MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.30, EUR 417.56, RUB 6.33, GBP 484.72
+4 °C, 0 °C ... +5 °C Yarın:+7 °C
Միասեռական հոգևորականներ Հայ եկեղեցո՞ւմ
14:43, 31.08.2016
21311 | 0

Հայկական թերթերը մեկը մյուսի հետևից իրար հերթ չեն տալիս բարձրաձայնելու Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցող սկանդալային իրադարձությունները՝ սկսած տարբեր հոգևորականների խայտառակ վարքագծից ընդհուպ մինչև Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի կամ աթոռազրկության քննարկումները: Այս ամենի մեջ, սակայն, կարմիր թելի պես անցնում է որոշ եկեղեցականների միասեռականության հարցը, որը վերջերս բավական հաճախ է սկսել շոշափվել:

Դեռևս 2013 թ. ավարտին համացանցը ցնցվեց Էջմիածնի նախկին միաբան Հակոբ աբեղա Գրիգորյանի և ոմն համասեռամոլ Դավիթի հետ հրապարակված լուսանկարներից, իսկ մեկ տարի անց՝ 2014 թ. հուլիսին, միասեռականության մեջ կասկածվող աբեղան արդեն կարգալույծ հռչակվեց: Ապա համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ «Հայր Հակոբն անձամբ կաթողիկոսին խոստովանել է իր մեղքը. չի թաքցրել իր հակումների մասին և Վեհի ականջին կաթեցրել է, թե այդպիսի տղերք՝ հայր սուրբեր շատ կան: Դրանից հետո Գարեգին Բ-ն հավաքել է բոլոր հոգևորականներին՝ հորդորել զգույշ լինել: «Եթե գոմիկ էլ եք, էնպես արեք, որ չիմանան և հանրային քննարկումներ չլինեն», -ասել է Վեհը», գրում է կայքէջերից մեկը…

Թվում էր, թե այսքանով այս թեման փակված կմնար, եթե 2016 թ. մարտին հայկական և ֆրանսիական մամուլի էջերն այս անգամ չողողվեին Երուսաղեմի հայոց պատրիարքության երկու գործող (որոնցից մեկն արդեն հանգուցյալ) և մեկ նախկին միաբանների շուրջ հյուսված մանկապղծության հոդվածներով: Անչափահաս ժառանգավոր աշակերտ Հրայր Եզեկելյանի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ էին մեղադրվում Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը, Բեթղեհեմի Սբ. Ծննդյան վանքի նախկին տեսուչ Խադ վարդապետ Ջունդուրյանը և ներկայումս Հույն Ուղղափառ եկեղեցու Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի համայնքում պաշտոնավարող Հայր Դեմետրիոս Աթարյանը: «Այս պատմությանը ծավալուն անդրադարձ էր կատարել Իսրայելի 10-րդ հեռուստաալիքը՝ ցուցադրելով «Անցյալի դևերը» վերնագրով վավերագրական ֆիլմ: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ ֆիլմի ցուցադրումից հետո Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Տնօրեն ժողովի որոշմամբ ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որը ներքին հետաքննություն է անցկացնում», գրում է «Սիվիլնեթ» կայքը: Ավելացնենք, որ առ այսօր Երուսաղեմի հայոց պատրիարքարանը Հայ եկեղեցու հեղինակության վրա մթին ստվեր նետած այս ամոթալի դեպքերի առնչությամբ հանդես չի եկել պաշտոնական պարզաբանմամբ:

Ասես այսքանը քիչ էր, 2016 թվի մարտի վերջին՝ ընդամենը հաշված օրեր անց, հրապարակվում է ևս մի սկանդալային հոդված. այս անգամ կարգալույծ հռչակված Գրիգոր (Արծրունի) քահանա Ավետիսյանի կողմից մանկապղծության մեջ է մեղադրվում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, ով Գարեգին Բ կաթողիկոսի հարազատ եղբայրն է: Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը, արձագանքելով Եզրաս սրբազանի՝ մանկապիղծ լինելու մասին լուրերին, առանց հերքելու հիմարություն է որակում դրանք:

Բայց դա դեռ ամենը չէ: 2016 թ. փետրվարին «Life.panorama.am» կայքէջին տված հարցազրույցի ժամանակ «ATV» հեռուստաընկերության «6-րդ զգայարան» հեռուստաշոուի պայծառատես Անի Գրիգորյանը սենսացիոն հայտարարություն է անում. «Այսօր շատ ապացույցներ կան, թե ինչ է կատարվում ճեմարաններում, ինչ է կատարվում այդ տղա երեխեքի հետ, բա Աստվածաշունչը նման բան թո՞ւյլ է տալիս: Այսօր մեր երկրում համասեռամոլություն է տիրում, իսկ Աստվածաշունչը ասում է՝ հեռու մնացեք նման բաներից: Այսօր շրջանառվում է այն կարծիքը, որի համաձայն օրենք են ուզում ընդունեն, որ համասեռամոլները Եկեղեցում մկրտվեն, իսկ այդ դեպքում ո՞ւր են այդ հոգեւորականները»: Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էլ շտապեց հարցեր ուղղել պայծառատեսին. «Ներողություն, իսկ իր տղան ճեմարանում համասեռամո՞լ է, որ ինքը տեղյակ է, որ ճեմարանում նման երևույթ գոյություն ունի: Կամ իր համասեռամոլ տղայի մկրտության կամ պսակադրության որոշումը եկեղեցին կայացրե՞լ է, որ ինքը տեղյակ է այդ ամենից…»: Իսկ Տեր Վահրամն էլ պարզապես բարբաջանք համարեց պայծառատեսի հայտնությունները՝ կոչ անելով հեռուստաընկերությանը դադարեցնել «6-րդ զգայարան» հեռուստաշոու եթեր հեռարձակումը:

