МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Завтра+28 °C
Մինչև Էջմիածնում հայտնվելը այդ լուրերը տարածվել են ցանցերում: Սա դավադրություն է
19:48, 20.08.2013
5314 | 0

Մեր եկեղեցին, ցավոք, ունեցել է այսպիսի ժամանակներ, որոնք անցել գնացել են` իրենց խարանը թողնելով այդպիսի մարդկանց երեսին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին անձնավորելով` նրանք վիրավորում են Ամենայն Հայոց Կաթողիկոսության գաղափարն ընդհանրապես: Նա հոգևոր զավակն է, հոգևոր որդին է, հոգևոր եղբայրն է և այսպիսի երևույթները չպետք է դուրս գան եղբայրակցությունից և դառնան հանրության, ամբոխի և խուժանի սեփականությունը: Մինչև Էջմիածնում հայտնվելը այդ լուրերը տարածվել են ցանցերում: Ես կարծում եմ, որ սա դավադրություն է Մայր Աթոռի և նրա գահակալի դեմ: Մեր ժողովուրդը պետք է լավ հասկանա, թե ում հետ գործ ունի: Սա լավ դաս է մեր ներսում, Երևանում, Հայաստանում այն մարդկանց, որոնք գիշեր-ցերեկ մտածում են, թե ինչպես ատելությունը արտահայտեն Վեհափառի նկատմամբ: Մի արատավորեք մեր եկեղեցին, նրա առաջնորդի, Վեհափառի սրբազան ներկայությունը: Ասում է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Պետրոս Հովհաննիսյանը:

Այս օրերին լայնորեն քննարկվում է Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի և այդ առիթով Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի` Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված նամակը: Այս թեմայի, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու ներսում տիրող իրավիճակի շուրջ Panorama.am-ը զրուցել է պատմաբան, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Պետրոս Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, խոսեցիք եկեղեցու կառուցվածքի մասին: Եթե կարելի է, մի քանի բառով կներկայացնեք, թե ինչպիսի՞ տեսք ունի այսօր Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական կառույցը, պատմության ո՞ր փուլում են առանձին կառույցներ հիմնվել և ի՞նչ աստիճանակարգություն գոյություն ունի նրանց միջև:
-Հայ առաքելական եկեղեցու կառույցները պատմական են, դրանք գոյություն են ունեցել շատ և շատ վաղուց: Անկախ սովետական կարգերից, դրանք միշտ էլ եղել են: Եթե հետաքրքրում է պատմությունը, ապա ասեմ, որ առաջինը Երուսաղեմն է, որ հիմնադրվել է 7-րդ դարում` որպես ինքնուրույն պատրիարքություն, սակայն միշտ գերակայությունը եղել է Էջմիածնինը: Հայաստանի արևելյան շրջաններում, Արցախում կար տեղական կաթողիկոսություն, որը աստիճանաբար դարձավ Աղվանից կամ` Գանձասարի վանքի անունով, Գանձասարի կաթողիկոսություն: Սա երկրորդ կաթողիկոսությունն է: Եղել են դեպքեր, որ վերջիններս փորձել են չընդունել Էջմիածնի կաթողիկոսության գերակայությունը, Երուսաղեմում համարյա չի եղել նման դեպք՝ բացառությամբ մի քանի դրվագների, որոնք շատ արագ հարթվել են: Իսկ Աղվանից կաթողիկոսությունը փորձել է, սակայն միշտ նրանք խելքի են եկել և ենթարկվել են: 1441թ. տեղի է ունենում Սիսից Մայր Աթոռի վերադարձը Էջմիածին, բայց 6 տարի անց՝ 1447թ. Սիսում ստեղծվեց նոր կառույց՝ Մեծի Տանն Կիլիկիո կառույցը` Կարապետ Եպիսկոպոսի գլխավորությամբ, ստեղծվեց մի նոր Աթոռ:

-Մայր Աթոռի գերակայությունն ընդունելու առումով Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ի՞նչ պահվածք է որդեգրել:
-Միշտ էլ ընդունել է: Հարյուրավոր տարիներ են անցել: Այդ հարյուրավոր տարիների ընթացքում` կապված գահակալների անձնական վերաբերմունքից, եղել են դեպքեր, որ փորձել են չենթարկվել Մայր Աթոռին, անգամ անջատվել և թուրքահայոց առանձին կաթողիկոսություն ստեղծել, բայց վերջիվերջո հաղթել է ողջամտությունը:

