МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Завтра+28 °C
Եթե ինքը կարող է թող գնա և գոնե մեկ եկեղեցի կառուցի. պատմաբան
20:07, 20.08.2013
3484 | 1

Այս օրերին լայնորեն քննարկվում է Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի և այդ առիթով Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի` Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված նամակը: Այս թեմայի, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու ներսում տիրող իրավիճակի շուրջ Panorama.am-ը զրուցել է պատմաբան, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Պետրոս Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, Դուք լավ տիրապետում եք հայ եկեղեցու պատմությանը և ներքին խոհանոցին: Ինչո՞վ բացատրել եկեղեցականների մասնակցությամբ այս հրապարակային բանավեճը: Սա նախադեպեր ունի՞, թե՞ նոր երևույթ է: Ինչի՞ հետ է այն կապված և կարո՞ղ է արդյոք հանգեցնել Առաքելական եկեղեցու պառակտմանը:
-Ես չափազանց զբաղված լինելու պատճառով շատ ուշ եմ ծանոթացել այս նյութերին, և ճիշտն ասած, շատ չեմ զարմացել, որովհետև գիտեմ այն բարոյական մթնոլորտի մասին, որ գոյություն ունի մեր եկեղեցու ներսում` հատկապես կապված և Երուսաղեմի պատրիարքության և պատրիարքի ընտրությունների, առանձին հրապարակումների և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներսում Մայր աթոռի նկատմամբ ցուցաբերված շատ կոպիտ ու անտակտ վերաբերմունքի հետ: Բայց որպես մտավորական մարդ և հատկապես որպես պատմաբան, ավելին՝ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, որ գլխավորում է հայ ժողովրդի հազարամյա պատմությունն ուսումնասիրող ամբիոնը, իր տարբեր էտապներով, և մասնավորապես մեր ժողովրդի պատմության այն ճակատագրական իրադարձությունների հետ, որոնք կապված են քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հայտարարելու հետ, պետք է նշեմ, որ այդ 1700 տարիների ընթացքում մեր եկեղեցին, իհարկե, ապրել է շատ ծանր տարիներ: Սակայն մի բան հստակ է` եկեղեցու կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կամ ամենայն հայոց կաթողիկոսանիստի, որը անկախ այն բանից եղել է Էջմիածում, թե ոչ, գլխավոր հոգսը եղել է հայ ժողովրդի մտավոր, մշակության կյանքի կազմակերպումը: Ավելին` անհրաժեշտության դեպքում եկեղեցին գլխավորել է ժողովրդի ազգային ազատագրական պայքարը: Մի խոսքով` եկեղեցին միշտ եղել է ժողովրդի հետ, ժողովրդի համար: Եվ դա է պատճառը, որ ժողովուրդը եկեղեցին դիտել է որպես իր առաջնորդը, հանգրվանը, իր փրկության հույսը, և նրա մեջ, հատկապես Ամենայն Հայոց կաթողիկոսների անձի մեջ տեսել է հայոց նորոգվող թագավորության երևույթը:
Բայց նաև հասկանալի է, որ այս տարիների ընթացքում եկեղեցական ամենաբարձր պաշտոններում, անգամ կաթողիկոսական պաշտոնում եղել են մարդիկ, որոնք պատիվ չեն բերել եկեղեցուն և իրենց գործունեությամբ որևէ մի քար չեն ավելացրել այն շենքին, որը կոչված են եղել ղեկավարելու: Սակայն նրանք եկել, անցել-գնացել են և հիմնականն ինչ-որ կա` մեր եկեղեցին, մեր ժողովրդի հոգևոր առաջնորդությունը իր գործունեությունը շարունակել է և հասել մինչև մեր օրերը:
Այս ընթացքում փոխվել է նաև եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը: Ստալինյան, համայնավարական իշխանության տարիներին, երբ աստվածամերժություն էր, եկեղեցին գտնվում էր չափազանց ծանր վիճակում, սակայն կարողացավ թեկուզ և դժվարությամբ պահպանել իր դերը: Հիմա Երուսաղեմի հետ կապված մի բան պետք է ասեմ, որը ձեր կողմից ներկայացված նյութերին ծանոթանալով, ես չտեսա. դրանք գրել են մարդիկ, որոնք ծանոթ չեն անցյալի պատմությանը և պարտավոր չեն տեղյակ լինել:

