MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Yarın:+29 °C
ԱՄՆ նախագահները հայոց ցեղասպանության մասին. ներկայացնում է քաղաքագետ Սուրեն Զոլյանը
16:58, 23.06.2015
2992 | 0
Մանկավարժական աշխատողների հունիսյան դպրոց
Ա. Բաբաջանյան 25, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոց

Հունիսի 24, հունիսի 26-ին, ժամը 11.00-12.00, հրավիրում ենք Ավագ դպրոցի ընթերցարան` քաղաքագետ (ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Մոսկվայի հումանիտար համալսարան) Սուրեն Զոլյանի դասախոսությանը:
Թեման` ԱՄՆ նախագահները հայոց ցեղասպանության մասին. խուսանավող դիսկուրսի իմաստա-գործաբանական վերլուծություն:
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել «Կարծիքներ» բաժնում։

Ուսումնասիրության հիմնական բովանդակությունը

1. Ժամանակակիցաշխարհում քաղաքական դիսկուրսը քաղաքական ներգործության հիմնական ձևն է ու մեխանիզմը։ Համապատասխան հաղորդակցական, իմաստային և նշանային գործիքների համադրության միջոցով իրենց արտահայտումն են գտնում քաղաքական, արժեքային, մշակութային, հոգեբանական և այլ գործոնները։ Ցեղասպանության խնդրի միջազգայնացումը պահանջում է, որպեսզի վերլուծվեն և վերհանվեն դրա ներկայացման, լուսաբանման և մեկնաբանման եղանակները քաղաքական դիսկուրսի արդյունավետության տեսանկյունից։ Քանի որ պատմական իրադարձությունը կատարվելուց հետո կարող է գոյություն ունենալ միայն տեքստային կամ որևէ այլ նշանային արտապատկերման միջոցով, Ցեղասպանության ճանաչման գործընթացը այս պարագայում մեծապես կախման մեջ է ոչ միայն պատմական իրողությունից, այլ նաև այդ իրողության տարբեր տեսակի դիսկուրսիվ արտապատկերումներից (պատմական հիշողություն, պատմագրություն, պաշտոնական վարկածներ, միջազգային ընկալում, կրոն, գրականություն, արվեստ և այլն) ։

Ցեղասպանությանը վերաբերող դիսկուրսները կարելի է բաժանել երեք տեսակի․

ա) ցեղասպանությունը հաստատող և ճանաչող,
բ) ցեղասպանությունը նենգափոխող կամ ժխտող,
գ) «խուսանավող» ։

2. «Խուսանավող» դիսկուրս։ Որպես դրա ցայտուն օրինակ կարելի է բերել ամերիկյան պաշտոնական հայտարարությունները։ Դրանք ունեն երկու հասցեատեր․առաջինը ԱՄՆ կառավարությունից Հայոց ցեղասպանության Ճանաչումը պահանջող ամերիկահայ համայնքն Է, երկրորդ հասցեատերը՝ Ցեղասպանության ճանաչումից խուսափողները` լինի դա ԱՄՆ-ն, միջազգային կազմակերպություններ, կամ Թուրքիան։ Իրադարձությունը նկարագրվում է անուղղակի և երկիմաստ լեզվական միջոցներով` խուսափելով հետագա քայլերը ենթադրող ձևակերպումներից և գնահատականներից: Իրադարձության նկարագրման փոխարեն` առկա են ընդհանուր գնահատականներ կամ հուզական արտահայտություններ։ Նման դիսկուրսում ցանկության դեպքում բոլոր հասցեատերերը կարող են գտնել իրենց համար շահեկան կետեր․այն չի ժխտում ցեղասպանությունը, բայց և չի էլ հաստատում։ Սակայն, նման դիսկուրսի հեռահար նպատակը՝ չժխտելով հանդերձ խուսափել ճանաչումից, բոլոր դեպքերում խոչընդոտում է ճանաչման գործընթացը։ Պատահական չէ, որ վերջերս թուրքական կողմը պաշտոնական ելույթներում նույնպես սկսել է կիրառել խուսանավող դիսկուրսի որոշ տարրեր (տե՛ս. Էրդողանի 2014 թ․24 ապրիլի հայտարարությունը) ։