Օրեր առաջ հանրության սեփականությունը դարձավ կարգալույծ արված նախկին միաբաններից Հովհաննես աբեղա Սահակյանի աղմկահարույց բաց-նամակը՝ ուղղված Գարեգին Բ-ին, որն իր բովանդակությամբ աննախադեպ էր: Մեջբերենք խնդրո առարկա նամակից մի հատված. «Ձերդ Սրբություն, Ձեզ կխաբեն ու կասեն, որ վերջին 200 տարիների ընթացքում ոչ մի Հայրապետ այնքան շենքեր չի կառուցել, որքան Դուք… Մի հավատացեք, դրանք քծնանքի խոսքեր են…Դուք ոչինչ չեք կառուցել, այլ միայն քանդել եք, և դրա վկայություն է լեփ լեցուն համասեռամոլ հոգևորականները, որոնք խրախուսվում են Ձեր կողմից և բարձր պաշտոններ են զբաղեցնում: Համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգևոր կյանքի մասին, այլ պետք է խոսել հոգևոր ինքնասպանության մասին… Եթե հոգևորական ես, եղիր համասեռամոլ, կամ գոնե անխոս ստրուկ…»:

Հենց այս ծանր մեղադրանքներն էլ առիթ հանդիսացան, որ խնդրին ծանոթանանք ավելի մոտիկից՝ Մայր Աթոռի ներքին խոհանոցից: Ստացվում է, որ համասեռամոլության երևույթը ոչ միայն առկա է Հայ եկեղեցում, այլև տարածված է, որը խրախուսվում և հովանավորվում է կաթողիկոսի կողմից: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ անցյալ տարի Էջմիածնի երիտասարդ միաբաններից Գարեգին աբեղա Համբարձումյանը Գարեգին Բ-ի կողմից նշանակվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ: Կարճ ժամանակ անց Հայր Գարեգինն ստացավ վարդապետական գավազան, որպեսզի իր դիրքերն ամրապնդի ճեմարանում: Վերջինիս մասին ճեմարանի ուսանողներն արտահայտվում են մեծ զգուշությամբ, քանի որ իրենց տեսուչը կաթողիկոսի մտերիմ մարդկանցից է և ցանկացած ուսանողի կարող է հեռացնել: Ճեմարանականների խոսքերով՝ Գարեգին վարդապետ Համբարձումյանը Էջմիածնի միաբանության մեջ հայտնի է որպես միասեռական: Տեսչի կուրսեցիներից տեղեկացանք նաև, որ Հայր Գարեգինը, նույն ինքը՝ Թաթուլը, իր ճեմարանական տարիներին ճեմարանում հաճախ էր հաճույքով պատմում իր դիտած պօռնոֆիլմերի մասին, իսկ իր բջջային հեռախոսի մեջ մշտապես ուներ ոմն անբարոյական Անուշիկի հայհոյանքների ձայնագրությունը, որը յուրաքանաչյուր ազատ դասի ժամանակ միացնում էր լսարանում՝ իր կուրսեցիներին զվարճացնելու համար:

Ճեմարանից սկսած առ այսօր նա շատ մտերիմ է մեկ այլ միաբանի՝ Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Խորեն աբեղա Առաքելյանի հետ, ով ևս ճեմարանում և միաբանների մոտ, ըստ ականատեսների, աչքի էր ընկնում իր միասեռական հակումներով: Իմիջիայլոց, լուսակերտցի Հայր Խորենին կամ նախկին Տարոն Առաքելյանին շատերը ճանաչում են իր երբեմնի արած բժշկություններից, որոնք ավելի շուտ հիշեցնում էին Կաշպիրովսկու մոգական սեանսները: Խոսակցություններ կան, որ միասեռական հակումներ ունեցող միաբաններից է նաև Մայր Աթոռի Կադրերի բաժնի տնօրեն Կյուրեղ վարդապետ Դավթյանը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետ Համբարձումյանը համարվում է ԱՄՆ-ի մասոն հոգևորականներից Տաճատ քահանա Դավիդյանի սիրելի ձեռնասուններից մեկը: Տեր Տաճատը մեկ անգամ չէ, որ ակնհայտ կերպով պաշտպանել է միասեռականներին՝ արդարացնելով նրանց վարքագիծը: Այսքանից հետո մեզ մնում է սպասել, որ մոտ ապագայում գուցե դեռ էլի անուններ կհրապարակվեն Երուսաղեմի և Մայր Աթոռի բարձրաստիճան և ցածրաստիճան միաբանների խայտառակ անցյալից, ինչը լուրջ հարված է առաջին հերթին 2000-ամյա պատմություն ունեցող եկեղեցու համար: Ակամայից գալիս ես այն եզրակացությանը, որ ճշմարիտ են կարգալույծ արված Հայր Հովհաննես աբեղայի պնդումները, թե Հայ եկեղեցում «համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգևոր կյանքի մասին, այլ պետք է խոսել հոգևոր ինքնասպանության մասին»:



Մամիկոն Մանուկյան

Basın sekreteri: Ազատ Խոսք
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
| |
Ազատ Խոսք
yukarı