Մեծերը Մեսրոպ Մաշտոցի, Հայերեն գրերի և հայոց լեզվի մասին «Մտքով՝ ստեղծող, խոսքով՝ պայծառ, գործով՝ համբերող, սիրով՝ անկեղծ, սովորեցնելու մեջ՝ չձանձրացող, և որ նրա (Մեսրոպ Մաշտոցի) վարքի մեջ ամբարտավանությունը և մարդահաճությունը երբեք չկարողացան տեղ գտնել»: Մովսես Խորենացի (պատմահայր) «Մեսրոպ Մաշտոցի գյուտը, անտարակույս, այն հզոր զենքն էր, որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր գոյությունը V դարի մեծ պայքարում և մտնելով քաղաքակրթված հնագույն ժողովուրդների ընտանիքի մեջ՝ զարգացրեց իր ինքնուրույն մշակույթն ու շատ հարուստ գրականությունը»: Հակոբ Մանանդյան (պատմաբան) «Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը հասկանում, սովորում, հիշում»: «Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնած լեզու է բարձունքների և խորությունների լեզու»: «Լեզուն փոխարինել է և պետություն, և բանակ, և բերդ; Ժողովուրդների պատմական փորձը ապացուցեց, որ երբ մի ոտնահարված, ստրկացած ժողովուրդ պահում է իր լեզուն, նա ունի իր ազատության բանալին իր ձեռքում»: «Հայոց լեզվի մեջ մարմնացած է հայ ժողովրդի հոգին; Ամեն մի բառը նրա հոգու մի կտորն է: » «...Նրա համար ծով արյուն են թափել մեր նախնիները»: Ավետիք Իսահակյան «Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը»: Վահան Տերյան «Ով մեր լեզուն, հայելի մաքրության, գորովի և արիության, դուն մեր հոգի և արյունն ես, դուն մեր զրահն ու մեր փառքն ես»: Արշակ Չոպանյան «...փառք հայ տառերուն...» «Հայ լեզուն այդ տառերու սանդղամատերուն վրա ոտն առ ոտն բարձրացավ ամեն դարու ճակատին վրա հոն փորագրելու համար անմահությունը մեր ցեղի»: Դանիել Վարուժան Օտարազգի մեծերը հայոց լեզվի և Մեսրոպ Մաշտոցի մասին «Ինչ էլ սպասելիս լինի նրանց (հայերին) ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է մնա որպես ամենից ավելի հետաքրքրականներից մեկն ամբողջ հողագնդում, և արդեն իսկ նրանց լեզուն… մեծ ուսումնասիրություն է պահանջում… Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում» : Ջորջ Բայրոն (անգլիացի բանաստեղծ) . «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը» : Վիկտոր Հյուգո (ֆրանսիացի գրող) . «Միջնադարյան ո՞ր ժողովուրդը կկարողանա պարծենալ, թե երբևիցե իր սեփական լեզվով կամ թեկուզ մի այլ` բախտավոր լատիներենով, հրապարակ է հանել Վարդանի և իր ընկերների դյուցազնամարտի այնպիսի մի նկարագրություն, ինչպիսին Եղիշեի նկարագրածն է» : «Եթե նկատի առնենք պատմական այն բացառիկ, ծանր իրադրությունը, որի մեջ Մաշտոցը կարողացավ արթնացնել հայ ժողովրդի ազգային գիտակցությունը, և նրա այդ գործը համեմատենք Պիպինոսի և նրա զինակից Զիգֆրիդի գործունեության հետ, որ նրանք արին գերմանական ժողովրդի համար` այս վերջինները «խեղճ թզուկներ» կերևան մտքի այդ հսկայի համեմատությամբ» : Մարկվարտ (գերմանացի գիտնական, հայագետ) . «… Զբաղմունքներուս նյու՞թը այսօր: Մեկն ու միակը` հայերենը: Գրաբարը, հայոց բարբառները: Այս է իմ սիրուս առարկան: Մի զարմանալի մասնավոր շնորհ ունեցող այս լեզուն, որ այսoր իսկ զորություն ունի ազատորեն և ստույգ արտահայտելու գիտական ճշտորոշ միտքը, փիլիսոփայական գաղափարները և բանաստեղծական նրբին, բազմերանգ կիսաստվերները միաժամանակ: Կյանքիս ամեն մի վայրկյանը նվիրված է այդ ուսումնասիրությանը» : «… Իմ գիտցած լեզուներուն մեջ հայերենը բացառիկ է… նախ, որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառեր կազմելու դյուրություններով» : Ֆրեդերիկ Ֆեյդի (ֆրանսիացի հայագետ) . «… Հայոց լեզվի մյուս կողմը, որ արժանի է հիացմունքի, նրա բառային և ոճային հարստությունն է: Այս առանձնահատկությունը հայ բանաստեղծներին հնարավորություն է տալիս համաշխարհային գրականոթյան գանձերը բոլոր նրբերանգներով թարգմանելու հայերեն: Եվ բառապաշարի հենց այդ հարստությունն է, որ դժվարություն է հարուցում օտարազգի թարգմանիչներին հայ գրականությունը իրենց լեզուներով թարգմանելիս» : «Մաշտոցի հրաշալի ստեղծագործության` հայկական այբուբենի կատարելությունը աշխարհի մեծագույն լեզվաբանների զարմանքն է առաջացրել… » : Էդմոնդ Շուց (հունգարացի բանասեր, դոկտոր) . «Հայ այբուբենը գլուխ-գործոց մըն է: Հայ հնչյունաբանության հնչյուններեն յուրաքանչյուրը հատուկ նշանով մը նոթագրված է, և համակարգը այնքան լավ հաստատված է, որ հայ ազգին հայթայթած է հնչաբանության վերջնական արտահայտությունը մը, արտահայտություն, որ պահպանված է մինչև այսօր առանց փոփոխություն մը կրելու: Ատոր հետևանքով` Հայաստան ունեցավ ճկուն գրական լեզու մը, որ հայուն բառապաշարին բոլոր արժեքները կարտաբերե»: Անտուան Մեյե (ֆրանսիացի գիտնական, հայագետ) . «Լատիներենի այբուբենը, հայերենի այբուբենը նշագրության զարմանալի օրինակներ են, որն անվանում ենք հնչութային: Ժամանակակից վերլուծողը գրեթե ոչինչ չի կարող փոխել այստեղ. հաշվի են առնված իրական տարբերությունները, յուրաքանչյուր տառ միշտ համապատասխանում է միայն մեկ հնչույթի, յուրաքանչյուր հնչույթ միշտ վերարտադրվում է նույն տառով» : Էմիլ Բենվենիստ (ֆրանսիացի լեզվաբան) . |