-Պոլսո պատրիարքարանի հիմնադրումն ի՞նչ անցքերի հետ է կապված:
-Հայերը շատ վաղուց էին ապրում Բյուզանդական կայսրությունում` այնքան վաղուց, որքան հին են երկու ժողովուրդների հարաբերությունները: Հատկապես 387թ.-ից Հայաստանի բաժանումից հետո, երբ Արևմտյան մասն անցավ Բյուզանդիային, Արևելյանը՝ Պարսկաստանին, չկային արդեն վիզային ռեժիմներ, սահմանային խնդիրներ, հայերը տեղաշարժվում էին, նամանավանդ աշխատանքի իմաստով երիտասարդությունը: Բայց բյուզանդացիները` հունական եկեղեցին, հայերին պարտադրում էր ընդունել իրենց դավանանքը` ուղղափառությունը: Որպեսզի հայերը կարողանան ինչ-որ դիրքի, հարգանքի, պաշտոնի հասնել, ընդունում էին քաղքեդոնականությունը: Ուրեմն Հայոց եկեղեցին Բյուզանդիայում բացարձակապես չէր կարող գոյություն ունենալ, բյուզանդական իրականությունը դա թույլ չէր տա: Բայց երբ եկան թուրքերը, որը տեղի ունեցավ 1453թ., նրանք շատ լավ հասկացան, որ հայերի ու հույների միջև այս հակասությունը պետք է ավելի ու ավելի սրել, որովհետև խելոք ժողովուրդ լինելով, հասկանում էին, որ երկրի տերերը սրանք են, իրենք չեն, իրենք քիչ են: Հարկավոր էր սրանց միշտ իրար դեմ լարել, որպեսզի կարողանան իշխել, մինչև իրենց թիվն ավելանար: 1461թ.-ին Ֆաթիհ սուլթանը հատուկ հրամանագրով ճանաչեց հայերի պատրիարքական իրավունքները: Հովակիմ անունով մի եպիսկոպոսի նա ճանաչեց իր պետության մեջ գտնվող բոլոր հայերի պատրիարք: Պատրիարքարանը մինչ այսօր գոյություն ունի:

-Բայց դրա կարիքն ինչո՞ւ առաջացավ, չէ՞որ արդեն կար Սիսի Աթոռը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, որն ընդգրկում էր Փոքր Ասիայի տարածքը:
-Երուսաղեմն էլ Թուրքիայի տարածքում էր գտնվում: Բանը նրանում է, որ հայ ժողովրդի հիմնական մասը Արևմտյան Հայաստանում էր: Դա ոչ Երուսաղեմն էր, ոչ Կիլիկիան: Եվ վերջապես Պոլիսն էր: Պոլսում էր մեր ողջ մտավոր կյանքը, հայ մշակույթը, հայկական տնտեսական կապիտալը: Պոլիսը շատ կարևոր դեր էր խաղում: Թուրքերը շատ լավ էին գնահատում, խելոք էին, այսօրվա թուրքերի պես չէին, շատ լավ էին հասկանում, թե ինչ մեծ օգուտներ կան հայերից: Գիտե՞ք, որ տարիների ընթացքում ֆրանսիացիները և մյուսները փորձել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը վերացնել, գրավել նրա տարածքները: Հին Երուսաղեմը չորս մասի է բաժանված, որոնցից մեկը հայերին է պատկանում: Հայ Երուսաղեմը, որտեղ հիմա պատրիարքն է, Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, միշտ էլ եղել է նախանձի առարկա: Օսմանյան սուլթանները միշտ պաշտպանել են հայերին և հատուկ հրամանագրերով հայերի իրավունքները հաստատել: Հետո դա անցել է նաև անգլիացիներին, չէ՞ որ անգլիացիները գրավել էին Պաղեստինը, հետո՝ Իսրայելին, և այսպես շարունակվում է: Այնպես որ Պոլսի հայերը Երուսաղեմի գոյության ճակատագրում առաջնակարգ դեր են խաղացել, ավելի, քան Էջմիածինը, որովհետև Էջմիածինը ոչինչ չէր կարող անել, պարսկահպատակ էր: Այնպես որ, Երուսաղեմը իր գոյությամբ պարտական է Պոլսի պատրիարքարանին, իսկ Երուսաղեմը մեզ պետք էր: Ինչո՞ւ: Որովհետև այստեղ էր թաղված Հիսուս Քրիստոսը, քրիստոնեական սրբությունները, Մարիամ Աստվածածինը: Իմիջիայլոց, հայերին է պատկանում Մարիամ Աստվածածնի եկեղեցին, որտեղ ծնվել է Հիսուսը, Բեթղեհեմում: Դա շատ մեծ հարստություն է: Ես եղել եմ Երուսաղեմում և տեսել, թե ինչ է դա նշանակում:

