MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +31 °C Yarın:+28 °C
Խաչի խորհուրդը հայ մատենագրության մեջ
19:22, 25.07.2014
8005 | 0

Ս. Ներսես Շնորհալին գտնում է, որ փայտե, քարե կամ մետաղե անկենդան խաչը տակավին ոչինչ է: Բայց երբ խաչը խորհրդանշում է այն պատկերը, որը ներկայացնում է մարդեղացած Աստծուն` Հիսուս Քրիստոսին իբրև Փրկիչ ի մեռելոց, ապա խաչն իբրև փայտ, քար կամ մետաղ չքանում է և նրա միջից հառնում է էությունը. ՙԵթէ որպէս զԱստուածընկալն խաչ տեսանելով` ոչ երեւելի նիւթոյն, այլ աներեւոյթին Աստուծոյ որ ի նմա, զերկրպագութիւն մատուցանեմք, այսպէս եւ փրկական պատկերին ոչ նիւթոյն եւ դեղոցն, այլ Քրիստոսի, որ է պատկեր աներեւոյթին Աստուծոյ Հօր, երկիր պագանեմք նովաւ՚: Հայոց մեջ խաչի առաջին մեկնությունները պարունակող այս հատվածներն արդեն, հիմքում ունենալով խաչի հաղթանակի և փրկագործության խորհրդաբանությունը, հավաստում են խաչի` Քրիստոսի և քրիստոնեության բացարձակ խորրդանշան լինելու հանգամանքը: ՙԵս զՔրիստոս կենդանի պատկեր միշտ ի Խաչին խոստովանիմ՚, - գրում է Անանիա Սանահնեցին:

Զ - Է դդ. սկսած` հայոց եկեղեցիներում ավագ խորանի սեղանի վրա Հիսուսի և Տիրամոր սրբապատկերի փոխարեն դրվել է Սուրբ Նշանի խորհրդաբանական պատկերը` Խաչը: Ինչպես ցույց է տալիս Սիրարփի Տեր-Ներսեսյանը, վաղ քրիստոնեական պատկերագրությունը խուսափում էր խաչելության ներկայացումից` այն փոխարինելով Քրիստոսի դիմապատկերը կրող խաչով կամ փրկության հինկտակարանային այլաբանություններով` Աբրահամի զոհաբերությունը, երեք մանուկները հնոցում, Դանիելն առյուծների գբում:
Հայաստանում քրիստոնեության զարգացմանը զուգահեռ զարգացել են խաչելության և խաչի ընկալումները և փոխվել է խաչի արտաքինը: Հնագույն խաչերը ունեցել են պարզ հորինվածք, և խաչաթևերը չեն ունեցել թանկագին քարերը խորհրդանշող գնդիկներ: Եթե Ե-Զ դարերի համար առավել բնութագրական էր հավասարաթև խաչը, ապա գոնե Զ դարից սկսած առանձնահատուկ զարգացում է ստանում ձգված համամասնություններով խաչը: Եթե վաղ խաչերին բնորոշ են երկրաչափական ձևերը, ապա ավելի ուշ գերակշռող են դառնում զարդային-բուսական մոտիվները:
Թ - ԺԵ դարերում պաշտամունքային վերաբերմունքը խաչի նկատմամբ արտահայտություն գտավ մանրանկարչության, քանդակագործության, մասնվորապես խաչքարերի մեջ: Ինչ վերաբերում է մանրանկարչությանը, ապա ձեռագիր մատյաններում խաչի մոտիվը հանդիպում է արդեն ամենահնագույն օրինակներում. ՙՍանասարյան՚ կոչվող Ավետարանում (986թ., ՄՄ, 7735), Ժ դարի Ավետարանում (Մ Մ, 10517), ՄՄ, 5547 ձեռագրում (Ժ դ.) և այլն:

Արթուր սարկավագ Աբգարյան

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8353 | 0
18:21, 25.07.2014
6232 | 0
yukarı