-Իսկ ի՞նչ պատմություն է դա:
-Ես ուզում են հիշեցնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Երուսաղեմի հայոց պատրիարքության միջև հաստատված հարաբերությունների վերաբերյալ ոչ վաղ անցյալի իրադարձությունները: Իմ խորին համոզմամբ` Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը լավագույն տարիներին շատ արժանավոր պատրիարքներ է ունեցել, չափազանց շատ կարևոր դեմքեր: Ես կառանձնացնեի հատկապես 20-րդ դարի 20-30-ական թվականների երկու պատրիարքների, որոնցից մեկը` Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյան է, իսկ մյուսը` Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանը: Ինչո՞ւ եմ առանձնացնում այս տարիները, որովհետև այս տարիները համընկան այն երևույթի հետ, երբ Սովետական Միությունում եկեղեցու գործառույթները կրճատվեցին, Կաթողիկոսների իրավասությունները, հատկապես դրսի աշխարհի հետ, Սփյուռքի հետ կապված հարցերում, համարյա դադարեցվեցին: Սակայն կար մի հսկայական ժողովուրդ, որն ապրում էր Սփյուռքում, Եղեռն տեսած ժողովուրդ, որին հարկավոր էր մխիթարել, կազմակերպել, միջոցառումներ իրականացնել: Մայր Աթոռը Հայաստանից դա չէր կարող անել: Եվ ես կարծում եմ, որ շատ ճիշտ վարվեց երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 5-րդ Սուրենյանցը, որ իր Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործառույթները փոխանցեց Երուսաղեմի պատրիարքարանին: Եվ Երուսաղեմի պատրիարքարանը դա կատարեց մեծագույն պատվող և հարգանքով` հասկանալով որ աշխարհասփյուռ հայությանը Էջմիածնի խոսքը` իր միջոցով հասցնելը նաև մեծ պատասխանատվություն է, չափազանց մեծ պատիվ: Երուսաղեմը դա շատ լավ արեց: Նրա հիանալի հոգևորականները` թե՛ տարեցները և թե՛ երիտասարդները, այնպես արեցին, որ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը Էջմիածնի ներկայությունը միշտ իր կողքին տեսնի:
Եվ ամենակարևոր և այսօրվա հնչեղություն ունեցող մի ուրիշ հարց: 1921թ., երբ Կիլիկիան դատարկվում էր, ամենավերջինը Կիլիկիան լքեց Սիսի Սահակ Կաթողիկոսը: Ինչպես որ նավապետն է խորտակվելուց առաջ վերջինը լքում իր նավը, այնպես էլ կաթողիկոսը ամենավերջինը դուրս եկավ Կիլիկիայից: Չկա Կիլիկիա, կիլիկիահայությունը սփռված է Մերձավոր և Միջին արևելքի երկրներում, ամբողջ աշխարհում և հետևաբար Կաթողիկոսության գոյությունը դրվում էր հարցականի տակ: Այն կարող էր ընդհանրապես չլիներ: Եվ այս պահին Ամենայն Հայոց Կաթողիկոսը` նախ Գևորգ 5-րդ, իսկ հետո նաև նորընտիր Կաթողիկոս Խորեն 1-ին Մուրադբեկյանը, գնացին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը նոր կյանք շնորհելու ճանապարհով և ճիշտ արեցին: Սակայն եթե նրանք չուզենային, դա տեղի չէր ունենա և Էջմիածինը Երուսաղեմի միջոցով կազմակերպեց այդ գործը և նախ Հալեպում, իսկ հետո Բեյրութում հաստատվեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: 1931-32թթ-ից առ այսօր այս մարմինը գործում է: Եվ Հայոց Կաթողիկոսի հորդորներով է, որ Երուսաղեմի պատրիարքությունը իր սեփական թեմերը զիջեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Դրանք էին Լիբանանի, Սիրիայի թեմը, Կիպրոսը: Եվ այսպես Մայր Աթոռը և Երուսաղեմը ուս-ուսի տված էին գործում, ոչ թե իրար դեմ, ոչ թե իրար խանգարելով: Ի՞նչ առանձնաշնորհումներ: Երբեք այն ժամանակվա հայոց հոգևորակաների, լուսահոգի պատրիարքների մտքերով էլ նման բան չանցավ, որպեսզի ինչ-որ նկատառումներով նրանք փորձեն հակադրվել Մայր Աթոռին: Անցան այդ դժվար տարիները, եկան ավելի մեղմ տարիներ և թեև ամեն ինչ չէ, որ հիանալի էր ներեկեղեցական կյանքում, սակայն հարաբերությունները Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և Երուսաղեմի հետ միշտ ընթացել են ամենաբարյացակամ, ամենադրական հողի վրա:
