ԵՍ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ Մայրանուշ Գրիգորյանի ծննդյան օրվա առիթով 80-ական թվականների ռադիոթատրոնը յուրահատուկ հավաքատեղի էր արվեստագետների համար. Հայկ Վարդանյան, Գրիգոր Չալիկյան, Կառլեն Վարժապետյան…. Անուններ, որոնք ինձ համար շատ թանկ են, և ովքեր ձևավորել են իմ կենսափիլիսոփայությունն ու արժեքները գնահատելու ունակությունները: Մեր աշխատասենյակը միշտ մարդաշատ էր, բայց երբ ներս էր գալիս Մայրանուշ Գրիգորյանը, ամբողջ սենյակը լցվում էր լիաթոք ուրախությամբ ու հմայքով. Եթե կար աշխատանքային լարվածություն, այն անմիջապես անհետանում էր: Մայրանուշի անբռնազբոս, առանց բարդույթների կերպը աշխատանքային այդ պահերը դարձնում էին լիաթոք հրճվանքի ու ստեղծագործական զարկերակի աղբյուր: Կնահաճո Գրիրգոր Չալիկյանը Մարոյի գեղեցկությունն ու շնորքը նկարագրելու համար չէր խնայում իր ունեցած հաճոյախոսությունների ողջ պաշարը: Սիրելի Մարո, ես շատ հաճախ եմ հիշում ու առանձնահատուկ լիցք ստանում այդ օրերից ու այն մարդկանցից, ում հետ շփվել եմ: Մինչև օրս քո ներկայությունը ռադիոյում ու հեռուստատեսությունում ինձ համար դարձել են յուրահատուկ առհավատչյա, որ այն երանելի ժամանակները՝ լի ստեղծելու և արարելու ավյունով, դեռ չեն կորսվել: Քո անուրանալի տաղանդը և բացառիկ բարի մարդկային որակը թերևս շատերի համար է հենարան հիշողությունների այն օվկիանում, որոնց, ափսոս, այսօրվա սերունդը անհաղորդ է: Երանելի ժամանակներ, երանելի մարդիկ… Սիրելի Մարո, ցանկանում եմ, որ դու լինես այնքան ուժեղ, որ կարողանաս նոր սերնդի և նոր ժամանակների կտրված երակը պահես Մռավյան 5 հայտնի հասցեում: Հասմիկ Մելքոնյան Գյումրի |