Կրթության ճապոնական փիլիսոփայության մեջ ի մի են ձուլված վաղնջական ճապոնական, արևելյան դասական և արևմտյան աշխարհայացքային, բարոյագիտական ու վարքային դրույթները: Այս փիլիսոփայության ազգային հոգեբանական կողմը «սինտո-բուսիդո» կառուցվածքն է: «Սինտո» -ն ստեղծում է հոգևոր տարրը, «բուսիդո» -ն՝ վարքային տարրը: Առանձնացնենք վարքի այս կարգավորիչների դերը ճապոնացու կրթության գործում: «Սինտո» -ն ճապոնացիներին սովորեցնում է երկրպագել նախնիներին ու բնությունը, բայց դրա հետ մեկտեղ այն նրանց մեջ դաստիարակում է ազգային ոգի, ազգային բացառիկության զգացում: Օրորոցից սինտոյի գաղափարներով տոգորված ճապոնացին օտարածին ամեն ինչը դիտարկում է հավատալիքների այդ համակարգի դիրքերից և ձգտում է այն դրանց հանգույն վերամշակել: Նույնը՝ մանկավարժական այն կոնցեպցիաների առումով, որոնք հեղեղեցին Ճապոնիան 19-րդ դարի վերջերին: Դրանք կա՛մ ճապոնական տարբերակի են վերածվել, կա՛մ մերժվել են: Իսկ ճապոնացու մեջ բնավորության կամային գծեր և վարքի ուրույն նորմեր դաստիարակելուն կողմնորոշող «բուսիդո» -ն, որը սամուրայական առաքինությունների՝ հավատարմության, պարտքի զգացման, քաղաքավարության, արիության և համեստության ամբողջությունն է, արմատավորվում է տարրական դպրոցի առաջին դասարանից: Ճապոնացի դպրոցականներին հիացնում են սամուրայների սխրանքները: Նրանք պատկառանքով են համակվում վիպերգության այն հերոսների նկատմամբ, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն սամուրայական պատվի պահպանման և նույնպիսի պատկառանքի՝ այն ծնողների հանդեպ, որոնք իրենց զավակներին սխրանքների են ոգեշնչել: Օրինակ՝ երբ աշակերտին պատմում են ռազմիկ Նասուի՝ մահացու վտանգի պահին մորը գրած նամակի բովանդակության և մոր պատասխանի մասին, դասարանը միաձայն հիացմունք է արտահայտում, և դա ընկալվում է որպես ինքնին հասկանալի մի բան: Նասուն մորը գրել է. «Եթե ես առաջիկա մարտում ընկնեմ, կնշանակի քեզնից շուտ կմեռնեմ ու այդ պատճառով կողբամ նույնիսկ շիրմահողի տակ: Իմ սիրտը վշտով է համակված»: Մոր պատասխանը հետևյալն է եղել. «Հնուց մինչև այսօր ռազմիկների տներում ծնվածները հոգածու են եղել ո՛չ թե իրենց կյանքին, այլ պատվին: Նրանք մտահոգվել են իրենց կնոջ ու երեխաների համար, վշտացել են իրենց հորից ու մորից բաժանված լինելու համար, բայց և այնպես չեն վարանել զոհաբերել իրենց թանկագին կյանքը, որովհետև մտածել են իրենց տոհմի մասին և ծանակված լինելը մեծագույն անարգանք են համարել: Եթե դու անվնաս պահես ինձնից ստացած մարմինդ, դրանով կարտահայտես որդիական սերդ, իսկ եթե կատարես պարտքդ և փառաբանության արժանացնես անունդ բոլոր ժամանակներում, այդ սերն առավել ուժգին արտահայտած կլինես»: Ճապոնիայի դպրոցներում թեպետ սամուրայական առաքինությունների ուղղակի քարոզը չի խրախուսվում, սակայն բարոյագիտության դասերին ցուցադրվող կինոնկարներն ու հեռուստահաղորդումներն անպայման սամուրայականության լիցք, ոգի են պարունակում: Այդ ոգին այս երկրում աշխատում են պահպանել իրավական, բարոյական և ծիսական նորմերով: Եվ այս դեպքում «բուսիդո» -ն վարքային կողմնորոշման հիմքն է: Օրինակ՝ մարզման վերաբերյալ սկզբունքը հետևյալն է. «Մարդու մարզվելուն վերջ չկա: Պատահում է՝ հանկարծ զգում եք, որ դուք կատարելության եք հասել և դադարում եք զբաղվել այն բանով, ինչով զբաղվում էիք մինչ այժմ: Մինչդեռ նա, ով ուզում է կատարյալ լինել, պետք է միշտ հիշի, որ ինքը տակավին շատ հեռու է դրանից: Հետևորդները որպես լավագույն մարդկանց կհարգեն ձեռք բերվածով չգոհացողներին և մշտապես նվաճումների ձգտողներին միայն: Կատարյալ անբասիր լինելու համար մարզեք ձեր միտքն այնպես, որ այն ուղղված լինի միայն մեկ նպատակի: Արդարամիտ եղեք զինվորական ծառայության մեջ: Կեղծավորները երբեք չեն կարող ազնվորեն ծառայել զենքին»: (շարունակելի) |