Հաշվի առնելով, որ Ցեղասպանության ճանաչումը ակնկալվում է նախ և առաջ նման դիրքորոշում որդեգրած երկրներից` այս դիսկուրսը պիտի դառնա լուրջ ուսումնասիրման և համարժեք արձագանքի առարկա։ Սակայն դա պիտի արվի ոչ թե հակաքարոզչության տեսքով, այլ անուղղակի բանավեճի` որպես խուսանավելու դիսկուրսիվ միջոցների բացահայտում և վերախմբագրման պահանջ՝ ենթադրյալը, կանխավարկածները տեքստ դարձնելով և հստակեցնելով երկիմաստ արտահայտությունները։ Որոշ առումով խուսանավող դիսկուրսը անգամ ավելի վտանգավոր կարող է լինել, քան ժխտողականը․այն որեէ բան ոչ հերքում է, ոչ էլ հաստատում, ուստի կարծես թե ենթակա չէ ճշմարտացիացման կամ հերքման (verification – falsification) ընթացակարգերին։ Ուստի բանավեճի մինչև այժմ մշակած եղանակները (պատմական փաստերի ներկայացում) տվյալ դեպքում չեն գործում։ Սակայն, ինչպես մենք կաշխատենք ապացուցել, խուսանավող դիսկուրսի միջոցով որոշակի հստակ պնդումներ համենայն դեպս արվում են` թեև անուղղակիորեն։ Նշանագիտական և լեզվաբանական գործիքակազմն է, որ դառնում է խուսանավող դիսկուրսին հակազդելու հիմնական միջոց։ Տվյալ դեպքում դա հնարավոր է դարձնում նկարագրել համարժեք ընթերցման և ըմբռնման պայմանները, որոնք կարող են կատարել նույն իմաստաբանական դերը, ինչը սովորաբար կատարում են ճշմարտացիության պայմանները[1]։

3. Որպես վերլուծության նյութ ընտրված են ԱՄՆ բոլոր նախագահների Հայոց ցեղասպանությունը հիշատակող ելույթները։ Դրա հետ մեկտեղ հատուկ համակարգային ուսումնասիրության առարկա ենք դարձնում Բարաք Օբամայի վեց պաշտոնական ապրիլյան հայտարարությունները Մեծ եղեռնի մասին (2009 - 2015 թ․թ․), քանի որ այն օգտագործված դիսկուրսիվ միջոցների տեսանկյունից ամենահարուստն է և բազմաբովանդակ։

1915 թ․Ամերիկյան հասարակությունը տեղյակ էր Արևմտյան Հայաստանում և ամբողջ Թուրքիայի տարածքում կատարվող իրադարձությունների մասին և հնարավորինս չափ աշխատում էր օգնել ոճրագործությունների զոհերին։ Թուրքիայում ԱՄՆ դեսպանների՝ Հենրի Մորգենտաուի, իսկ հետագայում Ապրահամ Էլկուսի, ինչպես նաև ԱՄՆ հյուպատոսների զեկուցագրերը հանդիսանում են կարևորագույն վկայություն կատարվածի վերաբերյալ։ Ամերիկյան դիվանագետները կատարվածը անվանում էին a campaign of race extermination, the massacre of non-combatant Armenians in Turkish territory, mass killings, etc., այսինքն այն, ինչ հետագայում Ռաֆայել Լենմկինը, հենվելով հենց այս իրադարձությունների վրա անվանել է ցեղասպանություն։ Նման մոտեցումը որոշ չափով իր արտահայտությունն է գտել նաև ԱՄՆ կոնգրեսի և նախագահ Վուդռո Վիլսոնի պաշտոնական փաստաթղթերում։

4. Այս ամենի պատճարով ԱՄՆ պաշտոնական դիսկուրսը չպիտի հակասության մեջ մտներ եղած անդրադարձների հետ, սակայն նոր իրողություններից ելնելով, այդ դիսկուրսը չպիտի բացասաբար անդնադառնար Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունների վրա։ Բիլլ Քլինթոնը, որի օրոք նման անդրադարձը դառնում է ավանդական և պարտադիր, ստեղծում է մի կանոնիկ վերարտադրվող տեքստ, որի կաղապարը և նույնիսկ բառապաշարը հետագայում օգտագործել է Ջորջ Բուշ-կրտսերը։ ԱՄՆ քաղաքականության շարունակականությունը հիշատակվում է, սակայն ընդամենը որպես ամերիկյան օգնությունը հայերին։ «Ցեղասպանություն» եզրի փոխարեն օգտագործվում են նկարագրական արտահայտությունները․mass killings, massacres, crime against humanity, great calamity. Չեն նշվում այդ հանցագործությունների ծրագրողներն և կատարողները, նշված է լինում միայն ժամանակը և վայրը։

