MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +19 °C Tomorrow:+20 °C
Արժեքային համակարգը հայ երիտասարդների մոտ արդի ժամանակներում
11:20, 11.06.2014
5060 | 0

21-րդ դարը հայտնի է որպես գլոբալացման դարաշրջան, և գլոբալացման գաղափարները տարածողները որպես իրենց նպատակների իրականացման միջոց ընտրել են երիտասարդությանը, քանի որ հենց այսօրվա երիտասարդներն են լինելու վաղվա գլոբալիզացված երկրի քաղաքացիները:



Սա իրենից ենթադրում է հայ երիտասարդության արժեհամակարգի ոչ ճիշտ ձևավորում, երբ խրախուսվում են օտար արժեքները՝ մերժելով ազգայինն ու ավանդականը:
Մենք ապրում ենք անցումային ժամանակաշրջանում, երբ հին արժեքները կորցրել են իրենց դերն ու նշանակությունը հասարակության կյանքում և այլևս չեն գործածվում, իսկ նոր արժեքները դեռևս ճիշտ չեն ընկալվում: Այստեղ առաջանում են որոշակի դժվարություններ՝ կապված երիտասարդության արժեքային համակարգի ձևավորման և ճիշտ դաստիարակության հետ: Եվ քանի որ պետությունը չունի հստակ մշակված ծրագրեր՝ կապված երիտասարդության, նոր սերնդի կրթության և դաստիարակության հարցերի հետ, ուստի վտանգ է առաջանում՝ կորցնել այն, ինչ հայկական էր, ինչ ավանդական ու բարոյական էր… ժողովրդի առջև կանգնում է ազգային դիմագիծը կորցնելու վտանգը:
Շ.Շվարցը նշում է. «մշակույթի վրա գլոբալացման մասին խոսակցությունները տեսաբաններին, հետազոտողներին և նաև հասարակ մարդկանց բերում են այն մտքին, որ մշակույթներն արագորեն փոխվում են, իսկ միջմշակութային տարբերությունները՝ հետզհետե նվազում»:
Սակայն ասել, որ այսօր արժեքային համակարգում տեղի ունեցող փոփոխությունների պատճառը միայն գլոբալացումն ու անցումային շրջանն են, սխալ կլինի: Վերջիններս ուղղակի այն գործոններն են, որոնք ավելի են սրացնում այն բացասական երևույթները, որոնք ազգային մտածողության մեջ են ներթափանցում՝ նորամուծությունների հետ միասին:
Արժեքային համակարգում ու ընդհանրապես մշակույթի մեջ նորամուծությունների հայտնվելը և փոփոխությունները բնական երևույթներ են, որոնք տեղի են ունեցել միշտ: Հասարակությունը դինամիկ, ինքնակարգավորվող համակարգ է, որը ձգտում է կայունության, բայց միաժամանակ փոխազդում է արտաքին աշխարհի հետ՝ պարբերաբար նոր տարրեր վերցնելով այլ մշակույթներից: Մշակույթը և սոցիալական կառուցվածքը զգալիորեն փոխկապված են: Մշակութային-արժեքային կողմնորոշումներն ընկած են հասարակության կառուցվածքային կազմակերպման հիմքում, հանդիսանում են ինչպես ուղեցույց, այնպես էլ արդարացում՝ սոցիալական ինստիտուտներ ձևավորող գործիչների համար: Սոցիալական ինստիտուտների գործառությունը հետադարձ կապով անդրադառնում է մշակույթի վրա. երբ այդ ինստիտուտները հաջողություն են ունենում, մշակութային-արժեքային կողմնորոշումները, որոնք համահունչ են նրանց գործելակերպին, ամրապնդվում և ուժգնանում են:
Այսօր տարածված են ինչպես արժեքների պահպանման, այնպես էլ փոփոխման մասին մի շարք գաղափարներ, որոնք սակայն, մնում են անորոշ: Սոցիալական և մշակութային անհամասեռություն առկա է բոլոր երկրներում, բայց այնպիսին, ինչպիսին որ Հայաստանում է, կարծես թե ուրիշ երկրներում չի գտնվի: Այսօր մեր մշակույթում և արժեհամակարգում շատ քիչ երևույթներ են, որ կարելի է բացատրել անցումային շրջանով կամ գլոբալիզացման երևույթով: Այսօր Հայաստանում առկա են տարբեր սոցիալական խմբերի բևեռացումներ և միմյանց արժեքների նկատմամբ տարբեր բացասական վերագրումներ: Փոխադարձ մշակութային-արժեքային հեռավորությունը բավականին մեծ է տարբեր սոցիալական խմբերի միջև: Հիմնական տեսանելի խնդիրն այսօր այն հակադրությունն ու լարվածությունն է, որն առկա է ավանդականի և ժամանակակիցի կամ, այլ կերպ ասած, արևմտյանի միջև: Այդ հակասությունն արտահայտվում է բոլոր մակարդակներում:
