Անգլիացի այս երկարակյացը, որի անունն է Հենրի Ջենքինս, ենթադրաբար ծնվել է մոտավորապես 1501 թվականին, Հյուսիսային Անգլիայի Էլերտոն օն Սուեյլ գյուղում և թաղվել է 1670 թվականի դեկտեմբերի 9-ին, այսինքն մահացել է (միգուցե) 169 տարեկան հասակում: Նա իր ապրուստը վաստակել է գյուղատնտեսական աշխատանքներով ու ձկնորսությամբ, իսկ կյանքի վերջին տարիներին մուրացիկությամբ է ապրել ու հանրահայտ է դարձել իբրև թե իր երկարակեցության մասին շրջանառվող պատմություններով: Նա պնդել է, թե ինքը անգլիացի զինվորների համար նետերի մեծ խմբաքանակ է տեղափոխել Նորտելերթոն, որի Ֆլոդդեն Ֆիլդ բնակավայրի մոտ 1513 թվականին ճակատամարտ է տեղի ունեցել: Նա նաև պնդել է, թե բարոն Քրիստոֆեր Քոներսի (մահացել է 1538 թվականին) գինու մատակարարն է եղել նրա երիտասարդության տարիներին և վկան է եղել նրա ու Ֆունթենսի աբբայության վերջին աբբահայր Մարմեդյուք Բրեդլի գինարբուքներին: 1655 թվականին նա Յորքի երդվյալների դատարանի առջև երդմամբ հայտարարել է, թե ինքը 154 տարեկան է: Մի քանի տարի անց, 1667 թվականի ապրիլին, նա մեկ այլ դատարանի առջև պնդել է, թե ինքը մոտավորապես 157 տարեկան է: Հենրի Ջենքինսի կինը թաղվել է Բոլթոն օն Սուեյլում, 1668 թվականի հունվարի 27-ին: Հենրին կնոջից երկու տարի ավելի է ապրել և թաղվել է Բոլթոնում, 1670 թվականի դեկտեմբերի 9-ին: Յորքշիրի Քաթերիկ գյուղի առաջնորդական տեղապահ Չարլզ Էնթոնին, որը կատարել է նրա հուղարկավորությունը, չի հիշատակել հանգուցյալի տարիքը թեմական իրադարձությունների գրքում և նրա անվան դիմաց ընդամենը գրել է. «շատ ծեր ու աղքատ մարդ»: Լոնդոնի Թագավորական ընկերությունը 1696 թվականին հետաքրքրվել է Հենրի Ջենքինսով, և ընկերության գիտական ամսագիրը տպագրել է բոլթոն օն սուելցի մի կնոջ՝ Էնն Սևիլի նամակը: Այդ կինը 1662 կամ 1663 թվականին հնարավորություն է ունեցել խոսել Ջենքինսոնի հետ: Նրա, ինչպես նաև մեկ այլ անգլիացի ենթադրյալ երկարակյացի՝ Թոմաս Փարրի դեպքը ամբողջ 19-րդ դարում և 20-րդ դարի առաջիկ կեսին դարձել են խաբեությունների առիթ ու առարկա տարբեր պարբերականներում: Հենրի Ջենքինսի հուշակոթողը Բոլթոնի գերեզմանոցում տեղադրվել է 1743 թվականին: Հենց այդ ժամանակ էլ եկեղեցու պատին սև մարմարից հուշատախտակ է փակցվել: Հուշատախտակի գրությունը շարադրել է Քեմբրիջի համալսարանի «Մագդալեն» («Մագթաղենացի») քոլեջի տնօրեն Թոմաս Չեմպենը, որի համոզմամբ՝ Ջենքինսը մահացել է 169 տարեկան հասակում: |