6. Բառակ Օբաման կատարելագործում է Քլինթոնի այս բավականին պարզունակ կաղապարը։ Պահպանելով իր նախորդների ուղերձների հիմնական ձևը, Օբաման այն դարձնում է բազմաբնույթ և երկիմաստ, տեքստը ուղված է տարբեր հասցեատերերի և ենթադրում է տարբեր, անգամ իրար հակասող հնարավոր մեկնաբանություններ։ Փակ մեկնաբանության համար նախատեսված Քլինթոնյան տեքստային կաղապարին փոխարինելու է գալիս բաց իմաստաբանական կառուցվածք, որտեղ հիմնական դերը հատկացված է տեքստում ուղղակիորեն չարտահայտված ենթադրյալ և միջտեքստային իմաստային հարաբերություններին։

Այս առումով Օբամայի ստեղծած կաղապարը կարելի է համարել խուսանավող դիսկուրսի կատարյալ ձևավորում․այս դեպքում ոչ միայն բովանդակությունն է խուսանավող, այլ նաև բովանդակության կաղապարումը։ Սակայն դա ստեղծում է լրացուցիչ էֆեկտներ։ Ենթադրյալ և միջտեքստային իմաստային հարաբերությունների հիման վրա հնարավոր է ստեղծել մի միասնական տեքստ, որ ինքն ըստ ինքյան պարզաբանում է՝ թե ինչից է խուսափում խուսանավող դիսկուրսը։ Խուսանավող դիսկուրսը մատնում է ինքն իրեն, անուղղակի կերպով անվանելով այն, ինչի «իսկական» անունը արգելված է տալ։ Այն, ինչը չի ասվում տեքստում, դառնում է նրա ստվերը և վերականգման ենթակա ստվերային իմաստը։ Հատկապես, որ տվյալ դեպքում անհրաժեշտ տեղեկությունները առկա են հենց սկզբնաղբյուր հանդիսացող տեքստերում (ԱՄՆ 1915 – 1920 թ․թ․ պաշտոնական փաստաթղթեր) ։

Ուստի և խուսանավող դիսկուրսի դեպքում, երբ անարդյունավետ է դառնում բանավեճը և հակադարձումը (հիշենք նաև նախաբանում նշված Ջորջ Լէյկոֆի «Մի մտածիր փղի մասին» էֆեկտը), ապա համարել որ դա հանդիսանում է ցեղասպանության ճանաճում, թեև արտահայտված ոչ-կոնվենցիոնալ ձևով, երբ «ցեղասպանություն» եզրը տրված է որպես միջտեքստային կառույց[2]։

Արդյունավետ դիսկուրսիվ ռազմավարության համար անհրաժեշտ է փորձել հասկանալ, ինչ է ընկած խուսանավող դիսկուրսի հիմքում: Կարծիք կա, թե իբր «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից բխելու են իրավական և քաղաքական գործընթացներ, որոնք կարող են բերել անգամ տարածքային փոփոխությունների։ Սակայն ԱՄՆ նախագահների նման հայտարարությունները չունեն իրավական ուժ (non-binding), նրանք որևէ բան չեն կարող պարտադրել, առավել ևս՝ մեկ այլ պետությանը։ (Հիշենք, որ Ռ․Ռեյգանի ելույթում այդ բառի օգտագործումը որևէ հետևանք չունեցավ) ։ Անհասկանալի է նաև այն բացատրությունը, թե իբր «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը վնասելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։[3]

7. Միակ բացատրությունը կարող է լինել արխայիկ տաբուի ֆենոմենը։ Ինչպես հայտնի է, տաբուի հիմքում ընկած է նշանի և երևույթի նույնականացումը, ուստի գործողություններ նշանի (նշանակիչի) հետ կարող են ազդել աշխարհի (նշանակյալի) վրա։ Բառի չ-արտահայտումը բերում է նշանակյալի անգոյությանը։ Ուստի, ըստ տաբուի տրամաբանությանը, չարտասանելով «ցեղասպանություն» բառը, հնարավոր է այն զրկել իրական լինելուց։ Տաբուն հանդիսանում է ժխտողականության առավել վտանգավոր գործիք և եղանակ։