Այստեղ ես ուզում եմ հիշել լուսահոգի պատրիարքներից Եղիշե պատրիարքին, որն աշխատեց այն տարիներին, երբ կաթողիկոս էր Վազգեն Առաջին Վեհափառը: Նրանց համագործակցությունը լավագույն երևույթն էր մեր եկեղեցու բազմադարյա պատմության մեջ: Եթե եղել է անգամ ինչ-որ մի հարց, հարցերի մի խումբ, որը կարող էր ստեղծել նրանց միջև ինչ-որ տհաճ երևույթ, երբեք դա չի եղել հանրության սեփականությունը: Երբեք դա դուրս չի եկել վանքի պատերից: Կար դեպք, երբ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի մատենադարանից շատ թանկարժեք ձեռագրերի կորուստ էր նկատվել: Բարեբախտաբար այդ կորուստը հետ վերադարձվեց, բայց դա չի դարձել զանգվածների, ամբոխի սեփականությունը կամ քննարկման առարկան:

-Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ այս օրերին ընթացող հրապարակային նամակագրությունները:
-Երուսաղեմի և Էջմիածնի հարաբերություններում այժմ երկու իրադարձություն է տեղի ունենում` մեկը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի հրաժարականի հետ կապված խնդիրներն են, իսկ մյուսը` այդ հրաժարականի հետ կապված և Վեհափառի անձի հետ կապված Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը:
Նախ` ասեմ, որ առաջին բառից մինչև վերջին բառը Վեհափառին վերաբերվող այդ խոսակցությունները ես համարում եմ զազրախոսություն: Ես շատ լավ եմ ճանաչում Վեհափառին, նրան տարիների ընթացքում տեսել եմ շատ վատ հոգեկան, փոթորկալից շրջաններում, տեսել եմ նրան զայրացած և գրգռված վիճակում, բայց մեզ հետ զրուցելիս ինքն իր լեզվական նորմերը չի իջեցրել այն մակարդակին, ինչպես այստեղ է ներկայացված: Հենվել այդպիսի ժարգոնային արտահայտությունների վրա, որն իբրև իրեն օդանավակայանում թույլ է տվել Կաթողիկոսը, այն էլ` այդքան բարձրաստիճան մարդկանց ներկայությամբ, ես դա համարում եմ էժանագին տրյուկ: Ես գիտեմ, որ ինքը երբեք իրեն այդպիսի բան թույլ չէր տա: Բայց եթե անգամ թույլ տար, ի՞նչ կարիք կար այդպիսի արտահայտություններ տալ այդպիսի բարձրաշխարհիկ մարդկանց ներկայությամբ: Դա անհնարին երևույթ է` չեմ կարծում:
Մյուս կողմից` ինձ շատ է զարմացնում Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի դիրքորոշումը այս կապակցությամբ, ինչն է նրա նպատակը` պաշտպանե՞լ ֆրանսահայոց թեմի առաջնորդին, նրա իրավունքները: Ինչպես հայտնի է ֆրանսահայ թեմի առաջնորդ` Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ցանկություն է հայտնել չշարունակելու իր առաջնորդությունը: Մեր եկեղեցու պատմության մեջ այդպիսի բաներ միշտ հնարավոր է: Միակ պաշտոնը, որը ցմահ է, դա Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է կամավոր հրաժարական տալ, իսկ եթե նա թույլ է տվել կանոնական ինչ-որ կոպիտ խախտում, այդ դեպքում եկեղեցական ժողովը նրան կարող է զրկել այդ պաշտոնից: Նորվան արքեպիսկոսպոս Զաքարյանի այս քայլը ինչ-ինչ պատճառներով, որը ես չեմ ուզում խորանամ, քանի որ չգիտեմ, կանոնադրական է և թույլատրելի է:
