Նոր Նորք վարչական շրջանում այսօր մեծ շուքով նշվեց հայոց ավանդական ու գեղեցիկ տոներից մեկը՝ Բարեկենդանը: Տոնը գրեթե միշտ կապվել է գարնան գալստի հետ: Պատահական չէ, որ Նոր Նորքում այն նշվեց ձմռան վերջին օրը: Բարեկենդանին մարդիկ մաղթում են միմյանց բարի կենդանություն, այսինքն՝ ուրախություն ու երջանկություն: Նոր Նորքում տոնին միացել էին ուսումնական հաստատություններն ու մշակութային հիմնարկները: Պարային ու երաժշտական կատարումներին զուգահեռ կազմակերպվել էր նաև ձեռարվեստի ու նկարչական աշխատանքների ցուցադրություն՝ Նոր Նորքի մշակույթի, ուսումնամեթոդական և գիտաարտադրական կենտրոնների սաների մասնակցությամբ: Հայ եկեղեցին առանձնակի ճոխությամբ է նշում հատկապես Բուն Բարեկենդանը: Այս տարի Արարատյան Հայրապետական Թեմի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ տոնը բացառիկ հնչեղություն ունեցավ: Բարեկենդանին նվիրված միջոցառման ազդարարման պատիվը վերապահված էր Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց Վարդան քահանա Մկրտչյանին: Նորնորքցիներին ողջունելու էին եկել հ. 135 դպրոցից Տաթև Ենգիբարյանը, «Էլիտա» հեղինակային դպրոցից Էրիկա Էլբերտը, Նոր Նորքի մշակույթի կենտրոնի, Սարգիս Ասլամազյանի անվան երաժշտական և Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցների, «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի գեղարվեստական խմբերն ու անհատ կատարողները: Միջոցառման ընթացքում երգիչ Հայկ Համբարձումյանի կատարմամբ հնչեց երգի պրեմիերա՝ «Գիժ քամի» , որի հեղինակը միջոցառման հաղորդավար Վիգեն Գևորգյանն է, ով Տաթև Հովակիմյանի հետ միասին Բարեկենդանի օրը Նոր Նորքում վերածեց իսկական տոնի: Հայոց ավանդական Բարեկենդանի տոնին հատուկ բարեմաղթանքով բոլորիս ցանկանում ենք բարի կենդանություն: Երջանիկ ու ժպտադեմ եղեք, սիրելի նորնորքցիներ, և թող ձեր օջախներում մշտապես իշխեն սերը, ջերմությունն ու հաջողությունը: Նկարները՝ այստեղ |