MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Yarın:+21 °C
ՄԱՀՎԱՆԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ՀՐԱՉ ԳՐԻԳՈՐՅԱՆ
00:30, 09.09.2016
8283 | 0

Նկարիչ, քանդակագործ, ինժեներ, ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ մարտիկ, հետմահու ՀՀ և ԼՂՀ Արիության մեդալների, «Արծիվ մահապարտների միության» «Արծիվ մահապարտ.Վազգեն Սարգսյան» և Ասպետաց ակադեմիայի «Մեծն Տիգրան» շքանշանների ասպետ

Հրաչիկ Սուրենի Գրիգորյանի կենսագրությունը վավերագրում է որդին՝ Համլետ Գրիգորյանը.

-Ծնվել է 1949 թ. մարտի 8 -ին Հայկական ՍՍՀ Կիրովական (Վանաձոր) քաղաքում զորացրված սպայի և մանկավարժի ընտանիքում: 1951թ. ընտանիքը տեղափոխվել է Երևան, ուր և անցել է մանկությունը, պատանեկությունն ու հասունությունը:

1955թ. ընդունվել է Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցը: Ընդունակ էր, չափից դուրս հետաքրքրասեր և անհանգիստ, բայց ազնիվ ու ճշմարտախոս՝ ինչպիսին էլ մնաց մինչև վերջ:

Տասներկու տարեկանից հաճախել է Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի դասընթացներին, որը ավարտական դասարանից թողել է:

1966թ.-ից սկսել է իր աշխատանքային գործունեությունը:

Մինչև 1967թ. աշխատել է Երևանի ագրեգատների վերանորոգման գործարանում:

1967-1970 թթ. աշխատել է «Հայպետնախագիծ» ինստիտուտում: Հետաքրքրությունների շրջանը շատ մեծ էր. մանրանկարչություն, փայտամշակում, շարժիչներ, էլեկտրոտեխնիկա: Սիրում էր ստեղծագործ աշխատանքը: Աշխատում էր քարի, փայտի, կաշվի, կտորի, կավի և այլնի հետ: Ինքն էր պատրաստում իր գործիքները, իսկ եղածն էլ ձևափոխում, հարմարեցնում էր իր աշխատանքին:

1969թ. ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի «Մեքենաշինական տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ» բաժինը, որն էլ ավարտել է 1975 թվականին: Ուսման հետ զուգընթաց աշխատել է Էլեկտրոնիկայի նախարարության միութենական նախագծային ինստիտուտի Երևանի բաժանմունքի արտադրական ինտերյերների գեղարվեստական ձևավորման բաժնում տեխնիկից մինչև խմբի ղեկավար: Բուհն ավարտելւց հետո տեղափոխվել է տեխնոլոգիական բաժին, որպես խմբի ղեկավար, ուր և աշխատել է մինչև 1983թ.:

1978թ. ամուսնացել է, ունի մեկ արու զավակ:

Մասնակցել է Էրեբունի թանգարանի ձևավորմանը և հարդարման աշխատանքներին, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, մարզահամերգային համալիրի շինարարության վրա, ձևավորել է Երևանի ներքին գործերի Լենինյան շրջանի բաժնի շենքը, կերտել է շրջանի մանրակերտվածքը, որի համար արժանացել է հատուկ շնորհակալության: Նմանատիպ մանրակերտվածքներ է պատրաստել Երևանի ներքին գործերի քաղաքային բաժնի և Մաշտոցի շրջանի համար: Ձևավորել է քաղաքի ավտոտեսչության լույսային կենտրոնը: Կերտել է «Եղբայրության կոթող» -ի մանրակերտվածքը, որը կովկասյան երեք հանրապետությունների մրցույթում շահել է մրցանակ, և պարգևատրվել է դրամական մրցանակով:

1991թ. ին ընդունվել է խամաճիկների թատրոն, որպես տիկնիկագործ:

Ծրագրերն ու երազները շատ էին ու բազմազան. խաղացող ձկնիկներ թատրոնի համար, կահույքի հավաքածուների հայկական տեսակի ստեղծում: Բայց դրանք խաղաղ ժամանակներ էին պահանջում, իսկ այդ շրջանում հողը վառվում էր նրա ոտքերի տակ և նա իր երազները մատաղ բերեց իր ամենամեծ երազի – ազատագրված Արցախին: Շարժման ակտիվ մասնակիցներից էր առաջին օրերից, և օժանդակել է Ղարաբաղ կոմիտեին բոլոր այն դեպքերում երբ իր կարիքն են զգացել:


Հրաչ Գրիգորյան Արծիվ մահապարտի մարտական ուղին և նվիրումը հայրենիքին. ներկայացնում է հրամանատար - մարտընկեր Աստվածատուր Պետրոսյանը.

-Մարդ, գործիչ, անձնվեր, հայրենապաշտ, բոլոր գույներով Հայաստան սիրող, հավերժ ճամփորդ, հավերժական իր ներկապնակով ճառագած ի ծնե հերոս, անպարտ Մահապարտ էր Հրաչիկը: Նա Հայաստանի նորանկախ պետության ստեղծման ջատագովն էր: Տաղանդավոր նկարիչ էր, բայց դարձավ Արծիվ մահապարտ, միշտ պատրաստ՝ կատարելու ցանկացած մարտական առաջադրանք:

Ազգային ազատագրական շարժման առաջին իսկ օրերից, նա Թատերական հրապարակից մինչ իր ծննդավայր Լոռվա աշխարհ համընդհանուր կապով՝ Նոյեմբերյան-Իջևան ռազմական թատերաբեմում էր, որտեղ ոչ միայն դիմավորում, ճանապարհում, և կացարան էր տրամադրում Սումգայիթից, Գանձակից փախստական դարձած, գրեթե մերկ եկած հայերին, այլ նաև մասնակցում էր ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը:

Միասին, մի խումբ արվեստագետ ինժեներների հետ կենտրոնական շտաբի ռազմական խորհրդում ձեռնամուխ եղանք ինքնաշեն պայթուցիկ սարքերի՝ ականանետերի և նռնականետերի, կիսաավտոմատների և նրանց պահունակների արտադրությանը: Ապա դրանցով զինված մեկնեցինք Նոյեմբերյանի ճակատ, և այդտեղ էլ մենք հանդիպեցինք՝ առաջնագծում:

Նա տիրապետում էր գրեթե բոլոր զենքերին, զինում էր ջոկատը, մարտական կարգ ու կանոն էր հաստատում Ոսկեպարից Կոթի-Բերդավան հատվածում: Հմտորեն, որպես քաջարի ռազմիկ, մասնակցում էր Արևելյան և Արևմտյան Ոսկեպարի ազատագրման, և Ոսկեպարի, Բաղանիսի, Կոթիի, Բարեկամավանի ինքնապաշտպանական մարտերին:

Հրաչ Գրիգորյանը եղել է երկրապահ զինապարտների կենտրոնական շտաբի անդամ: Այնուհետև առաջիններից մեկն էր, որ զինվորագրվեց ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների» ՀՆԳ-ին: Մշտապես կատարել է հատուկ առաջադրանքներ: Նա բոլորից առանձնանում էր իր խորամտությամբ, հավասարակաշռվածությամբ և կամքի ուժով: Միշտ հասել է ընկերներին-ամենադժվարին ու թեժ մարտերի պահին, վտանգելով իր կյանքը՝ փրկել ուրիշներին:

1992թ. սեպտեմբերի 8-ին նկարիչ Հրաչը, որ հետախույզ էր դարձել, հատուկ հանձնարարություն ստանալով, գիշերը դարձյալ շրջանցել էր Սարսանգի ջրամբարին հարող Մեհմանա-Պողոսագոմեր հատվածը, գծագրել Դրմբոն-Սարսանգ ուղղության քարտեզը, և ուժերի դասավորվածությունը` մանրամասներ, որոնք անհրաժեշտ էր ճշտել ընդհանուր հարձակումից առաջ: Գումարտակի հրամանատարությանը հետաքրքրում էր հատկապես Պողոսագոմերի ֆերմայի մոտակա բլուրը, որը կարող էր հիանալի հենակետ դառնալ, ուղղակի կրակի տակ պահել Դրմբոնը:

Սեպտեմբերի 9-ի առավոտյան թեժ մարտեր ընթացան հատկապես նշված՝ Պողոսագոմերի բլուրի հատվածում, որտեղ Հրաչ Գրիգորյանը դուրս բերելով երեք վիրավորներին, այդ թվում Սեյրան Օհանյանի և Բեկոր Աշոտի ջոկատի տղաներին, սողալով արագ կրակահերթեր տեղալով, Արբակի հետ, շրջանցելու ժամանակ ծանր վիրավորվեց: Բայց Մահապարտները կարողացան վերցնել նշված բլուրը, և Հրաչին դուրս բերել կրակագծից:
Ավաղ, թե արկի բեկորներից, և թե գնդակներից խոցված մարմինը երկար չդիմացավ: Նա ընկավ հերոսի մահով, փրկելով իր նկարած բլուրը, բլուրին գտնվող մեր տղաներին: Դա արդեն երեկոյան ժամը 4-ն էր: Կարծես մեկ վրձնի հարվածով Հրաչը արյունով ներկեց իր կուրծքը, որի մեջ գրված էր. «Անհաղթ Հայաստան-անպարտ Արցախ՝ Ձեր հոգու նկարիչ, հուր աչքեր, հաղթանդամ Հրաչ...»:

Այսօր, 24 տարի անց, մենք էլի վստահ ենք, որ մեր քաջարի մարտընկերը, տաղանդավոր այրը մեզ հետ է, շարունակում է ապրել մեր մեջ, ու պայքարել:

Վրձինդ միշտ վրձնած պահի, նկարիչ Հրա՛չ, ու մեր երկինքը վերծանի գունեղ ծիածանի կամարների տակ:

Մայր հողը հեզ Աստծո կամոք, հազար մորմոք, գրկել է քեզ,

Արիասիրտ, հայրենապաշտ, դու միշտ հպարտ, ով Մահապարտ;

Րոպե չանցավ մարտակոչից՝ ոտքի ելար, դարձար անպարտ,

Տարիներով մարտընչեցիր ու տուն չեկած՝ հաղթանակած

դափնիներից ժպտացիր մեզ,

Ինչքան հույզեր, ինչքան երգեր ու երազներ զավակներիդ

ու թոռներիդ ժառանգեցիր

Կամքով լեցուն՝ նորից հառնող արևային քո կերպարը հայրենիքին

ու զինվորին ընծայեցիր:


«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ» ՀՆԳ

Մանուկ Հրաչը ծնողների հետ
Մայրաքաղաքային գնդում, Արծիվ մահապարտները մարտավարական պարապմունքների օրերին. օգոստոս, 1992թ.
Հանդիպում ՀՀ ՊՆ-ում. 18.08.1992թ.
Հրաչ Սուրենի Գրիգորյան. նկարիչ, ինժեներ, Արծիվ մահապարտ
«Արծիվ մահապարտների» զորագնդի մարտիկները մարտական հրամանատար Հ.Հովսեփյանի հետ. աջից 2. Հրաչ Գրիգորյան
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5042 | 0
14:55, 19.02.2018
5257 | 0
17:32, 11.01.2018
5038 | 0
yukarı