МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +19 °C Завтра+22 °C
«Տիեզերական Հայաստան» երկրի ներուժն ու ապագան. տեղի է ունեցել թեմատիկ միջոցառում
15:33, 04.03.2024
347 | 0

Ուրբաթ՝ մարտի 1-ին, կայացել է Հայաստանի տիեզերական ներուժի և ապագայի մասին թեմատիկ երեկո, որի ընթացքում տեղի է ունեցել «Մասնագիտությունը՝ տիեզերք» թեմայով պանելային քննարկումը և «Տիեզերական Հայաստան» լրագրողական հեռուստապոեմի շնորհանդեսը: Թեմատիկ երեկոն կազմակերպվել է Արմենիա հեռուստաընկերության «Ժամը լրատվական» ծրագրի լրագրող, մեկնաբան Սոնա Թորոսյանի նախաձեռնությամբ:

Պանելային քննարկմանը մասնակցել են Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, «AMADEE 24» հայաստանյան նախաձեռնող խմբի անդամ, համակազմակերպիչ Հայկ Ասլանյանը, Բազումք գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր Ավետիք Գրիգորյանը, Գիտական նորարարության և կրթության կենտրոն հիմնադրամի (CSIE) տիեզերական նախագծերի տեխնիկական տնօրեն Մասիս Կումրիգյանը: Քննարկումը վարել է Սոնա Թորոսյանը: Թեմատիկ երեկոյի մասնակից գիտաշխատողները, մեծապես կարևորելով նման միջոցառումները, հույս հայտնեցին, որ Տիեզերական Հայաստանը կդառնա գիտության հանրայնացմանը նպաստող նախադեպ։

Լրագրողական հեռուստապոեմը հայրենական առաջին արբանյակ Հայասաթ 1-ի մասին է, որը Իլոն Մասկի SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով 2023-ի դեկտեմբերի 1-ին արձակվեց տիեզերք։ Հեռուստապոեմը ներկայացնում է նաև AMADEE-24-ի նախապատմությունը և թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը՝ AMADEE-24-ը, Հայաստանում անցկացնելու որոշում կայացրել: Հեռուստապոեմի հեղինակը Սոնա Թորոսյանն է:

«Այս նախաձեռնությամբ նպատակ ունեմ նախ հիշեցնել տիեզերագիտության ցարգացման և տիեզերական արդյունաբերության բնագավառում հայոց մեծ ներդրումն ու կարևոր հետքը։ Նաև նպատակ ունեմ մոտիվացնել երիտասարդներին՝ հավակնելու դառնալ վաղվա Գյուրզադյաններն ու Համբարձումյանները։ Սա միաժամանակ լավ առիթ է՝ պատմելու այսօր Հայաստանում կատարվող մեծ աշխատանքի մասին: Համեստ, անտրտունջ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, այս գիտաշխատողները գնում են իրենց երազանքի ետևից՝ տիեզերական համաշխարհային քարտեզի վրա Հայաստանը դիրքավորել որպես արժեքավոր միավոր: Նրանց նկատմամբ պատշաճ ուշադրության պակաս կա և, որպես լրագրող, որոշեցի թեման հանրային օրակարգ բերել, առիթ ստեղծել ևս մեկ անգամ խոսելու այս մասին» , - ֆիլմի շնորհանդեսից առաջ նշել է Սոնա Թորոսյանը:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել են Golden Time միջազգային մրցույթի հաղթող, պատանի ստեղծագործող Աշոտ Թորոսյանի և նկարչուհի Արևիկ Առաքելյանի թեմատիկ կտավները: Կենդանի կատարմամբ հնչել են Հանս Ցիմերի ստեղծագործությունները, այս թվում՝ Interstellar գիտաֆանտաստիկ ֆիլմի սաունդթրեքը:

Автор: Tech News
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Tech News
наверх