Գործարկվել է բուհերի արտաքին գնահատման (փորձագիտական) զեկույցների բազան (DECAR), որը կոչված է ապահովելու բարձրագույն կրթության որակի ապահովման և կառավարման թափանցիկությունը եվրոպական կրթական տարածքում: Համաեվրոպական փորձագիտական բազայում կհրապարակվեն նաև հայաստանյան բուհերի վերաբերյալ զեկույցները: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), որպես Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում ընդգրկված գործակալություն, DECAR-ում կհրապարակի իր կողմից իրականացված արտաքին գնահատումների և հավատարմագրումների վերաբերյալ փորձագիտական զեկույցները: DECAR-ը (http://www.deqar.eu/) ոլորտի շահակիցների լայն շրջանակին հասանելի է դարձնում Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR) ընդգրկված գործակալությունների կողմից հավատարմագրմած ուսումնական հաստատությունների վերաբերյալ զեկույցները: EQAR-ը նախաձեռնել է տվյալների նման բազայի ստեղծումը, երբ 2016-ին իրականացված սոցիալական հարցումներով պարզվել է, որ ոլորտի շահակիցները դժվարություններ են ունենում՝ հատկապես օտարերկրյա բուհերի վերաբերյալ ինֆորմացիա որոնելիս: «Տվյալների բազայի ստեղծումը կարևոր փուլ է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում թափանցիկության բարելավման ճանապարհին: DECAR-ի մշակումն ու գործարկումը EQAR-ի 10-ամյակը խորհրդանշող ուշագրավ քայլ է», - հարթակը ներկայացնելիս ասել է EQAR-ի նախագահ Կարլ Դիտրիխը: Ներկայում տվյալների բազայում ընդգրկված է ավելի քան 400 բուհի մասին ինֆորմացիա: Տվյալների բազայի համալրումը շարունակական բնույթ է կրելու: Առաջիկա ամիսների ընթացքում, հիմնվելով շահակիցների կարծիքների և արձագանքի վրա, տվյալների բազան կբարելավվի: Տվյալների բազայի վերջնական տարբերակը կգործարկվի 2018-ի հոկտեմբերին: |