Հունիսի 3-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պետական քննություններ էին անցկացվում: Հայոց լեզվի ու գրականության քննություն էին տալիս 12-րդ դասարանցիները: Կրթահամալիրի երեք ավագ դպրոցներից՝ Գեղարվեստի ավագ դպրոցից, Ավագ դպրոց վարժարանից և Արհեստագործական դպրոցներից քննությանը մասնակցում էին 138 սովորող: Բացակա չկար: Քննության համար նախատեսված դասասենյակներում ամեն ինչ պատրաստ էր քննությունից ժամեր առաջ: Եթե այստեղ սովորողները ներկայացել էին անձը հաստատող թղթով, ապա կրտսեր դպրոցում տրամադրությունն ավելի թեթև էր: Կրտսեր դպրոցն ավարտող չորրոդ դասարանցիները ևս ստուգում էին իրենց գիտելիքները: Նրանց հատկացված 1 ժամ 20 րոպեի ընթացքում նրանք պետք է լրացնեին Հանրակրթական չափորոշիչների համաձայն կազմված մայրենի լեզվի թեստը: Ի տարբերություն անցած տարվա, երբ սովորողներից ոմանք ընտրել էին համակարգչով քննություն հանձնելու տարբերակը, այս տարի բոլոր սովորողներն ունեին համակարգիչներ: Մեծ մասաբ անձնական համակարգիչներով էին եկել, իսկ ովքեր չունեին, կրթահամալիրի Տիգրան Հայրապետյան գրադարանն էր տրամադրել, գործի էին դրվել նաև դասավանդողների նոթբուքերն ու դասասենյակի համակարգիչները: Հիշեցնենք, որ սեպտեմբերից կրթահամալիրում դասապրոցեսը համակարգիչներով անցկացնելու համար բոլոր սովորողները պետք է անպայման նոթբուք կամ նեթբուք ունենան: Գիտելիքի ստուգումից առաջ յուրաքանչյուր դասարանի մի սովորող դպրոցի ծրագրի ղեկավարի ու դասավանդողների ներկայությամբ իրենց դասարանների համար հինգ տարբերակներից ընտրել էին թեստի տարբերակներից մեկը: Այդ տարբերակը ծրագրի ղեկավարը էլեկտրոնային փոստով յուրաքաչուր սովորողի ուղարկել էր թեստը: Սովորողները իրենց համակարգիչներով պետք է կատարեին հանձնարարությունն ու այն իրենց անունով պահպանելուց հետո ուղարկեին ստուգող հանձնաժողովին: Կրթահամալիրի Նոր դպրոցի ծրագրի ղեկավար Լուսինե Փաշայանի խոսքով համակարգիչներով ստուգումն ավելի արագ է անցնում ու ավելի հեշտ: Բացի այդ, քանի որ կրթահամալիրում իրականացվում է մեդիակրթություն և համակարգչային ծրագրեր են ուսուցանվում, այս կերպ հնարավոր է լինում ստուգել չորրոդցիների համակարգչային գիտելիքները: Գիտելիքների ստուգումը համակարգիչներով իրականացնելը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով հնարավորություն է տալիս, որ սովորողներն առնվազն 8 տարի առաջ ընկնեն: «Հիմա բուհերում սկսել են մտածել համակարգիչներով քննություն ընդունելու հնարավորությունների մասին: Մեր սովորողները դա արդեն հիմա են կարողանում: Սեբաստացիները միշտ մի քանի քայլ առաջ են: Այլ տարբերակ չկա», - ասաց տիար Բլեյանը: Մի քանի օրից կրտսեր դպրոցն ավարտողները նույն կերպ ստուգելու են իրենց գիտելիքները մաթեմատիկայից: Լիլիթ Հարությունյան Info.mskh լրատու |