МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Завтра+29 °C
Հայաստանում վերանում են բնական գիտությունները
12:32, 14.11.2012
4209 | 0

Տարեց տարի ավելի ու ավելի է սրվում այս վտանգը՝ Հայաստանում վերանում են բնական գիտությունները: Լինելով քիմիկոս ես կխոսեմ քիմիայի պրոբլեմների մասին, սակայն համոզված եմ, որ նույն վտանգի տակ են նաև մնացած բնական գիտությունները:

Հայաստանում բնագիտական առարկաների հանդեպ սիրո և հետաքրքրությունների նվազման պատճառը դա առաջարկի բացակայությունն է: Ինչպես հայտնի է՝ չկա առաջարկ, չկա նաև պահանջարկ:

Երբեմնի ԽՍՀՄ-ի քիմիական հսկան՝ Հայաստանը այսօր կորցնում է իր քիմիական պոտենցիալը: Չկան համապատասխան ոլորտներ, որտեղ մասնագետները՝ քիմիկոսները կարողանան գտնել աշխատանք: Չի գործում քիմիական հսկա Նաիրիրտը, չեն գործում նաև քիմիական այլ ձեռնարկություններ: Եվ հենց այս պատճառով տարեց տարի ԵՊՀ քիմիական ֆակուլտետ ընդունվողների թիվը նվազում է:

Սակայն այս ամենի ետևում կանգնած են նաև ուրիշ պատճառներ: Դպրոցներում քիմիա առարկային պատշաճ ուշադրություն չի դարձվում: Քիմիայի ուսուցիչները դասավանդում են դասագրքային քիմիա, իսկ այսօրվա քիմիայի դասագրքերը մեղմ ասած քիմիայից բավական հեռու են: Ուսուցիչները չեն փորձում մի փոքր հեռանալ դասագրքային նյութից, չեն փորձում հետաքրքրացնել այս առարկան գեղեցիկ և հետաքրքիր քիմիական փորձերով: Իհարկե արդարության դեմ մեղանչել և չասել, որ դպրոցների մեծ մասում քիմիական լաբորատորիաները կամ իսպառ բացակայում են, կամ գտնվում են ոչ բարվոք և թերի համալրված վիճակում, ես չեմ կարող: Որոշ դպրոցներում քիմիա առարկան դասավանդում են կամ կենսաբանության, կամ ֆիզիկայի ուսուցիչները: Եվ այս ամենի հետևանքով աշակերտների մոտ բացի նրանից, որ վերանում է հետաքրքրությունը քիմիայի հանդեպ, նաև առաջանում է խիստ հակակրանք:

Նաև բնագիտության հանդեպ հետաքրքրասիրության նվազման պատճառ է հայ ազգի «նորաձևության» հանդեպ թուլությունը: Այսօրվա դրությամբ խիստ նորաձև են տնտեսագիտություն, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, ժուռնալիստիկա մասնագիտությունները: Եվ իհարկե առաջրկ և պահանջարկի տեսանկյունից այս մասնագիտությունները խիստ արդիական են (իհարկե կասկածս մեծ է, որ ամբողջ հայ ազգը դառնալով տնտեսագետ կամ դիվանագետ, կամ լրագրող կկարողանա աշխատանք գտնել: Այդքան աշխատատեղ վստահ եմ, որ չի գտնվի):

Եվ այս ամենը բերում է նրան, որ քիմիան և այլ բնական գիտությունները վերանում են Հայաստանից և հետևաբար վերանում են նաև համապատասխան մասնագետները: Իսկ արդյունքը կարծում եմ բոլորիդ է պարզ՝ յուրաքանչյուր տեսակի արտադրության անհնարինություն մասնագետների բացակայության պատճառով: Կամ ստիպված ենք լինելու համապատասխան մասնագետներ հրավիրել արտերկրից և վճարել կրկնակի կամ եռակի:

Սարսափով եմ մտածում նաև, որ շուտով հնարավոր է Երևանի պետական համալսարանը՝ Հայաստանի մայր բուհը, դառնա հումանիտար համալսարան: Ճիշտ է ընդունելության տեսանկյունից այն երևի թե կշահի, սակայն միջազգային համբավի տեսանկյունից այն կկատարի հերթական հետընթացն ու անկումը:

Ելք այս ամենից չեմ տեսնում: Եվ այս ամենի վերջը ի՞նչ կլինի, նույնպես չգիտեմ: Սակայն գտնում եմ, որ այս հարցը շատ հրատապ է և մեր իշխանությունները պետք է այս հարցին հրատապ լուծում գտնեն:

Լինելով էնտուզիաստ և լավատես, ես դեռ հույսս չեմ կորցնում: Հենց այդ հույսի առկայությունն է ինձ ստիպել ստեղծել այս բլոգը: Ստեղծել եմ այն հույսով, որ հնարավոր է իմ փոքրիկ ու համեստ այս լուման օգուտ բերի Հայաստանում քիմիայի վերակենդանացմանը: Հույս ունեմ, որ հնարավոր է քիմիան նորից ծաղկում ապրի մեր երկրում, չնայած դա այսօր հնչում է որպես ֆանտաստիկ ժանրից:

Իսկ թե մտահոգություններս տեղին են, թե ոչ, որոշեք ինքներդ:

Աղբյուրը՝ www.chemistry.am

Пресс-секретарь: Mediamag
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Mediamag
наверх