МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +34 °C Завтра+34 °C
Անկարգությունն ու ծառայակիցների ահաբեկումը չպետք է տեղ ունենան ՀՀ զինված ուժերում
11:48, 04.02.2015
3488 | 0
«Անկարգությունն ու ծառայակիցների ահաբեկումը չպետք է տեղ ունենան ՀՀ զինված ուժերում: Զինված ուժերի անձնակազմը լինելու է առավել կրթված ու արհեստավարժ: Կարգապահությունը հիմնված է լինելու զինծառայողների միջեւ փոխադարձ հարգանքի եւ Հայրենիքի պաշտպանության գործում ներդրում կատարելու գիտակցումով հրամանների անվերապահ կատարման վրա: Այս ամենում օրինակելիության կատարյալ տիպար են լինելու հրամանատարները՝ ղեկավարելով անձնական օրինակով» եւ այլն: ՀՀԿ նախընտրական ծրագրի այս դրվագը հիշեցինք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած զարհուրելի սպանությունից հետո: Արդեն 6 օր է անցել դեպքից, սակայն ՊՆ-ն մինչ օրս չի հայտնում ձերբակալվածներից մեկի հոր՝ ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի անունը: Նրա որդին՝ Գնել Թեւոսյանը, կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար կալանավորված 4 ուսանողներից մեկն է: Հենց նա է, իրավիճակին ծանոթ մեր աղբյուրի համաձայն, հրեշավոր հանցագործության գլխավոր մեղավորը, որն իր՝ գնդապետի որդու «ավտարիտետով» իշխել է մյուսներին: Հայր ու տղա, փաստորեն, տարբեր ազգանուններ են կրում: Տեղյակ աղբյուրը հայտնում է, որ ազգանունը փոխել է Գնելը, իր եւ գնդապետի միջեւ ազգակցական կապն արտաքուստ քողարկելու համար: Երեկ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին ընդամենը մեկ հարց տվեցինք՝ ինչպե՞ս է Ռազմական ինստիտուտի պետի տեղակալ Մարկոսյանի անունը: «Ես նման մարդ չեմ ճանաչում», - ասաց Հովհաննիսյանը, ինչը, իհարկե, անհավանական էր: Սա ընդամենը նշանակում է, որ ՊՆ-ն արդեն փորձում է պարտակել կատարվածը, փրկել հանցագործին խայտառակությունից, պահպանել նրան դաստիարակողի «բարի համբավը»: Թեպետ գնդապետ Զարմիկ Մարկոսյանին, ինչպես նաեւ ինստիտուտի պետի մյուս տեղակալ Արմեն Մզիկյանին պաշտոնանկ էին արել: Ինչու են այս մարդիկ ազատվում աշխատանքից, պաշտոնապես չի բացատրվում: Հանրությունն ընդամենը կարող է ենթադրել, որ նրանց, ինչպես նաեւ մեր գլխավոր սպայական բուհի պետի՝ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի աշխատանքից ազատման պատճառն այնտեղ կատարված խայտառակ միջադեպն էր: Առհասարակ, սա Պնախարար Սեյրան Օհանյանի ձեռագիրն է՝ պատժել իր ենթականերին, բայց այնպես, որ ոչ ոք չիմանա, թե ինչու: Բանակում տեղի ունեցող հանցագործություններից հետո սովորաբար միշտ էլ մարդիկ են ազատվում, սակայն այնպես, որ այս մասին ոչ ոք չիմանա, իբր որ «հայ սպայի» անունը չարատավորվի: Գուցե սա է պատճառը, որ զինծառայողների խոշտանգումների, սպանության հետ կապված հանցագործությունները մեր բանակում կրկնվելու միտում ունեն: Մինչ Քննչական կոմիտեն զբաղվում է այս զարհուրելի սպանությամբ, ԶԼՄ-ներում դեպքի մանրամասներն են շրջանառվում՝ մեկը մյուսից սարսափելի: Համակուրսեցիները փորձել են իրենց ենթարկել Հայկազին, վերջինս դիմադրել է, բանը հասել է գիշերային ծեծկռտուքի, որի ընթացքում Հայկազին խեղդել են բարձով: Նրա մարմնին ծեծի հետքեր են հայտնաբերվել, իսկ երակներին՝ կտրվածքներ: Մի աղբյուրի համաձայն, կալանավորվածներից մյուսը նույնպես պետական ծառայողի որդի է, սակայն այնքան էլ «հաբռգած» չէ: Հայրն ԱԱԾ աշխատող է: Հիշենք դեպքով կալանավորված ապագա սպաներին հայրանուններով՝ Վաչե Արմենի Սահակյան, Մովսես Ռոմիկի Ազարյան, Գնել Զարմիկի Թեւոսյան, Նորիկ Սահակի Սահակյան: Նրանք բոլորը մեղադրվում են մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության մեջ:

Նյութի աղբյուրը` hraparak.am
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх