Ռազմավարական շատ կարևոր խնդիր է` մեր փառապսակ նախնիների հայրենանվեր գործունեության բարոյական դասերը փոխանցել կրտսեր սերունդներին, նրանցում ձևավորելու ազգապատկանելության, հայրենասիրության բարձր զգացումներ: Ամեն ինչ սկսվեց 2007 թ., երբ նշվում էր Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան 50-ամյակը: Մայրաքաղաքի հ. 120 դպրոցը մի ամբողջ շաբաթվա միջոցառումների ծրագիր էր հղացել` նվիրված ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան ազատագրական պատերազմի կենդանի լեգենդ, հայ ռազմարվեստի նորագույն պատմության մեջ անուրանալի հետք թողած ռազմավարագետ և զինվորական հոգեբանության բարենորոգիչ Մ. Մելքոնյանին: Միջոցառումները սկսվեցին Եռաբլուրի պանթեոն այցելությամբ, շարունակվեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստի արարողությանը մասնակցությամբ, հայրենասիրական երգերի ունկնդրմամբ, «Հոգու երգը» վերնագրով համադպրոցական շարադրություններով, «Անունդ` խնկելի, սխրանքդ` անմահ» խորագրով հանդիսավոր հուշ - ցերեկույթով (միջոցառման կազմակերպիչն էր Սիլվա Լազյանը): Շիրմի խնկարկումը դարձավ ամենամյա ավանդույթ: 2012 թ. նոյեմբերի 25. Մոնթե Մելքոնյան զորավարի, նվիրյալ հայի ծննդյան 55-ամյակն էր, հերթական այցելությունն էր Եռաբլուր: Աշակերտները Լ. Վարդանյանի ղեկավարությամ կատարեցին Անուշ Համբարձումյանի Մոնթեի հիշատակին գրված երգը: Ծանոթացանք Մոնթեի մասին գրված գրքերի հեղինակ Ասպրամ Ծառուկյանի հետ: Շարժառիթն ավելի խորազգա դարձնելու համար երեխաները ծաղիկներ դրեցին նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի, Սոսե մայրիկի, ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի, Տիգրան Թոմասյանի ( 7-րդ դասարանի Գրիգորի հորեղբայր), Արմեն Խաչատրյանի (6-րդ դասարանի Սուսաննայի հորեղբայր), ինչպես նաև աշխարհում ամենաանմարդկային ձևով սպանված Գուրգեն Մարգարյանի շիրիմներին: Այս օրը ռազմահայրենասիրական դասի հաջողված և ուսանելի օրինակ էր, և մեկ անգամ ևս հավաստվեց, որ հայրենիքի համար իր կյանքը զոհաբերած հերոսների անուններն անմահ են: |