի գլխավոր աշտարակի (այն հսկում է ողջ Սուչավայի վրա և միջնադարում եղել է քաղաքի թիվ մեկ դիտակետը), ներսում մի մատուռ կա՝ նվիրված Լուսավորչին: Ասվածը վերաբերում է նաև եկեղեցական որմնանկարչությանը: Թեմատիկ շարքերը դարձյալ ներկայացվում են ըստ ուղղափառ ավանդույթի, սակայն ոճական առումով շարունակությունն են հայ մանրանկարչական ավանդույթի, ինչը լավագույնս երևում է Զամկայի ներսի որմնանկարների թեմատիկ շարքում, որն ընդգրկում է ողջ Տերունական պատկերաշարը: Այս որմնանկարների կատարման տեխնիկան ռումինացի մասնագետները բնորոշ են համարում 15-17-րդ դարերի ռումինական արվեստին: Այն ունեցել է կավճյա սվաղ, որի վրա գույները միաժամանակ թե՛ խամրած են թվում և թե՛ ներքին մի վառ պայծառություն ունեն: Որմնանկարների այս շարքից, ցավոք, առանձին բեկորներ են պահպանվել միայն, որոնք, սակայն, հիացնում են վառ արտահայտչականությամբ: Այս բնորոշումը կարող է չափազանցություն թվալ, սակայն կարող ենք ասել ավելին, որ նա խնդրակատար սրբավայրն է ոչ միայն ռումինահայերի, այլև ռումինացիների, և տարվա մեջ մի քանի տոների բազմահազար ռումինացիներ այստեղ ուխտի են գալիս ոչ միայն Սուչավայի շրջակա բնակավայրերից, այլև երկրի տարբեր կողմերից:


Սիրով՝ Տ. Հեթում քահանա Թարվերդյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6159 | 0
to top