Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է ընտանեկան մաթեմատիկական ֆլեշմոբ, երբ նույն օրը նույն ժամին մասնակցության ցանկություն հայտնած բոլոր ընտանիքներում զբաղված են լինելու մաթեմատիկական խնդիր լուծելով: Ֆլեշմոբին մասնակցելու հնարավորություն ընձեռված է բոլորին, անկախ այն բանից, թե նրանք ուսումնական որ հաստատությունում են սովորում: Իսկ ցանկացողները կարող են հավաքվել ընտանիքներով: Նրանց առաջադրվող խնդիրներն ընտրվելու են «Կենգուրու» մաթեմատիկական միջազգային մրցույթի նախորդ տարիների առաջադրանքներից: Ֆլեշմոբի առաջադրանքները կտեղադրվեն մայիսի 8-ին՝ ժամը 19: 00-ին, Միջին դպրոցի ենթակայքում (mijin.mskh.am) եւ ֆեյսբուքյան էջում: Ընտանիքներն առաջադրանքները կարող են կատարել մինչեւ նույն օրը՝ ժամը 21: 00-ն: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց, որ այս ֆլեշմոբն իր տեսակի մեջ եզակի է եւ այն դառնալու է պարբերական ու հետագայում անցկացվելու է ոչ միայն մաթեմատիկայից, այլ նաեւ տարբեր այլ առարկաներից: Իսկ հաղթողները, ըստ Աշոտ Բլեյանի, հնարավորություն կստանան ամռանն ընտանիքներով մասնակցել դպրոցի մաթեմատիկական եռօրյա ճամբարին, որը նույնպես ուսումնական կլինի, մաթեմատիկական խնդիրներն էլ՝ անպակաս: |