Այսօր Ավանդական բժշկության համալսարանում նշվեց «Է. Մինասյանի անվան ավանդական բժշկության ամբիոնի» վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էլեոնորա Մինասյանի 80 ամյակը, ով իր անուրանալի ներդրումն ունի համալսարանի կայացման գործում: Միջոցառման սկզբում ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին համավարակի և Արցախյան պատերազմի ժամանակ զոհված մեր հայրենակիցների հիշատակին: Անդրադառնալով Էլեոնորա Մինասյանի անցած ուղուն՝ ԱԲՀ դեկան Անահիտ Կարապետյանը նշեց, որ պրոֆեսոր Էլեոնորա Մինասյանն իր 80 ամյա հոբելյանը դիմավորում է ծանրակշիռ վաստակով՝ թե՛ որպես գիտնական, թե՛ որպես գործող հմուտ բժիշկ, և թե՛ որպես նվիրյալ դասախոս: «Հարգելի՛ ներկաներ, վստահ կարող եմ ասել, որ պրոֆեսոր Էլեոնորա Մինասյանի կենսագրության ամենաուրույն, հիշարժան էջը գրվել է Ավանդական բժշկության համալսարնում, որտեղ արդեն 30 տարի է, ինչ արարում է մեր մեծարգո հոբելյարը», - ներկաների հետ կիսվեց ԱԲՀ դեկանը: Իր խոսքի մեջ տիկին Անահիտ Կարապետյանը շեշտադրեց այս օրերին առողջապահական համակարգի առջև ծառացած «Covid 19-ի» մարտահրավերները հաղթահարելուն ուղղված նրա գերլարված աշխատանքն ու ջանքերը: Միջոցառման ընթացքում Էլեոնորա Մինասյանը Ավանդական բժշկության համալսարանի և ԿԳՄՍ նախարարության կողմից արժանացավ պատվոգրերի՝ կրթության, գիտության և բժշկության ոլորտում անբասիր աշխատանքի և համալսարանի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար: |