-Հիմա դա Իսրայելի՞ տիրապետության տակ է, թե՞ Պաղեստինի:
-Պաղեստինի: Բայց մյուս եկեղեցիները Իսրայելի տիրապետության տակ են: Մի խոսքով` այս ձևը, որ նրանք տեղափոխեցին այս վեճերը մամուլ, բացարձակ գովելի չէ: Անգամ մարդկային հարաբերություններում, երբ ես ինչ-որ բան եմ ասում Ձեր մասին ինչ-որ մեկ ուրիշին, այլ ոչ թե Ձեզ, տհաճ է, տգեղ է: Դա պատիվ չի բերում մարդուն, այն էլ հոգևորականին, այսքան բարձրաստիճան հոգևորականին: Վեհափառին սևացնելու, մրոտելու, վարկաբեկելու փորձերը, որ այս տարիներին եղան, ցույց են տալիս, որ այս հերթական փորձը արժեզուրկ է լինելու:

-Հասկանալի է, որ Խորհրդային Միության տարիներին, երբ Մայր Աթոռն օբյեկտիվ պատճառներով չէր կարողանում աշխարհասփյուռ հայության մեջ իրականացնել իր առաքելությունը, այդ 70 տարիների ընթացքում թեմերը, անգամ համայնքները` ծխերը, որոշակի ինքնագործունեություն էին իրականացնում: Հիմա այս 20 տարիների ընթացքում` անկախությունից հետո, երբ իսկապես կա հնարավորություն, որպեսզի Մայր Աթոռն իր առաքելությունը ստանձնի, ստացվո՞ւմ է հավաքել այդ թելերը մի տեղ:
-Հատկապես ծանր էր 20-30-ական թվականներին, երբ տարածված էր տեսակետը, թե կրոնը դա հաշիշ է, եկեղեցին հաշիշ տարածող է, պետք է նրա դեմ պայքարել: Քանդում էին եկեղեցիները, լավագույն դեպքում պահեստի էին վերածում: Նկարներ անգամ կան, որ եկեղեցու խաչերի փոխարեն աստղեր են դրված, դարձրել են մշակույթի ինչ-որ կենտրոններ: Ամեն տեղ այդպես է եղել, քանդել են: Կինո Մոսկվայի տեղում եղել է Երևանի սբ. Պողոս-Պետրոս մայր եկեղեցին, որը սկսվել է այսօրվա Աբովյան փողոցից և հասել է մինչև Սախարովի հրապարակ: Այդ ամբողջ մասը եկեղեցի է եղել, որը ոչնչացվել է: Եկեղեցի կար Շահումյանի արձանի տեղում: Հոգևորականներ էին ձերբակալվում, ավելի քան 700 հոգևորականներ ձերբակալվել են, դրանց մի մասը՝ գնդակահարվել է: Կաթողիկոս են սպանել: Բնականաբար, այդպիսի պայմաններում դաստիարակված հասարակությունը, մարդիկ` այս 20 տարիների ընթացքում արդեն նրանց զավակները, մեծացել են անաստվածության պայմաններում: Շատ դժվար է հետ վերադառնալ դեպի եկեղեցի: Հատկապես երիտասարդ աղջիկների մոտ է տարածված, եկեղեցի են գնում մոմ են վառում, դրանով նրանց հավատը սահմանափակվում է: Մոմ վառելը հավատի նշան չէ: Պիտի հոգով հավատաս: Հիմա շատ բան է արվում հավատի վերականգնման ուղղությամբ, շատ բան է արվում: Եվ ես ուրախ եմ, որ մեր հասարակությունը իրոք նորոգվում է հավատի տեսակետից: Վերջերս մի եկեղեցական արարողությանն եմ ներկա գտնվել, մեծ մասը երիտասարդներ են: 1973թ.-ին ես եզակի եկեղեցական հարսանիքի եմ ներկա եղել, որտեղ մի քանի հոգի էին ներկա, այն ժամանակ ո՞վ կգնար եկեղեցի: Հիմա երբեմն ձևական է թվում, բայց եկեղեցում լի են հավատացյալները: Մյուս կողմից` ակտիվանում են տարբեր տեսակի աղանդավորական շարժումները, մեր ազգային բնավորությանը խորթ շարժումները, որոնց դեմ դարձյալ պայքար է գնում: Նուրհան արքեպիսկոպոսը, երբ ասում է, որ միայն կառուցում է, ասեմ, որ միայն չի կառուցում, նա նաև հոգիներն է կառուցում: Ես չեմ ուզում վերագրել դա միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսին, վերագրում եմ ամբողջ եկեղեցուն:

-Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, հարցազրույցի համար: Հուսանք, որ եկեղեցին այս դժվարությունը ևս կհաղթահարի

Հարցազրույցն` Արմեն Մինասյանի
panorama.am

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх