MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +32 °C Yarın:+31 °C
Կրթության որակի շաբաթը մեկնարկեց ուսանողների խնդիրների քննարկմամբ
22:24, 20.02.2017
2496 | 0

Կրթության որակի ապահովման շաբաթը մեկնարկեց ուսանողական աշխատաժողովով. հայաստանյան բուհերի ուսանողները քննարկեցին իրենց առավել հուզող խնդիրները՝ դրանց վերաբերյալ լսելով նաև դասախոսների, կրթության կառավարիչների և գործատուների տեսակետը:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ազդարարելով որակի շաբաթվա մեկնարկը, նշեց, որ ՈԱԱԿ-ը կարևորել ու կարևորում է ուսանողակենտրոն կրթությունը, և պատահական չէ, որ մեկշաբաթյա միջոցառումները մեկնարկում են ուսանողների խնդիրների քննարկմամբ:

Պարոն Թոփչյանի խոսքով՝ այս տարվա կրթության որակի շաբաթն առանձնահատուկ է, քանի որ ինստիտուցիոնալ հավատարմագրումների առաջին շրջափուլից հետո անցում ենք կատարում ծրագրային հավատարմագրման գործընթացներին. առաջիկայում գնահատվելու են մասնագիտությունների կրթական ծրագրերը: Գնահատման չափանիշներից են լինելու շրջանավարտների աշխատանքով ապահովվածությունը, դասախոսների՝ ուսանողներին արդիական կարողություններ հաղորդելու, գնահատման սովորեցնող լինելու հանգամանքները և այլն:

Աշխատաժողովի ընթացքում ուսանողները քննարկեցին, թե ինչպիսի ուսուցում են ակնկալում ուսումնական հաստատություններից: Գերակշռում էր տեսակետը, որ համալսարանում ուսանողը պետք է ստանա պրակտիկ գիտելիքներ, որ դասաժամը պետք է օգտագործվի ոչ թե դասախոսություն թելադրելու, այլ ինտերակտիվ քննարկումների ու ստացած տեսական գիտելիքների կիրառականությունն ապահովելու նպատակով:

Կրթական գործընթացներում գործատուների ներգրավվածության հարցը քննարկելիս շեշտադրվեց, որ բուհն ինքը պետք է նախաձեռնի գործատուների հետ կապի հաստատումը: Միջոցառման մասնակիցների կարծիքով դասախոսների թվում զգալի տոկոս պետք է կազմեն գործատուները, որոնք աշխատաշուկայի վերջին պահանջները բուհ կհասցնեն, իսկ ուսանողներին էլ կհաղորդեն աշխատաշուկայում կիրառելի հմտություններ:

Քննարկվեցին նաև մագիստրոսական կրթության բացերը: Կարևորվեց, որ մագիստրատուրայում սովորողը դիտվի նաև պոտենցիալ աշխատուժ և համալսարանն ավարտելիս ունենա որոշակիորեն մշակված առաջարկներ կամ նախագծեր, որոնք կյանքի կկոչի ինքնուրույն կամ որևէ գործատուի հետ համագործակցությամբ:

Ուսանողներին ներկայացվեց նաև ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծը, որն աջակցում է ուսանողներին բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, ինչպես նաև պատրաստում է ուսանող-փորձագետներ հավատարմագրման գործընթացներին մասնակցելու համար: Ուսանողներն ոգևորությամբ ընդունեցին կրթության որակի ապահովման գործընթացների մասնակից լինելու հնարավորությունը:

«Փոփոխությունները սկսվում են, երբ մարդիկ խոսում են: Եվ շատ կարևոր է, երբ ուսանողների ձայնն է լսելի, երբ նրանք բարձրաձայնում են իրենց ուսումնական հաստատություններում առկա խնդիրները, քանի որ կրթության հիմնական շահառուն հենց ուսանողներն են», - ծրագիրը ներկայացնելիս նշեց «Ուսանողության ձայնի» համակարգող Գայանե Անանյանը:

Աշխատաժողովը եզրափակվեց մոտիվացիոն ելույթներով. հաջողության իրենց փորձով կիսվեցին Պարարվեստի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռիմա Պիպոյանը, Երևանի եվրոպական ուսանողների ֆորում ՀԿ-ի հիմնադիր Արմենակ Մինասյանցը և Ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիր Արևիկ Հայրապետյանը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարել է կրթության որակի ապահովման շաբաթ: Միջոցառման շրջանակներում փետրվարի 21-ին կքննարկվեն երիտասարդ դասախոսների խնդիրները, փետրվարի 22-ին՝ մասնագիտության կրթական ծրագրերի և Որակավորումների ազգային շրջանակի համահունչությունը: Շաբաթը կամփոփվի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգերի բարելավում» խորագրով երկօրյա համաժողովով, որը տեղի կունենա փետրվարի 23-24-ին:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
yukarı