MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Yarın:+20 °C
ՄԱՀՎԱՆԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ՍԵՅՐԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
23:15, 06.09.2016
6095 | 0

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎԱՎԵՐԱԳՐԵՐՈՒՄ

Ծնվել է 1948թ. թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Ալավերդի քաղաքում: Սովորել է Մ.Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցում: Ծառայել Է ԽՍՀՄ բանակում՝ երեք տարի: Վերադարձել, աշխատանքի է անցել, ամուսնացել:

Թվում է սովորական կենսագրությունը պիտի այդպես էլ շարունակվեր՝ խաղաղ, հանգիստ: Սակայն… կինը երիտասարդ տարիքում մահացավ, ամուսնու ուսերին թողնելով երեք երեխաներին միայնակ սնելու, դաստիարակելու, երկուսի փոխարեն գուրգուրանք ու սեր տալու հոգսը: Բայց արդյո՞ք հոգս է դա. եթե միասին լինեին՝ բարեբախտություն կկոչեինք, քանզի զավակին սիրելը, սեր տալը հոգս չէ, բնական վիճակ է: Այդպես էլ հայրենիքը սիրելը, անմնացորդ նվիրվելը բնական զգացողություն և ապրելու կերպ էր իր, և է՛ հայ նորօրյա ազատամարտի նվիրյալ՝ Արծիվ Մահապարտներից յուրաքանչյուրի, այսօր արդեն նաև իր զավակների՛ ու թոռների՛ համար:
ՀԱՏՎԱԾ Ս.Ս. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂՈՒՑ. -1988-90թթ. Ալավերդու երկրապահ ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի, Իջևանի, Սիսիանի սահմանամերձ շրջանների պաշտպանությանը:

1991թ. ընդգրկվել է Հատուկ գնդի Ալավերդու վաշտի կազմում՝ դասակի հրամանատար, մասնակցել է ԼՂԻՄ Շահումյանի շրջանի պաշտպանությանը՝ Բուզլուխ, Էրքեջ և Մանաշիդ բնակավայրերում:

1992թ. օգոստոսի 15-ին, Վ.Սարգսյանի կոչով Թումանյանի շրջանի 13 երկրապահ կամավորականների հետ զինվորագրվել է ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդին:

01.09.1992թ.-ից 2-րդ վաշտի կազմում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք-Չլդրան-Վաղուհաս գյուղերի ուղղությամբ մասնակցել է Վաղուհասի համար մղվող մարտերին:

Զոհվել է 02.09.1992թ. Վաղուհասի բարձունքների համար մղված մարտում:

2001թ. հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության», և 2012թ.-ին՝ ԼՂՀ «Արիության համար» մեդալներով:

Ապրած կյանքի, հայրենանվիրումի փաստաթղթային պարզ շարադրանք: Ով էլ լինի շարադրանքի հեղինակը, պիտի կարոտից, կորստի ցավից մրմռացող սրտի տրոփը լռեցնի, ու հենց այսպիսի չոր ու ցամաք թիվ ու փաստեր շարադրի. ձևաչափն է այդպիսին:

Իսկ ես, հիմա՝ Սեյրան Սուրենի Մարգարյանի զոհվելուց 24 տարի անց՝ նրա կերպարն ինձ համար ամբողջացնելու փորձ եմ անում՝ ընթերցելով, համեմատելով իրեն ճանաչողների, ընկերների հուշերը, որտեղ նրանք բնութագրել են իրենց համաքաղաքացուն, մարտական ընկերոջը, հայ մարդուն:

… ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝

Գրիշա Դավթյան -Սեյրան Սուրենի Մարգարյանը ազգային շարժման մեջ ընդգրկվել է հենց սկզբից՝ 1988թ.-ից: Իբրև որսորդ, քաջածանոթ լինելով զենքին, կարողացավ մեծ դեր խաղալ կամավորական ջոկատների սպառազինման կազմակերպման, ապա նաև ղեկավարման գործում: Առանց Սեյրան Մարգարյանի չի կատարվել ոչ մի մարտական ելույթ: Նա այն սյուներից էր, որոնց վրա դրված են մեր հաղթանակների պսակները: Ակտիվ, եռանդուն, անդուլ տղամարդ էր Սեյրանը, կյանքի ծանր հարվածներ կրած ու չկքված, ընկերական միջավայրի կորիզն էր, վայելում ու միշտ արդարացնում էր ընկերների վստահությունն ու հարգանքը: Նրա թիկունքը հակառակորդը երբեք չտեսավ: Միշտ բարձր օրինակ եղավ զինակիցների համար, ու ոչ միայն զինակիցների: Իր որդին՝ Գագիկն էլ հետևեց հորը, զինվորագրվեց երկրապահին:
Սեյրան Անթանեսյան 1992թ. օգոստոսի 15-ին, չնայած ուշ երեկո էր, քաղաքապետարանի աշխատասենյակումս էի դեռ, մարտադաշտից վերջերս էի վերադարձել, կուտակված շատ գործեր կային: Հանկարծ ներս խուժելով՝ մարտական ընկերներս իրար հերթ չտալով պատմեցին Վազգեն Սարգսյանի՝ Մահապարտների զորագունդ կազմելու կոչի մասին: Շտապեցինք մեր տուն: Արդեն հավաքվել էին 20-25 ազատամարտիկ, և դեռ էլի էին գալիս: Սպարապետը խստիվ պայման էր դրել՝ յուրաքանչյուր շրջանից 10-15 հոգի, ոչ ավել: Չգիտեի ում-ինչպես մերժել: Սեյրան Մարգարյանը մոտ հիսուն տարեկան էր: Հասուն զավակներ ուներ, բայց նրանց ամուսնացնելու, թոռների մասին մտածելու փոխարեն, կազմ պատրաստ եկել, անկյունում նստած ակնդետ աչքերիս էր նայում: Նա հրաշալի ազատամարտիկ էր, նույն հմտությամբ յոթ-ութ զենքով կռվում էր։ Մանավանդ, որպես նռնակաձիգ՝ անփոխարինելի էր։

Ինչևէ, հաջորդ օրը, լույսը չբացված՝ երկրապահներով լեցուն մեր փոքրիկ ավտոբուսը սլացավ Երևան։ Այդ խռովահույզ օրը, Երևանի ճանապարհին, ես ի՞նչ իմանայի, որ ընդամենը մի երկու շաբաթ անց, Վանք գյուղի մատույցներում, Գանձասարի համար մղված առաջին ճակատամարտի ժամանակ առաջին զոհը Սեյրանը պիտի լինի...

Արտաշես Օհանյան – 1992թ. սեպտեմբերի 2-ին, Վաղուհաս գյուղի ազատագրման համար մղվող մարտի ժամանակ էր: Բաց դաշտում դարանակալել էր թշնամին, և հրազենի բոլոր տեսակներից կրակ էր թափում: Սեյրանը նկատեց ընկերոջ վիրավորվելը, կարճ տարածության վրա մարտի բռնվեց ազերիների հետ, շարքից հանեց թշնամու գնդացիրը, և ոչնչացրեց մի խումբ հակառակորդ: Պայքարը կարճ տևեց: Թշնամու տանկի ականի պայթյունից զոհվեց Սեյրանը, այդպես էլ չիմանալով, որ ընկերն էլ է զոհվել:

Վերջաբանի փոխարեն պիտի մի հատված էլ մեջբերեմ Ս.Մարգարյանի անձնական գործում առկա վավերագրերից. ահա բոլորովին նոր գրված մի տեղեկանք.

«2016թ. ապրիլյան պատերազմի օրերին, ապրիլի 3-ից սկսյալ Գագիկ Սեյրանի Մարգարյանը, որպես հոր արժանի զավակ, Ալավերդու վետերան երկրապահ-Արծիվ մահապարտներիս հետ ԼՂՀ սահմանների պաշտպանության դիրքերում էր» :

Հեռախոսազրույցից իմացա նաև, որ նրա որդին՝ պապի անվանակիր Սեյրանը՝ ԼՂՀ ՊԲ թիվ… զորամասում ժամկետային ծառայող է, նույնպես Ապրիլյան պատերազմի մասնակից:

Այո՛, ինչպես մարտական ընկերներն են նշում՝ կամավորական ազատամարտիկ, Արծիվ–մահապարտ Սեյրան Մարգարյանի լուսեղեն հոգին այսօր բոլորին է ուղեկցում... դեպի վերջնական Հաղթանակ:

Վարսիկ ԲԱԴԻԿՅԱՆ

Ալավերդու և Թումանյանի շրջանի երկրապահ ազատամարտիկները.կանգնած, աջից, 1.- Արծիվ մահապարտ Սեյրան Անթանեսյան, 3.-Արծիվ մահապարտ Սեյրան Մարգարյան
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5042 | 0
14:55, 19.02.2018
5257 | 0
17:32, 11.01.2018
5037 | 0
yukarı