Մայիսի 22-ին «Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ 2ա դասարանի «Կյանքի սկզբնաղբյուր, կենարա´ր իմ ջուր» խորագիրը կրող բաց դասը (դասվար՝ Գայանե Շահինյան): Դասարանը կահավորված էր թեմային համահունչ: Աշակերտները «կաթիլների» միջոցով բաժանվեցին խմբերի և հստակ պատասխանեցին «կաթիլ-հարցերին» ՝ 1. Ի՞նչ է ջուրը, 2. Ջրի շրջապտույտը բնության մեջ, 3. Ջրի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, 4. Հետաքրքիր փաստեր ջրի մասին, 5. Խմելու ջրի հիմնախնդիրները և ինչպես խնայել այդ կենարար հեղուկը: Աշակերտները մեծ ոգևորությամբ համեմում էին իրենց խմբային աշխատանքները ասմունքով, երգով և պարով: Աղջիկները պարեցին Ամիրխանյանի «Գարնանային կաթիլներ» ստեղծագործության հնչյունների ներքո: Նկարագրեցին 9-ամյա Ռեյչել Բեքվիթի բարեգործ արարքը և նշեցին, թե ինչպես պետք է խնայել կյանք պարգևող այդ հրաշք հեղուկը: Ներկաները մեծ տպավորություններով հեռացան դասասենյակից: |