MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +15 °C Tomorrow:+20 °C
Հայկական Հետքերը Ռումինական Գալաց Եվ Բրեյլա Քաղաքներում
15:21, 12.09.2015
5859 | 0

ԳԱԼԱՑ-Հայ գաղթաշխարհի հեռավոր այս անկյունում երկար տարիներ է, ինչ հայոց լեզուն հնչում է միայն Հայոց Պատարագի ժամանակ:

Պատմական ավանդույթի և ներկայի հարաբերակցությամբ
Ս. Պատարագի ծիսական հատվածները և խորհրդական բանաձևումները կատարվում են գրաբարով, իսկ սուրբգրային և մի շարք այլ ընթերցվածներ՝ ռումիներեն:
Գալացի այժյան եկեղեցին թեև կառուցվել է 1858 թվականին, սակայն նրա մասին առաջին հիշատակությունը գտնում ենք կաթոլիկ միսիոներ Պիդուի 1669 թ. մի հիշատակությունում:
2008 թ. Ռումինահայոց թեմի այն ժամանակվա առաջնորդ, այժմ արդեն բարեհիշատակ Տ. Տիրայր արքեպս. Մարտիկյանի գլխավորությամբ հանդիսավորապես նշվել է այս եկեղեցու հիմնադրման 150-րդ տարեդարձը: Հոբելյանի առթիվ նորոգվել ու բարեկարգվել է եկեղեցին: Այստեղ ևս գավիթում, մուտքի աջ և ձախ կողմերում զետեղված ցուցափեղկերում ցուցադրվում են եկեղեցու սպասքը և հին փառակազմ հրատարակությունները:
Անհրաժեշտ է նաև նշել, որ Գալացն արդեն 19-րդ դարի առաջին կեսին այնքան էլ հայաշատ չի եղել: 1830 թ. այստեղով անցած Մինաս Բժշկյանը գրում է. «Գալացը բարելից քաղաք է եւ Մոլդովիայի անվանի նավահանգիստՙ կառուցված Դունայի եզերքին: Այստեղ բազում են նավերի ու վաճառականների երթեւեկությունները: Այստեղ կան 30 տուն հայեր եւ ունեն Ս. Աստվածածին եկեղեցին»:
Տեղական ավանդությամբ ասվում է, որ Գալացի եկեղեցին ունեցել է վանատուն վանական բազմաթիվ կացարաններով: Քանի որ այստեղի վանական կյանքի մասին հայ մատենագրությունում ոչինչ չկարողացանք գտնել, ուստի կարելի է ենթադրել, որ եկեղեցուն կից եղել է հայկական իջևանատուն Դանուբով երթևեկող հայ վաճառականների համար նավահանգստային այս քաղաքում և իջեւանատունը երբ դադարել է գործելուց, շփոթվել է վանատան հետ:
Նավահանգիստների մասին մեր պատկերացումները սովորաբար կապվում են ծովերի հետ և անսովոր էր տեսնել այսպիսի մի լայնահուն գետ այսօրվա իրապես հսկայական նավահանգստով, որի բեռնաբարձիչ կռունկները գետի երկայնքով շարված էին մոտ մեկ կիլոմետր:
Յուրահատուկ էր նաև ցամաքի ծովային մթնոլորտը կողմնացույցի ու նավապետի ղեկի նշաններով հյուրանոցներով, ռեստորաներով ու սրճարաններով:

ԲՐԵՅԼԱ - Քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1871 թ.:

Այստեղ է գտնվում նաև այս եկեղեցու և ընդհանրապես՝ եկեղեցու խորհրդական մանրակերտով ճաճանչավոր գեղեցիկ մի խաչ, որն Ավագ Ուրբաթին հանում են եկեղեցուց և խաչի թափորով պտտեցնում եկեղեցու շուրջը: Հայոց եկեղեցու ծիսական մի արարողություն, որն այստեղ դարձել է ազգային ավանդներին ու Մայր եկեղեցուն կապող կարևոր մի օղակ: Նման օղակներն են, որ թե՛ Ռումինիայում և թե՛ Սփյուռքի մարող մի շարք այլ գաղութներում տեղի հայությանը տարեկան մի քանի անգամ կապում են Հայրենիքին ու հայության գաղափարին:

Սիրով՝ Տ. Հեթում քահանա Թարվերդյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6158 | 0
to top