Ս. Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոցում բացվել է կերպարվեստի բաժնի աշակերտների մանրանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես, ուր ներկայացվել են համահայկական մանկապատանեկան նկարչական 6-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում արված աշխատանքները: Մրցույթ-փառատոնի առաջադրանքն էր` հայ միջնադարյան բանահյուսության որևէ ստեղծագործություն արտահայտել մանրանկարչության միջոցով: Ներկայացված 13 աշխատանքներից 5-ը պատվով մասնակցել են վերոհիշյալ մրցույթ-փառատոնի ցուցահանդեսին, և հեղինակները պարգևատրվել են ցուցահանդեսի պատկերագրքերով: Բոլոր 13 աշխատանքները գեղեցիկ շրջանակներով այժմ զարդարում են կրթօջախի միջանցքը: Նկարաշարի հեղինակները 8-15 տարեկան աշակերտներն են /դասատու` Լ.Մարգարյան/, ովքեր բազմաշերտ ու հարուստ բանահյուսությունից ընտրել են այնպիսի էջեր, որոնցում արտացոլված են մեր ժողովրդի հերոսական ոգին, անսահման իմաստությունը, ինքնազոհաբերման կարողությունն ու կենսասիրությունը: Ուսուցչի համոզմամբ ցանկացած առաջադրանք պիտի մղի երեխաներին ինքնաճանաչման, առանց որի հայրենասիրություն ձևավորել և, առավել ևս, ազգ-բանակ կառուցել հնարավոր չէ: Բացի խորը գաղափարական հիմքերից, այս մանրանկարներն օժտված են նաև գեղարվեստական բարձր որակով, հնչեղ գունային արտահայտչականությամբ: Նկարները՝ այստեղ |