ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Հայ և օտարազգի մեծերը Մաշտոցի և Հայոց լեզվի մասին
16:58, 17.02.2014
87357 | 0



Մեծերը Մեսրոպ Մաշտոցի, Հայերեն գրերի և հայոց լեզվի մասին



«Մտքով՝ ստեղծող, խոսքով՝ պայծառ, գործով՝ համբերող, սիրով՝ անկեղծ, սովորեցնելու մեջ՝ չձանձրացող, և որ նրա (Մեսրոպ Մաշտոցի) վարքի մեջ ամբարտավանությունը և մարդահաճությունը երբեք չկարողացան տեղ գտնել»:
Մովսես Խորենացի (պատմահայր)


«Մեսրոպ Մաշտոցի գյուտը, անտարակույս, այն հզոր զենքն էր, որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր գոյությունը V դարի մեծ պայքարում և մտնելով քաղաքակրթված հնագույն ժողովուրդների ընտանիքի մեջ՝ զարգացրեց իր ինքնուրույն մշակույթն ու շատ հարուստ գրականությունը»:
Հակոբ Մանանդյան (պատմաբան)



«Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը հասկանում, սովորում, հիշում»:
«Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնած լեզու է բարձունքների և խորությունների լեզու»:
«Լեզուն փոխարինել է և պետություն, և բանակ, և բերդ; Ժողովուրդների պատմական փորձը ապացուցեց, որ երբ մի ոտնահարված, ստրկացած ժողովուրդ պահում է իր լեզուն, նա ունի իր ազատության բանալին իր ձեռքում»:
«Հայոց լեզվի մեջ մարմնացած է հայ ժողովրդի հոգին; Ամեն մի բառը նրա հոգու մի կտորն է: »
«...Նրա համար ծով արյուն են թափել մեր նախնիները»:
Ավետիք Իսահակյան



«Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը»:
Վահան Տերյան


«Ով մեր լեզուն, հայելի մաքրության, գորովի և արիության, դուն մեր հոգի և արյունն ես, դուն մեր զրահն ու մեր փառքն ես»:
Արշակ Չոպանյան

«...փառք հայ տառերուն...»
«Հայ լեզուն այդ տառերու սանդղամատերուն վրա ոտն առ ոտն բարձրացավ ամեն դարու ճակատին վրա հոն փորագրելու համար անմահությունը մեր ցեղի»:
Դանիել Վարուժան



Օտարազգի մեծերը հայոց լեզվի և Մեսրոպ Մաշտոցի մասին



«Ինչ էլ սպասելիս լինի նրանց (հայերին) ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է մնա որպես ամենից ավելի հետաքրքրականներից մեկն ամբողջ հողագնդում, և արդեն իսկ նրանց լեզուն… մեծ ուսումնասիրություն է պահանջում… Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում» :
Ջորջ Բայրոն (անգլիացի բանաստեղծ) .

«Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը» :
Վիկտոր Հյուգո (ֆրանսիացի գրող) .

«Միջնադարյան ո՞ր ժողովուրդը կկարողանա պարծենալ, թե երբևիցե իր սեփական լեզվով կամ թեկուզ մի այլ` բախտավոր լատիներենով, հրապարակ է հանել Վարդանի և իր ընկերների դյուցազնամարտի այնպիսի մի նկարագրություն, ինչպիսին Եղիշեի նկարագրածն է» :
«Եթե նկատի առնենք պատմական այն բացառիկ, ծանր իրադրությունը, որի մեջ Մաշտոցը կարողացավ արթնացնել հայ ժողովրդի ազգային գիտակցությունը, և նրա այդ գործը համեմատենք Պիպինոսի և նրա զինակից Զիգֆրիդի գործունեության հետ, որ նրանք արին գերմանական ժողովրդի համար` այս վերջինները «խեղճ թզուկներ» կերևան մտքի այդ հսկայի համեմատությամբ» :
Մարկվարտ (գերմանացի գիտնական, հայագետ) .

«… Զբաղմունքներուս նյու՞թը այսօր: Մեկն ու միակը` հայերենը: Գրաբարը, հայոց բարբառները: Այս է իմ սիրուս առարկան: Մի զարմանալի մասնավոր շնորհ ունեցող այս լեզուն, որ այսoր իսկ զորություն ունի ազատորեն և ստույգ արտահայտելու գիտական ճշտորոշ միտքը, փիլիսոփայական գաղափարները և բանաստեղծական նրբին, բազմերանգ կիսաստվերները միաժամանակ: Կյանքիս ամեն մի վայրկյանը նվիրված է այդ ուսումնասիրությանը» :

« Իմ գիտցած լեզուներուն մեջ հայերենը բացառիկ է… նախ, որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառեր կազմելու դյուրություններով» :
Ֆրեդերիկ Ֆեյդի (ֆրանսիացի հայագետ) .

«… Հայոց լեզվի մյուս կողմը, որ արժանի է հիացմունքի, նրա բառային և ոճային հարստությունն է: Այս առանձնահատկությունը հայ բանաստեղծներին հնարավորություն է տալիս համաշխարհային գրականոթյան գանձերը բոլոր նրբերանգներով թարգմանելու հայերեն: Եվ բառապաշարի հենց այդ հարստությունն է, որ դժվարություն է հարուցում օտարազգի թարգմանիչներին հայ գրականությունը իրենց լեզուներով թարգմանելիս» :
«Մաշտոցի հրաշալի ստեղծագործության` հայկական այբուբենի կատարելությունը աշխարհի մեծագույն լեզվաբանների զարմանքն է առաջացրել… » :
Էդմոնդ Շուց (հունգարացի բանասեր, դոկտոր) .

«Հայ այբուբենը գլուխ-գործոց մըն է: Հայ հնչյունաբանության հնչյուններեն յուրաքանչյուրը հատուկ
նշանով մը նոթագրված է, և համակարգը այնքան լավ հաստատված է, որ հայ ազգին հայթայթած է հնչաբանության վերջնական արտահայտությունը մը, արտահայտություն, որ պահպանված է մինչև այսօր առանց փոփոխություն մը կրելու: Ատոր հետևանքով` Հայաստան ունեցավ ճկուն գրական լեզու մը, որ հայուն բառապաշարին բոլոր արժեքները կարտաբերե»:
Անտուան Մեյե (ֆրանսիացի գիտնական, հայագետ) .

«Լատիներենի այբուբենը, հայերենի այբուբենը նշագրության զարմանալի օրինակներ են, որն անվանում ենք հնչութային: Ժամանակակից վերլուծողը գրեթե ոչինչ չի կարող փոխել այստեղ. հաշվի են առնված իրական տարբերությունները, յուրաքանչյուր տառ միշտ համապատասխանում է միայն մեկ հնչույթի, յուրաքանչյուր հնչույթ միշտ վերարտադրվում է նույն տառով» :
Էմիլ Բենվենիստ (ֆրանսիացի լեզվաբան) .







Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13155 | 0
01:01, 08.12.2017
30019 | 0
23:45, 27.08.2017
21812 | 0
դեպի վեր