Տաբուն՝ քաղաքական լեղվի այն երևույթներից է, որ ակնհայտ է դարձնում լեզվի քաղաքական գործառույթի բազմիցս մատնանշված կապը մոգական գործառույթի հետ։ Սակայն տաբուն իր մեջ պարունակում է լուրջ հակասություն․այն պահանջում է, որ հիշվի և անվանվի այն, ինչ արգելված է արտասանել։ Ուստի այն, ինչ արգելված է, որպեսզի արգելվի պիտի պարտադիր ձևով վերարտադրվի։ Այս երևթւյթը կարելի է անվանել «Հերոստրատի էֆեկտը» ։ Տաբուն պահանջում է համապատասխան ծիսակատարություն։

Պետք չէ թերագնահատել քաղաքական միֆի և լեզվական գործիքների վրա հիմնված քաղաքական մոգականի ազդեցությունը և դրա արմատավորվածությունը ընթացիք քաղաքական գործընթացներում։ Սակայն պետք չէ և անտեսել, որ տաբուն, բացարձակացնելով կապը նշանակիչի և նշանակյալի միջև շեղվում է բնականոն նշանային հարաբերություններից ։

8. Հարկավոր է դուրս գալ այս արխայիկ հաղորդակցման կաղապարներից, ժամանակայկից մոտեցումների դեպքում իրավիճակը բոլորովին այլ կդառնա։ Երևույթը չի փոխվում, եթե այն այլ անուն է ստանում։ Տվյալ դեպքում ԱՄՆ նախագահների դիսկուրսում տրված է մի ամբողջական պատկեր։ Անկախ այն բանից, «ցեղասպանություն» եզրը արտասանված է թե ոչ, կամ տրված են հանցագործնեի անունները թե ոչ, ինքը հանցագործությունը նկարագրված է։

Այստեղ տեղին չէ քննարկել, թե ինչու և ինչպես է ԱՄՆ և Թուրքիայի միջև ստեղծվել տաբուի վերաբերյալ նման համաձայնություն։ Այլ բան, որ պետք է գիտակցել, որ տաբուի հաղթահարման եղանակները տարբեր կարող են լինել, և դրանք չեն սահմանափակվում այդ բառի արտասանությամբ։ Եթե ԱՄՆ նախագահը ի վերջո արտասանի «ցեղասպանություն» բառը, դա կարելի համարել հաղթանակ, սակայն միայն այս առասպելաբանական շրջանակում։ Այն կարևորություն կարող է ձեռք բերել, եթե դիսկուրսիվ պրակտիկաներից դառնա իրական քաղաքական և իրավական գործընթացների։ Ուստի հնարավոր է եղած տեքստերը ընդունել որպես միասնական և ամբողջական դիսկուրս, և այն ինքնաբավ նշաններից, մեկնաբանություններից, նարրատիվներից և տեքստերից վեր հանել իմաստներ, փաստեր և իրադարձություններ։ Տաբուն հնարավոր է հաղթահարել միայն դուրս գալով դրա հիմքը հանդիսացող միֆի, քաղաքական առասպելի շրջանակներից և ընդունել պատմական իրողությունը։ Իրողությունը, ի տարբերություն ասույթների, անժխտելի է։ Ինչպես դա հիանալի ձևակերպեց Բառակ Օբաման․

․․․the Armenian Genocide is not an allegation, a personal opinion, or a point of view, but rather a widely documented fact supported by an overwhelming body of historical evidence. Thefactsareundeniable



[1]Հիշեցնենք` ճշմարտացիության պայմաններ ասելով հասկանում ենք այն պայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ասույթը գնահատվի ճշմարիտ կամ կեղծ, կամ, եթե վերցնենք դրա եղանակային (modal) տարբերակ, տվյալ ասույթին համապատասխանող հնարավոր աշխարհների բազմություն։

[2]Օրինակ․» Համլետ» անվան փոխարեն հնարավոր է օգտագործել արտահայտուքթյուն․ «Շեքսպիրի նունանուն ողբերգության գլխավոր հերոսը, որը սպանել է իր հորեղբորը» ; կամ․ «Շեքսպիրյան հերոս, որի դերը կատարում է Սմոկտունոբսկին նույնանուն կինոնկարում» ։

[3]Ինչպես ինքնը Օբաման գրում պետքարտոիղար Ք․Ռայսին․ «we need to move US policy on this issue from a zero-sum game between Turkey and Armenia» .

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4585 | 0
12:54, 03.11.2015
4979 | 0
15:02, 26.10.2015
4096 | 0
yukarı