Ինձ դուր չի գալիս և շատ ծանր տպավորություն է թողնում Երուսաղեմի հայոց պատրիարքի կողմից Վեհափառի շինարարական գործունեությունը այդպես մեկնաբանելը, թե եկեղեցիներ կառուցելուց առաջ պետք է նախ հոգիներ կառուցել: Նախ` ասեմ, որ Վեհափառը այդ եկեղեցիները կառուցում է, իսկ եթե ինքը կարող է թող գնա և գոնե մեկ եկեղեցի կառուցի: Ինքը ունի նյութական հնարավորություններ, թող մեկ եկեղեցի, կամ մեկ դպրոց ու ուսումնարան կառուցի, ենթադրենք, Սպիտակում: Հայաստանում կան այդպիսի տեղեր, որտեղ դրա կարիքը կա: Թող մեկ մատուռ կառուցի, տեսնենք` կառուցելը հեշտ է, թե չէ: Վեհափառի գահ բարձրանալուց հետո, ինքը կարողացավ իր ջանքերի գնով հետ վերադարձնել 150 եկեղեցի: 150 եկեղեցի, որոնք պետռեգիստրում էին, հետ վերադարձվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Բացի այդ, նա կառուցեց 300 եկեղեցիներ` Հայաստանում և Սփյուռքում, հատկապես մոտակա սփյուռքում` Ռուսաստանում և Ուկրաինայում: Եկեղեցին դա Աստծո տունն է և սարկազմով, քմծիծաղով վերաբերվել այդ երևույթին, մեծագույն անբարոյականություն եմ համարում: Անբարոյականություն` կատարված հայոց եկեղեցու բարձրագույն պաշտոնյաններից մեկի կողմից: Ի՞նչ ծաղրանքի առարկա է եկեղեցի կառուցելը: Վեհափառը շատ ու շատ բաներ է արել և դեռ պետք է անի, Աստված նրան երկար տարիների կյանք և առողջություն պարգևի: Սա միայն ու միայն պետք է լինի խորագույն հարգանքի արտահայտություն և ոչ թե ծաղրանքի:
Բացի այդ, մի՞թե Վեհափառ հայրապետը իր գործունեությամբ չի նպաստել մեր եկեղեցու լավագույն կադրերով ապահովելու գործին: Ես առաջին օրվանից ներկա եմ եղել Սևանի Վազգենյան դպրանոցի բացմանը, հետո նաև հրավեր ստացա աշխատակցել Գևորգյան ճեմարանում և թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ ես իբրև պաշտոնյա եմ խոսում (ես ցանկացած պահի կարող եմ հեռանալ, հսկայական գործ ունեմ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչը շատ աշխատանքներ ունի անելու): Ես ասեմ, որ Վեհափառը պաշտպանության կարիք չունի, ինքն իր գործերով իրեն արդեն պաշտպանում է: Վերջերս բացվեց նաև Հառիճի դպրեվանքը, ակտիվորեն գործում են Վազգենյան և Գևորգյան ճեմարանները, հայորդաց տները, դպրոցները, մանկապարտեզները, ճաշարանները, հիվանդանոցները: Սա պետություն է պետության մեջ: Երուսաղեմի Հայոց պատրիարքի` Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի այս դիմելաոճը արտառոց է: Սա նրա բարձր աստիճանին պատիվ չի բերում: Ինքը երևի թե գլխապտույտ ունեցավ այդ պաշտոնում ընտրվելուց հետո, կարծես թե, նա դեռևս չի պատկերացնում, թե ինքը ով է: Սա հայոց եկեղեցու ամենաբարձր պաշտոններից մեկն է և նա շատ լավ գիտի հետևյալը` Ամենայն հայոց կաթողիկոսը պետն է և առաջնորդն է հայ եկեղեցու, հայ եկեղեցու բոլոր կառույցների, թեմերի, եպիսկոպոսությունների, պատրիարքությունների և նրանք ի հոգևոր ենթակա են իրեն: Հոգևոր տիրոջը, իրենից ստատուսով բարձրին դիմելու ոճը ցույց է տալիս, որ նա լավ չի պատկերացնում այդ սուբօրդինացիան: Եթե նա ցանկանում էր Վեհափառ հորը ինչ-որ բան հուշել եղբայրաբար, ապա դրա համար կան բազմաթիվ ձևեր, իսկ ես չեմ կարծում ինքը խնդիր ունի Երուսաղեմից գալ Հայաստան` Վեհափառ հայրապետի մոտ: Այսինքն` փորձո՞ւմ են ցույց տալ, թե ինչքան կոպիտ ու անտաշ է հայրապետը: Դա փարիսեցիություն է: Ինձ թվում է, որ սա ինչ-որ գործարք է, երևույթ է, որի թելերը կարող են ուրիշ տեղ գնալ: Ես ինչ-որ բան եմ նկատում այս ֆոնի վրա` ուղղված Էջմիածնի դեմ և սա ուղղված է ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլ նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության դեմ:

Հարցազրույցն` Արմեն Մինասյանի

panorama.am
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх