MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Tomorrow:+20 °C
Ճանաչենք մեր շնորհալի երեխաներին. Նոր Նորք
10:13, 28.09.2016
2806 | 0
Մանկավարժի պատասխանատու, բայց միևնույն ժամանակ անսահման կարևոր ու հետաքրքիր աշխատանքը ուսուցիչ-աշակերտ ամենօրյա բարդ շփումների մի հանրագումար է, որի խթանիչ ուժը աշակերտի վերադարձրած կամ վերաիմաստավորած գիտելիքն է, նրա պրպտուն մտքի ու երևակայության այն առկայծումը, որ ինքնարտահայտման ու ինքնահաստատման ձև է միաժամանակ: Ռազմիկ Մանուկյանը Ս. Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոցի այն աշակերտներից է, որ սովորում է և′ երաժշտական /դաս.՝ Տ.Պողոսյան/, և′ նկարչական /դաս.՝ Լ.Մարգարյան/ բաժիններում և առանձնանում է իր նախընտրած արվեստների ուսման նկատմամբ նախանձախնդիր ու պարտաճանաչ վերաբերմունքով: Նրա հետ հետաքրքիր է աշխատել, քանզի ցանկացած նոր գիտելիք յուրացնելուց առաջ Ռազմիկը բազմակողմանի ուսումնասիրում է այն, փորձում բացահայտել անհասկանալի կողմերը: Այս ամենի արդյունքը եղավ այն, որ 2016թ-ի Ճապոնիայի ամենամյա մանկական գեղանկարչական աշխատանքների համաշխարհային մրցույթ փառատոնին ուղարկված Ռազմիկի «Ծառատունկ» աշխատանքը արժանացավ 77 երկրներից ուղարկված 26288 աշխատանքների շարքում խրախուսական մրցանակի:
Տարեվերջի՝ քաղաքապետարանի կողմից կազմակերպված մրցույթ փառատոնում փայլուն ներկայանալով Ալ. Դոլուխանյանի «Սկերցո» ստեղծագործությամբ՝ Ռազմիկը վաստակեց ամենաբարձր միավորները և մասնակցեց գալա-համերգին: Այս ամենի հետ միաժամանակ փոքրամարմին, բայց աշխույժ այս 11-ամյա տղան առանձնանում է համեստությամբ ու կարգապահությամբ, չափի մեծ զգացումով: Ռազմիկն այն սաներից է, ովքեր արդարացնում են ուսուցիչների նպատակները, ում գոյությամբ ավելի իմաստալից ու կարևորված է դառնում նրանց աշխատանքը: Մասնագիտության ընտրությունը դեռ առջևում է, բայց ինչ էլ դառնա Ռազմիկը, երաժիշտ, նկարիչ, թե ճարտարագետ, համոզված ենք, որ նա իր աշխատանքով պատիվ ու ճանաչում կբերի մեր պետությանը, ընտանիքին ու դպրոցներին:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top