Հայաստանի քաղաքացին այսօր խնդիր ունի վերանայել և ճշգրտել իր արժեքային համակարգը, հասկանալ, թե ինչն է իր համար արժեք և որ արժեքներն են մնայուն: Այսօր հայ երիտասարդությունն ապրում է երկակի ստանդարտներով, հակադիր արժեքների գոյակցությամբ: Շատերը միևնույն երևույթի մասին տարբեր պատկերացումներ ունեն, ոմանց վարքն ու արժեքային կողմնորոշումներն էլ չեն համապատասխանում իրենց էությանն ու բնավորությանը: Այդպիսի երևույթները սպառնում են մարդու հոգեբանական վիճակին: Սա բացատրվում է նրանով, որ դժվար է համախմբվելը և համընդհանուր արժեքներ ունենալը՝ մի կողմից, մյուս կողմից՝ որ չափազանց մեծ է անհատի՝ հասարակական կարծիքից կախվածությունը: Ինչպես նաև նշվում է այն հանգամանքը, որ հայերը ոչ Արևելքում են գտնվում, ոչ էլ Արևմուտքում: Փաստական տեսանկյունից այս միտքը մեծ կշիռ չունի, ավելի շատ այն հոգեբանական բովանդակություն ունի: Սահմանային դիրքում գտնվելը վկայում է ոչ միայն առանձնահատուկ լինելու մասին, այլ նաև արժեքային համակարգի հստակության բացակայության մասին:
Հասարակության ներսում այսօր անհամաչափ զարգացումներ են տեղի ունենում. մի կողմից տեղի են ունենում մշակութային վերափոխման ու սեփական արժեքների վերանայման գործընթացներ, մյուս կողմից միտում կա վերադառնալու սեփական մշակույթին և հին արժեքներին:
Հայաստանում երիտասարդական խնդիրներն ունեն իրենց առանձնահատկությունները` կապված առկա իրողությունների, հատկապես այն քաղաքականության հետ, որը տարվում է երիտասարդության հանդեպ: Երիտասարդության և հասարակությունում նրա դերի հիմնախնդիրը հատկապես սուր է դրված հետխորհրդային 14-ամյա անկախ Հայաստանում: Հետխորհրդային շրջանում` նորանկախ Հայաստանի Հանրապետությունում, ավանդաբար ձևավորված արժեքային համակարգի մի շարք բաղադրիչների նկատմամբ ի հայտ եկած նոր պատկերացումները ու մոտեցումները, ընթացող փոփոխությունները իրենց կնիքը դրեցին խորհրդային ժամանակաշրջանում ձևավորված մի շարք արժեքների վրա: Այսօր հասարակության տարբեր շերտերում ընթանում են փոփոխություններ` կապված նոր արժեքային համակարգի ընկալման և հնի վերաարժևորման հետ: Նոր ձևավորվող քաղաքացիական հասարակության համար կարևորվում է հասարակական ժողովրդավարական գիատակցության ձևավորումը, որը պայմանավորված է մի շարք փոխկապակցված գործոններով. քաղաքական, սոցիալական, տնտեսական նոր համակարգերի ձևավորում, հոգևոր-մշակութային նոր արժեքների գիտակցում և ընկալում, կրթական, դատաիրավական համակարգերի բարեփոխում, միջազգային ինտեգրացիա, գլոբալիզացիա և այլն: Խորհրդային, ազգային և, այսպես կոչված, «արևմտյան» արժեքների միջև մրցակցությունը զանգվածային գիտակցության մակարդակում չէր կարող չառաջացնել բնակչության շփոթմունքը, ինչն անուղղակիորեն ազդել է երիտասարդության ծայրահեղական ու քաոսային արժեքային աշխարհի վրա: Ժամանակակից երիտասարդությունը կայանում է հին արժեքների ժխտման և նոր սոցիալական հարաբերությունների ձևավորման բավականին բարդ պայմաններում: Այստեղից կարող է ծնունդ առնել հոռետեսությունը, ապագայի հանդեպ անվստահությունը: Ակնհայտ է, որ պետք է երիտասարդներին տալ ինքնուրույնություն, առանց որի նրանք չեն կարող կայանալ որպես մտածող, նախաձեռնողական հատկանիշներով օժտված մարդիկ:
Վերլուծելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ընդհանուր վիճակը, կարելի է եզրակացնել, որ երիտասարդությունը գտնվում է «ճգնաժամում»` ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական: Պատճառները բավականին շատ են: Առաջին հերթին` երիտասարդ աշխատուժի պահանջարկի անբավարար վիճակը, երկրում աշխատատեղերի պակասը, պետության կողմից երիտասարդ կադրերի պատրաստման գործում հետաքրքրության, առաջընթացի և կարիերայի համար հավասար պայմանների ու հնարավորությունների բացակայությունը, բնականոն կենսակերպի համար միջին աշխատավարձերի անբավարարությունը և, ընդհանրապես, պետության անարդյունավետ երիտասարդական քաղաքականությունը:
Երկրորդ հերթին` երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը, երիտասարդության` հասարակական-քաղաքական կյանքում ներգրավված չլինելը, համազգային ընդգրկման երիտասարդական այնպիսի կազմակերպությունների բացակայությունը, որոնք կզբաղվեին աճող սերնդի խնդիրներով, ազատ ժամանցի կազմակերպմամբ, լուսավորությամբ և սոցիալականացմամբ: Երիտասարդության խնդիրների հանդեպ հասարակության անուշադրության պատճառով կարող են խեղաթյուրվել նրանց բարոյականության և գործելակերպի սահմանները, մոռացվել ավանդույթները, զարգանալ կեղծ մշակույթը, շեղվող վարքը:

Spokesperson: www.18plus.am
The article published in the Spokesperson project.
Share with friends
www.18plus.am
to top